Ծաղկելու՛ են նռնենիները

Կործանեցե՛ք Հայաստանը: Տեսեք՝ կստացվի՞: Հանեք տներից, ուղարկե՛ք անապատները: Թողե՛ք առանց հաց ու ջրի: Կրակի՛մատնեք տներն ու եկեղեցիները: Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք՝ նրանց ցեղը դարձյալ չպիտի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց մայրենի լեզվով: Դե՛, տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն ձեր մե՜ծ-մե՜ծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում: Դե՜, փորձե՛ք կործանել նրանց:                                                                   

Վիլյամ Սարոյան

 

Դարեր շարունակ փորձում են, և նրանց յուրաքանչյուր փորձ ջախջախիչ պարտությամբ է ավարտվում. մենք էլի ծիծաղում, աղոթում ու հայհոյում ենք մեր մայրենիով, մենք էլի՛ ապրում ենք:

Թանգարանային մեկ օրինակ էին ուզում թողնել մեզնից: Բայց մենք՝ հանդուգն, համառ, կենսասեր, ապրող, նոր ծիլեր տվեցինք Ֆրեզնոյում, Նյու Յորքում, Փարիզում, Կալիֆոռնիայում ու աշխարհի տարբեր քաղաքներում, նահանգներում, երկրներում: Մենք տարածեցինք մեր մշակույթը, պահպանեցինք մեր ազգային էությունը, որովհետև ինչպես ասել է. «մեր հայրենիքում մեզ սպանեցին, սակայն չսպանվեց հայրենիքը մեր մեջ»:

Հայը չի զոհվում, չի նահատակվում, չի տեղահանվում, չի մորթվում. նա ասուպ է դառնում քաղաքակիրթ աշխարհի քաղաքների երկինքներում, որ լուսավորի մարդկանց միտքն ու լիացնի մարդկությանը:

Այդ հայը Վիլյամ Սարոյանն է:

Այդ հայը Շառլ Ազնավուրն է:

Այդ հայը Վահան Թեքեյանն է:

Այդ հայը Կոստան Զարյանն է:

Այդ հայը Սփյուռքում ապրող հացթուխն է:

Այդ հայը Սփյուռքում ապրող ուսուցիչն է... այդ հայերը շատ են:

Ֆրեզնոյի սալիկապատ փողոցները խորթ մնացին Սարոյանի՝ բիթլիսյան քար ու քռայով փողոցների հայկականությամբ լցված հոգուն: Չէր տեսել Արևմտյան Հայաստանը, բայց ծնողներից ժառանգել էր հայեցիությունն ամենամեծ աշխարհաքաղաքացիներից մեկը՝ Վիլյամ Սարոյանը: Ինքն էր ասում, որ թեև լեզուն անգլերենն է, բայց ոգին, որ ստիպում է գրել, հայկական է: Նա ինքը բոլոր հայերին ուղղած իր կոչին հավատարիմ մնաց. «ուր էլ լինես՝ պոռա Հայաստա՛ն»: Ու գոռաց ի՛նքը:

Ազգապահպանության կարևորագույն լծակները երկուսն են Սարոյանի համար՝ հայրենիքը և ոգին: Ահա նրա հերոսը: Ջանասիրաբար նռնենիներ է տնկում օտար ափերում: Չորանում են, նորն է տնկում: Նռնենին հայության խորհրդանիշն է, հատիկները՝ աշխարհասփյուռ հայերի: Սարոյանը մեկ այգում է փորձում հավաքել բոլորին:

Օտար ափերում ոգին է, հայկական սովորույթները, ավանդույթները, մշակույթն են պահում, ազգային ինքնությունը: Իսկ այդ ոգու սնուցման միակ աղբյուրը Հայաստանն է: Կա Հայաստանը, որ ուժ է տալու աշխարհասփյուռ հայությանը, Սարոյանի  հերոսներին՝ իր քեռիներին, որ նոր Հայաստան ստեղծելու ճանապարհներ են փնտրում ու հավատում են՝ ծաղկելու՛ են  նռնենիները:

38 լեզուներով թարգմանված Վիլյամ Սարոյանի էջերում մնաց Բիթլիսի քարտեզը («Հայկական եռագրություն»), որ նրան ապրելու, արարելու գեն էր փոխանցել:

Նույն Կալիֆոռնիայում ազգապահպանության զենք վերցրեց նաև Լևոն-Զավեն Սյուրմելյանը, ում բարձրաձայնած խնդիրը, ցավը դեռ այսօր էլ մեզ հանգիստ չի տալիս: Տպագրվեց նրա «Ձեզ եմ դիմում, տիկիննե՛ր և պարոննե՛ր» վեպը: Սա բողոքի ձայն էր աշխարհին, որ լուռ ու կույր մնաց դարի մեծագույն ոճրագործության հանդեպ: Նա հավատացած էր, որ իրենք՝ վերապրողներն, ավելի ուժեղ են, և վշտի մեծությունն ունի նաև վշտի ուժի՛ մեծությունը: Նա ոչ միայն գեղարվեստական երկ ստեղծեց, այլև վավերագրական, որ ճշմարտացիորեն բոլոր փաստարկներով ներկայացնում է պատմական իրողությունը: Հեղինակը համաձայն է գրչակից ընկերոջ հետ. Սփյուռքում հային ապրեցնողը հայկական ոգին է, ազգային հոգեբանությունը, ազգային արժանապատվությունը: Սյուրմելյանը եկավ մեր ակունքներին, որովհետև վերապրումը սկսվում է նախածննդից: Նա անգլերեն թարգմանեց հայկական հեքիաթներն ու դյուցազնավեպը:

Ճանաչենք մերօրյա գրող Փիթեր Բալաքյանին, նույնպես ծնված ԱՄՆ-ում: Նա ևս փորձեց թարմացնել աշխարհի ջնջված  հիշողությունը: Ահա նրա « Ճակատագրի սև շունը», «Պայծառ տխուր օրերը»: Նա գրում է հուշագրությունն իր երկրի, որ երբեք չի տեսել: Նրա համար հայրենիքի խորհրդանիշը տատն է: Տատն ու երկիրը նույն դիմանկարն ունեն. նա տատի դեմքով ճանաչում է իր հայրենիքը. «Այն առկա էր իմ տատի կերպարով: Ինչ որ էր այդ երկիրը՝ ուրեմն հենց տատս էր, ուրեմն՝ հենց երկիրն էր»: Տատի մահից հետո հատկապես նրա պատմածները կաթիլ առ կաթիլ ապրողների մեջ լցնում են հայկականությունը: Տատը պատմություններ էր պատմում, որ ժամանակ ու տարածություն չէին մատնանշում. մենք հավերժի ճամփորդներ ենք:

Փիթերը Բալաքյան գերդաստանում միակը չէ, որ հասել է հաջողության: Այդ ընտանիքը մտավորականներ ծնեց, որ պահպանում են պատմական հիշողությունը, ինքնությունը, ժառանգել են արարման գենը:

Մեր քարտեզը մեզ տանում է դեպի Փարիզ: Շատերիս է հուզել «Մայրիկ» ֆիլմը, նաև  Անրի Վեռնոյի համանուն վեպը, որի կենտրոնում այն հայն է, որ, հեղաբեկումները հաղթահարելով, իրեն փորձում է գտնել նոր աշխարհի, նոր կեցության մեջ: Եվ գտնու՛մ է: Նրա տարագրված հերոսները դիմադրող հայերն են: Օտար միջավայրին դիմադրող, որ պահպանեն իրենց: Սա, ըստ էության, կենսագրական վեպ է, որը, սակայն, ոչ թե անձի, այլ ամբողջ ազգի կենսագրությունն է: Նա հավատացած էր, որ միշտ էլ մի տեղ փրկության խարիսխ կա: Ինքը վեպում մեջբերում է Բենեդիկտոս 15-րդի խոսքերը. «Թող բոլորը քաջ գիտենան, որ ազգերը չեն մեռնում»: Սրանով փաստում է աշխարհին ու հավատցնում՝ ապրելու՛ ենք:

Եվ ահա բեմում է Շառլը: Ազնավուրն ինքը մի առիթով խոստովանում է, որ իրեն սնել է հատկապես հայկական բանաստեղծական ժողովրդական տարերքը: Եվս մեկ աշխարհաքաղաքացի, ով երգեց ինչպես մարդու, սիրո, կյանքի հմայքների մասին, այնպես էլ սեփական ժողովրդի անցյալի, վշտի, ապրելու իրավունքի մասին: Ահա նրա հերոսը՝ տնանկ մի մարդ (ինչպես սփյուռքի բոլոր հայերը), որ կորցրել է «մեծ տունը»: Նա վախենում է իր տունը մտնել, որովհետև անցյալն է ապրում այնտեղ, որովհետև այդ անցյալում շատերն ընկան՝ հայացքներն Աստծուն հառած: Չնայած իր  ստեղծագործություններում խոսում է հայի ազգային հիշողության ու կոտորածի մասին, սակայն նա այդ ամենը դուրս է հանում նեղ սահմաններից ու խնդիրը ներկայացնում հումանիզմի իրավունքների պաշտպանության համատեքստում: Ոճրագործությունը չարիք է, որ չպատժելու ու չկանխելու դեպքում աշխարհի՛ն է սպառնալու, ոչ թե միայն հային: Նրա՝ «Քեզ համար, Հայաստան»-ը սոսկ բանաստեղծական տող չէր. նրա ապրելն էլ ու ապրելուց հետոն էլ անգամ Հայաստանի համար էր:

Մենք վերածնվել ենք Սփյուռքում, որտեղ չունենք պատմական հող: Բայց մեզ վերածնվելու համար պետք էր գիտակցություն, որովհետև հայրենիքը մեր մեջ է ապրում: Նրանք, ում մասին գրեցի և չգրեցի, իրենց գրչով, երգով, արարման կարողությամբ արթուն են պահում ազգային հիշողությունը ու մեզ հասցնում համամարդկային մշակույթի լայն տիրույթներ:

Ուրեմն աշխարհը լավ կանի՝ Սահյանին լսի ու աչքն իր խղճի վրա պահի: Թե չէ մենք աշխարհի որ ծայրի գարեջրատանն էլ լինենք ու մեր հորինած գարեջուրն էլ խմենք, հայերե՛ն ենք ծիծաղելու, հայհոյելու, ապրելու:

 

Հեղինակ՝ Վանուհի Բաղրամյան