Հայկական 5 ֆիլմ, որ արժե դիտել ամռանը

Տարվա յուրաքանչյուր եղանակից առաջ տեղեկատվամիջոցները ընթերցողի ուշադրությանն են ներկայացնում կինոցանկեր բաղկացած տվյալ սեզոնի մթնոլորտը ներկայացնող լավագույն ֆիլմերից: Ամառը նման ցանկեր կազմելու լավագույն և ամենասիրելի շրջանն է. ծովափ, համեղ ուտեստներ, թեթև հագուստ, աշխատանքից և առօրյա պատասխանատվություններից զերծ ռոմանտիկ և մի փոքր գինովցած հարաբերություններ: Ինգմար Բերգմանի՝ հավերժ դասական «Ամառը Մոնիկայի հետ» (1953), Էնթոնի Մինգելլայի՝ լարված ու էսթետիկ «Տաղանդավոր պարոն Ռիփլին» (1999) և Լուկա Գուադանինոյի՝ սիրո խորհրդանիշ դարձած «Կոչիր ինձ քո անունով» (2017) կինոպատումներն առաջինը կգան կինոսեր հասարակության մտքին՝ ամռան մասին մտածելիս: Իսկ ի՞նչ ասելիք ունի ամռան մասին հայկական կինոն: Ամեն տարի տեսնելով ամառային ֆիլմերի թարմացված ցանկերը` հետաքրքիր էր հայկական կինեմատոգրաֆում գտնել նման օրինակներ: Ֆիլմերը շատ չեն, բայց հայկական կոլորիտն ամռան անհոգ տրամադրությամբ ներկայացնող կինոնկարները, որոնք առանձնացրել ենք , կդառնան հայկական հաց,պանիր,ձմերուկի լավ ուղեկից ամառային  մեղմ երեկոների համար:

Նորից ամառ եկավ...

1975 թվականին ռեժիսոր Կ. Բորյանի և բեմադրող ռեժիսորներ Ռոբերտ Սարգսյանի և Երվանդ Մանարյանի նկարահանած ֆիլմն ամենահայկական ամառվա մասին է, որը հատկապես դպրոցական տարիներին ուղեկցել է ցանկացած հայ երեխայի: Քաղաքից գյուղ՝ տատիկի տուն տանող ճանապարհ, ընկերներ և երեք ամիս տևող ժամանահատված՝ մեծ երազանքների  և մեծ գործերի  համար: Խաչիկն (Քրիստ Մանարյան) ու Արփենիկը (Արփենիկ Մանարյան) արձակուրդն  անցկացնում են տատի և պապի հետ՝ գյուղում, որտեղ նրանց սպասում են իրենց ընկերները և ամառային արկածները: Ընկերների մասին պատմող ֆիլմի հետնապատկերում նրբորեն բացահայտվում են նաև վերջիններիս շրջապատող մարդկանց լավագույն հատկանիշները. Սուսամբար տատի (Վերջալույս Միրիջանյան) հոգատարությունը, Նունեի (Լուսյա Հովհաննիսյան) կանացի զորությունը և Սողոյի (Երվանդ Մանարյան)՝ սեփական սխալը գիտակցելու և այն ուղղել փորձելու մարդկային ազնվագույն հատկանիշը:

Թթենի

Ամառն այլ կերպ հաճախ կոչում են մրգի սեզոն. կանայք ամենաշոգ օրերն անցկացնում են գազօջախի առջև՝ ձմռան համար մրգերից տարատեսակ պահածոներ պատրաստելով, իսկ երեխաները՝ ծառերի տակ և վրա՝ մրգերի հախից գալով: Թեև այժմ երեխաների նախասիրությունները փոխվել են և անգամ մրգերը վիրտուալ են:Այլ էին երեխաները 70-ականներին, որի լավագույն ապացույցը 1979 թվականին ռեժիսոր Լ. Դավթյանի նկարահանած «Թթենի» ֆիլմն է: Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի էկրանավորումը ոչ միայն թթենու և դրա համար մղվող պայքարի մասին է, այլև համայնքային հարաբերությունների և սեփականության զգացման ,կանանց և տղամարդկանց տարբերությունների:

Առաջին սիրո երգը

Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ...

Սառնորակ ջուրը, Մամիկոնյանի (Նիկոլայ Տեր-Սեմյոնով) ձեռքի ձմերուկն ամռանը մեր ստամոքսի գլխավոր ուղեկիցներն են: Իսկ այն, ինչ փափագում է ամռանը կնոջ սիրտը ռոմանտիզմն է՝ ի դեմս բարձրահասակ, գանգրահեր և դյութիչ  ձայնով Արսենի (Խորեն Աբրահամյան): Հայկական կինեմատոգրաֆի գլխավոր թեմաներից չէ ռոմանսը, ուստի ամռանը մեկնարկող ռոմանտիկ ինտրիգները լավագույն առիթն են կինոսեր հասարակության համար «բինգո» բացականչելու համար: Ֆիլմը գրավիչ է իր երևանյան կադրերով, քաղաքի հմայքն ամբողջացնող գեղեցկադեմ մարդկանցով և մելոդրամատիկ թեմայով, որի առանցքում  հայտնվել դրդում է ամառը, որոնցից դուրս գալ ստիպում է աշունը:

Անհայտ բաժանորդ

Ի տարբերություն հայկական դասական կինեմատոգրաֆիստների, հայ ժամանակակից ռեժիսորները կինոպատումներում ազատորեն խաղարկում են ամառային տրամադրությունները: Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի՝ 2019 թվականին էկրան բարձրացած «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեկ օրվա պատմություն է, որն ամռան ընթացքում շատերս մի քանի անգամ կրկնում ենք մեր ընկերների հետ՝ կեսօրին վայելելով թարմ բանջարեղեն և սառը գարեջուր՝ սրտատրոփ սպասելով լողավազանը նետվելու բերկրալի պահին, իսկ երեկոյան մեկը մյուսի մասին բացահայտումներ անելով՝ ընթրիքի սեղանի շուրջ:

Եթե բոլորը...

Արցախյան ազատամարտի թեման արդեն երեք տասնամյակ է ինչ  հայկական կինեմատոգրաֆի առաջատարներից է: Պատմական դրամաները և ռոմանտիկ մելոդրամաները պտտվում են հայ ժողովրդի պատմության ամենահերոսական իրադարձության շուրջ: Արցախյան ազատամարտի՝ որպես հիշողություն ներկայացման հետաքրքիր լուծում է առաջարկում ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի ՝ 2011 թվականին նկարահանած «Եթե բոլորը...» ֆիլմը: Կինոպատումի գլխավոր հերոսուհին՝ Մաշան (Եկատերինա Շիտովա), Հայաստան է գալիս հոր՝ ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովի գերեզմանի վրա ծառ տնկելու համար: Դրամատիկ պատմությանը թեթևություն են հաղորդում ամառային մթնոլորտը, Վարդավառի տոնը և թեթև հագուստները, իսկ ողբերգականությունը տանելի է դարձնում ընկերությունը, որը որպես ժառանգություն մահացած հորից անցնում է Մաշային: