Ջրերը

Ջրերը կտրել են: Թե ասա՝ ո՞վ է գարնանը, երբ մարդն ամենաշատն է ուզում ապրել ու ամենաշատն է վախենում մեռնելուց, ջրերը կտրում: Հայտարարեցին, որ ջրանջատումը կտևի 48 ժամ, այսինքն երկու օր շարունակ ջուր չի լինելու: Ամուսնու պես՝ չնայած մի տարբերությամբ. ամուսինը չէր էլ հայտարարում, որ չի լինելու, որքան ժամանակ չի լինելու, ինչու չի լինելու: Հենց նա, ում կողքին, մի տասնհինգ տարի առաջ, վերջապես հասկացավ, որ խաղաղ և ուժասպառ արևածագը ծովի ափին, ի վերջո, ավելի սիրուն է փոթորկուն և այրող մայրամուտից: Հետո նրա ձեռքերի մեջ կրակից նոր հանած, տաք-տաք կարտոֆիլ կերավ: Հետո ճաշը անալի դարձավ, աղի, անհամ, անթույլատրելի ջրիկ, չափից դուրս սառը, աղբ:
Աղջիկը մեծն է, արդեն տասներեք տարեկան, ծովագույն աչքերով: Հարազատները նույնիսկ չեն հասկանում, թե ո՞ւմ է նման: Ինքն ասում է. «Ծովին»: Տղան հինգ տարի առաջ ծնվեց: Ինքն առանձնապես չէր ուզում, տղա չէ, էլի՛: Հոր աչքերն ունի, հոր պես ֆուտբոլ է սիրում, բայց հայրը երբեք որդուն չի տանում հետը ֆուտբոլ խաղալու, երևի որովհետև խաղն սկսվում է ուշ երեկոյան ու ավարտվում է վաղ առավոտյան, հաղթող թիմին էլ հասնում է երեք արկղ գարեջուր ու հետխաղյա անվճար մասաժ: Սիրուն աչքեր ունի որդին:
Հիմա ամուսինը գալու է: Ինքը ի՞նչ անի, որ ջուր չկա, հո չի՞ գնալու խանութից ծանր-ծանր բերի, էն էլ գիշերվա կեսին: Հիմա երեխաները քնած են, նույնիսկ աղջիկը, որ երեկ հարցրեց. «Մա՛մ, սեքսն ի՞նչ ա» ու ինքը պաչեց դստեր ճակատը՝ խոսակցությունը հետաձգելո՞վ, պատասխանելո՞վ... Ինքն առաջ ջութակ էր նվագում: Ծովի՛ց առաջ: Բայց ամուսնուն հանդիպեց շինանյութի խանութում, երբ որոշել էր համերգային առաջին խոշոր հոնորարով վերանորոգել հայրական տունը, նույնիսկ համոզել էր հորը, որ պատերից մեկը դառնա իր երազանքների կապույտը: Հենց ներկերի բաժնի աշխատողն էր: Հենց կապույտից էլ սկսվեց ամեն ինչը: Դստերով հղի էր, երբ դուրս եկավ սիմֆոնիկ նվագախմբից՝ չնայած դիրիժորը հարկ համարեց անձամբ գալ իրենց տուն, և քանի որ վերելակը չէր աշխատում, ոտքով ութ հարկ բարձացավ, բայց ապարդյուն. «Ես հիմա երջանիկ եմ, էլ պետք չէ»,-պնդեց որոշումը: Բայց ջութակը չվաճառեց, ոչ մեկին չնվիրեց, ճիշտ է, նաև չօգտագործեց: Հին պահարանի տակի դարակում անշարժացած էր: Երբեմն բացում էր, փոշին տալիս, մեկ-երկու նոտա նվագում, որ լարից չընկնի ու անցնում ամենօրյա ճաշին, որին սրբացնելու համար տեղ-տեղ հանապազօրյա հաց են անվանում: Նույնիսկ մազերը կտրեց. առաջ հասնում էին գոտկատեղին, հիմա այդպես հարմար չէր, ճաշի մեջ մազ ընկներ:
Հիմա գիշերվա երեքն է ու ամուսինը ֆուտբոլ է խաղում, ու ինքը նայում է դիմացը դրված կնիքով թղթին: Անծանոթ բառեր են, երբեք չլսված բառեր են, եթե բժիշկը չլիներ, ինքը չէր էլ հասկանալու, թե ինչ բառեր են. հո նոտաներ չեն, որ անգիր իմանա: Միայն երկու տառ էին հստակ հասկանալի՝ Զ. Մ.:
«Մամայիս կկանչեմ առավոտյան, նոր կասեմ... Մամաս թող գա»,-ինքն իրեն որոշեց: Ամուսինն ավելի շուտ եկավ: Սպիտակ վերնաշապիկով: Առավոտյան, այն էլ լուսադեմին, տղամարդիկ չեն խոսում: Տա՛նը: Սոված չէր, քրտնած չէր: Հոգնած էր: Հետո երեխաները զարթնեցին: Աղջիկն ավելի ուշ: Երեխաներին ճանապարհեց դպրոց ու մաման եկավ: Մաման մեծ կին է: Ոչ միայն տարիքով: Ամուսինը չի ծխում, ինչ լավ կլիներ, եթե ծխեր: Իր նվիրած շապիկով է: Վրան խարիսխ է ու գրված է՝ «Ծնվել եմ, որ լինեմ ազատ»:
-Բժիշկն ասաց՝ քաղցկեղ ունեմ,-վերջապես ասաց:
Մաման ձայն հանեց: Ամուսինը լուռ է:
-Երկու օրից պետք է սկսենք քիմիան,-շարունակեց:
-Բայց... Ախր.. Չէ՞ որ շուտ ենք հայտնաբերել, հնարավոր է բուժել,-մաման սկսեց խոսել:
-Շուտ չենք հայտնաբերել,-ժպտաց:
-Կրծքի՞,-ամուսինը սա ասաց:
-Ինչի՞ կրծքի,-սկսեց գոռալ,- ինչի՞ է բոլորիդ թվում, որ կանանց քաղցկեղն անպայման կրծքի է լինում:
Լռեցին բոլորը: Ու հանգիստ, գրեթե շշնջալով, հստակեցրեց.
-Գլխի՛:
Ի՞նչ խոսեին: Ամուսինը վեր կացավ աթոռից ու սեղանի վրայից վերցնելով ծաղկամանը /դատարկ/՝ այն պատին նետեց: Մաման ձեռքերով փակեց դեմքը: Ամուսինը նետվեց դուրս:
-Բայց... Ախր,-ձեռքերը նրա կողմն ուղղեց մաման:
-Թող ռադ ըլնի,-սաստեց մամային:
Այդ օրը ցերեկը ֆուտբոլ խաղաց ամուսինը: Դեռ չէր մթնել, երբ վերադարձավ տուն: Դստերը լուսանկարչական ապարատ էր բերել: Վաղուց էր խոստացել: Աղջիկն անմիջապես անցավ գործի: «Ժպտացե՜ք»,-խնդրում էր՝ տնով մեկ: Ինքն էլ ժպտաց.
-Ինչի՞ ես ամենաշատն ինձ նկարում,-հարցրեց աղջկան:
-Պապա՛ն ասաց:
Գիշերը ծով գնացին: Այնտեղ, որի ափին ու նույնիսկ մեջ, միշտ մենակ են և ազատ: Այնտեղ, որի տեղը միայն երկուսով գիտեն: Ամուսինն ուզեց: Իրենց չթվաց, որ դա վերջինն անգամ է, իրենց չթվաց, որ դա առաջին անգամն է. իրենց թվաց, որ երջանիկ են:
Առավոտյան տատիկը տարավ երեխաներին դպրոց: Բայց մինչև դա երեք բան եղավ: Չէ, չորս: Ոստիկանները լցվեցին տուն ու տարան ամուսնուն՝ մեղադրելով նրան ֆուտբոլի դաշտում, օրը ցերեկով, գարեջրի շշով մարդու գլուխ բացելու ու «այդպիսով վերջինիս՝ առանձնակի դաժանությամբ սպանելու» համար: Հետո բժիշկը զանգեց՝ հայտնելու, որ ինքը խորապես ցավում է, քանի որ տեղի է ունեցել մեծ թյուրիմացություն. իրականում անալիզների պատասխանը ոչ թե Զ. Մ.-ինն են, այլ Մ. Զ.-ինը: Ապա Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբն աշխատանքի ընդունեց նոր ջութակահարի, որի անվան սկզբնատառերը մի թերթում՝ Մ. Զ. էին, մյուսում՝ Զ. Մ.:
Եւ վերջապես՝ ջրերը տվեցին:
Հովիկ Աֆյան