Մալաթիա՝ լռության, չլսված, խուլ ձայների քաղաք

Ի՞նչ է մարդու մտքին առաջինը գալիս, երբ փորձում է հիշել պատմական Մալաթիան։ Եդեմի բույրը։ Այստեղ քեզ իսկապես թվում է՝ դու տեսել, ճանաչել, շոշափել ես Եդեմն ու գիտես թե ինչպես է այն բուրում։ Եդեմական բույրերն ու գույները թաքնված են Մալաթիան իր գիրկն առած փիրուզագույն Եփրատի, այստեղ ամեն գարուն մարդու սիրտն այդքան մեղմիկ ջերմացնող ծաղկած ծիրանենիների, երբեմն վրա հասնող զով զեփյուռի ու անհավատալի բարի լեռների մեջ։

Ջերմ, լուսավոր, բայց տարօրինակ քաղաք է Մալաթիան։ Շատ է լուռ։

Իսկը Հրանտ Դինքի՝ արդեն 14 տարի լռությամբ այդքան շատ բան ասող մալաթիացու նկարագրած վախվորած այն աղավնու նման։ Այստեղ՝ Հրանտի քաղաքում շատերն են նման այդ աղավնիներին և հաճախ ես այդ մասին մտածում հենց Մալաթիայի փողոցներում։ Որովհետև տեղի մարդիկ լեցուն են այս հողերի հետ անկեղծ կապվածությամբ, տարակուսանքով, անցյալի բեռից կքած ու անպատասխան հարցերից ծանրացած ու չկողմնորոշված հայացքով, անճար բարկությամբ, ջերմությամբ ու․․․ լռությամբ։

Իսկապես, Մալաթիան շատ է լուռ։

Մալաթիայում տասնյակ տարիներ անց վերջապես վերակառուցված հայկական եկեղեցուց մի քանի հարյուր մետր այն կողմ էր Հրանտ Դինքի հայրական տունը, որը, սակայն, այլևս չկա։ Դինքի Մալաթիայում չկա Դինքի անկյունը և, իհարկե, Մալաթիան այնքան թերի է այս ամբողջ դրախտայնության մեջ, որ նույնիսկ վերակառուցված եկեղեցու փայլփլող գմբեթը չի կարողանում ծածկել այս ամոթը։ Դինքը Մալաթիայում չկա և Մալաթիայում այդ մասին լռում են։

***
 
Ինչպես հասկացաք՝ Մալաթիան տևական ժամանակ է, ինչ եդեմական Եփրատի, ծիրանի անծայրածիր ու արևաբույր այգիների և ջերմագին հյուրընկալության խորհրդանիշը լինելուց զատ նաև լռության խորհրդանիշ է։

Օտարականի համար հեշտ չէ այստեղ լինել այնքան ազատ, որքան տրամադրում են տեղի լեռներն ու օդը։ Հրանտ Դինքին կորցնելը, նրա ամենանվիրական հիշատակներից մեկը՝ հայրական տունը հողին հավասարեցնելն ու այդ ամենը պարուրած խոր անտարբերությունն այս գեղեցիկ քաղաքի միակ ցավոտ հետքը չեն։

Հրանտի սպանությունից ընդամենը ամիսներ անց Մալաթիան ցնցվեց տեղի «Զիրվե» հրատարակչության անդամների դաժան սպանությամբ։ Մինչև այդ, ինչպես և Դինքի դեպքում, եկեղեցական գործունեություն ծավալող միսիոներական կազմակերպության համար աշխատող այս հրատարակչության ու նմանատիպ մի շարք կառույցների դեմ երկրում մոլեգնում էին դատական գործընթացները, հետապնդումներն ու բացահայտ սպառնալիքները։ Ի վերջո, ինչպես վերջին 106 տարում, այս երկրի ամեն անկյունում ատելությունը հաղթեց և եդեմական Մալաթիան սկսեց հիշատակվել որպես ահասարսուռ, անմարդկային ատելության, մահվան ու․․․ լռության քաղաք։

«Մալաթիան շեն, մի ուրիշ ճոխության, գույնզգույն քաղաք էր։ Մենք մեր տարբերությունները որպես բեռ չենք ընկալել, գույներ ենք տեսել դրա մեջ։ Գիտե՞ս ինչպես։ Ասենք, նրանց բայրամն է, իրենք անպայման փլավը, փախլավան կբերեին, մեր տոներին՝ մենք էլ նույնը։ Զատկի տոնին այս ամբողջ թաղամասը չյորեքի հոտն էր ընկած, ձուն չենք ներկել այն հաշվարկով, թե մեր երեխաների համար է կամ մեզ համար, բոլորի համար էր, դրան բոլորն էին մասնակցում։ Միայն տեսնեիր՝ ինչպես էին թաղի մուսուլմանները սպասում մեր տոնին, այդ տոնական անցուդարձը, այդ համովություններին։ Հիմա ամեն ինչի համն ու հոտը կորել է, այդ գույները չկան։ Մարդկանց անդորրը խաթարեցին, հոգին վախով լցրեցին։ Գուցե և սա էր իրականը, իսկ ջերմ անցյալը երևակայական, ակնթարթային ինչ-որ երազ էր, որ պիտի ավարտվեր»,- ասում է տիկին Մարթան՝ Մալաթիայի հնաբնակներից մեկը, որը տեղի հայկական վերջին մի քանի ընտանիքների հետ դեռ շարունակում է ապրել ոչ միայն Մալաթիայով, այլև հենց Մալաթիայում։

Մալաթիայի հայկական եկեղեցու վերաբացումը նրանց տանն էլ է երկար սպասված տոն, սակայն՝ փոքր-ինչ ուշացած։

«Երեխաներս Պոլսում են, էստեղ ի՞նչ անեն։ Թոռնիկս այնտեղ կարող է հայկական դպրոց գնալ, հայկական եկեղեցում կնքվել, իսկ այստեղ ոչինչ չեն թողել, որպեսզի ես իմ ինքնությունն ու իմ ցանկացած ժառանգությունը փոխանցեմ իմ ժառանգներին։ Կա՛մ պիտի հեռանամ, կա՛մ պիտի ապրենք պարտադրված բարքերով, որոնք մերը չեն։ Դա իմ մշակույթը չէ։ Ես իմ կիրակնօրյա պատարագն եմ ուզում։ Եթե դա լիներ տարիներ առաջ՝ այսօր Մալաթիայում 5 չէ, գոնե 50 հայ ընտանիք կլինե՞ր։ Կլիներ», -շարունակում է տիկին Մարթան։

Ինքն այստեղ, ամեն դեպքում, ապահով, խաղաղ է զգում, որևէ մեկի կողմից հանդիմանանքի կամ սպառնալիքի ենթարկված լինելու մասին բնավ չի հիշում։

«Բոլորը գիտեն, թե դու ով ես։ Բայց դու էլ միշտ պիտի հիշես, թե ով ես։ Սա է խնդիրը։ Պիտի իմանաս, թե որտեղ ինչ խոսես, ինչպես դրսևորես քեզ, կամ ինչպես լռես։ Մալաթիան ավանդույթների քաղաք է, մենք միմյանց գիտենք։ Մենք տեղացիներից երբեք վատ բան չենք տեսել, իմ հորն ալևի թուրքմեններն են պահել,  մեծացրել ջարդից հետո, մենք իրար թթու խոսք ասած չկանք։ Բայց այ 1950-ականներին Մալաթիան Էրզրումից մեծ գաղթ ընդունեց, եկածները մեր անդորրը փչացրին, այս փողոցներում ինչեր-ինչեր են եղել, աղջիկս»․․․․

* * *

Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տասնյակ տարիների դադարից հետո առաջին պատարագը կմատուցվի օգոստոսի 29-ին։ Այստեղ կհավաքվեն ոչ միայն Մալաթիայում մնացած, այլև Թուրքիայի և աշխարհի չորս կողմը սփռված բազմաթիվ մալաթիացիներ, տեղացի պաշտոնյաներ, հոգևորականներ, հետաքրքրասեր անցորդներ։ Վստահաբար՝ խոսելիք շատ կլինի, բայց ավելի շատ՝ լռելիք կլինի։

Գուցե այսօրվա մալաթիացիների մեջ նույնիսկ լինեն մարդիկ, որոնք 1895-ին ու 1915-ին Մալաթիայի հերոսական դիմադրության ժամանակ այս եկեղեցում ապաստանած որբերի ժառանգներն են, սակայն այդ մասին, ինչ խոսք, կլռեն բոլորը։

Անչափ տպավորիչ եռախորան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին վեհաշուք ու ձգող էր անգամ լքված ու անխնամ վիճակում։ Դրան խիստ ոչ սազական ու արհեստական տեսք հաղորդող նոր, կապույտ ապակիները, որոնք այժմ զարդարում են խորանի թմբուկն ու մուտքի պատի պատուհանները, կարծես հեռվից ճչան, որ պիտի շնորհակալ լինենք Սուրբ Երրորդության վերականգնման, դրա վրա ծախսված գումարների, ժամանակի ու մեծահոգության համար։ Վախի ու բռնության հետ ասոցացվող Մալաթիան կփորձի դառնալ սիրո և համերաշխության քաղաք, որտեղ այդ արժեքները, երևի, այնքան փխրուն կլինեն, որքան այս եկեղեցու նոր, կապույտ ապակիները։ Ոմանք, իհարկե, կժպտան, մենք հեռվից կփնթփնթանք, իսկ մի քիչ այն կողմ՝ Հրանտի տան տեղում լուռ, շատ լուռ կլինի։

Եդեմական ջերմության ու ատելության այս քաղաքում միաժամանակ այնքան շատ չասված բարի խոսքեր, այնքան չվերակառուցված եկեղեցիներ, այնքան չլսված, խուլ ձայներ կմնան, որոնք մենք մեծահոգաբար կմոռանանք, իսկ Մալաթիան կշարունակի ապրել, թեկուզ առանց մեզ, քանի որ Եդեմը հավերժական է, իսկ մենք դեռ չգիտենք, թե ինչպիսին է պետք լինել Եդեմին հպվելու համար։

 

Սոֆյա Հակոբյան