Մատների և մտքի երկխոսությունը

Գեղագրության քմահաճ արվեստը

Տառը գեղագրի ձեռքին նմանվում է բալետի պարուհու. Ճկվում է նրբիրանով, ու զգում ենք՝ ինչպես է այդ պարուհին իր մարմինը ենթարկում դասական երաժշտության նոտաներին: Իր գրավչությամբ, աչք շոյող նրբագեղությամբ ու բարդությամբ՝ տառը, սակայն, ընթեռնելի է ու հրապուրիչ նույն պարուհու պես:

Երբ դեռ չկար տպագրության հնարավորություն, գրականության պահպանման ու փոխանցման միակ տարբերակը գիրքը նորից գրելն էր: Ժամանակի ընթացքում ձևավորվում է վայելչագրությունը՝ իբրև արվեստի հին, բայց չհնացող տեսակ: Պահպանվել են հայ հին գրականության բազմաթիվ ձեռագրեր, որոնք գեղագրության ուսումնասիրության աղբյուր են: Մենք ունեցել ենք գեղագրության հարուստ պատմություն, սակայն համապարփակ ուսումնասիրություններ դեռ չկան:

Վայելչագրությունն այսօր էլ կարևոր նշանակություն ունի ձեռագրի պարզության, գեղեցկության ու ընթեռնելիության առումով։

Այսօր այդ արվեստի տեսական ու գործնական հետազոտություններով զբաղվում է Ռուբեն Մալայանը: Նա գրաֆիկ դիզայներ է, որն արդեն երկար տարիներ է ինչ զբաղվում է հայկական գեղագրության ուսումնասիրությամբ:

2011 թվականին Նյու Յորքում լույս տեսած «The World Encyclopedia of Calligraphy, Sterling» հանրագիտարանում, որն ամփոփում է համաշխարհային կալիգրաֆիայի պատմությունը, հայկական գեղագրության մասին առանձին բաժին կա: Այն ստեղծելու նպատակով հրատարակիչները դիմել են Ռուբեն Մալայանին և ոչ միայն կալիգրաֆիայի նմուշներ են խնդրել, այլ նաև՝ հոդված պատրաստել: Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքը գոհացուցիչ էր: Հեղինակը, սակայն, հետազոտությունը սկսելիս հասկացել է՝ չունենք բավարար ուսումնասիրություններ: Ո՞րն է պատճառը: Ի՞նչ փուլում է այսօր հայկական կալիգրաֆիայի զարգացումը, ի՞նչ կտա այն մեր հանրությանը:

Մասնագետները կարծում են՝ ուսումնասիրությունների պակասի հիմնական պատճառը մանրանկարչությունն ու գեղագրությունն իրարից չտարբերակելն է: Մանրանկարչությունը նախշազարդում է տառը, իսկ գեղագրությունը փորձում է  ցույց տալ ոչ թե տառի շքեղությունը, ճոխությունը, այլ նրբագեղությունը, սահունությունը, արտահայտիչ կողմերը:

Գեղագրության ուսումնասիրությամբ լրջորեն զբաղվել են Մխիթարյան հայրերը:

Առհասարակ ձեռագիրը կարող է մատնել մարդու բնավորությունը: Նույն կերպ ազգային վայելչագրությունը մատնում է ազգային ինքնատիպությունը: Մեր գրողներից շատերն ունեցել են ձևի և բովանդակության առումով շքեղ ձեռագրեր, որոնք համահավաքությամբ ներկայացնում են ազգային դիմագիծը:

Հայ մշակույթի պատմության մեջ գեղագրությունը ոչ միայն մի մասն է արվեստի, այլ նաև՝ կրթության: Վայելչագրությունն իբրև առարկա դասավանդվել է հայկական դպրոցներում: Գրիգոր Տաթևացին այն կոչել է «արուսետ գրոյն»:

Ժամանակի ընթացքում ստեղծվել ու պահպավել են տառապատկերների բազմաթիվ տեսակներ՝ շղատառ, նրբագիր, բոլորագիր, գոթագիր, թռչնագիր, մարդագիր և այլն:

Չարենցն ասում է, որ երբեք չի մոռանա երկաթագիր գրերը մեր: Երկաթագիրը Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գիրն է, որն ամենահարգի տառատեսակի համարումն ունի: Այն նաև անվանում են վիմագիր: Տառը գրվել է քարի վրա՝ երկաթե գրոցով: Երկաթագիրը եղել է վիմագրության պաշտոնական ոճը: Մինչ օրս էլ այն վիմագրության մեջ ամենաընդունված ձևն է:

Նրբագիրը նույնպես բավականին հին ոճ է: Ենթադրվում է, որ այն նույն  նոտրգիրն է՝ գրի ամենանուրբ տեսակը:

Գեղագրությունը հենվում է երկու կարևոր հանգամանքների վրա՝ տարածաչափություն և նրբագեղություն:

Այն տարածաչափական բացահայտումներ է անում ոչ միայն տառի ամբողջականության, այլ նաև տառի յուրաքանչյուր մասնիկի ճկունության, պլաստիկայի մեջ:

Կալիգրաֆիան գունազարդումներ, առհասարակ, զարդարանքներ չի սիրում: Այն փորձում է հնարավոր պարզ ձևերով պատկերել տառը: Սև ու սպիտակ գույները մաքուր թղթի վրա մինիմալիստական են: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել  տեքստի ընթեռնելիությանը: Այն խիստ կարևոր է պահպանել, սակայն երբեմն տառի գեղեցկությունն ընդգծելն այնպիսի տարածականություն է պահանջում, որ ընթեռնելիությունն ընկրկում է: Ռուբեն Մալայանի խոսքով՝ հայերենի այբուբենը բարդ է և վիզուալ առումով դժվար է ապահովել նշված կարևոր հանգամանքները: Սրանով հասկանալի է դառնում, որ գեղագրությունը ոչ միայն տառի ձևն է, այլ նաև՝ բովանդակությունը: Այն ձևի ու բովնադակության կուռ ամբողջություն է:

Բանավոր և գրավոր խոսքը փախկապակցված են: Ընթերցանությունը նպաստում է երևակայության զարգացմանը, ինչի արդյունքում կարող է զարգանալ գեղեցիկ գրելու արվեստը: Պատահական չէ, որ երբ գեղագրությունը դուրս եկավ կրթական համակարգից, անկում ապրեց նաև բանավոր խոսքը: Եթե մարդը տիրապետում է գեղագրության գոնե մի քանի գաղտնիքի, տառատիպերի մի քանի կառուցվածքի,  կարող է նաև կապակցված հոդաբաշխ և միևնույն ժամանակ հարուստ կառուցվածքով բանավոր խոսք ունենալ:

Գեղագրությունը շատ քմահաճ արվեստ է: Այն որքան ձգտում է էսթետիզմի իդեալին, նույնքան էլ քմահաճ է իր անվրեպության առումով. սխալ գծի դեպքում չկա հետդարձ և  հնարավորություն՝ սխալն ուղղելու:

Ձեռագիրը խոսում է ինքանտիպության մասին. այն ներանձնային, անհատական է: Խորհրդային Միության տարիներին հատկապես ազգային վայելչագրության նկատմամբ «անտարբերությունը» պայմանավորված էր նաև այդ հանգամանքով: Չէ՞ որ այդ տարիներին համահարթեցում էր բոլոր ոլորտներում: Ազգային ինքնատիպությունը վտանգված էր նաև գեղագրության առումով: Սակայն այսօր, երբ չկա այդ վտանգը, անհրաժեշտ է կատարել լուրջ ուսումնասիրություններ, վերականգնել գրի և նրա էսթետիկայի նկատմամբ երբեմնի վերաբերմունքը:

Ռուբեն Մալայանը վստահ է՝ արվեստի այս ճյուղը պետք է իր տեղը վերագտնի կրթական համակարգում, որովհետև դա նպաստում է երեխաների ուղեղի, երևակայության զարգացմանը, եռաչափ մտածողության զարգացմանը:

21-րդ դարում ավելի կիրառելի է տպատառը, ինչը կարող է ձեռագրերի՝ ստվերում մնալու վտանգ ստեղծել: Եթե ստեղծվեն տպատառերի տարատեսակներ՝ հայկական տառատիպերի հիմքով, դրանք կդառնան ավելի ակտուալ ու անհամեմատ ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնեն հանրության համար:

Մարդն անվերջ ձգտում է հասնել, ձուլվել գեղեցիկին, լինել յուրատիպ: Մարդն անընդհատ իր այդ նպատակին հասնելու ճանապարհները փնտրում է արտաքին աշխարհում՝ իրենից դուրս, այնինչ ամեն ինչ նրա ձեռքերում է: Մեր մատների և մտքի երկխոսությունը մեզ մոտեցնում է վայելուչ ու կատարյալ մի արվեստի, որ հին է, բայց երբեք չհնացող:

 

Վանուհի Բաղրամյան