Մեդեա Աբրահամյանի կախարդական լյա մաժորը

Այն այսօր էլ կարմիր գույն ունի

 

Ի՞նչ կպակասեր աշխարհում, եթե Սաթենիկ բաբոն իր թոռնուհուն քնեցնելիս Կոմիտաս չերգեր:

Ի՞նչ անուն կունենար դասական երաժշտության մի ամբողջ դարաշրջանը, եթե Սաթենիկ բաբոն թատրոնում չխաղար Եվրիպիդեսի «Մեդեան» և չորոշեր՝ թոռնուհուն այդ անունով է կնքելու: Եվ անվան դիցաբանական ուժն իսկապես նրան մոտեցրեց արարչագործությանը, նրան օժտեց մարդկային հոգիներին տիրելու անկասելի իշխանությամբ, ու նրան կոչեցին «թավջութակի թագուհի»:

Ի՞նչ լեզու հորինեց ինքը՝ Մեդեան, որով խոսեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող  մարդկանց հետ. «Ծառերն ինձ համար շնչավոր էակներ էին, ես ընկերություն էի անում նրանց հետ, անուններ տալիս, հյուր գնում, շփվում իմ հորինած լեզվով, որ կոչվում էր հնչերեն»:

Իր ստեղծած «հնչերենով» իր հանդիստաեսի հետ խոսեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում և ԽՍՀՄ հանրապետություններում։

Թավջութակի թագուհի, չգերազանցված վարպետ Մեդեա Աբրահամյանն ազգային կատարողական արվեստ մուտք գործեց հատուկ առաքելությամբ. Նա դարձավ դասական երաժշտարվեստի նոր դարաշրջան:

Ի՞նչ կլիներ թավջութակի հայկական կատարողական արվեստի հետ, եթե Կոնստանտին Սարաջևը չնայեր Մեդեայի մատներին ու չհասկանար՝ նա պետք է ոչ թե դաշնամուր, այլ թավջութակ նվագի:

Չնայած նրա կարծիքով թավջութակ նվագելն ավելի շատ տղամարդու «գործ» է, սակայն ինքը և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր այդ ուժն ունեցավ իրեն ենթարկել կնոջ ուսերի համար ծանր այդ գործիքը: Հավանաբար դրա համար էր փոքր ժամանակ ուզում ուժեղ լինել և  ֆիզիկական վարժություններ էր անում՝ ձեռքերն ամրացնելու համար:

Կդառնա՞ր արդյոք «թավջութակի թագուհի», եթե մայրն ամեն առավոտ՝ ժամը 6-ին չարթնացներ նրան ու չստիպեր պարապել մինչև ուշ երեկո:

Այդ աշխատասիրությունը դարձավ բնական կենսակերպ: Կարող էր փակվել կոնսերվատորիայի լսարաններից մեկում և պարապել մինչև կեսգիշեր: Պարապում էր մատները վնասելու չափ:

Ու այսպես հաջողեց: Եվ ավելին:

Մեդեան իր ձայնապնակում մեծածավալ ու փոքրակտավ բազմաթիվ ստեղծագործություններ ունի: Նրա զարմանալի տաղանդը գրավում էր առաջին իսկ հնչյուններից: 21 տարեկան էր ընդամենը, երբ մասնակցեց Բուխարեստի երիտասարդության և ուսանողության չորրորդ համաշխարհային փառատոնին։ Ճակատագրական քայլ էր Մեդեայի համար: Ժյուրիի կազմում էր նաև աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլաֆ Ռոստրոպովիչը: Նա Մեդեայի ելույթից անմիջապես հետո գնաց հետնաբեմ և նրան առաջարկեց սովորել իր դասարանում։ Ռոստրոպովիչն անձամբ դիմեց Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Սվեշնիկովին՝ Մեդեային Երևանի կոնսերվատորիայից Մոսկվա տեղափոխելու խնդրանքով, և Մեդեան ընդունվեց Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա։ Ռոստրոպովիչն այնքան հետևողական էր, որ անգամ օգնեց վճարել բնակարանի վարձը: Այդ հետևողականության արդյունքը եղավ այն, որ երկու տարի անց՝ 1955 թվականին, Ռոստրոպովիչը նրան ներկայացրեց մասնակցելու Հանուշ Վիհանի անվան «Պրահայի գարուն» թավջութակահարների միջազգային մրցույթին: Մեդեան պատմում էր, որ առաջին փուլի փակ լսումների ժամանակ Ռոստրոպովիչը վարագույրի հետևից հասկացել է, որ ելույթ ունեցողը Մեդեան է: Փորձել է ջուր լցնել բաժակը, խմել՝ մեղմելու անհանգստությունը, սակայն դողդողացող ձեռքերը նկատելի են դարձրել նրա հուզմունքը, ինչը «մատնել է թե՛ իրեն, թե՛ Մեդեային»:

Պրահայի այդ մրցույթում հայ դասական արվեստի պատմության մեջ առաջին անգամ հայ թավջութակահարուհին արժանացավ դափնեկրի կոչման։ Այդ հաղթանակից հետո նրա նկարը երկար ժամանակ Երևանի Հանրապետության հրապարակում էր դրված:

Ի՞նչ գիտեր հայրը՝ Վարդան Հակոբյանը, որ անգամ հեռու իր զավակից, խնամքով պահում էր առաջին համերգների ազդագրերը: Կանխազգում էր, որ գենետիկ ժառանգած տաղանդով դեռ բեմեր է նվաճելու:

Տարիների հետ ավելացան կոչումներն ու դափնիները: Ինքը՝ Մեդեան, կարծում էր, որ դրանք կարևոր են՝ խրախուսելու, գնահատելու, աշխատանքն արժևորելու համար: Սակայն երբեք չմեծամտացավ, մնաց համեստ, լուռ, անաղմուկ, առանց պահանջի: Նրա մեծ հոգին չտրվեց աստղային փառքի վատ հոսանքներին: Գիտե՞ր այդ մասին գեղանկարիչ Սարգիս պապը, որ իր վրձնած կտավներից մեկի հետևում թողել է այս գրությունը. «Ի՛մ Մեդեաս, մի սիրտ ունիմ, եթե կտոր-կտոր անիք, ամենամեծ բաժինը քեզ եմ նվիրում: 1952 թվական մարտի 8»: Այդ օրը Մեդան դարձել էր 20 տարեկան:

Նա ոչ թե պարզապես վերարտադրում էր երաժշտությունը, այլ դառնում էր նրա հեղինակը: Նրա կատարողական արվեստը ոգեշնչման աղբյուր էր հայ և այլազգի մեծանուն բազմաթիվ կոմպոզիտորների համար. նա մի բացառիկ կատարող էր, հատուկ որի համար գրվել է 120 ստեղծագործություն, որոնցից շատերը նվիրված են հենց իրեն: Նա Հայաստան բերեց շատ գործեր, որոնք առաջին անգամ հայ մշակույթի պատմության մեջ կատարեց ինքը:

Երաժշտագետ Ռուխկյանն է գնահատում. «Մեդեայի արվեստը վաղուց ի վեր առաջ է անցել գերադրական աստիճանի որակումներից և ձեռք բերել հայկական կոնյակին բնորոշ հատկանիշներ»։

Հայ լինելը նրա համար ոչ թե հատուկ պատիվ, պարտք կամ այլ ինչ էր, այլ բնական ծնունդ: Հայաստանում ապրելը ոչ թե առաքելություն էր, այլ պարզ ճշմարտություն: Հայությունը ապացուցման կարիք չուներ. ինչպե՞ս և ինչո՞ւ մարդն ինքը իրեն ապացուցի իր գոյությունը:

Աշխարհի տարբեր ծայրերից լավագույն պայմաններով բազմաթիվ հրավերներ  ստացավ: Ընդունելու դեպքում և՛ ֆինանսապես, և՛ մեծ բեմերի ու համաշխարհային ավելի մեծ հաջողությունների լայն հնարավորություններ կբացվեին: Բայց նա ընտրեց իր Երևանի իր համեստ բնակարանը, որտեղից ամեն օր զբոսնելով հարազատ քաղաքի փողոցներով՝ գնում էր կոնսերվատորիա՝ իմացածը, փորձը փոխանցելու նորերին: Դասավանդում էր երկար տարիներ, սակայն նվիրումն էլ ավելին դարձավ, երբ թողեց բեմը: Այդ ժամանակ նա 75 տարեկան էր. Մեդեայի համար դա ծանր էր, բայց՝ անխուսափելի: Մի քանի տարի տանջվում էր. նրա կարծիքով շատ կարևոր է ինչպես է արտիստը բեմից հեռանում: Տարիքի պատճառով մատները մի փոքր թուլացել էին, դժվար էին ենթարկվում իրեն: Կարող էր հուզվել բեմում, գուցե վրիպեր. որոշեց այլևս բեմ չբարձրանալ: Վաճառեց թավջութակները, այդ թվում նաև Վազգեն Առաջինի նվիրածը, սկսեց իմացածն ու վաստակը փոխանցել երիտասարդներին: Ասում էր՝ գլուխը կորցրել է գուցե, բայց մատների հիշողությունը կար: Այդ հիշողությամբ էլ սովորեցնում էր:

Վերջին տարիներին՝ ամուսնու մահից հետո, ապրում էր մենակ: Ինքն ու իր սաներն էին: Ամենասարսափելին համարում էր հենց մենակությունը: Սակայն Աստծուց խնդրելու ոչինչ չուներ. երջանիկ էր համարում իրեն:

Սիրում էր լյա մաժորը. այն նրա համար կարմիր գույնն ուներ: Եվ հիմա չի խամրում հիշողությունը բեմական սև հագուստի մեջ նրա կարմիր նոտաների հախուռն հնչողությամբ:

         

Վանուհի Բաղրամյան