Ահա և Ուղղիչ տունը

Իր մահվան օրը լռություն է իջել ու ծանր նստել քաղաքի վրա

«Ընդմիշտ հո այստեղ չեմ լինելու, այլ ընդամենը մի քանի տարի»,-մտածեցի և գլուխս իջեցրի բարձին։

Դոստոևսկի «Գրառումներ մեռյալ տնից»

 

Սկիզբը սա էր․ մուտք, ձանձրույթ․․․․ հետաքրքիր է, որ փոթորկոտ, աղմկոտ Չարենցի մուտքը Երևանի ուղղիչ տուն նրա հուշերում եղել է լուռ ու ձանձրույթով։ Բայց սա իր անձով չէր պայմանավորված, այլ, ինչպես ինքն էր ասում, «ահա և Ուղղիչ տունը»։

«Այստեղ էլ մարդիկ են ապրում, ինչպես դուրսը, և, ինչպես երևում է, ունեն, ինչպես դուրսը, ապրելու և ուրախանալու բոլոր հնարավորությունները», -ասում է Չարենցը վեպում, և որ գլխավորն է՝ ասում է չակերտներով։ Այս մտքով ինքն իրեն համոզելուց հետո է միայն նա կարողանում հաջորդ առավոտ արթնանալ հանգիստ տրամադրությամբ ու մտածել, թե իբր դա մի զարմանալի աշխարհ է։

Բանտային կյանքի հուշերը, որ ամփոփվել են «Երևանի ուղղիչ տնից» գրքում, դեռ շատ թեր և դեմ կարծիքների ու մեկնաբանությունների առիթ պիտի տային։ Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը մի առիթով ասել է, թե Չարենցն այնքան դրական լույսով է ներկայացնում ուղղիչ տունը, որ մարդ ուզում է գնալ-ապրել: 

Մի՞թե սովետական բանտը, որ Դոստոևսկու մեռյալների տան պես էր շատերի համար, այդքան գրավիչ ու կենսունակ կողմեր ուներ, ինչպես Չարենցն է ներկայացնում։ Պարզապես այս դեպքում ևս նրա վերաբերմունքը դեպքերին ու իրականությանը բանաստեղծական է, գրողի, պոետի հայացք է։

«Ընկեր Չարյանցը» Բենժամինի բերանով մեզ պետք է հասցներ՝ լավա մարդ դրսևում ծառ ըլնի, քան ըստեղ մարդ․․․։ Թվում է՝ ասում է անկռիվ, հարմարված, անպահանջ, համակերպվող։ Ասում է ու բազմակետ դնում։ «Ես չեմ մոռանա երբեք ուղղիչ տան թատրոնում անցկացրած իմ այդ առաջին երեկոն, որի աղմուկը դժժում է իմ ուղեղում ու սրտում և՛ հիմա, երբ ես գրում եմ հիշողություններս: Լեյտմոտիվի նման հիմա էլ հնչում է ականջիս Եֆիմ Բրավելմանի ձայնը, որ երգում է անընդհատ․ -воздух...»։ Շնչահեղձ լինելու մասին լռելն այսպես է գուցե։

Նորեկների հանդեպ միշտ կծու ծաղր ու արհամարհանք կար․ կարծես մնացածներն ասում էին՝ հը՞, կարծում էիր, թե մեզնից լավն ես։ Վարդան Պետրոսյանն ասում էր, ով չի նստել, թող ինքն իրեն հարց տա՝ ինչու չի նստել։ Հիմա էլ դու, ընթերցո՛ղ, որ կարդում ես, մեղքերդ բե՛ր աչքիդ առաջ, մտածի՛ր՝ ինչու չես նստել, գնա՛, հանձնվի՛ր։

Մի թաքուն կասկած կա Չարենցի մոտ, երևի ինքն էլ նմանվել է իր ասած կասկածամիտ ընկեր-կալանավորներին․ եթե իր հերոսները կարդան իր գրածը, ի՞նչ կմտածեն։ Այն, ինչ ծմակուտցիները Հրանտ Մաթևոսյանի մասին, Լևոն Խեչոյանի հարազատները Խեչոյանի մասին։ Ինչո՞ւ էր նման մտահոգություն արթնացել Չարենցի ներսում․ գուցե դեպքերը ոչ լիարժե՞ք էին ներկայացված կամ, ավելի ճիշտ, մեկնաբանված։

Ժամանակի մամլիչ քաղաքական քարոզչամեքենայի ճիրաններից չփրկվեց Չարենցը նույնպես։ Այս վեպը՝ դուրս իր գեղագիտական արժեքից, կարելի է համարել, որ դա է  վկայում։ Բայց սա թողնենք մի կողմ։ «Երևանի ուղղիչ տնից» հուշապատումը մեր գրականության մեջ բանտային կյանքի փաստավավերագրական գործերի շարքում կարող ենք համարել երախայրիքը։

Սա անազատության մեջ ապրողների ներքին ազատությունների մասին է, ճաղերի ներսում արարելու, կառուցելու, ստեղծելու, սիրել կարողանալու և չմեռնելու մասին է։

Այստեղ մարդն է՝ ընկած կյանքի հատակին, որ դեռ պահում է իր ինքնությունը։

Չարենցը գրել է լուսանցքում հայտնված մարդկանց մասին, նրբանկատորեն հասկացել նրանց արարքների, ընտրությունների պատճառները։ Կյանքը հիպերբոլիկ ընկալող Չարենցը մանրուքների հոգեբանությունն է բացահայտում։

Այն կարծես պատմվածաշար կամ գուցե նովելաշար լինի՝ կազմված առանձին վերնագրեր ունեցող մասերից։ Դրանք երբեմն վերնագրված են հենց հերոսների անուններով։ Գլխավո՛ր են հերոսները և ոչ այլ ինչ։

Սարսափելին ձանձրույթն էր․ հասկանալի է՝ որտեղից են գալիս և ուր են հասնում մթի մեջ դոփող ձիերը։

Ժլատ է իր անձը մեկնաբանելու հարցում, սակայն այն հստակ ուրվագծվում է մյուս հերոսներին ապրումակցելու պարագաներում։ Ինչպես է նա սրտանց հաջողություն մաղթում բանտից փախչել փորձող Բաղդասարին, ինչ հայացքով է նայում բանտում  թաքուն հանդիպող սիրահար զույգին, ինչից է ուրախանում, ինչին է սովորում։

Պե՞տք է արդյոք հավատալ, որ սովետական բանտը նման է «դրախտային» այն միջավայրին, որի պատրանքը ստեղծում է հեղինակը։ Արագ ընթերցվող, թեթև, երգիծական պատումով շարադարված խոսքերում, սակայն, չկան լուսավոր դեպքեր։ Սպանություններ, գողություններ, խարդախություններ։ Սա գրողական վարպետություն է․ «առաջադրանքը կատարել», բայց տողատակերով մեզ հասցնել այն, ինչը գրելն արգելում էր սովետական գաղափարախոսությունը։ «Երևակայեցեք, որ այնքան էլ ուրախ մտքեր չեն կարող շրջագայել մարդուս ուղեղում, երբ նա իրերի այս կամ այն բերումով ընկած է Ուղղիչ Տուն, փակված չորս պատերի մեջ, ստիպված է ապրել լյումպեն ռեցիդիվիստների շրջանում, իսկ Ուղղիչ Տնից մի քանի քայլ անդին երևում են գերեզմանատան քարերը, ուր մի փոքրիկ հողաբլրի ներքո հանգչում է քո ամենասիրած մարդու, հերոսական բարեկամի, քո կնոջ, ընկերոջ աճյունը…»,- գրում է Չարենցը, ու մենք պետք է երևակայենք այն, ինչ չի գրում Չարենցը։

