Մեր ներսի Վանը, որ չենք տեսնում

Շատ դժվար է պատկերացնել, ապրել ու սիրել Վանն առանց պանթեիզմի։ Բայց դա շատ սկզբունքային, ես կասեի՝ շատ պետքական բան է։ Շատ կարևոր է կյանքում բախտավորություն ունենալ լինել Վանում միայնակ, ցեխոտ ու սառը ինչ-որ եղանակի, առանց տարին մեկ անգամ Աղթամարի Սուրբ Խաչում մեծ շուքով անցկացվող պատարագը լուսանկարելու եկած թուրք լրագրողների ու կղզու ճանապարհին նավի մեջ ազգագրական երգեր երգող հայ զբոսաշրջիկների, առանց լեգենդար տառեխի ու Վանա կատվի մագնիսների։ Տեսնել մեր՝ մաքառումներով ու աներևակայելի դիմադրությամբ շահած-պահած ու կորցրած Վանը խուլ գյուղերի փոշոտ հեռուներում, տեսնել մեր ներսի Վանը պատերի մեջ ճզմված խաչքարերի վրա, խոտի պահեստ դարձած եկեղեցիներում ու անհաս թվացող մոռացված ուխտատեղիներում։

Վանում մտածելու իսկապես շատ բան կա, և գուցե մենք իսկապես չափազանց  սխալվում ենք, երբ մտածում ենք, որ Վանը որպես երևույթ ու ընկալում՝ անցյալ է։

***

Սրխու Սուրբ Նշան կամ Մարինոսի վանքը հեռվից նկատելը գրեթե անհնարին է: Աներևակայելի է, որ միատարր ու միագույն այդ բնապատկերի մեջ, ինչ-որ տեղ՝ խորքում, այդքան մոտ հեռվում կարող ես գտնել ծվարած մի ամբողջ առանձին աշխարհ՝ մեր թվացյալ աշխարհի մեջ:

Դեպի Սուրբ Մարինոս ուխտագնացության երկար ճանապարհն իսկը այն է, ինչ հարկավոր է դասական մոլորյալին, որն այստեղ պիտի գար քայլելու, աղոթելու, մտորելու, գանգատվելու, ընդվզելու, հոգնելու ու էլի ու էլի քայլելու: Այստեղ դրա համար կա ամեն ինչ. օդում մինչև օրս թևածող հազարավոր աղոթքների թողած հանգստությունը, գարնան սկզբին Վասպուրականի լեռներին հատուկ սառը, բայց ուղեղդ թարմացնող քամու խստությունը, օձերի բները, գայլերի ոտանհետքերը ու դեպի Արևելյան Տավրոս չնաշխարհիկ տեսարանը:

Լեռների մեջ թաքնված ու անծանոթների համար համառորեն անտեսանելի մնացող Սուրբ Մարինոսն ու դեպի այն տանող ճանապարհն իրականում նման են Էրգրի մասին մեր պատկերացումներին ու հույզերին. սկզբում թվում է, թե ամեն ինչ գիտենք ու լսել ենք արդեն, վստահ ենք, որ արդեն տեսել ենք ամեն բան ու ավելի վստահ, որ այդ ամենը թողել ենք հետևում: Մինչդեռ... Ճանապարհը որքան գնում՝ այնքան երկարում է, քամին ուժգնանում, լեռները՝ գեղեցկանում:                                              

***

Համաձայն 20-րդ դարի սկզբին Վանում հրատարակվող «Աշխատանք» թերթի, 1911 թվականին Վասպուրականի Հայոց ձոր գավառն ուներ 12 վանք, որոնցից մեկը՝ Սրխու Սուրբ Նշանը։ Թեև վանական համալիրի հիմնադրման հստակ թվականը հայտնի չէ, ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, որն այստեղ հասած եզակի երջանիկներից էր, Սուրբ Մարինոսը գոյություն է ունեցել առնվազն վաղ զարգացած միջնադարից:

Ասում են՝ ժամանակին բավականին խոշոր մենաստան եղած վանքում բնակվում էին շուրջ 300 միանձնուհիներ՝ Մարինոս վանահոր գլխավորությամբ, որի անունով էլ Սուրբ Նշան վանքը տեղացիներն առավել հաճախ նախընտրել են կոչել Սուրբ Մարինոսի վանք։ Ժամանակին վանքը շրջապատող երկար ու բարձր պարիսպներից այսօր թեև ոչինչ չի մնացել, իսկ քանդված գմբեթն ու արդեն կիսով չափ հողի մեջ խրված պատերը կարծես իրենց հիշողության մեջ են պահպանել վանքի երբեմնի վեհությունը, այստեղ հասնելով շատ պարզ ու հստակ գիտակցում ես՝ հասցրեցիր դիպչել հավերժությանը:

Վանքի շուրջը դեռևս պահպանված խաչքարերն ու տապանաքարերը, որոնք հիմնականում ժամանակագրվում են 16-րդ դարին, փաստում են, որ 1500-ականները Սուրբ Մարինոսի ամենածաղկուն շրջաններից էր: Հայտնի է, որ վանքն էապես տուժել է Վանի 1648 թվականի հզոր երկրաշարժից, թեև տարիներ անց վերականգնվել ու շարունակել է գործել: Աբդուլ Համիդի ջարդերի ժամանակ թալանված վանքը 20-րդ դարի սկզբին արդեն լիովին դատարկ էր և այդպիսին է մնում մինչև օրս։ Այժմ այստեղի կատարյալ ու երանելի լռությունը երբեմն խախտում են միայն ներքևի գյուղում տեղակայված զորամասի զինվորների վարժանքների ժամանակ հնչող խուլ կրակոցները։

Վանի Հայոց ձորի Կալպալասան գյուղը, ինչպես և տարածքի մյուս բնակատեղիները, ամբողջովին քրդաբնակ է և շարունակում է ռիսկային գոտի մնալ թուրքական ԶՈւ համար, թեև քուրդ զինյալները նախկինի համեմատությամբ ավելի հազվադեպ են երևում տեղի լեռներում, այնուամենայնիվ՝ թուրք զինվորներն իրենց պարտքն են համարում օդ կրակել՝ անծանոթ մարդկանց լեռներում նկատելիս։ Եվ որքան ավելի մոտ էր Սուրբ Մարինոսն ու որքան ավելի գեղեցիկ էին այստեղից երևում Վանա լիճը գրկած լեռներն՝ այդքան ավելի խլանում էր կրակոցների ձայնն ու այդքան, հավանաբար, զինվորները համոզվում էին, որ ոչ մի խելքը գլխին զինյալի պետք չեն այդ վանքի ավերակները։

«-Սուրբ Մարինոս վանքում և շրջակայքում գանձ գտնելու նպատակով պեղումներ իրականացնող անձի կամ անձանց գտնելու և նրանց դեմ գործ հարուցելու համար արդյո՞ք որևէ գործընթաց սկսվել է։

-Սուրբ Մարինոս վանքը և Վանի նահանգի սահմաններում գտնվող քրիստոնեական այլ պատմական կոթողներն ինչո՞ւ չեն պաշտպանվում Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից։

-Սուրբ Մարինոսի վանքը վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանք նախատեսվո՞ւմ է։

-Վանի նահանգում հայերի կառուցած վանքերը, եկեղեցիներն ու մշակութային այլ կառույցները ցուցակագրվե՞լ են։

-Հայկական մշակութային հետքը ոչնչացնելը մինչև օրս պետական քաղաքականության մաս է եղել։ Չե՞ք կարծում, որ պետք է փորձեք հակառակը ցույց տալ»։

2020 թվականին Թուրքիայի Մեջլիսի այսօր արդեն միակ հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ Թուրքիայի մշակույթի նախարարությանն ուղղված բազմաթիվ հարցումներից մեկը վերաբերում էր հենց Վանի հռչակավոր Սուրբ Մարինոս վանքին, որի տեղն այսօր ամենալավը գիտեն վանեցի քուրդ գանձագողերը:

Ինչպես Փայլանի մյուս, այնպես էլ այս հարցադրումները դեռևս մնում են անպատասխան:

***

Վանը հայկական ու հայաթափ է, այս երկուսը միաժամանակ իր մեջ պահող երևի թե միակ վայրն է Վասպուրական աշխարհը՝ հայաթափ ու աներկբա հայկական։ Ի վերջո, Հայկի ու Բելի մարտը տեսած Հայկաբերդի, դրա հենց ներքևում տարածվող և Հայկ նահապետի մասին հիշողությամբ Աստվածաշեն կոչվող գյուղի, Սուրբ Բարդուղիմեոսի մասունքներն իր մեջ ամփոփած պատմական Ադամակերտի, ամառ-ձմեռ նույն պայծառությամբ սիրտ լցնող Արտամետի արևամուտերի, Արշիլ Գորկու հայրենի գյուղից Արտոսի լանջերը մեղմիկ սիրող Վանա լճի ու դրան շրջապատող ամեն ինչի «հայաթափը» ո՞րն է։

Ճիշտ է, Վանն Արևմտյան Հայաստանում այն եզակի վայրերից է, որտեղ 10 տարվա ընթացքում գեթ մեկ հայի չհանդիպեցինք։ Սակայն Վանն այնքան վեհ ու այնքան խորքայնորեն հայկական է, որ այդպիսին մնալու համար նույնիսկ մեր կարիքը չունի։

 

Սոֆյա Հակոբյան