Մոնթեն կասեր՝ պայքարելու իրավունք․․․

Հալեպի, Ստեփանակերտի ու Աղավնոյի անտեսանելի կապը

Ստեփանակերտի Թումանյան փողոցն իսկապես առանձնահատուկ շունչ ունի։ Իր մեջ պահպանելով արցախյան ճարտարապետության առաձնահատկությունները, ամենապարզ և միաժամանակ գեղեցիկ կերպով միաձուլելով արցախցու մտքի թռիչքը՝ ավանդույթների հանդեպ հոգածությանն ու նորարարությանը, հնին ու նորին, լույսին ու ստվերին՝ այս ամենն ամբողջացնում է կատարյալ ներդաշնակության մեջ:

Թումանյան փողոցում գտնվող այս հրաշալի ու ջերմ անկյունը գիտեն բոլորը․ սիրիահայ ընտանիքի կոլորիտային, տրամադրող ու միշտ դրական մթնոլորտով հագեցած սրճարանը հասցրել է դառնալ քաղաքի այցեքարտերից մեկը։ Հիշում եմ այստեղ գերիշխող աշխատանքային աշխույժ աղմուկը, ոչ մի րոպե չդադարող ակտիվ անցուդարձը, սրճարանի տերերի՝ հաճելի հոգնածությունն ու ներքին բավարարվածությունն արտահայտող ժպտուն հայացքները․․․ Հարյուրամյա դեգերումների մեջ իր երջանիկ վերջնակետը գտած մարդու գոհ, անհոգ, խաղաղված հայացք տեսած կա՞ք։ Շատ գեղեցիկ, անմոռանալի մի բան է։

Այժմ չկա խաղաղություն, չկա վերջնակետ, արդեն չկան ժպիտներն ու անդադար աշխատանքը, բայց սիրիահայ ընտանիքն այստեղ է։

․․․ «Ո՞ր շկոլն ես քինում»

«Մամա, մեկ հատ լահմաջուն, մեկ հատ ալ հոթ-դոգ ժամը 5-ին կրնա՞նք ապսպրիլ»

«Իսկ Դուք ջուրը սենյակային, թե սառը՞ կցանկանաք»․․․

Ոչ, սրանք տարբեր մարդիկ չեն, այս ամենը հարցնող, կազմակերպող ու դրանով ապրողը մեկ անձ է՝ Հալեպում ծնված ու արդեն 9 տարի լիարժեք ստեփանակերտցի դարձած Հովհաննեսը։

Սակայն ես և Հովհաննեսի մայրիկը՝ տիկին Իզաբելը, միևնույն է, պիտի նախընտրեինք խոսել մեկ՝ այդքան անուշ ու բաղձալի  արևմտահայերենով։ Խոսեինք անհագ, սիրով ու տխրությամբ, դառնացած ու իրար կարեկցող հայացքներով։ Որովհետև երկուսս էլ գիտենք, որ գաղթականությունն ունի սկիզբ, բայց ոչ վերջ, երկուսս էլ զգում ենք, որ Արցախն այդ վերքերը բուժելու ամենաճիշտ վայրն էր, եթե արժանի մնայինք դրան, և, ի վերջո, երկուսս էլ նույն բանն ենք փնտրում Արցախում․ ամենուր մեր ոտքերի տակ փախչող հողը, ոչ մի տեղ մինչև վերջ մեզ չտրվող պատկանելությունն ու մեր իրավունքը՝ երջանկությունը։

Գիտեի, որ փոքրիկ Հովհաննեսն իր ընտանիքի հետ պատերազմի ժամանակ չի լքել Արցախը, ավելին՝ հաց է թխել զինվորների համար, բայց չգիտեի, որ չեն հեռացել նույնիսկ վերջին՝ համընդհանուր մոբիլիզացիայի օրը, երբ քաղաքում այլևս չկար գեթ մեկ երեխա։

«Մոբիլիզացիայի օրը՝ նոյեմբերի 8-ին ես և քույրիկս մտանք սենյակ, դռները փակեցինք․․․ Հիմա որևէ սիրիահայ չմնաց հոս, միայն մենք ենք»․․․ Հովհաննեսը չի դժգոհում,նրա խոսքից միայն սեր ու կապվածության աներևակայելի զգացում է ճառագում Արցախի, իր սիրելի քաղաքի ու մարդկանց հանդեպ։

Փոքրիկ Հովհաննեսը, նրա գեղեցկադեմ ու աշխարհի ամենահամեղ լահմաջուները պատրաստող մայրիկը, ընտանիքի մյուս ադամներն ու այն ամենը, ինչ տեսնում, շնչում ու համտեսում ես այստեղ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության մասին իմ բոլոր թաքուն երազանքների, ձգտումների ու ցանկությունների հստակ ձևակերպված հավաքականություն է: Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի ամեն անկյունին միաձուլված պատկանելության զգացումը, բոլոր բաժանարար գծերը շատ հեշտ ու իսպառ հաղթահարած լինելու վստահությունը, ցեղասպանությունը վերապրած նախնիների անցյալով՝ ցեղասպանության դեմ կանգնած ամուր կամքը նրանց էության անբաժան մասնիկն է։ Իրենք իրենց պապական Մարաշն ու Այնթապը, ծննդավայր Հալեպը, Հայաստանն ու Արցախն իրար մեջ միահյուսած մի կատարյալ ամբողջություն են։ Պատերազմից հետո, կիսադատարկ պատերից ներս, կիսալռության, կիսահույսերի, կիսահարցերի, կիսաներկայի մեջ, որն այդքան փխրուն էր ու նույնքան ամուր, ամեն ինչ այլ էր, բայց միևնույն է՝ սիրով լի, որովհետև մենք՝ Հովհաննեսը, տիկին Իզաբելը, ստեփանակերտցի Վալերան ու Ստեփանակերտը մեն-մենակ ու միասին էինք։

