Կեցցե՞ կեսարը

Անպատժելիությունը դառնում է պատուհաս և՛ տերերի, և՛ հպատակների համար

-Դե իսկ այս անիծյալ քաղաքը թող այրվի իր ատելի բնակիչների հետ:

Հռոմն այրվում էր յոթ օր, և կայսրը բանաստեղծություններ էր գրում հրդեհվող քաղաքի մասին: Ուրեմն՝

կեցցե՜ կեսարը:

 

Ներոնն ինքնասպան եղավ՝ քամահրական հայացքի ծաղրն ուղղելով իրեն սպանել շտապողներին: Ներոնի ստվերը, սակայն, մնաց հասարակության բոլոր գահակալների աթոռանիստներում: Հասարակությունն այդպես էլ չի կարգավորում տիրոջ ու ծառայի տիրակալությունն ու հնազանդությունը: Հավերժական կռիվ կա կայսրերի ու  «մահվան գնացողների» մեջ: Կռի՛վ կա:

Հռոմեական ամենաարյունոտ ու ողբերգական կայսրն իր չստացված մանկության հետևանքների զոհը դարձավ ու զոհեց շատերին: Ընդամենը 17 տարեկանում արդեն կայսր էր, ու կայսերական փառքը դեռ չվաստակած՝ վայելում էր իշխանության քաղցրությունը:

Ներոնը ծնվել էր ոչ այնքան բեկելու Հռոմի պատմությունը, որքան ստվերը դառնալու աշխարհի տերերի ու նրանց զոհերի՝ հասարակությունների համար:

Ահա թատերաբեմում կայսրն է, ներքևում` գլադիատորները, որ գոռում են՝ «Ողջու՜յն, կեսա՛ր, մահվան գնացողները ողջունում են Ձեզ»:

Թվում է՝ իդեալական ներդաշնակություն է. Կայսրը՝ գահին, մարդիկ՝ հնազանդ նրան: Բայց միայն թվում է: Այս հարաբերության մեջ հայտնվում է երրորդ ուժը, որին պատմությունն անվանել է Սենեկա: Ո՞ւմ խիղճն է նա: Եկել է իր բարոյախրատական ճառերով քանդելու այն իդեալական ներդաշնակությունը, որ կա զոհի ու իր տիրոջ միջև: Երկուսին էլ զրկում է ռելսերի վրա դրված կյանքն անշեղորեն ապրելուց: «Երբ արծիվը ճանկերը խրում է իր զոհի մարմնի մեջ, ապա վերջինիս տանջանքներից ծնվում է, այո՛-այո՛, Սեր`անհամեմատելի ու յուրօրինակ զգացում՝ զոհի սերը դահճի նկատմամբ»: Այս սերը վեր է դասվում ամեն ինչից, և միակ ըմբոստացողն ամեն մեկի ներսում կամ ամեն տասը, հարյուր, հազար տարին մեկ ծնված Սենեկան է:

Սենեկան երազում էր իդեալական հասարակություն ստեղծել: Ու քահ-քահ ծիծաղի ձայն է լսվում այս նախադասությունից հատկապես մեր օրերում՝ կոկորդ կրծելու այս մշակույթի դարում:

Բայց Սենեկան իմաստուն էր և գիտեր, որ դա հնարավոր է, որովհետև մարդիկ ստրուկ չեն ծնվում, այլ դառնում են՝ բռնակալների պատճառով (թե՞ բռնակալ են դառնում, որովհետև ստրկացողներ կան): Այդ պատճառով նա Ներոնի համար կարդաց իր՝ «Գթասրտության մասին» տրակտատը, որ իդեալական իշխանի ու բռնակալի տարբերության մասին էր:

Իսկ գուցե Սենեկայի այդ գթասրտությունը սպանեց մարդկանց:

