Ո՞վ է գլխավոր ցնդածը

Մարդը վախենում է ազատությունից

Երևի մարդ ինչքան խելագար է, նույնքան էլ հզոր դառնալու ընդունակ:

Քեն Քիզի

 

Իսկ դու պատրա՞ստ ես թռչել կկվաբնի վրայով. չէ՞ որ դու ազատ ես: Դու ազատությունը կարո՞ղ ես ընտրել:

Քեն Քիզիի հայտնի վեպը, որ կոչվում է «One Flew Over the Cuckoo's Nest», Զավեն Բոյաջյանը թարգմանել է «Թռիչք կկվաբնի վրայով»: Թարգմանիչը բացատրեց՝ «կկվի բույնն» ավելի շատ ընկալվում է ուղիղ իմաստով՝ մի կկվի բույն, իսկ «կկվաբույնը» ենթադրում է, որ բնում կան մի քանի կկուներ, հետևաբար դա «հոգեբուժարան» նշանակությամբ ավելի հարմար է թարգմանել:

Երբ Միլոշ Ֆորմանն այս վեպի հիման վրա նկարահանեց իր ֆիլմը, Քիզին չհավանեց այն. կարծում էր, որ այն չի արտահայտում վեպի բովանդակությունը:  Ֆիլմում Առաջնորդի կերպարը երկրորդական պլան է մղված, այնինչ վեպում դեպքերը պատմվում են հենց նրա անունից: Դա չխանգարեց, որ ֆիլմը դառնա աշխարհում ամենաշատ «Օսկարի» արժանացած ֆիլմերից մեկը:

Քեն Քիզիի այս վեպի հիման վրա բեմադրված ներկայացումը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի ամենասպասված ներկայացումներից մեկն է դարձել: Բեմադրող ռեժիսորը հավատարիմ է մնացել վեպի սյուժեին. Առաջնորդն է հյուսում գործողությունների շղթան:

Ո՞րն է այս ստեղծագործության արդիականության, պահանջարկի գաղտնիքը, հոգեհարազատությունը 21-րդ դարի մարդու հետ:

Սա մարդու՝ անհատի ու արդեն կարծրացած, կուռ ամբողջականություն ու կառուցվածք ունեցող հասարակարգի հոգեբանական ու սոցիալական բախումների  վերհանումն է: Սա մարդու ազատության, վախերի, ընտրության ու եսի նկատմամբ սեփական վերաբերմունքի բարդույթների վերհանումն է: Սա պատմություն է բոլոր այս խնդիրների նկատմամբ հասարակության վերաբերմունքի, պիտակավորումների  մասին:

Սա ուտոպիստական մի պետություն է՝ սեփական սահմանադրությամբ: Սա ժամանակի գերհզոր տերությունների ռազմավարության փոքր մոդելն է՝ հոգեբուժարանի տեսքով: Սա պետության ու կարծրացած հասարակարգի նմուշ է, որ խլացրել ու համրացրել է մարդկանց՝ նրանց ավելի կառավարելի դարձնելու համար: Եվ ահա հայտնվում է մի Մաքմըրֆի, որ բացում է ականջներն ու լեզվի կապերը խուլ ու համր մարդկանց, ըմբոստության ալիք է բարձրացնում, հանուն ճշմարտության ու մարդու կորսված  իրավունքի համար պայքարի զոհ է դառնում:

Դեպքերը տեղի են ունենում հոգեբուժարանում, որտեղ սարսափելի ձանձրացնող օրինաչափությամբ են գործում կարգերը: Բայց սա մինչև այն պահը, երբ հոգեբուժարանում է հայտնվում նոր այցելուն՝ Մաքմըրֆին: Նա սկսում է պայքարել գործող «օրենքների» և դրանք հաստատող ու սրբորեն պահող բուժքրոջ դեմ:

Քիզին դեմ էր դուրս եկել ժամանակի հոգեբուժական մեթոդների դեմ: Նա ինքը երկար տարիներ եղել է հոգեբանի օգնական ու շատ հոգեմետ դեղեր անձամբ փորձարկել:

Ինչպե՞ս էին բուժվում հոգեկան խնդիրները ժամանակի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 2008 թվականին BBC-ի «Horizon» գիտական հաղորդումն անցկացրեց «Դուք որքա՞ն եք խելագար» գիտափորձը, որի ընթացքում հոգեբույժների խնդիրն էր ախտորոշել հոգեբանական շեղումներ ունեցող անձանց։ Տասը մասնակիցներից միայն մի քանիսին կարողացան ճիշտ ախտորոշել:

Շատ մասնագետների պնդմամբ՝ հոգեբանական շեղումների ախտորոշումը միանշանակ լինել չի կարող: Ռոզենհանը, օրինակ, համարում է որ հոգեբուժական հիվանդությունն ավելի շատ ընկալվում է որպես անդառնալի վիճակ, քան բուժելի հիվանդություն, ինչի հետևանքով ձևավորվում է ցմահ սոցիալական պիտակ:

Այս ամենն, իհարկե, Քիզիի մտահոգությունների առանցքում էր: Սակայն վեպում երևում է իրականության դարձերեսը, երբ Մաքմըրֆին բացահայտում է, որ այնտեղ գտնվողներից շատերը սեփական կամքով են ապրում հոգեբուժարանում:

Ամեն մեկը վախի իր չափաբաժնով արդարացնում է կկվաբնում ապրելու ցանկությունը, այնտեղից դուրս գալու անհնարինությունը: Մարդը վախենում է ազատությունից:

Հայդեգերի էքզիստենցիալիզմի համաձայն՝ գոյության հիմնական վիճակը վախն է, վախ չգոյության հնարավորության հանդեպ, վախ, որն ազատում է մարդուն իրականության բոլոր պայմանականություններից: Ըստ Սարտրի՝ մարդն ինքը պատասխանատու է իր վախկոտ կամ ուժեղ ծնվելու համար: Վեպում ասվում է. «Պիտի ընտրես. կամ լարվես ու աչքդ պահես մշուշի միջից հայտնվող բաներին, ինչքան էլ դա ցավոտ լինի, կամ էլ հանգիստ մնաս ու մոլորվես»:

Իսկ դու փորձե՞լ ես գոնե մեկ անգամ կյանքում ուժեղ լինել: Մաքմըրֆին փորձեց հերթական անգամ. «Ոչ ոք չի համոզի ինձ, թե ուժս չի պատի, մինչև չփորձեմ»: Ու, թվում է, ինքն արտաքնապես «ձախողեց» փորձը, այնինչ Առաջնորդի համար «գոնե փորձելու» այս օրինակը ցույց տվեց իր իսկ հսկայությունը, ուժը, որ կարող է թռչել կկվաբնի վրայով:

«Էս աշխարհը... ուժեղներին է պատկանում, բարեկա՛մս: Մեր գոյության ծեսը հենված է ուժեղների վրա, որոնք ավելի են ուժեղանում թույլերին կուլ տալով: Մենք պետք է պատրաստ լինենք սրան: Հենց էդպես էլ պիտի լինի, ոչ ավելի, ոչ պակաս: Մենք պետք է սովորենք սա ընդունել որպես բնության օրենք»:

Դու ես թելադրում հասարակությանը՝ քեզ ճագա՞ր պիտակեն, թե՞ գայլ: Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Այսպես՝ մարդը հենց այդ միջավայրի ու դրդապատճառների հետ առերեսվելուց հետո օտարանում է հասարակությունից: Մարքսն ասում էր՝ մարդն օտարվել է իր աշխատանքի արդյունքներից և փաստացի դարձել արտադրական գործընթացի մի ինչ-որ պտուտակ: Եվ մարդուն խորթ այդ հասարակական կառուցվածքը տեր է դառնում նրան, կառավարում, ենթարկեցնում, պարտության մատնում. «Հենց զգոնությունդ թուլացրիր, հենց տանուլ տվեցիր մի անգամ, ուրեմն նա հաղթեց ընդմիշտ: Իսկ վերջին հաշվով բոլորիս էլ վիճակված է պարտվել: Ոչ ոք ճար չունի»: («Թռիչք կկվաբնի վրայով»):

Մնում է միայն չզրկվել ազատ ծիծաղելու բնական իրավունքից: Ինչպես վեպում է ասվում՝ ազատ, քահ-քահ, որ մեծ բացած բերանից տարածվի ալիք-ալիք, ավելի ու ավելի ծավալվի, ճղփալով գնա հասնի...որովհետև մենք ապահով ենք, քանի դեռ ընդունակ ենք խելագարի պես ծիծաղել բարքերի ու վախկոտության վրա: Որովհետև «մարդ ինչքան խելագար է, նույնքան էլ հզոր դառնալու ընդունակ»:

Եվ այնուամենայնիվ՝ ո՞վ է գլխավոր ցնդածը:

 

Վանուհի Բաղրամյան