Հայրենիք

Աշխարհը գլուխն է կորցրել,- խռոված Մհերիդ նման

Պոետներ՝ հանճարեղ ու ազնիվ, երգեցին խոյանքը քաջերիդ,

Որ, ինչպես լույսի կերոններ, այրվեցին ճամփեքիդ մոլոր,

Իսկ երբ շփոթված ու անհույս, որպես որբացած հայրենիք,

Երկնքին հառեցիր հայացքդ քո թախծոտ, աղերսող աչքերով,

Պոետներն այդ ազնիվ, անկաշառ, քեզ համար ասքեր հյուսեցին,

Հյուսեցին մտքի և ոգու հորդացող թռիչքի վիպերգեր,

Թանձրացող արյանդ գալարում հրաշքի գրգիռն զգացիր,

Ինչպես դյուցազուն քո որդին, որին նենգ Մելիքն էր խաբել:

 

Եվ ո՞ւր են պոետներն այդ ազնիվ, որդիները քո հանճարեղ,

Պոետներդ գինով ու թող որ … մի քիչ էլ պագշոտ, կնամոլ,

Մի՞թե չորացավ սերմը, որ ծնել էր իմաստուն այրեր,

Եվ քեզ չէր լքել երբեք ճամփեքիդ՝ հուսախաբ ու մոլոր:

Դավերի այս անվերջ շղթայում, ծովերում անհագուրդ արյան,

Երբ, ինչպես տապանը Նոյյան` տրված մակընթաց հորձանքին,

Աշխարհը գլուխն է կորցրել,- խռոված Մհերիդ նման

Անկաշառ պոետները քո, կարծես՝ լքել են քեզ, հայրենի՛ք:

 

                                                                                              11. 10. 2018թ.

                                                                                                     Գառնի

                                         

                                          ՔԱՌՅԱԿՆԵՐ

                                           *      *      *

Տիեզերական անհունության մեջ ոտնաձայներ եմ լսում ես նորից,

Եվ շշուկներ եմ լսում ես կարծես, որ պտտվում են շուրջը աստղերի,

Անսահմանության տիրույթների մեջ՝ մակընթաց մտքի թափառումների,

Ծանրացող լույսի հևքն եմ լսում, որ հեռանում է իր ակունքներից:

 

                                                                               6. 03.2018 թ.

                                                            Երևան

 

 

                                                   *      *      *

Ազատություն է իր շրթունքներին, բայց բռնությունն է տիրում իր հոգում,

Անազատության շունչը իր ներսից «ազատություն» է անվերջ վանկարկում:

-Ինչպե՞ս հաջողվեց, ամենակարո՛ղ, որ մարդուն կերտես այսպես երկդիմի,

Ազատություն է, կարծես, նա տենչում, սակայն բռնության դևն է իր վարքում:

 

                                                                                            28. 09. 2018 թ.

                                                                                            Երևան-Գառնի

 

                                                    *      *      *

Նա, որ կոչված էր լինել ծաղրածու, թիկնոց է կրում թագավորական,

Նա, որ հիվանդ է, անհույս մտագար, դեղատոմսեր է բաշխում աջ ու ձախ

Եվ հավատում է իր ճակատագրին՝ որպես երկնքի բանբեր-առաքյալ,

Որ ինքն է միակ անսուտ մարգարեն, իսկ նախորդները կեղծ էին, ավա՜ղ:

                                                       1. 03. 2019 թ.

                                                                                                      Երևան