Մի դրվագ կա, որտեղ կալանավորներին երթի են տանում՝ պայմանով, որ երկու ժամից ամբողջ կազմով պետք է վերադառնան։ Բոլորն էլ գալիս են։ Գուցե պետք էր հասկանալ, թե մարդու նկատմամբ հավատն ամենակարևորն է, և բռնիշխանությունն անօգուտ է։ Ինչո՞ւ էր Ուղղիչ տան պետն այդպես մտահոգ բանտարկյալների համար․ գուցե նրանից էր, որ երեխաներ ուներ։ Ինչո՞ւ էր հատկապես Չարենցը տեսել ու հասկացել Իգիթի ու Մանիշակի սերը․ գուցե որովհետև Արփենիկ կար աշխարհում։ Մահարին պատմում է, որ աքսորավայրում կար ուտուշ-խմուշ-սիրուշ։ Կարծես սա է պետք ապրելու համար ու վերջ։ Եվ պատկերացրեք, որ չորս պատից ներս դա է ու վերջ։

Կինը։ Բնությունը, որ «միևնույն խմորից հունցում է թե՛ հանճարներ, թե՛ դեգեներատներ», քանի որ նույնն է ճաղերից և՛ այս կողմ, և՛ այն կողմ, չէր կարող անտարբեր թողնել կանանց նկատմամբ։ Կինը այստեղ այն միակն էր, որը հիշեցնում է, մոտեցնում է մարդկանց բնությանը, գեղեցիկին, որի համար փշալարեր են ծաղկելու հետո։ Ինքը տեսավ, զգաց ու անգամ շեքսպիրյան ողբերգություններից ավելի դրամատիկ համարեց Ասլան բիձու պատմությունը։ Ասում են՝ Արփենիկի շորերը սեփական ձեռքերով է այրել, որ ոչ ոքի չհասնի, մաքուր մնա։

Հարմարվողականությունը։ Ինքն իր հետ անգամ չհարմարվող Չարենցը ձեռքերը վեր ընդունում է ճաղերի հետևում ապրելու հանգամանքը, նրանցից դուրս գալը գոնե այդ պահին անհնարին համարում և համակերպվում։ Այս, թվում է, անկռիվ համաձայնությունը իրականության հետ գուցե պայմանավորված է նաև նրանով, որ վեպը գրվել է բանտից ազատվելուց հետո։ Գուցե այդ փոքր, բայց անցած ժամանակը խմբագրել է որոշ դեպքեր և դեմքեր, որոնք բոլորն էլ եղել են իրական, գուցե այդ ժամանակը մեղմացրել է որոշ ցավեր, ու նա արդեն խոսում է ոչ թե բաց վերքի մասին, այլ սպիների։

Ազատության ընկալումը։ Չարենցն ասում է, որ կալանավորին հասկանալու համար հենց կալանավոր էլ պետք է լինես։ Ազատությունը ճաղերից այն կողմ չէ։ Ազատությունը մեղադրանքից ազատված լինելն է։ Ասում է, որ ամենածանրն այն է, որ մեղադրում են։ Դրա համար էլ ընկերական դատերն ավելի դառն էին կալանավորների համար, քան վարչության դատավճիռները։

Հսկիչների, դատարանի, մեղադրողների ու առհասարակ աշխարհի համար նրանք գուցե համարակալված բանդիտներ են, մեղադրյալներ, բայց Չարենցն իր խոսքերում նրանց պարտադիր անուններով է կոչում և անգամ անունները վերնագիր դարձնում, անձնավորում, անձը տեսնում, անձը բարձրացնում՝ չնայած կատարած հանցանքի ծանրությանը, որոնց հաճախ չէր էլ հավատում։

Դոստոևսկին այսպես է հեռանում աքսորավայրից․ «-Դե, Աստված քեզ հետ, Աստված քեզ հետ,-ասացին կալանավորներն ընդհատ, կոպիտ, բայց կարծես ինչ-որ բանից գոհ ձայներով։

-Այո, Աստված մեզ հետ։ Ազատություն, նոր կյանք, հարություն մեռելներից․․․ Ինչ փառավոր պահ էր»։

Իր մահվան օրը լռություն է իջել ու ծանր նստել քաղաքի վրա։ Իսկ նա հարություն է առել մեռյալներից ու իր՝ երկինք շպրտած արևներն է կախում մեր մենախցերի պատուհաններին։

 

Վանուհի Բաղրամյան