Ինչպես է «Իդեալական անծանոթներ» ֆիլմը բացահայտում իտալացիներին, թուրքերին և հայերին

«Լավ ընթրիքից հետո կարելի է ներել ցանկացածին՝ նույնիսկ սեփական հարաբերությունները»

Օսկար Ուայլդ՝ «Կինը՝ անարժան ուշադրության»

 

Էրոտիկ նամակագրություններ և դրանց հաջորդած սեքս, շան նման հավատարիմ ընկերներ և ուտելիք՝ նրանց հետ կիսելու համար. ահա այն ամենն, ինչ անհրաժեշտ է միջին վիճակագրական հասուն անհատին: Հենց այս կոնցեպտն է ընկած ռեժիսոր Պաոլո Ջենովեզեի իտալական կատակերգական ֆիլմ-դրամայի՝ «Իդեալական անծանոթների» հիմքում, որը մեծ էկրան է բարձրացել 2016 թվականին: Շատ չեն պատումները, որոնք կարող են համաշխարհային կինեմատոգրաֆում խառնաշփոթ առաջացնել և սեփական ինքնության տեսանկյունից այն վերաձևավորելու հնարավորություն տալ: «Իդեալական անծանոթներ» ֆիլմն այդ քչերից մեկն է: Ֆիլմն ունի 10-ից ավելի վերանկարահանումներ, ինչից անմասն չեն մնացել հայկական և թուրքական կինեմատոգրաֆի ներկայացուցիչները:

Ֆիլմի սյուժեն պատմում է 7 ընկերների մասին, որոնք հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջ և որոշում են խաղ խաղալ՝ բարձրաձայն ընթերցելով  բջջային հեռախոսների բոլոր մուտքային հաղորդագրությունները և զանգերին պատասխանելով բացառապես բարձրախոսի միջոցով: Բոլոր երեք ֆիլմերում՝ «Իդեալական անծանոթներ» (2016, Իտալիա), «Անծանոթն իմ գրպանում» (2018, Թուրքիա), «Անհայտ բաժանորդ» (2019, Հայաստան), կհետևեք նույն սյուժեի զարգացմանը՝ միմյանցից տարբեր ձևերով: Փորձենք քննության առնել գլխավոր տարբերակումները, որոնք թույլ են տալիս հետաքրքիր բացահայտումներ անել ազգերից յուրաքանչյուրի առանձնահատկությունների վերաբերյալ:

Սնունդը, որի պատրաստման տեսարաններով սկսվում են ֆիլմերը, հետաքրքիր է ուսումնասիրության համար: Կերակուրը միավորում է մեզ: Ակնհայտորեն: Մենք ժամանակ ենք ծախսում, կտրում ենք տարածություն՝ միասին սեղանի շուրջ հավաքվելու համար, կամ ինչպես հայկական մշակույթում է ընդունված ասել՝ միասին հաց կիսելու համար: Նույնն էլ անում են ֆիլմի հերոսները. կտրվում են իրենց իրական թվացող առօրյայից և, ինչպես խաղն է ցույց տալիս, հայտնվում են ոչ թվացյալ իրականությունում: Եվ այս ամենը տեղի է ունենում սեղանի շուրջ,քանի որ սնունդը  նաև ձևավորում է մեզ: Հետաքրքրական է, որ դատելով ֆիլմի մի կարևոր նշանից, ուտելիքը հայերին ձևավորում է ավելի, քան իտալացիներին և թուրքերին: Եվ խոսքը բնավ քանակի մասին չէ, ինչում առաջատար են թուրքերը, այլ դրա շուրջ հավաքման ժամանակահատվածի: Իտալական ֆիլմի հերոսները, որոնց մինիմալիստական սեղանը թարմացվում է երեք անգամ, հանդիպում են անմիջապես ընթրիքի ժամին: Նույն միտումը պահպանված է ֆիլմի թուրքական ռիմեյքում: Իսկ ահա հայկական ռիմեյքում ընկերների հավաքույթը սկսվում է կեսօրին: Իսկ հավաքույթն այդ չի ընթանում բացառապես զրույցներով, այն ընթանում է սնվելով՝ ապերետիվ, սառը գարեջուր, մրգեր և թարմ բանջարեղեն, բարբեքյու՝ մաքուր օդին՝ նախքան գազօջախում պատրաստված խոզի ազդրի շուրջ խմբվելը: Այսպիսով, ուտելիքն ինքնին հենց հաղորդակցություն է: Ֆրանսիացի մարդաբան, սոցիոլոգ, փիլիսոփա և մշակութաբան Կլոդ Լևի-Սթրոսը վստահ էր, որ սնունդն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչն է մեզ վերածում մարդկանց: Նրա համար խոհանոցը լեզու է, հաղորդակցման ձև, բարդ կոդ, որը թույլ է տալիս հասկանալ այն հասարակության մեխանիզմները, որին պատկանում է, որից այն առաջանում է, և որը դրան իմաստ է տալիս: Բացի ֆիզիոլոգիական կարիքները հոգալու սահմանումից, սնունդի ընդունման ակտը պետք է դիտարկել որպես սոցիալական  գործողություն: Սնունդի ընդունումը՝ որպես սոցիալական գործողություն ընկալելուց հետո հետաքրքրական է դառնում փաստը, որ երեք կինոնկարներում էլ խոհանոցի աշխատանքները ղեկավարում են տղամարդիկ, ինչով նշանավորվում է նրանց ավելի ակտիվ սոցիալական էակներ լինելը: Իսկ այն, թե ինչպիսին է սնունդը, և ոչ միայն, դարձնում անհատին, լավագույնս ցուցադրվում է ֆիլմերի եզրափակիչ րոպեների ընթացքում:

Ֆիլմի ամենազավեշտալի մասն ավարտն է: Եթե ֆիլմի ընթացքը՝ կառուցված խաղի շուրջ, նույնն է, որոշակի տարբերություններ կան զրույցի կառուցվածքի մեջ՝ շնորհիվ տեղական կոլորիտին հատուկ արտահայտությունների, ապա ավարտը երեք կինոնկարներում ունի էական տարբերություններ:

«Իդելական անծանոթներ» ֆիլմի ավարտին տեսնում ենք, թե ինչպես է բոլորի՝ արտաքուստ իդեալական, ներքուստ քայքայված կյանքը շարունակում ընթանալ իր հունով: Հյուրընկալող զույգի կինը՝ Եվան (Կասյա Սմուտնյակ) դավաճանում է ամուսնուն՝ Ռոկկոյին (Մարկո Ջալինի), մենք տեղեկություն չենք ստանում նրանց դստեր մասին, որը մտածում էր՝ անցկացնել գիշերն ընկերոջ հետ, թե՝ ոչ: Դրական ավարտ չի ունենում նաև հոմոսեքսուալ ընկերոջ՝ Պեպպեի (Ջուզեպե Բատիստոն) պատմությունը, որը սիրելիից զանգ ստանալու փոխարեն բջջային հեռախոսին ստանում է մարզումների հավելվածի ծանուցումը: Ներքին խռովությունները շարունակվում են նաև Կարլոտայի (Աննա Ֆոլյետա) և Լելեի (Վալերիո Մաստանդրեա) հարաբերություններում, իսկ Բյանկան (Ալբա Ռոռվախեր) շարունակում է անգիտությամբ սիրել ամուսնուն՝ Կոզիմոյին (Էդոարդո Լեո)՝ կինոհերոսներից, պայմանականորեն ասած, ամենաբացասականին:

Այս ամենի հակառակ պատկերին կարող ենք ականատես լինել ֆիլմի հայկական տարբերակում: Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի նկարահանած «Անհայտ բաժանորդ» ֆիլմի ավարտը դրական է պատմության բոլոր ճյուղերի համար: Հյուրընկալող զույգի կինը՝ Էվան (Նազենի Հովհաննիսյան), որը դավաճանում էր ամուսնուն՝ Էդգարին (Խորեն Լևոնյան), փոխում է իր առաջնահերթությունները. նա ամուսնու հետ գնում է դստեր հետևից՝ այսպիսով քայլ առաջ անելով դեպի դուստրը և փորձելով առավել համակերպվածությամբ առերեսվել նրանց՝ երկար ժամանակ ձգվող բարդ հարաբերություններին: Ի տարբերություն «Իդեալական անծանոթների»՝ հայկական ռիմեյքում չենք տեսնում նաև նրա և Ժորայի (Սոս Ջանիբեկյան) միջև նամակագրություն ընթրիքից հետո, դրան փոխարինում է տեսարանը, երբ Էվան հանում է սիրեկանի նվիրած ականջօղերը և արցունքներն աչքերին՝ գցում պատուհանից դուրս: Սա Էվայի՝ ամուսնու նկատմամբ հավատարմությունը վերականգնելու, ընտանիք վերադառնալու և բոլոր գայթակղությունների համար ներսից դուռը փակելու նշանն է: Հայկական ռիմեյքում բոլորովին այլ է նաև Էվայի և Էդգարի դստեր որոշումը, որը զանգահարում է հորը և խնդրում իրեն տուն տանել՝ հրաժարվելով գիշերն անցկացնել ընկերոջ հետ: Ֆիլմում լուսավոր է նաև զույգերից ամենաերիտասարդի՝ Ժորայի և Լառայի (Անի Խաչիկյան) նորաստեղծ ընտանիքի պատմությունը, որն ամփոփվում է Լառայի հղիությամբ, ինչը չենք տեսնի ոչ իտալական, ոչ թուրքական տարբերակում: Օրիգինալ՝ իտալական ֆիլմից և թուրքական ռիմեյքից «Անհայտ բաժանորդում» տարբեր ավարտ է ունենում նաև հոմոսեքսուալ ընկերոջ՝ Գրիգորի (Արթուր Մանուկյան)պատմությունը: Նրան ոչ թե ծանուցում է գալիս մարզումների հավելվածից, այլ հաղորդագրություն՝ Քրիստից: Ամենաբարդ անցյալ ունեցող զույգի՝ Աննայի (Մարջան Ավետիսյան) և Ռոբերտի (Բաբկեն Չոբանյան) հարաբերությունները, որոնք նույնն են բոլոր երեք ֆիլմերում, թեև չեն լուսավորովում, բայց և չեն բարդանում շարունակվող ինտրիգներով:

Վերջաբաններից ամենազավեշտալին պատկերել է թուրքական՝ «Անածանոթն իմ գրպանում» ֆիլմի ռեժիսոր Սերրա Յիլմազը: Միտումների մեծամասնությունը նույնն է, ինչ իտալական ֆիլմում. հոմոսեքսուալ ընկերը՝ Սուավին (Չագլար Չորումլու), սիրելիից հաղորդագրություն չի ստանում: Քերեմի (Բուգրա Գյուլսոյ) և Էսրայի (Շեբնեմ Բոզոկլու) (Կարլոտա և Լելե/ Աննա և Ռոբերտ) կյանքի անորոշությունը չի ընդհատվում, Թուբան (Լեյլա Լիդիա Թուգութլու) այդպես էլ չի բացահայտում ամուսնու՝ Սինանի (Շյուքրու Օզիյլդիզ) դավաճանությունը և շարունակում է թաքցնել իր կապը նախկին ընկերոջ հետ: Իսկ ամենազավեշտալին ընթրիքի հրավիրած զույգի պատմությունն է. Բանուի (Բելչիմ Բիլգին) պատմությունը նույնն է, ինչ Եվայինը՝ «Իդեալական անծանոթներում»: Իսկ ահա Մեթինը (Սերքան Ալթունորակ) (Ռոկկո/ Էդգար) փոխում է բոլոր երեք ֆիլմերի ամբողջ փիլիսոփայությունը:

Բանն  այն է, որ ֆիլմերում, որտեղ կան նույն ակտիվությամբ գործող մեկից ավելի հերոսներ, դժվար է որոշել գլխավոր հերոսին: Ինչևէ, բոլոր նշանները, որոնք կառուցում են հերոսներին, օգնում են առանձնացնել նրանցից մեկին՝ Ռոկկոյին, որը հայկական ֆիլմում Էդգարն է, թուրքականում՝ Մեթին: Առաջին երկուսի դեպքում գլխավոր հերոսը լիովին արդարացնում է ֆիլմի գաղափարը. խաղի արդյունքում պարզվում է, որ կա գոնե մեկը, ում կյանքի, որոշումների և սկզբունքների վրա բջջային հեռախոսը չունի ոչ մի ազդեցություն: Ռոկոն և Էդգարը ընդամենը մեկ գաղտնիք ունեն իրենց կանանցից, որն է հոգեթերապևտին այցելությունը, ինչն էլ պայմանավորված է հերոսների ՝ ընտանիքը պահպանելու ձգտումով և չի բացահայտվում գաղտնի հաղորդագրությամբ կամ զանգով: Զավեշտն ապահովում է Մեթինը, որը, ենթադրաբար, պետք է օժտված լիներ նույն որակներով, ինչ Ռոկոն և Էդգարը, բայց ֆիլմի վերջին տեսարանը կոչնչացնի հերոս գտած հանդիսատեսի պատրանքները: Մեթինը, որը «մաքուր» էր ամբողջ ֆիլմի ընթացքում, ինչպես և սպասելի էր, պարզվում է, որ օժտված է մեծ խորամանկությամբ. Մեթինի և նրա կնոջ հարաբերությունները փոխադարձ են: Պարզվում է՝ Մեթինը դավաճանում է կնոջը, ինչը բացահայտվում է պահարանի գաղտնի դարակում թաքցրած բջջային երկրորդ հեռախոսին ստացված հաղորդագրությամբ: Սա չի զրկում «Անծանոթն իմ գրպանում» ֆիլմին գլխավոր հերոսից, այլ գլխավոր հերոս է դարձնում գլխավոր անտագոնիստին: «Անծանոթն իմ գրպանում» ֆիլմում անտագոնիստ-հերոսը բոլոր պերսոնաժների վախերի մարմնացումն է, որն ինքը չունի որևէ վախ, որովհետև, ինչպես և հատուկ է անտագոնիստին, Մեթինը բարդ է, իրական և խելացի:

Եթե փոձենք մտածել առաջ քաշված հարցերի շուրջ և հետևություններ անել երեք ֆիլմերում ներկայացված ազգերի մասին, ապա կարող ենք նշել, որ իտալացիները ռեալիստ են. բացահայտումներ չկան, ափսոսանք՝ նույնպես: Հայերը ռոմանտիկ են՝ պատրաստ հավատարմության համար պայքարի: Իսկ թուրքերը հուսահատված են՝ յուրաքանչյուր հերոս կարող է լինել նաև հակահերոս:

Որպես ամփոփում կարող ենք նշել, որ սնունդի տարբերությունն իրենից ենթադրում է հաղորդակցման տարբերություն, իսկ նույն տեխնոլոգիայի ազդեցությունը միանման չէ բոլորի համար. մարդիկ ավելին են, քան կարծում են: Պատմության և դրա արդյունքում ձևավորված արժեհամակարգերի տարբերությունը տեխնոլոգիայի կողմից արժանանում է բոլորովին այլ տեսակի ազդեցության, ինչի արդյունքում կարող են ձևավորվել կամ իրականությունը տանելի դարձնող հերոսներ, կամ սրիկաներ՝ իրականությունը բացահայտող: