Երգը համշենական ինքնությանը վերադարձի միջոց, արդյո՞ք երգարվեստը կօգնի փրկել այս լեզուն

Համշենի լեռների ձայնը՝ առեղծվածային ու գեղեցիկ մեղեդիներ

Համշենյան պարզ, առեղծվածային ու գեղեցիկ մեղեդիները շատերին գերելուց զատ դարձել են նաև դրախտային Համշեն աշխարհի բացահայտման բանալին։ Առաջին հայացքից բարդ թվացող, յուրահատուկ և քաղցրիկ բարբառն ու Պոնտոսի զմրուխտե լեռներից «թափվող» պարկապզուկի ձայներն ավելին էին  մեզ պատմելու, քան պատկերացնում էինք։ Բռնի կրոնափոխության քաղաքականության զոհ դարձած հայերի խումբը թեև մեզնից տարբեր է իր կրոնական ինքնությամբ, սակայն, անվիճելիորեն, իր դարավոր պատմության ու հիշողության կրողն է։

Ի վերջո, ովքե՞ր են համշենցիներն ու ի՞նչ են մտածում իրենց՝ երկուստեք  այդքան բուռն քննարկումների առիթ դարձած ինքնության մասին։ «ArtCollage»-ի հյուրն է համշենցի հայտնի երաժիշտ և կատարող Հարուն Թոփալօղլուն։


-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել երաժշտությամբ։ Համշենին հատուկ երաժշտություն ստեղծելիս չունեի՞ք այն մտահոգությունը, որ հասարակության մյուս խմբերի համար ձեր ստեղծածը կարող է այնքան էլ ընկալելի չլինել։

-Ի սկզբանե մտադրություն չեմ ունեցել երաժշտությամբ զբաղվելու։ 2000 թվականին ծանոթացա ազգությամբ լազ երգիչ և երաժիշտ Քյազմ Քոյունջուի  հետ և շատ հետաքրքիր մի կապ ձևավորվեց մեր միջև։ Օրերից մի օր Քյազմի համերգներից մեկի ժամանակ ես էլ նրա հետ նույն բեմում հայտնվեցի, բայց նպատակս երգելը կամ նվագելը չէր, այլ հոռոն (Սև ծովի հարավային ավազանի ժողովուրդների շրջանում տարածված պոնտական պար, որը պարում են նաև համշենցի հայերը) պարելն էր։ Հետո մի քանի անգամ էլ գնացի համերգի, մի օր  էլ նա ինձ պարզեց միկրոֆոնն ու ուզեց, որ ձայնակցեմ իրեն։ Ասացի՝ ես երգել չգիտեմ, նա էլ թե՝ «Ոչինչ, ինչքան որ գիտես»։ Այդպես սկսվեց ամեն ինչ։ Մինչև 2005-ը Քյազմի հետ «կիսել» ենք նույն բեմը, ապրել ենք նույն կյանքն ու նրա բոլոր գեղեցկությունները։ Հետո, ինչպես գիտեք, կորցրինք նրան։ 2006-ին ստեղծվեց «Էնտու» խումբը, ընկերներս ստիպեցին։ Համշենի բարբառով երգելն ու գրելն էլ գիտակցաբար չեմ սկսել։ Երաժշտությունը երբեք չի կարող և չպետք է սահմանափակվի հայերենի, թուրքերենի, լազերենի, հունարենի կամ մեկ այլ լեզվի սահմաններում։ Քյազմ Քոյունջուն և իր թիմն ավելի առանձնահատուկ գաղափարի շուրջ էին միավորված, և ես բախտավորություն եմ ունեցել մոտ գտնվել այդ ամենին։ Հետո ասացի՝ ինչո՞ւ ոչ․․․Մտածեցի՝ եթե «Էնտուի» միջոցով պետք է ինչ-որ բան անենք՝ լավն անենք։ Հատուկ չենք կենտրոնացել հենց միայն համշենյանի շուրջ, ավելի շատ ձգտել ենք որակյալ գործ անել: Երաժշտությունը միշտ եղել է և պետք է մնա համամարդկային։

-Համշենյան երաժշտությունն իսկապես մեծ տարածում ու սեր է վայելում, բացի պարզապես հաճելի ու սիրված լինելուց այն նաև յուրահատուկ կերպով օգնում է համշենցիներին գոնե մասամբ պահպանել ինքնությունն ու լեզուն։ Երգը համշենական ինքնությանը վերադարձի միջոց, ինչպես ծնվեց այդ գիտակցությունը:

-Մեր էթնիկ պատկանելության փաստը դպրոցի ավագ դասարաններում էր որ  գիտակցեցի։ Իհարկե, մեր բարբառով խոսում էինք, բայց շատ էլ չէինք գիտակցում, թե դա ինչ լեզու է։ Դա պարզապես համշեներեն էր մեզ համար։ Այդպես էինք մտածում։ Հետո սկսեցի դեսից-դենից լսել, որ մեր օգտագործած լեզուն իրականում հայերենն է, և կամաց-կամաց եկավ այդ գիտակցությունը։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ պետք է ավելի շատ բան անեմ այս հարցում։ Համշենցիներն իրենք չեն սկսել իրենց ինքնության արտահայտման այս գործընթացը։ Նույնիսկ Խոփայի մասամբ հայախոս համշենցիներն իրենց էթնիկ պատկանելության կամ անցյալի մասին նորմալ տեղեկացված չէին մինչև վերջերս։ Մի 40-50 տարի առաջ այդ հարցերը պարզապես չէին տրվում: Համշենցիներն այս տարածքում հաստատվելուց հետո դարեր շարունակ ապրել են լեռներում՝ մեկուսի կյանքով։ Այն պահից, երբ սկսել են իջնել քաղաք՝ ինչպես ամենուր, այստեղ էլ ռասիզմը, տնտեսական խտրականությունն իրեն զգացնել է տվել։ Ցանկացած ժամանակ, երբ քո կյանքի պայքարը դիմացինին ձեռնտու չէ կամ հարմար չէ՝ քո տարբերվող էթնիկ կամ կրոնական ինքնությունը երեսիդ են զարկում։ Սա միայն համշենցիների խնդիրը չէ, աշխարհի ամեն անկյունում այդպես է։ Կարծում եմ անգրագիտություն է սա վերագրել միայն մի հասարակության, մի երկրի, աշխարհի միայն մի անկյունի։ Ինչևէ, վերադառնանք համշենցիներին։ Այո, համշենցիներն իրենք չեն սկսել իրենց մասին պատմել երգի միջոցով։ Առաջինը դա արել է ազգությամբ լազ Քյազմ Քոյունջուն։ Նա Համշենի բարբառով մի երգ երգեց Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի վրա՝ Թուրքիայի հենց սրտում։ Այնտեղով անցնող համշենցիներն առաջին պահին պարզապես չհավատացին, որ այն, ինչ իրենք լսում են՝ իրենց մայրենին է։ Պարզապես կանգ առան ու սկսեցին լսել։ Քոյունջուն, ըստ իս, ոչ միայն համշենցիներին, այլև Թուրքիայի բոլոր ժողովուրդներին մի կտուրի տակ հավաքող մարդ էր։ Նա տարբեր լեզուները միավորում էր երաժշտությամբ։ Համշենցիները զգացմունքային հանրություն են, հետևաբար՝ արագ ոգևորվեցին այդ ամենից։ Գյուղերում համշենցի երեխաները սկսեցին երգել երգեր, որոնք մինչև այդ էլ գիտեին, բայց մարդաշատ տեղերում չէին կատարում։ Եվ հետագայում մի փոքր ավելի գիտակից ու կիրթ զանգվածը փորձեց այս ամենը մի քիչ ավելի բարձր մակարդակի բերել։ Սա է ամբողջ պատմությունը։

-Հայաստանի և Սփյուռքի հայությունը հաճախ Համշենն ու համշենցիներին քննարկելիս կենտրոնանում է նրանց կրոնական պատկանելության, էթնիկ ինքնության խնդիրների վրա։ Տպավորություն է, որ «Դուք ձեզ հայ զգո՞ւմ եք» հարցի շրջանակից դուրս չգալով մենք կորցնում ենք Համշենն այլ, իր հետաքրքիր ու ինքնատիպ դիմագծքվ լիովին բացահայտելու հնարավորությունը։ Այդ  զգացողությունը Դուք էլ եք ունեցել։

-Այո։ Դու ինքդ քո հարցին հրաշալի պատասխանեցիր։ Երկու կողմից էլ խնդիրը հենց այդ է: Մարդիկ անպայման պետք է կախում ունենան մի կրոնից, մի համայնքից, մի խմբից։ Եվ բոլորը ցանկանում են դիմացինին ինչ-որ մի տեղում տեղավորել՝ բնավ չկարևորելով նրա ապրելակերպը, նախընտրությունները, մշակույթը, նրա երգած երգերը, լեզուն և այլն։ «Դու հա՞յ ես», «Քեզ հայ զգո՞ւմ ես», կամ «Ի՞նչ բան է հայ լինելը» ․․․ Այո, այս հողերում հայ լինելը դժվար է, ավելին՝ այդ մասին պատմելն անգամ դժվար է։ Իսկ եթե համշենցուն տաս այդ հարցը՝ առավել ևս չի պատմի, նույնիսկ եթե պատմելու շատ բան ունի։ Չի՛ պատմի։ Եթե իմանա, որ դիմացինը դա միայն իրեն որպես մարդ ճանաչելու համար է հարցնում՝ գուցե և խոսի։ Սակայն և՛ այս երկրում, և՛ ամբողջ աշխարհում այսօր թիվ մեկ խնդիրներից է ռասիզմը, ազգայնականությունը, կրոնամոլությունը և ցանկացած այլ մի ռազմավարություն, որը թույլ է տալիս հեշտ ղեկավարել մարդկանց։ Ուզում եմ ասել, որ պետք է հեռու մնանք այս ամենից, բայց ինչպե՞ս՝ չգիտեմ։ Երևի շարունակենք երգել ու պատմել մարդկանց մեր մասին։

-Ձեր երգերից հատկապես «Կուզիմը» մեծ արձագանք է գտել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Այն կարծես դեպի Համշեն աշխարհ յուրահատուկ դուռ դարձավ աշխարհասփյուռ հայության համար։ Սպասո՞ւմ էիք նման արդյունքի և մտածե՞լ եք Հայաստանում համերգ ունենալու մասին։

-«Կուզիմն» իսկապես շատ հետաքրքիր դեպք է։ Այն չէի երգում մտադրությամբ, որ անպայման հիթ դառնա։ Խոփայից Յուսուֆ Վայիչը մի օր զանգեց ինձ  և ասաց, որ Խոփայում մի ռադիոալիք պետք է բացվի և այդ առիթով հատուկ մի նոր երգ են ցանկացել ձայնագրել։ Հեղինակը հենց Յուսուֆն է։ Մեր խմբի անդամներով, բոլորս միասին կազմակերպեցինք երաժշտական գործիքների ձայնագրումը, ես էլ երգեցի։ Իսկապես որևէ սպասում չունեինք։ Անցավ մոտ 1-2 տարի, պարզվեց, որ արտասահմանում բավականին մեծ արձագանք է ունեցել երգը: Ես նույնիսկ այդ մասին չգիտեի, անգամ Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկից զանգ ստացա։ Այդ նույն օրը բացեցի Յութուբն ու ի՞նչ տեսնեմ․․․ Անթիվ անհամար դիտումներ, հավանումներ և մեկնաբանություններ։ Հետաքրքիր է, որ ավելի շատ արձագանքել էին մարդիկ, որոնք իսկապես երաժշտությունը զգացել ու գնահատել էին, այլ ոչ թե նրանք, որոնք պետք է այդ երգի տակ վիճաբանություն սկսեին, թե արդյոք համշենցիները հա՞յ են, թե՞ ոչ։ Սա ինձ իսկապես զարմացրեց։ Հետո իմացա, որ Հայաստանում երգը մի քանի անգամ վերաձայնագրվել է։ Իհարկե, շատ կցանկանամ Հայաստանում համերգ ունենալ։ Մի քանի անգամ եղել են նման նախաձեռնություններ, բայց ավարտին չեն հասել։ Շատ լավ կլիներ, եթե հաջողվեր գալ, երգել և շնչել նաև այնտեղի օդը։

-Համշենցիների հարևան լազերը Թուրքիայում արդեն ունեն մայրենի լեզվով ուսուցման ծրագիր և կրթության նախարարության կողմից հաստատված դասագրքեր, մինչդեռ Համշենի հայկական բարբառը մի քանի տարի անընդմեջ շարունակում է հայտնվել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի՝ վերացման եզրին գտնվող լեզուների ցանկում։ Ձեր ստեղծած երգերն այս լեզուն ապրեցնող երգեր են, սակայն դա, ըստ Ձեզ, բավարա՞ր է եղած խնդիրները հաղթահարելու համար։

-Այո, լազերն ավելի հաջողակ են այս հարցում, որովհետև լազերենը գործածելը կամ, առհասարակ, լազ լինելը Թուրքիայում ավելի հեշտ է։ Մենք լեռնեցիներ ենք, ծովափին ապրող մյուս ժողովուրդներն էլ մեզ միշտ այդ աչքով են նայել. միշտ կար համոզմունքը, թե համշենցին ավելի կոպիտ, անմշակ է, սարեցի է։ Սա չի նշանակում, որ մենք նրանցից ինչ-որ բան ավելի կամ պակաս գիտենք։ Մեզանում էլ սարեցու այդ պիտակից ազատվելու համար տանը մարդիկ փորձում էին երեխաների հետ թուրքերեն խոսել, այլ կերպ ասած՝ ավելի «մեղմ» խոսել։ Մինչև հասկացանք, որ դա լավ տեղ չի տանում՝ բանը բանից անցավ։ Քյազմ Քոյունջուն էր, որ մեզ հիշեցրեց Համշենի բարբառի, մշակույթի, երգերի մասին, նա՛ բերեց այդ գիտակցությունը։ Արդյո՞ք երգարվեստը կօգնի փրկել այս լեզուն․․․ Կօգնի այնքանով, որ սերնդեսերունդ հիշվելու է, որ այսպիսի մի լեզու է եղել։ Այդ իմաստով՝ այո՛, կօգնի, այլևս անմահ է։ Սակայն արդյո՞ք սա կօգնի լեզվի կենդանի զարգացմանը։ Ցավում եմ, բայց երևի թե շատ երկար չկարողանանք կրել այս ամենը, որովհետև մի երգից, մի գրքի հրատարակումից զատ ուրիշ ոչինչ չենք անում: Մենք տանը Համշենի բարբառով չենք խոսում, որովհետև կենցաղում դրա կարիքը չեն զգում մարդիկ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ էլ մարդիկ մեկ այլ՝ «տնտեսական» կյանք են ապրում այժմ և այդ ապրելակերպի մեջ իրենց ինքնությունը, կրոնն ու լեզուն այդքան էլ չեն կարևորում։ Ցավոք, Համշենի բարբառը վերացման եզրին է, որովհետև մարդկանց առաջնային կարիքները ոչ թե ինչ-որ մի լեզու փրկելուն, այլ, օրինակ, տուն հաց բերելուն, ապրել կարողանալուն են առնչվում: Չէ՞ որ նրանք նաև պարտավորություններ ունեն։
Պետք է նշեմ նաև, որ Ստամբուլում գործում է համշենական «Հադիգ» միությունը,  որում գործունեություն են ծավալում շատ արժանավոր ու կարևոր մարդիկ, որոնք Համշենի լեզուն ու մշակույթը պահպանելու մեծ ջանք են գործադրում։ Այս ամենի համար պայքարող, շատ նպատակասլաց, գլուխները լավ աշխատող մարդիկ կան: Մենք էլ անում ենք այնքան, որքան մեր ուժերը ներում են, ամեն մեկն իր ուժերի ներածին չափով։ Ցավոք, այս երկրում քաղաքականությունը բազմաթիվ բարդություններ է ստեղծում, դժվարացնում շատ պարզ բաներ, սակայն մենք այստեղ ենք ապրում, շարունակելու ենք այստեղ ապրել ու մարդկանց ցույց տալ ճշմարտությունը:

 

Սոֆյա Հակոբյան

... ...