7 ամիս առանց Հադրութի․ անդադարության ու այն մասին, թե ումն է «մեր շենը»

Արցախի Մարտունու Մսմնայից մինչև Շուշիի ներքևում տարածվող Մխիթարաշեն ու Շոշ երեք երկրների դրոշներ են ծածանվում մի բուռ տարածքի վրա։ Հետևում՝ Շուշին ու կանաչ ցելոֆանով պատված «գլխատված» Ղազանչեցոցը, առջևում՝ կարծես բոլորովին այլ աշխարհից հառնած Ստեփանակերտը, մեջտեղում՝ այս աշխարհների միջև ընկած հայ գյուղացին, որն այս տարի գարնանացանը սկսել է օր ու գիշեր իրենց հետևող ադրբեջանցի դիպուկահարների հայացքի ներքո։

Խաչմաչն ու Մսմնան մայրաքաղաք Ստեփանակերտին կապող ճանապարհը մեկն է․ Շուշիի, Հունոտի կիրճի, Ավետարանոցի և նոր, տարօրինակ անբնական սահմանի մյուս կողմում հայտնված այլ գյուղերի տեսարաններն այս ճանապարհին այլընտրանք չունեն, գլուխդ որևէ տեղ մտցնել, իրականությունից, ինքդ քեզնից փախչել չես կարող այստեղ։ Սա միակ վայրն է, որտեղ ինքնախաբեությամբ զբաղվելը պարզապես ֆիզիկապես անհնար է և որտեղ առերեսումն այլընտրանք չունի, որովհետև որ կողմ նայես՝ Շուշին երևալու է։ Այստեղ հասկանում ես՝ առերեսումը թուլություն չէ, ուժ է, և Շուշին է, որ երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ վեհ է, այդ մենք ենք, որ նախկինում Շուշիի բարձունքում էինք, հիմա՝ ներքևում։

***

«Ամենամեծն որ կա` ժողովուրդն է: Առողջ, զբաղված, պզտիկները դպրոցին մեջ: Եվ ուժ: Ազգն ուժով կդիմանա: Հայ ազգ մեծ ուժ ունի: Ազատության ոգին հայերը միշտ ունեցել են, չենե չունենային` պիտի այսօր հոս չըլլայինք: Հոս ենք: Միշտ անդադար է հայ հոգին և կփափագի շարունակել ուր անուն, ուր նշանակություն: Ամենեն զարմանալի բանը` մեր պզտիկներեն սկսյալ, ադ անդադարությունն է: Բան մը կուզեն շինել, բան մը կուզեն հաջողցնել, բան մը կուզեն սորվիլ, բան մը կուզեն ըլլալ: Եթե ազգ մը ունի ադի`չկռնա լըմըննալ: Միշտ կնորոգվի»:

Սարոյանի այս տողերը ժապավենի պես պարբերաբար անցնում են մտքովս  սահմանամերձ դարձած Խաչմաչի դպրոց մտնելու պահից ի վեր։ Արցախի այս փոքրիկ դրախտային անկյունը՝ Ասկերանի Խաչմաչը 7 ամիս է, ինչ համալրել է անվերջանալի թվացող նոր սահմանի պռնկին ընկած բնակավայրերի շարքը։ Այստեղ նույնպես ամենահասարակ ու մարդկային բաները՝ ծնվելն ու ապրելը, հող մշակելն ու կրթվելը, սիրելն ու ժպտալն այլևս «սխրանք» են համարվում։ Իսկապես, չեմ սիրում այդ «սահմանաՊԱՀ գյուղ» ամպագորգոռ արտահայտությունը։ Ամենապարզ ու հիմնարար բաները հերոսություն դարձնող, անհասկանալի ու բարդ իրականության մասին ծակող-կտրող հիշեցման ի՞նչը սիրեմ․․․

Ինչևէ, պզտիկները Խաչմաչի դպրոցում, ինչպես Սարոյանն էր ասում, զբաղված էին։ Ասում են՝ Խաչմաչից արտագաղթած ընտանիքներ չկան, պատերազմից հետո բոլորը վերադարձել են։ Ավելին՝ ընդունել են տեղահանված այլ արցախցիների։ Սովորական, մի քանի սենյականոց գյուղական տուն հիշեցնող դպրոցի շենքի պատուհանները պատերազմի հետևանքներից ծածկում են դեռևս միայն սկոտչի ժապավենները։ Գյուղական վառարանը, դպրոցի երբևէ չնորոգված հատակն ու նեղլիկ սենյակներում դրված մի քանի նստարանները մի պահ տեղափոխում են մեզ անցյալ դարի սկիզբ, մինչդեռ դպրոցի բակում իսկական 21-րդ դարի աղմուկ է և ներս մտնելուն պես առաջացող հակասական զգացումները միանգամից կտրում է փոքրիկների բազմերանգ, առողջ քրքիջը։ Զարմացած, ուրախացած ու մի քիչ էլ շփոթված են Խաչմաչի դպրոցում․ պատերազմից ի վեր հյուրեր գրեթե չեն տեսել։  

Արցախի Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մարտունու Մսմնա գյուղերի միջև է գտնվում հոյակերտ Շոշկավանքը։ Զուսպ, վեհ ու ամեն կողմից աչք շոյող այս կառույցը շրջապատված է խոր լռությամբ։ Եկեղեցին միշտ չէ, որ բաց է, թեև ուխտավորների պակաս չունի։ Հեռվից նշմարվող Կոլխոզաշենը, Սոսը, Սարուշենը, Թաղավարդը քնած են կանաչի մեջ, իսկ Շոշկավանքը կարծես նրանց բոլորի գլխավերևում կանգած ամբողջացնում է այն կատարելությունը, որի մեջ հայտնվել ես այստեղ գալով։

«Էնքան լավ զգացի, որ վանքը տեսա։ Կռվի ժամանակ չորս կողմը սնարյադը ընկնում էր, վանքին չէր կպնում, շուրջ բոլորը փոշի, իրար հերթ չտալով թխում էին։ Չէի մտածում, որ էսպես անվնաս ու վեհ կտեսնեմ», - ասում է խաչմաչեցի Մանվելը, որը մեզ գյուղ ուղեկցելիս համբերատար ցույց է տալիս մեզնից մի քանի տասնյակ մետր այն կողմ ընկած «կորսված դրախտի» կտորները, այդ թվում՝ մոր ծննդավայր Ակնաղբյուրը, որին 7 ամիս է, ինչ նայում են միայն Խաչմաչի իրենց տան պատշգամբից։

Մսմնայից Ստեփանակերտ վերադարձին հանդիպում ենք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ դեպի Կարմիր Շուկա և Հադրութ փոխադրվող ադրբեջանական ավտոշարասյանը։ Նրանց ներկայությունն այստեղ հուսահատության կամ բարկության զգացում չեն առաջացնում ո՛չ ինձ, ո՛չ էլ մեքենայում նստած մյուսների մոտ։ Ինքնաբերաբար եկած առերեսման ամոթի, կտրող-ծակող գործիքի թողած սպիին նմանվող ցավի զգացում՝ գուցե, բայց ոչ ավելին։ Որովհետև, ինչպես Սարոյանն ասաց՝ «Հոս ենք»։ Հուսահատություն ու բարկություն առաջացնում են ոչ թե նրանք, այլ մեր՝ նոր իրականությունը ընդունելու ձևը։

Օրինակ՝ «Չե՞ս վախենում էդ կողմերը գնալ-գալուց» հարցն իսկապես սկսել է հոգնեցնել։ Հոգնեցնում ու բարկացնում է առաջին հերթին այն մարդկանց փոխարեն, որոնք ոչ թե իմ պես «գնում-գալիս», այլ ապրում, երեխա են մեծացնում, դպրոց գնում Խաչմաչում, Մսմնայում, Սարուշենում, կիսված Թաղավարդում, այլ կերպ ասած՝ «էդ կողմերում»։ Երբեմն հոգնում ու բարկանում եմ «էդ կողմերում» իրենց արժանապատվության ու անորոշության հետ մեն-մենակ մնացած մարդկանց փոխարեն, Խաչմաչի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհու փոխարեն, որը պատերազմի ժամանակ համակարգչային գույքի անհետացումից հետո 7 ամիս է երեխաներին իր տուն է տանում՝ գիտելիքով «զինելու» համար։

 «7 ամիս առանց Հադրութի»․․․ Խաչմաչում Մանվելենց տան պատշգամբում կանգնած, այստեղից պարզ երևացող Ավետարանացոցի այն կողմ Հադրութի լեռները պատկերացնելով ասում է ընկերուհիս՝ Մարինեն, որի ընտանիքն ի տարբերություն իմ ընտանիքի մի քանի հազար տարվա ընթացքում առաջին անգամ է փախստականի կարգավիճակում։ Իսկապես՝ 106 տարի է առանց Սասունի, 7 ամիս առանց Հադրութի ինչպե՞ս ենք ապրում․․․

«Ո՞վ է գնալու նորից մեր շենը, Զավե՛ն»․ տան ամենափոքրիկ անդամին ուղղված հարցն է լսվում ներսից։

«Մու՛նք»․․․

 

Սոֆյա Հակոբյան