Թաքնված գանձերի մասին․ ինչ է պետք տեսնել հրաշալի Տայքում

Շքեղ, տարբերվող ու աներևակայելիորեն գեղեցիկ է Տայքն իր ճոխ տեսարաններով, պատմություններով ու մարդկանցով։ Բազմագույն ու բազմատեսակ, հագեցած ու ջերմ են տայքյան պատկերները. Ճորոխի ավազանն իր անզուգականությամբ, ծիրանագույն լեռներն իրենց կոպիտ, բայց հաճելի գեղեցկությամբ, մարդիկ ու հողը՝ բարեբեր։
 

Տայքի հայությունը դարեր ի վեր պատմաքաղաքական ու մշակութային հետաքրքիր խաչմերուկում է գտնվել․ ելնելով տարածքի աշխարհագրական դիրքից՝ Հայաստանի հյուսիսային այս գավառները փաստացի մշտապես եղել են միանգամից և՛ Բյուզանդիայի, և՛ Վրաստանի, և՛ հետագայում նաև Օսմանյան կայսրության տարբեր քաղաքական հետաքրքրությունների շրջանակում, կրել դրա և՛ բացասական հետևանքները, և՛ գլխավորապես մշակութային տեսանկյունից Տայքը հայկական այլ «աշխարհներից» տարբերող մի շարք ազդեցությունները։

Տայքահայությունը, չնայած իր ապրած կրկնակի ուծացումներին, միևնույն ժամանակ ստեղծող ու կրողն է եղել բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգության, որը կրում է հայ քաղկեդոնականների առանձնահատուկ ձեռագիրը։

Օշկվանք, Խախու, Դոլիսխանա կամ Տբեթ․․․ Այս անունները գուցե և ոչինչ չեն ասում հայաստանյան հասարակության մեծ մասին։
 

Շատ երկար, կոշտ ու անզիջում են վիճել ու վիճում հայ ու վրաց պատմաբանները Տայքի քաղկեդոնիկ տաճարների պատկանելության շուրջ։ Երջանկահիշատակ Սամվել Կարապետյանն այս առիթով ասում էր՝ «Առանց հովիվ մնացած ոչխարին միշտ էլ տեր կգտնվի»։ Ասում են՝ այդպես էր նաև վաղ միջնադարում, երբ հայ քաղկեդոնականների համայնքները ոչ թե ինտեգրվեցին հայկական ընդհանուր միջավայր, այլ դատապարտվեցին, հեռացվեցին ու օտարացվեցին մեր աշխարհից։ Դարձան ոչ թե գույն, այլ «բիծ», իրենց դավանանքից ելնելով՝ անկախ իրենցից ոչ թե հարստացրին, այլ նոսրացրին հայության շարքերը։ Ինչևէ, այսօր «հովիվը», կրկին գտնվել է։ Նման հրաշալիքները, ինչպես Օշկվանքը, Տբեթն ու Իշխանավանքն են, երկար «անտեր» մնալ չէին էլ կարող։


***


Տայքի հայկական եկեղեցիներից, ամենահռչակավորն ու տպավորիչն, անխոս, հրաշալի Օշկվանքն է։

Պատմական Օշկ գյուղը, որն այսօր կոչվում է Չամլըյամաչ և մաս է կազմում Էրզրումի նահանգի, հաճախ է հյուրեր ընդունում թե՛ Թուրքիայի տարբեր քաղաքներից, թե՛ Հայաստանից, և թե՛ Վրաստանից։ Գյուղի բոլոր բնակիչները սուննի մուսուլման են, ու թեև այցելուների հարցերին ի պատասխան միանշանակ նշում են, որ եկեղեցին վրացական է, սակայն շարունակում են օգտագործել «վանք» վերջավորությամբ անվանումը, իսկ գյուղը կոչում «Օշկի»։ Որոշ հայ ուսումնասիրողներ հակված են գյուղը նույնականացնել Փարպեցու հիշատակած Աշունք գյուղի հետ, վրացիներն իրենց հերթին համառորեն պնդում են՝ մեգրելերեն «շքա» արմատի հետ գործ ունենք։

Գյուղի բնակիչները, ինչպես և Թուրքիայի գյուղական բնակչության գերակշիռ մասը, ազգային ու կրոնական ինքնությունների տարբերության մասին առանձնապես պատկերացում չունի․ սովորաբար այդ երկուսը համակցում են մեկ՝ «մուսուլմանի»  ինքնության մեջ։ Ի վերջո, այսքանը լիովին բավարար է, որ իրենց այստեղ հարմար ու ապահով զգան։ Հայ զբոսաշրջիկներին դիմավորում են բավականին ընդգծված  հետաքրքրասիրությամբ, բայց զուսպ հայացքներով։ Վրացիներին ավելի ջե՞րմ են վերաբերում կամ առհասարակ տարբերո՞ւմ են նույն՝ «յաբանջը» (օտար) պիտակի տակ անցնող քրիստոնյա հային ու վրացուն՝ ստուգելու առիթ չենք ունեցել։
 
Գյուղացիները նաև նշում են, որ եկեղեցին օգտագործվել է որպես մզկիթ ընդհուպ մինչև 1980 թվականը, ինչից հետո լքվել է։ Որոշ ժամանակ տեղական իշխանություններն օրակարգ են բերել նաև վանքն ամբողջովին քանդելու հարցը՝ պատճառաբանելով, թե խարխլված կառույցը կարող է վտանգ ներկայացնել տեղի բնակիչների համար, որոնց տները բավականին մոտ են կառուցված եկեղեցու շենքին։ Ավելի ուշ, Օշկվանքն ամեն դեպքում հաշվառվեց Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ու վերցվեց պահպանության տակ, թեև գործնականում որևէ կերպ հատուկ պահպանության չարժանացավ մինչև 2010 թվականը, երբ մեկնարկեցին նորոգման աշխատանքները։

Տարածաշրջանի ամենամեծ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցին՝ Օշկվանքն, իրավամբ տայքյան ճարտարապետության գլուխգործոցն է․ ինչպես Ատրպետն էր բնորոշել իր «Ճորոխի ավազանը» աշխատության մեջ՝ «Տայքի 7-րդ հրաշալիքը»։ Սուրբ Հովհաննես Մկրտչին նվիրված հոյակերտ տաճարը կառուցվել է 10-րդ դարում՝ Դավիթ և Բագրատ Կյուրոպաղատների նախաձեռնությամբ։ Եռախորան խաչաձև գմբեթավոր հորինվածքով այս վանքի փոքր և համեստ նախատիպերը կարող ենք համարել դեռևս 7-րդ դարում կառուցված Թալինի Կաթողիկեն, Դվինի Մայր տաճարը։

Առանձնակի ուշադրության են արժանի, իհարկե, Օշկվանքի զարդաքանդակները, որոնցից առավել ուշագրավ են հարավային պատի վերևի մասում գտնվող հինգ զարդաքանդակները՝ երկու կողմից եկեղեցու փոքր քանդակը ձեռքին տղամարդիկ և մեջտեղում ևս երեք սուրբ։ Այժմ քանդակներն արդեն երեքն են, քանի որ զարդաքանդակներից երկուսն ամբողջական քարով փլվել կամ դուրս են հանվել պատի միջից դեռևս տարիներ առաջ: Ըստ պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիրներից Սարգիս Սերոբյանի՝ առաջին քարը փլվել է դեռևս 70-ականներին և երկար ժամանակ ընկած լինելով պատի մոտ՝ գյուղացիների համար ծառայում էր որպես սանդխամատ։

«Այն օրերուն բողոքած էինք, որ ՙփոխանակ կոխելու քանդակի դէմքին, գոնէ քարը շրջէիք՚: Տարիներ վերջ այդ քարը տեսած էինք կանգնեցուած ու պատին կռթնած վիճակով եւ ուրախացած: Այս այցելութեան նկատեցինք, որ երկրորդ քանդակ մըն ալ ինկեր էր, եւ երկուքը մէկէն անյայտացեր էին»․ «Ակօսի» իր սյունակում գրել էր Սերոբյանը 2010-ին Տայք հերթական այցելությունից հետո։

Ի դեպ, Ատրպետը նաև հետաքրքիր հիշատակում է կատարում, ըստ որի՝ 19-րդ դարում արդեն վաղուց լքված եկեղեցին գտնվում էր մի հայ կնոջ պահպանության ներքո, որի անունը, սակայն, չի հիշատակվում։ Սա կարող է խոսել նաև այն մասին, որ, չնայած դեռևս 17-18 դդ-ում Տայքում իրականացված զանգվածային իսլաացման քաղաքականությանը, քրիստոնյա հայեր ոչ միայն մնացել էին այստեղ, այլև ունեին որոշակի ազդեցություն ու հստակ արտահայտված ինքնության սահմանում։
 
***

Թիկունքում թողնելով Թորթումի անզգուգական ջրվեժն ու բնության կատարելության ամենավառ արտահայտություններից Թորթումի լիճը, անցնելով Օշկ գյուղը, մի քանի րոպեից կարելի է հասնել հրաշալի Խախու։

Մեծ, զարգացած ու գեղեցիկ գյուղ է Խախուն, որն այսօր կոչվում է Բաղբաշը՝ մաս կազմելով Էրզրումի նահանգի Թորթումի շրջանի։ Գողտրիկ, ծառերով շրջապատված մի անկյունում էլ ծվարած է Սուրբ Աստվածածինը՝ բավականին լավ պահպանված վիճակում։ Խախուի եկեղեցին Տայքի հայկական ժառանգության երկար ցուցակում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում․ այն ոչ թե քաղկեդոնիկ, այլ հենց առաքելադավան տայքահայության հոգևոր կենտրոնն է հանդիսացել։ Զավեշտալի է, բայց սա էլ չի խանգարում եկեղեցին միանշանակ վրացական կոչելու։ Հետաքրքիր է փաստել, որ շուրջ 6000 բնակչությամբ այս գյուղում, ուր բոլորն անխտիր թուրքախոս են և սուննի մուսուլման, Սուրբ Աստվածածնի մասին խոսելիս օգտագործում են միմիայն «վանք» հայերեն անունը, և սա այն պարագայում, երբ Խախուի եկեղեցու մուտքի մոտ մեզ է դիմավորում երկար-բարակ վրացերեն տեքստով մեծ ցուցանակ, իսկ եկեղեցին իրականում դեռևս 19-րդ դարի վերջից վերածված է մզկիթի։

Մզկիթը գործող է, ունի իր իմամն ու չնայած դրան՝ ներսում պահպանված է Գրիգոր Լուսավորչի (ըստ որոշ աղբյուրների՝ Պետրոս Առաքյալի) քանդակը՝ ձեռքին հայերեն «Գ» տառը։ Զարմանալի կերպով «Գ»-ն մինչ օրս չի վնասվել և շարունակում է վկայել Խախուի հայկական անցյալի մասին, թեև վրացի մասնագետները «Խախուլիի» քանդակի մասին խոսելիս հաջողությամբ շրջանցում են «Գ» տառի առեղծվածը։ Ենթադրվում է, որ «Գ»-ն կապ ունի Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի անվան հետ։


***

Պատմական Գուգարքի ամենայուրահատուկ, հեքիաթային անկյուններից է Շավշաթը, որն այսօր մաս է կազմում Արդվինի նահանգի։

Տբեթի վանքը՝ Շավշաթի այցեքարտն ու տայքյան ճարտարապետության ամենայուրահատուկ կոթողներից մեկը, հիմադրվել է 9-րդ կամ 10-րդ դարում։