«Ուկրաինայում հայ էի, Հայաստանում՝ սփյուռքահայ, բայց Արցախում ես ես եմ։ Սարոյանն ասում էր՝ «Այնտեղ ենք հաստատված, ուր գերեզման ունենք»։ Երբ մեծ եղբայրս զոհվեց, այլևս Արցախն իմ տունն է», - ասում եմ տիկին Իզաբելին։

«Չենք ուզեր հեռանալ։ Հիմա խաղաղ է, բայց հայտնի է, որ բան մը կա։ Եթե դուրս գանք՝ գուցե որպես սիրիացի այլևս չթողնեն հետ դառնանք, աս է խնդիրը», - պատմում է տիկին Իզաբելը։

Մեր հայացքները նորից նույն փոխադարձ կարեկացանքով հանդիպում են իրար, քանի որ երկուսս էլ գիտենք, որ դուրս գալ-չգալու խնդիրը բյուրոկրատիան չէ։ Պարզապես գաղթականությունն իսկապես ունի սկիզբ, բայց՝ ոչ վերջ։ Մեկ տարի առաջ այս օրերին տիկին Իզաբելի դեմքը շողում էր՝ Դեր Զորի սինդրոմից ազատված մարդու շողշողացող աչքերով։

«Չեն հասկանում, որ դուրս եկար՝ այլևս կանգ չկա։ Մենք դա լավ գիտենք», - ասում է տիկին Իզաբելն ու ճիշտ պոլսահայ տատիկիս ձեռքի շարժումով լցնում տաք արևելյան սուրճը։

«Նորեն կուգաս, չէ՞» , - ժպտում է Հովհաննեսը, որի տեղացի ընկերների զգալի մասն այստեղ երկար ժամանակ չի երևացել։

***

Որքան լուսավոր ու անհավատալի դրական է Ստեփանակերտը, այդքան անասելի թախծոտ ու լուռ անտերության է մատնված Քաշաթաղն իր վեհաշուք լեռներով։

Լեռները հավերժ ոչ ոքինն են, Հայաստանն Արցախին կապող այս բարակ միջանցքը վերջին ամիսներին՝ նույնպես։ Քաշաթաղն ապացուցում է, որ նա առանց մեզ էլ է գեղեցիկ, իսկ ճանապարհին հոգուդ վրա ասես քար նետող տեսարանները՝ լքված գյուղերը, այրված մեքենաները, հատված ծառերն ու դպրոցների դատարկ շենքերը միայն հուշում են, թե ինչքան ենք մենք սիրել ու գնահատել այդ դրախտը։

Զուգադիպությո՞ւն է, որ այսօր «նորօրյա» Արցախն իր նոր սահմաններով մեզ համար սկսվում ու ավարտվում է Քաշաթաղի Աղավնոյով՝ Բերձորի միջանցքի տարածքում մնացած ու ադրբեջանական վերահսկողության տակ չանցած  Քաշաթաղի միակ գյուղը, որի գոյատևմանն ու փրկությանը ոչ ոք չէր հավատում։ Առավել ևս՝ նույն միջանցքում գտնվող հենց Բերձոր քաղաքի աստիճանական ու կամավոր դատարկումից հետո։ Ֆանտաստիկ ուժեղ և միաժամանակ  անհասկանալի ու ծայրահեղ ժողովուրդ ենք: Այո, սփյուռքահայերով բնակեցված Աղավնոն դեռ շնչում է։ Ամեն անգամ Արցախ գալիս զարմացած, բայց ինքնասիրությունս անչափ շոյված հետևում եմ հենց այդ գյուղին, որով այլևս սկսվում և ավարտվում է շրջափակված ու բարակ պորտալարի պես միջանցքով փաթաթված Արցախի ճանապարհն այստեղ եկող բոլորիս համար։

Աղավնոն՝ նորօրյա Արցախի նորօրյա դիմադրության ամենավառ խորհրդանիշն է։ Մոնթեն կասեր՝ «Պայքարելու իրավունքը»․․․ Կարևոր չէ, թե որքան կդիմադրի Աղավնոն։ Աղավնոն հիշելու ու հիշեցնելու ենք՝ որպես խաղաղության, ամենատարրական երջանկության ու պայքարի իրավունքի, հողի պատկանելության ու ամենախոր սիրո զգացումի, երկրին արժանի լինելու ու էլի շատ բաներ հասկանալու բանալի։  

 

Սոֆյա Հակոբյան