Ընկե՛ր Չարենց, Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք

«-Հետաքննությունը պարզել է, որ Դուք Ձեր երկրում անց եք կացրել հակահեղափոխական-նացիոնալիստական հայացքներ: Դրանում Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք:

-Դրանում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:

-Ձեր «Գիրք ճանապարհի» ժողովածուում «Պատգամ» բանաստեղծության մեջ Դուք անց եք կացրել հետևյալ բովանդակությամբ հակահեղափոխական-նացիոնալիստական լոզունգը. «Ո՜վ, հա՜յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ումի՞ց էիք Դուք պատրաստվում փրկել հայ ժողովրդին:

-Այն ղեկավարներից, որոնք Հայաստանի ներկա դրության մեղավորներն են»:

Դու եկար, որ ուսերիդ տանես պատմության բեռը, բեկես ընթացքը, մարտահրավեր նետես ամենաքիչը Վահագնին:

Երևանում ճարտարապետական հեգնական հնարքով պետության երկու ուժերը կանգնած են ճակատ ճակատի: Գիտությունների ազգային ակադեմիան անհավասար ու անպտուղ պայքարի մեջ է Ազգային ժողովի հետ: Իրենց կապող օղակը մարշալն է: Փողոցի նախամուտքը Գրողների միությունն է: Միություն. ասել է թե՝ հավաքականություն, որի մեջ էր մեր փրկությունը: Այստեղից Չարենցը մի օր նվաճեց Հարդագողի ճանապարհը, մի օր՝ Դանթեի դժոխքի: Հիմա էլ նույն խաչմերուկում ենք:

-Ընկե՛ր Չարենց, Երևանի կայարանները Ձեզ հանցակից ամբոխով գրավելու ու քաղաքը կաթվածահար անելու մեջ Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք:

-Ո՛չ: Նրանք ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ...նրանք կռվի էին ելել:

Կարսը ընկավ, ընկե՛ր Չարենց: Քաղաքում միայն մի կրակոց հնչեց: Մազմանյանն էր: Շուշին ընկավ, ընկե՛ր Չարենց: Հիմա ամեն մեկս այդ կրակոցի կարիքն ունենք: Երևանն ընկնում է, ընկե՛ր Չարենց: Դու ո՞րերորդ մահվան տեսիլն ես գրում:

                    Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ

                    Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝

                    Մերկության պես տկլոր ու անանցյալ:

Մետրոն կանգնեց: Գրավել են: Դո՞ւ ես: Ու քանի որ չկա շիրմաքար, ուրեմն դու ուրվականի պես շրջում ես այս քաղաքում քո՛ ամբոխով:

Կայարանների գրավումը դարձել է աշխատանքից ուշանալու պես անկարևոր մի բան:

Քո մահվան տեսիլի կախաղանը դեռ հպարտորեն կանգնած է Երևանում: Դու պարանոցդ տվեցիր ու քեզ մատաղեցիր: Դասալիքներն էլի մնացին:

Մենք, լուռ, շվարե՜լ ենք,

Լույսերս

Մարել ենք:

Երևանն է: «Շոգ: Փոշի»: Ամբոխը ճիշտ քո բանական մարդու պես գնում է անտարբեր ամեն ինչին՝ մեքենայաբար ոտքերը շարժելով հրապարակներից հրապարակներ: Քո գրքի վրա սարսափելիորեն կարդացինք՝ Homo Sapines:  Հիմա՝ Homo Sapines չենք կարդում ու չենք սարսափում: Մենք անձամբ ենք գրում 1920 թվի՝ Կարսում հայկական զորքերի մեջ բաժանվող թռուցիկները:

           Մազմանովյա՜ն հայրենասիրություն:

          Դու այդ ի՜նչ մարգարե ես, ընկե՛ր Չարենց:

Ի՞նչ էր ասում այն գիրքը և՞ ինչ էր բարբառում: Օրհնվա՞ծ է էն սհաթը, երբ ռըսի ոտը մեր երկիր մտավ: Դրա համար Մազութի Համոյի գլխին եղջյուրներ են աճում:

-Ընկե՛ր Չարենց, Մազութի Համոյի կնոջ դավաճանության գործում Դուք Ձեզ  մեղավոր ճանաչո՞ւմ եք:

-Ի՜նչ էր ասում այն գիրքը և ի՜նչ էր բարբառում...         

Քո ուրվականը շրջում է քաղաքում՝ մոլորված ամբոխին քարշ տալով:

Հաջորդ կայարանը՝ «Սասունցի Դավիթ»: Գրավված է: Գաղջն է իջել Նաիրյան քո, իմ, մեր քաղաքին: Մոխիրը բարձրացել է այնքան, որ բաղձալի գրավյալ արևդ չի երևում: Ամբոխը արևը չի տեսնում: Բայց կռվում է: Մենք գրավել ենք «Զորավար Անդրանիկ»-ին ու դոփում ենք:

Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը,

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,

Պայտերը խփում են, խփում են հողին:

 

-Ընկե՛ր Չարենց, Ձեր կարմիր ձիերը վառել են երկիրը: Դուք Ձեզ դրանում մեղավոր ճանաչո՞ւմ եք:

-Ո՛չ, ձիերը գնում են, գնում են, գնում են...որովհետև անհայտ է աշխարհը՝ անցում է ու մահ:

Ամբոխները երգելով են կռվում: Ինչպես այնժամ, երբ հուսավառ էին, կրակոտ:  Հիմա երգի ձայնը խառնվել է Եռաբլուրի եղերգին: Դու մարշ չգրեցիր, ոչ էլ դիֆերամբ: Հիմա դրանց պակասը չկա:

Օ՜, այո՛, չի եղել մեր գայլը պղնձյա: Մենք հրաժարվել ենք բոլոր տոտեմներից ու անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար երթ ենք սկսել ու կայարանների փոխարեն նեղլիկ փողոցներ ենք գրավում, հաղթում:     

-Ընկե՛ր Չարենց, այն, որ Ձեր գայլը պղնձյա չի եղել, այլ անբուրդ: Դուք Ձեզ դրանում մեղավոր ճանաչո՞ւմ եք:

-Ես իմ խելագար ամբոխներով հազար կուսակցական գայլ կուլ կտամ:

Ու չկաս: Ստվերդ է միայն պատեպատ իրեն խփում, քո ձիերի պես մեր քունքերի մեջ դոփում են քո քարտեզագրած քառուղիները: Ո՞ւր ես կորցրել ամբոխներիդ, որ կորել ու չեն գտնում անգամ իրենք իրենց Հանրապետության հրապարակի ժամացույցի մոտ, մարշալ Բաղրամյանի երակներում, ակադեմիայի խուլ ունկերում:

-Մազմանյանը հուսահատությունից ինքնասպան եղավ,-Կոստան Զարյանն էր: Մազմանյանի ստվերը քայլեց Ազգային ժողովում պատգամավոր առ պատգամավոր ու ընկավ անշնչացած:

-Ընկե՛ր Չարենց, Դուք Ձեր ինքնասպանության գործում Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք:

-Մահարին՝ ընկերս, ներս մտավ, տեսավ ինձ հատակին ընկած, անշնչացած, կողքիս՝ դեռ ծխացող նագանը: Խանջյանը ինքնասպան չէր կարող լինել: Հետո ես նրան խնդրեցի՝ դե գրկի՜ր, գրկի՜ր քո անուշ Չարին:         

-Դուք Ձեր անուշ Հայաստանի արևահամ բառը սիրելու մեջ Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք:

-(Չարենցը խնդում է. Սանձել է ուզում հողմերին այս ողորմելին): Այո՛: Ճանաչում եմ:

 

Վանուհի Բաղրամյան