Տայքի պատմության լուռ, լքված ու փառավոր վկաները

«Կես-կես ճակատագիր» ու ձեռքից ձեռք անցնող ինքնություն

Տբեթ, Դոլիսխանա, Խախու, Օշկվանք, Բանակի տաճար․․․ Այս անունները գուցե Հայաստանում շատերին ոչինչ չեն հուշում, մինչդեռ միջնադարյան հայ եկեղեցաշինության թերևս ամենափառավոր էջերից մեկի լուռ, լքված ու մոռացված վկաներն են։

Պատմական Հայաստանի ամենայուրահատուկ անկյուններից մեկը՝ Տայքն իր պատմաաշխարհագրական առանձնահատկություններով մշտապես կրել է հարևան պետությունների ու նվաճողների հատուկ քաղաքականության թե՛ ծանր հետևանքները, թե՛ մշակութային ամենատարբեր ազդեցությունները, որոնց դրոշմը կրում են Տայքի հայ քաղկեդոնականների՝ մեր օրեր հասած ճարտարապետական գլուխգործոցները։

Այս հոյակերտ կոթողները, սակայն, այսօրվա Թուրքիայի մաս կազմող  տարածքներում հայ քաղկեդոնականների հոծ համայնքի երբեմնի գոյության մասին հուշող միակ փաստն են։ Ուծացման մի քանի՝ բյուզանդական, վրացական, թուրքական ալիքները կրած Տայքի հայ քաղկեդոնականները «կորան» պատմության էջերում, իսկ նրանց թողած հոգևոր-մշակութային ժառանգության իրավահաջորդը լինելու հավակնությունները ներկայացնում է գլխավորապես Վրաստանը՝ դավանաբանական պատկանելությամբ պայմանավորված։  

Ինչո՞ւ են հայ քաղկեդոնականները շարունակում մնալ հայկական պատմագրության «լուսանցքից դուրս», ինչպե՞ս է նրանց  թողած հսկայական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում աշխարհին մեր լուռ համաձայնությամբ, ի՞նչ վիճակում է կոթողների մեծ մասն այժմ և ի՞նչ պիտի իմանանք Տայքի «կես-կես» ինքնության մասին։ Թեմայի վերաբերյալ կարևոր տեղեկություններով մեզ հետ կիսվել է պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արկադի Ակոպովը։

-Որպես հայ քաղկեդոնականների պատմական կենտրոններից մեկը և  իր բացառիկ պատմամշակութային ժառանգությամբ Տայքը կարևոր ուսումնասիրման առարկա է: 2007թ. Թուրքիայի և Վրաստանի միջև ձեռք բերված համաձայնությամբ Տայքի մի շարք հայ քաղկեդոնական վանքերի վերակառուցումը վստահվեց վրացական կողմին, և մենք կարծես թե տանուլ տվեցինք այդ կոթողների պատկանելության պարբերաբար վիճարկվող պայքարում։ Նաև տպավորություն է ստեղծվում, որ երբևէ չենք էլ մտել այդ պայքարի մեջ։

-Պատմական Տայքի վերաբերյալ հայագիտության մեջ եղած բացն է պատճառը, որ դեռևս 19-րդ դարից սկսած վրացագիտության մեջ սկսեցին գործադրվել լուրջ ջանքեր՝ «ապացուցելու» Տայքի՝ ի սկզբանե վրացական լինելը։ Թե ինչն է պատճառը, որ Տայքը հանիրավի մոռացության է մատնվել, դժվար է միանշանակ պատասխանել։ Եթե 19-րդ դարի երկրորդ կեսին դա պայմանավորված էր տեղեկացվածության պակասով, և հատուկենտ գիտնականներ են անդրադարձել Տայքին (մասնավորապես՝ Հակոբոս Տաշեան), ապա Խորհրդային միության տարիներին Տայքի խնդիրներին անդրադարձող անաչառ դիրքերից հանդես եկող գիտնականների նկատմամբ իսկական պատերազմ հայտարարեցին վրացի գիտնականները։ Մասնավորապես խիստ վտանգավոր արձագանքներ եղան Սիմոն Ջանաշիայի կողմից կապված Նիկոլայ Տոկարսկու աշխատության հետ։ Հալածանքներ եղան նաև Տիրան Մարությանի նկատմամբ՝ ընդհուպ մինչև նրա աշխատության մեծ մասի ոչնչացումը։ Անկախացումից ի վեր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ևս բացասական հետևանքներ ունեցավ ոչ միայն Տայքի հայկական ժառանգության մասով։ Այսօր անգամ փորձ է արվում Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցին ներկայացնել վրացական։

-2007թ. թուրք-վրացական համաձայնությունից ի վեր ի՞նչ շոշափելի խնդիրներ եք նկատել դաշտային ուսումնասիրությունների ժամանակ։ Օշկվանքը, Խախուն, Իշխանավանքը ներսից փակ են և նորոգման աշխատանքների ավարտից հետո չգիտենք, թե ինչ տեսքով կբացվեն մեր առջև։ Դուք հասցրել եք լինել ներսում, երբ դա դեռ հնարավոր էր։ Այս եկեղեցիների հայկական լինելը վկայող ի՞նչ կարևոր հետքեր կան, որոնք, ըստ Ձեզ, վերացման վտանգի տակ են կամ արդեն վնասվել են։

-Թուրքերի կողմից որևէ խնդիր չի առաջացել։ Այլ բան, որ երբեմն այնտեղ հանդիպող վրացի գիտնականները, որոնց մի մասը բոլոր փաստարկների  նկատմամբ փակում էին աչքերը, չեն ընդունում օբյեկտիվ ճշմարտությունը։ Ինչ վերաբերում է եկեղեցիների հայկականության հետքերին, ապա, բարեբախտաբար, մեզ հաջողվել է լուսանկարել ինչպես Խախուի, այնպես էլ Օշկվանքի և Իշխանի եկեղեցիների հայկական արձանագրությունները։ Իշխանի մասով կարող եմ ասել, որ ռեստավրացիայից հետո հայկական արձանագրությունը տեղում է։ Ավելի մեծ մտահոգություն կա Տայքի հեռավոր, դժվար հասանելի գյուղերում եղած հայկական եկեղեցիների համար, որոնց նկատմամբ մեծ վտանգ կա ինչպես գանձագողերի, այնպես էլ պատմության կեղծարարների կողմից։ Նախատեսել էինք այցելել Տայքի հայ կաթոլիկական երբեմնի բնակավայրերը ուսումնասիրելու դեռևս չոչնչացված հայ կաթոլիկ եկեղեցիների մնացորդները։ Ցավոք, համավարակով պայմանավորված մեր այցելությունը հետաձգվեց։

-Ինչ եք կարծում, թուրքական կողմը միայն հայկական գործոնը չեզոքացնելու համա՞ր է հակված Տայքում նման արտոնություններ տալ վրացիներին, թե՞ այստեղ առավել որոշիչ դեր խաղաց Վրաստանի՝  պետական մակարդակով տարվող համառ աշխատանքը։

-Ավելի շուտ Վրաստանի պետական մակարդակով տարվող աշխատանքը։ Մի հետաքրքիր փաստ բերեմ։ Երկար տարիներ դեպի Օշկվանք տանող ճանապարհին կանգնեցված էր ճանապարհը ցույց տվող ցուցատախտակ՝ թուրքերեն Öşvank գրությամբ։ Երկարատև պայքարից հետո վրացիներին հաջողվեց փոխել ցուցատախտակը և այժմ գրված է վրացական ձևով՝ Օշկի։ Անգամ Թուրքիայում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչներն էին հրճվանքով արձանագրում, որ «հազիվ կարողացանք ազատվել վանք շլեյֆից»։ Այնինչ տարածաշրջանի բնակիչներից ոչ ոք եկեղեցին չի անվանում Օշկի, այլ գիտեն միայն եկեղեցու հայկական արտասանության ձևը։ Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ մինչև Չամլըյամաչ վերանվանվելը, գյուղը, որտեղ գտնվում է Օշկվանքը, կոչվել է ՎԱՆՔ։

-Պատմական Տայքի այսօրվա բնակչության զգալի մասն ամբողջ Թուրքիայի տարածքում առանձնանում է որպես առավել կրոնապաշտ ու ազգայնական զանգված։ Այս գավառների ո՞ր հատվածներում են հիմնականում գտնվում կրոնափոխ հայերի գյուղերը և ի՞նչ առանձնահատկություններ կարող ենք նշել նրանց վերաբերյալ՝ մյուս իսլամացած հայերի համեմատությամբ:

-Ձեր նշած կրոնապաշտ և ազգայնական խմբերն այսօր գերազանցապես բնակվում են Տայքի Օլթիի, Մամրվանի (Նարիման) և Բանակի (Փենեք, Շենքայա) շրջաններում։ Սակայն նրանք մահմեդականացած հայերի հետնորդները չեն, այլ 19-րդ դարի կեսերին այստեղ հաստատված վերաբնակիչներ։ Ինչ վերաբերվում է Թորթումի և Կիսկիմի գավառների մահմեդականներին, ապա նրանք նախընտրում են խոսել իրենց լազական ծագման մասին։ Սա բնական երևույթ է, քանի որ անգամ ցեղասպանությունից առաջ նրանք ասում էին թե լազ են։ Պատճառն այն է, որ Կիսկիմի և Թորթումի գավառի կեսկեսները (այսպես էին անվանում մահմեդականություն ընդունած, սակայն հայկական վարքն ու բարքը, երբեմն նաև հայերենը պահպանած հայ մահմեդականներին) դրանով փորձում էին խուսափել ռազմատենչ լազերի ասպատակություններից և թալանից։ 

-Հայտնի է, որ Տայքում քիչ չեն եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը պահպանած հայեր, որոնց հոգևոր կենտրոնն է Խախուի հայկական Սուրբ Աստվածածինը։ Ի՞նչ ճակատագիր ունեցան նրանք։

-Ինչպես գիտենք, մինչև 17-րդ դարի կեսերը պատմական Տայքում մեծամասամբ բնակվում էին առաքելական և քաղկեդոնական հայեր։ 17-րդ դարի կեսերին կայսրությունը ծանրացրեց հարկային քաղաքականությունը ոչ մահմեդականների նկատմամբ։ Ինչպես վկայում է ժամանակի հեղինակ Հակոբ Կարնեցին, Տայքի քաղկեդոնական հայերը շատ արագ իսլամ ընդունեցին, այնինչ առաքելական հայերը մնացին իրենց հավատքի մեջ։ Տայքի առաքելական հայությունը, չնչին բացառություններով, մահմեդական չդարձավ։ Նրանց գերակշիռ մասը նախընտրեց քրիստոնեության շրջանակներում փոխել դավանանքը՝ ընդունելով կաթոլիկություն։ Թե՛ հայ կաթոլիկները, և թե՛ հայ առաքելականները զոհ գնացին Հայոց Մեծ եղեռնին։

-Գաղտնիք չէ, որ Տայքի տարբեր անկյուններում պարբերաբար հայտնվում են վրացի ուսուցիչներ, լրագրողներ, վրացական հեռուստաալիքներով ցուցադրվում են ուսումնասիրություններ Տայքում «իսլամացած վրացիների» դարձի գալու մասին, և հաճախ այս նյութերում հանդիպում ենք հենց նախկին հայաբնակ, ոչ թե վրացաբնակ գյուղեր։

-Ցավոք, մեր բացից լավագույնս օգտվել են մեր հարևանները։ Իհարկե, Տայքի տարածքում կային վրացաբնակ բնակավայրեր, հատկապես Պարխարի գավառի տարածքում, որտեղ առ այսօր կարելի է հանդիպել վրացախոս մահմեդականների, որոնք, բնականաբար, վրացական ծագում ունեն։ Վրացական ծագմամբ մահմեդականները շատ են նաև Տայքի հարևան Կղարջքում և Շավշատում։ Սակայն անգամ Տայքի այն բնակավայրերը, որոնք անժխտելի արխիվային փաստաթղթերով հիմնավորված են որպես հայկական, վրացի մի շարք գիտնականներ ներկայացնում են որպես պատմական վրացական բնակավայրեր։ Իսկ այդպիսի հայաբնակ բնակավայրերի թիվը 20-րդ դարասկզբին մի քանի տասնյակ էր (չհաշված 1878 թ․ Ռուսական կայսրությանն անցած Տայքի արևելյան հատվածի հայաբնակ գյուղերը)։ Խոսքը վերաբերում է հատկապես Կիսկիմի և Թորթումի գավառներին, որոնց բնակչությունը Արևմուտքի պաշտպանությանն արժանանալու նպատակով, դեռևս 18-րդ դարում կաթոլիկ դառնալը նախընտրեց մահմեդականացվելուն։ Երբ միջազգային գիտական միջոցառումների ժամանակ ներկայացնում ես այդ բնակավայրերի տոհմերի նահապետներին անուն առ անուն, ինչի հնարավորությունն ունենք շնորհիվ օսմանյան հարկամատյանների, անգամ այս դեպքում որոշ վրացի գիտնականներ փորձում են հակադրվել։ Կարող եմ բերել մի ցայտուն օրինակ։ 2016 թ․ Տայքի վերաբերյալ Թբիլիսիում միջազգային գիտաժողովի ժամանակ ներկայացրել եմ Թորթումի գավառի հայկական բնակավայրերը։ Նորշեն հայ-կաթոլիկական գյուղի օրինակով ներկայացրեցի հարկացուցակներում հանդիպող հայկական անձնանունները։ Վրացի գիտնականներից մեկի պատասխանն ուղղակի աբսուրդի ժանրից էր՝ «Շևարնաձեի անունն էլ Էդվարդ է՝ ուրեմն Ձեր ասելով նա անգլիացի՞ է»։ Այդպիսի դեպքերը, ցավոք ,շատ են, չնայած կան նաև փոքրիշատե անաչառ մոտեցում ունեցող գիտնականներ, որոնց հետ կապի մեջ ենք։

 

Հարցազրույցը՝ Սոֆյա Հակոբյանի