Ուրեմն բոլոր այն ղեկավարները, որ Հռոմներ են այրում իրենց անձնական մուսաների համար, անպայման ունեն դառը մանկություն, որովհետև ամեն ինչ թաքնված է այնտեղ: Արդարացում: Ներոնի վերջին շունչն էր՝ բոլորն ինձ ներում են, ոչ ոք չի ուզում օգնել: Անպատժելիությունը դառնում է պատուհաս և՛ տերերի, և՛ հպատակների համար: Ներոնին ներվում է ծնողասպանությունը, ուրեմն ցանկացած մեկի գլուխ կտրելը պարզապես վշտոտ դեմք ունենալու պատճառով ինչո՞ւ պիտի սարսափելի լինի:

Մենք պատրա՞ստ ենք օգնել մեր ներոններին, թե՞ մենք Ներոնի այն ստրուկներն ենք, որոնք, տեսնելով կայսերը ինքնադատաստանով մեռնելիս, լաց եղան, վշտացան:

Հասարակությունն ուժ է՝ իր բոլոր խառնիճաղանջ դասերով: Այդ ուժի համար մենք պետք է գոնե սիրենք իրար: Սենեկան մեզ ավելի էր պետք իր տրակտատներով, ու մենք չէինք ստեղծի նեռեր: Իր համոզմամբ՝ մենք բոլորս մի մարմին ենք և պետք է սիրենք իրար. մեր այս բնական, անխուսափելի գենետիկ կապը միասնություն է ստեղծում, որը մենք համառորեն քանդել ենք փորձում: Եվ բոլոր փորձերը հաջողում ենք:

Կյանքի ու նեռի այս հլու ենթակայության մեջ մենք կորցնում ենք ժամանակը, որ պետք է վաղվա բարիքը ստեղծելուն ծառայեցնենք: Ժամանակն ու ամեն ինչ, առհասարակ, վերահսկվում է: Անհրաժեշտորե՛ն է վերահսկվում: Կա անբացատրելի մի ուժ (անգամ կայսրերից հզոր), որ ստիպում է ծառերին աճել, գետերին՝ հոսել, կյանք է տալիս մարդկանց: Այդ ուժը յուրաքանչյուր մարդու ներսում է: Ոմանք կարող են այն անվանել Աստված, ոմանք՝ բնություն, ոմանք՝ ճակատագիր: Անվանումը կարևոր չէ, ինչպես կարևոր չեն կայսրերի անունները, էականն այն է, որ այդ ուժը ղեկավարում է աշխարհը (ստացվում է՝ ոչ թե ներոններն են մեզ ղեկավարում, այլ մենք իրե՞նց): Այդ ուժը տանում է նրանց, որոնք հետևում են իրեն: Այդպես Աստծուն կամ նեռ կայսրերին հետևելով՝ մենք ընտրում ենք կյա՞նքը, թե՞ մահը:

Եթե հավատանք Սենեկային, մենք ամբողջ կյանքում նախապատրաստվում ենք մահվան: Մենք մեր ինքնադատաստանի միակ պատասխանատուն ենք: Այրվող Հռոմի պատասխանատուն  Ներո՞նն է, թե՞ հռոմեացիք: Վերջիններս դիպվածի ողբերգականությունը զգացին միայն մոխրացած տները տեսնելուց հետո: Բայց ուշ էր. մուսաները վաղուց կրծել էին կեսարի ուղեղը: Սենեկան քայքայում է մեզ: Մա՛հ նրան: Ու Հռոմի մոխիրների վրա կխաղաղվեն կայսրն ու գլադիատորները: Գուցե ձեռք էլ սեղմեն, ու գլադիատորական հպարտությամբ ողջունեն կայսերը մեռնելու գնալուց առաջ:

Ինչո՞ւ ստրուկները չկարողացան զսպել արցունքները Ներոնի մահվան ժամանակ: Ինչո՞ւ Սենեկա: Կեցցե՞ կեսարը:

         

Վանուհի Բաղրամյան