Ագռավաքարից Հոգվորթս մեկ մտքի թռիչք

Այս դպրոցում միակ տրանսպորտային միջոցը ցախավելն է։ Սա Հոգվորթսն է։ Հեռահայտնվե՞նք այնտեղ։

«Հարրի Փոթերի» աշխարհանվաճման գաղտնիքը բոլորիս է հետաքրքրել։ Այլ դիտակետից ճանաչենք վեպը։ Չնայած ընդունված է համարել, որ այն մանկական գրականություն է, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ այստեղ կան կենսափիլիսոփայական հարցեր, որ հասու են մեծահասակներին։

Վեպը ֆանտաստիկայի ժանրից է։ Հավաստում եմ՝ Ռոուլինգի ֆանտազիայի աղբյուրը դիցաբանությունն է։ Իսկ ի՞նչ է դիցաբանությունը, եթե ոչ ֆանտաստիկա։ Ռոուլինգը օգտվել է հունահռոմեական, անգլիական և կելտական մշակույթների դիցաբանական շատ տարրերից։ Թումանյանը վստահ էր՝ անմեռ է այն գրականությունը, որը հենված է բանահյուսության վրա։ Ռոուլինգի վեպն այս առումով անմահ լինելու նախադրյալներ ունի։

Հիշենք, որ էպոսն էլ բանահյուսական նմուշ է։

Ներկայացնելու եմ «Սասնա ծռեր» էպոսի և «Հարրի Փոթերի» մի շարք բանահյուսական, դիցաբանական ընդհանրություններ։ Հարկ է նշել՝ դրանք շատ են, առանձնացրել եմ մի քանի կարևոր հարցադրումներ։

Ինչու՞ են հենց Դավիթը և Հարրին ընտրյալներ։

Ինչու՞ Դավիթը, ոչ թե, օրինակ, Սանասարը, ով երևի թե ավելի կարևոր գործ էր արել, ստեղծել էր Սասնա բերդը՝ դնելով մեր պետականության հիմքը։ Ինչու՞ Հարրին, չէ՞ որ նույն դպրոցում կային նույն ունակություններով բազմաթիվ երեխաներ։ Երկու պատումների սկզբում էլ  հերոսների ծնողները մահանում են, հեղինակները դիտավորությամբ որբացնում են այս հերոսներին, որպեսզի նրանց ինքնապաշտպանությունն ավելի ուժեղ լինի, որպեսզի դրանով նրանց վեր հանեն իրենց միջավայրից։

Ինչու՞ էին Դավիթը և Հարրին այդքան ուժեղ։ Չար ուժերն անզոր են սիրո ու բարության դեմ։ Դավիթն անձնազոհությունից էր ծնվել, և  նրա ծնողների սերը պաշտպանելու էր նրան։ Դամբլդորը մեկնաբանում է Հարրիի՝ Քվիրելին հաղթելու գաղտնիքը. «Եթե մեզ սիրում են այդպիսի սիրով, անգամ եթե մարդն այլևս մեզ հետ չէ, հավիտյանս պաշտպանված ենք։ Այդ կնիքը մեր մաշկի վրա է»։ Ընտրյալները և սերը զոհեր են պահանջում։ Սերը հաղթում է։ Չնայած երկու վեպերում էլ, մասնավորապես Ռոուլինգի վեպում, դիցաբանական տարրերի առատությանը՝ երկուսում էլ հաղթող է քրիստոնեական սերը։ Առանցքը քրիստոնեական բարոյականությունն է։ Այսպես՝ Հարրին միշտ անձնազոհաբար գնում է դեպի վտանգը, նա փորձում է խնայել անգամ ընկերներին։ Շատ լավ է հասկանում, որ ամեն փորձություն իր համար կարող է վերջինը լինել։ Նա անձնազոհ է։ Քրիստոնեական սիրո առանցքում հենց անձնազոհությունն է։ Դավիթը խնայում է թշնամու բանակը, նրանց հետ է ուղարկում, ինքն էլ մեն-մենակ կռվում է Մելիքի դեմ՝  անգամ երկու  զարկի իրավունքը խնայելով։ Սա քրիստոնեական հումանիզմն է։

Ընտրյալ հզորությամբ կերպարներին արտաքին թշնամին անզոր է հաղթել

Նրանք «վերանում են» ինքնաոչնչացմամբ, դա է միակ ճանապարհը։ Ինչպե՞ս մահացավ Դավիթը։ Նրան սպանեց իր իսկ արյունը՝ դուստրը։ Ինչպե՞ս սպանվեց Վոլդեմորը։ Վերջին հոքրուքսը թաքնված էր հենց Հարրիի մեջ։ Վոլդեմորի և Հարրի կռիվը, անկախ նրանից թե ով կհաղթեր, ինքնաոչնչացման կռիվ էր, հիշենք՝  «Փյունիկը, որի պոչի փետուրից պատրաստել ենք Ձեր փայտիկը, մեզ ևս մեկ փետուր էր տվել։ Իսկապես տարօրինակ է, որ  հենց Ձեզ է վիճակված գնելու այս փայտիկը, իսկ  նրա զույգ եղբոր միջոցով Ձեզ հասցվել է այս սպին»։

Մահվան ու ապրելու երևույթներն առանցքային են

Մարդն ապրում է, քանի որ գտնում է նպատակներ։ Երբ ավարտվում է մարդու առաքելությունը, նա դադարում է գոյություն ունենալ։ Այսպես՝ ո՞րն էր Դամբլդորի առաքելությունը։ Նա վեպի սկզբից մինչև խնդիրների լուծման բանաձևը գտնելը կար։ Նա թիկունքն էր Հարրի, ում հետ պետք է հաղթեր  չարին։ Ե՞րբ մահացավ նա, և այդքան երկար ապրելուց հետո ինչու՞ հեղինակը որոշեց, որ այդ հերոսն այլևս «ավելորդ» է վեպում։ Ո՞րն էր Քեռի Թորոսի առաքելությունը։ Նա էպոսի սկզբից գրեթե մինչև վերջ կար։ Նա թիկունքն ու օգնական ձեռքն էր Սասնա հերոսների։ Էպոսի վերջում իմաստուն ժողովուրդը «սպանում» է իր սիրելի Քեռի Թորոսին, ասվում է՝ մեռավ կսկիծից։ Դա հոգեկան անձուկն է, ապրելու այլևս անիմաստությունը, չէ՞ որ Փոքր Մհերը փակված էր Ագռավաքարում, ապահով. նրան արտաքին թշնամին չի սպառնում, ուրեմն անելիք չուներ Քեռի Թորոսը։ Վերջինս և Դամբլդորը մահացան, երբ ավարտվեց նրանց առաքելությունը, և նրանց կյանքն այլևս անիմաստ էր: Նրանք չէին կարող մնալ իբրև դիտորդներ, դա նրանց դերը չէր։ Նույն կենսական օրինաչափությունը կա նաև Փոքր Մհերի՝ Ագռավաքարում փակվելու մեջ։ Նա այլևս անելիք չուներ, և այդտեղ ամեն ինչ պետք է ավարտվեր։ Սանասարը պետականության հիմքն էր դրել, Մեծ Մհերը ազատել էր երկիրը հարկերից, Դավիթը վերակառուցել էր Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Ի՞նչ էր անելու Փոքր Մհերը, նոր պետությու՞ն էր կառուցելու։ Ինչու՞ Հարրին այլևս չվերադարձավ Հոգվորթս, նրա առաքելությունն ավարտված էր՝ չարը ոչնչացված էր։ Ի՞նչ էր անելու նա։

Հասանք մահվան առեղծվածին։ Վոլդեմորը երազում էր անմահություն, ինչը չարիք է բանական մարդկության համար։ Իմաստուն Դամբլդորն ասում է. «Գերկազմակերպված մտքի համար, Հարրի, մահը մի մեծ արկած է»։ Մարդը, որքան էլ կառչած է կյանքից, չպետք է տառապի անմահ լինելու գաղափարով։ Անմահությունն անեծք է։ Դավթի անեծքը որդուն ամենածանր նզովքն էր, ի դեպ, խոսքն ունի գերբնական զորություն։ Դիցաբանական անեծքներն ու օրհնանքները անպայմանորեն անդրադառնում են հասցեատերերի ճակատագրի վրա։ Փոքր Մհերը փակված  է Ագռավաքարում, ապրում է դարեր շարունակ։ Փոքր Մհերն ազգային ենթագիտակցություն է. քանի կա մեր ազգը՝ նա կապրի։ Բայց երջանի՞կ է նա իր անմահությամբ։ Ո՞վ գիտե։ Երջանի՞կ կլիներ Վոլդեմորը։ Ո՞վ գիտե։

Խենթերի իմաստնությունը

Սասունի մեր այս հերոսները ծուռ էին, բայց իմաստուն, ոգեղեն, ուժեղ։ Հիշենք Դամբլդորին. «Բարի գալու՛ստ,- ասաց նա։ -Շնորհավոր Հոգվորթսի նոր ուսումնական տարին։ Մինչև հանդիսավոր ընթրիքը սկսելը կցանկանայի մի քանի խոսք ասել. հիմարիկ, գիրուկ, ավելցուկ, տկար։ Անչա՛փ շնորհակալ եմ։

Ու նորից նստեց տեղը։ Բոլորը ծափահարեցին։ Հարրին չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե՞ ոչ։

-Նա մի քիչ խելագա՞ր է, -անվստահ հարցրեց Փերսիին։

-Խելագա՞ր, -ասաց Փերսին։ -Նա հանճար է, աշխարհի ամենաերևելի կախարդը։ Բայց դե, այո՛, մի քիչ էլ խելագար է»։

Խենթ և իմաստուն լինելն ամեն մեկի համար չէ։ Նույն շրջապտույտի մեջ են նաև Հարրի դպրոցական անտանելի անկարգությունները և նրա ոգեղեն ուժը։

Ինչու՞ է Քուռկիկ Ջալալին խոսում։ Սա բանահյուսական հնարք է՝ հոգի տալ, կենդանացնել, ոգեղենացնել «առարկաները» (հիշենք առակները)։ «Հարրի Փոթերում» ամեն քայլափոխի ենք հանդիպում երևույթին։

Ես երազում եմ սովորել Հոգվորթսում և հայտնվել Ագռավաքարում՝ Փոքր Մհերի հետ մեղր ու կարագ ուտելու համար։ Բայց Դամբլդորն ինձ ասում է՝ չի կարելի ապրել երազներում և մոռանալ ապրելու մասին։ Լսե՞մ ծերուկին։