Ավերակ դարձած եկեղեցու պահպանված երեք պատերը միանգամից հուշում են, թե որքան հսկա, վեհ ու իրապես հոյակերտ կառույց է եղել Տբեթի վանքը։ Նույնիսկ այս անմխիթար վիճակում՝ մեջտեղից խորը ճաքով կիսված դիմային պատն անմոռանալի տպավորություն է գործում այն առաջին անգամ տեսնողի վրա։
 

Թուրքական աղբյուրներում հանդիպում ենք տեղեկության, ըստ որի եկեղեցին նախ լուրջ տուժել է կայծակի հարվածից՝ 1885 թվականին։ Այդ ընթացքում վանքն արդեն գործում էր որպես մզկիթ, սակայն 4 տարի անց վերջնականապես լքվել է։

Տեղի բնակիչները նաև պատմում են, որ 1950 թվականին եկեղեցին մեկ տասնյակից ավելի դինամիտներով պայթեցվել է, սակայն դրա մի մասն այդպես էլ չի փլվել։ 1957-ին (ըստ որոշ աղբյուրների՝ 1953-ին) Տբեթը կորցնում է իր երբեմնի շքեղ գմբեթը։ Տարածքում եղած գերեզմանատունն էլ եկեղեցու պես զգալի վնասներ է կրել գանձագողերի պատճառով, տարիների ընթացքում վանքը հայտնվել է իսկապես շատ տխուր վիճակում։

Անցյալ տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ մեկնարկել է Տբեթի վանքի մաքրման ու պահպանման հատուկ նախագիծը, որն այս անգամ ղեկավարում է ոչ թե Վրաց եկեղեցին, այլ Էրզրումի պատմության թանգարանը։   
 

***
 

«Ըստ ճարտարապետական պատմագիրներու՝ Ներսէս Շինողի հանրածանօթ գործերէն կիսաբոլորակ սիւնաշար խորանով, արեւմտեան երկարած թեւով, խաչաձեւ կեդրոնագմբէթ Իշխանի Տաճարը նախափորձն է ու կը կանխէ Զուարթնոցին, որուն մասին Ի դարուն Թորոս Թորամանեանի կատարած վերլուծումներն ու վերակազմութեան վարկածները այնքան մեծ աղմուկ յարուցած էին: Իսկապէս մեծ գործ էր 1350 տարիներ առաջ բոլորաձեւ կեդրոնագմբէթ եկեղեցի մը երազել, մասամբ փորձել Իշխանով, կատարեալին հասցնել Զուարթնոցով եւ կնքել այդ բոլորը Բանակով, որ կիսփուլ ու խոնարհուած վիճակովը մեզ բարեւեց, երբ իր մօտէն կ’անցնէինք տամուկ աչքերով…»․ այսպես է հիշել Բանակի հոյակերտ տաճարը պոլսահայ մտավորական Սարգիս Սերոբյանն «Ակօսի» իր հուշերում տարիներ առաջ։

Իսկապես, հայկական աշխարհի երեք զվարթնոցատիպ տաճարներից ամենախոշորն ու ամենաերկար կյանք ունեցածը՝ Բանակի տաճարը, մեծ ու համարձակ երազանքների մարմնացումն է, վեհության, կատարելության ու ներդաշնակության չափանիշ։ Եվ խոսքը միայն բուն շենքն իրար կապող սյունաշարերի և կամարների ներդաշնակության ու կատարելության մասին չէ։ Բանակն այնքան ներդաշնակ, այնքան համահունչ է տայքյան հրաշագեղ բնությանը, գունային երանգներին և անգամ բարդիների հասակին կամ թռչունների ձայներին, որ անկարելի է այդ պահին չգիտակցել, որ այստեղ գտնվելով իրավամբ քո կյանքի ամենահիշարժան պահերից մեկն ես ապրում։

 

Սոֆյա Հակոբյան

 

Լուսանկարներ․

1․ Բանակի տաճար

2․Օշկվանք

  

...