Երբոր երազն անմա՜հ է

«Ժողովուրդը գալիս է դեպի Նեմեսիսը...»

 

Կյանքի շարունակելիությունը, ազատության մարմնավորումը, բռնությունների կործանումը զենքով ու պայքարով ու վրեժով միայն կարող են տանել դեպի ծնունդ, դեպի հաղթանակ:

Շուշիի եկեղեցում Կոմիտասը չլռեց:

Դեռ հարյուր տարի առաջ, երբ մենք նույն գոյաբանական պայքարն էինք մղում, ինչն այսօր, Դանիել Վարուժանն իր սրտի երիտասարդական հույզերը, սերերը ճնշեց, որ երգի «ցեղին սրտի» վիշտը, պատմությունն ու ներկան, նախանշի ապագան, որ կերտվելու էր «հեթանոս» անցյալի վերածնումով:

Սա  պայքարի ոգեկոչման ժամանակ է, սա չլռելու ու վրիժառու դառնալու, չհամակերպվելու ու հաղթելու ժամանակն է:

Մեր սուրը թշնամու սիրտը խոցելիս չի կեռվելու այլևս:

1906 թվականին տպագրվեց Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուն, որ գոյապայքարի նոր ուղի էր ցուցանում, որ մեր՝ քրիստոնյաներիս մեջ պիտի արթնացներ պաշտամունքը դեպի Վահագնը, դեպի Նեմեսիսը՝ որպես գիտակցական զենքեր:

Յուրաքանչյուր հայ աղոթքի պես անգիր գիտի «Ձոն» բանաստեղծությունը: Մենք ողբի  ու կարոտի ժամանակ այլևս չունենք: Բանաստեղծը գրում է.

 

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.

-Քեզի ընծա՜, իմ հայրենիք-

 

Փառքով սկսվում է մեր պատմությունը ու շարունակվում է պայքարով, որ, թվում է, հավերժական է:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

-Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ-

Պատահական չէ, որ բանաստեղծի գրիչը եղեգնյա է. Արեգակնաչյա Վիշապաքաղը ևս ծնվել է եղեգնից: Վահագնը ռազմի, պայքարի խորհրդանիշն է: Վերնագրի ընտրությունը ևս պատահական չէ. դա նվեր չէ, այլ հենց ձո՛ն, ընծա՛, որ ամեն մեկին ու ամեն ինչ տալ չես կարող: Մենք իբրև ընծա բագինին ենք դրել ու հիմա էլ դնում ենք ամենանվիրականը՝ սերը հայրենիքի նկատմամբ:

Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Եղեգնյա գրչով ոչ թե գրում է, այլ երգու՛մ է վրեժ, պայքար, ու փողից բոց է դուրս գալիս: Որովհետև մենք Հորովելով ենք նորից ծնվելու: Որովհետև մեր մահն անգամ երգով է /«Ես երգելով կ՚ուզիմ մեռնիլ»/: Որովհետև Վարպետն ասում էր, որ մեր գուսանները երգել են մեր հաղթանակները:

Հայրենի հողն ընդունում է ընծան՝ պայքարի մղվելու պայմանով:

Դեռ հարյուր տարի առաջ Վարուժանն ամեն մի հայիս ենթագիտակցության մեջ քրտնաթոր ու դժվար ստեղծեց, քանդակեց, քանդակեց Նեմեսիսը: Դա նոր հավատամք էր, որ վերածնվեց ու արմատավորվեց ազգային գիտակցության մեջ:

Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այլև գաղափար, աշխարհայացք:

Սա հայի կռիվը չէ սոսկ: Սա մարդու ազատության կռիվն  է:

 

Պաշտէ՛ դահանակէ աչքերով աստուածուհին, ո՛վ Ժողովուրդ, 

երբ բռնակալութիւնները կործանես, կործանէ՛ այլեւս զինքն ալ, 

եւ դո՛ւն բարձրացիր իր պատուանդանին վրայ`շուշան մը ձեռքիդ մէջ:

 

Ժամանակն է կործանել բռնապետություններն ու բռնապետներին: Ազատությունը մեր ապրելու իրավունքն է: Այդ իրավունքը կարող ենք վաստակել միայն պայքարի գնով: Դեպի կյանք տանող ճանապարհը հարյուր տարի առաջ և այսօր եղել և մնում է զենքը («Հում... հում... հումանիզմ»): Երբ մեր հոգուն՝ մեր եկեղեցու գմբեթին վերք են բացում, մենք այդ բռնության դեմ զենք պետք է պարզենք:

Կը մըրմըռան բըռնութեան դէմ ծուփ առ ծուփ.
-Վըրէ՜ժ, վըրէ՜ժ, Նեմեսի՜ս:

Ահա Վարուժանը քայլ առ քայլ կերտում է Նեմեսիսի արձանը մեր մտածումի, մեր գիտակցության մեջ:

Եւ քանդակեց, քանդակեց,
Եւ քանդակեց, քանդակեց,
Ու աւասիկ ճոխ գանգուրներն այդ կընոջ
Զերդ ողկոյզներ իրար խըռնուած օձերու
Ուսերուն վրայ թափեցան:

Բանաստեղծական պատկերի այս նկարչական ճշգրտությունն ինքնանպատակ չէ ամենևին: Այդ կերպ պայքարը մեզ համար դառնում է ավելի շոշափելի, հաղթանակը՝ նվաճելի: Այդ պատկերը սոսկ գեղարվեստական իդեալ չէ, այլ գաղափարաբանություն, համոզմունք, ազգային ինքնագիտակցություն: Նեմեսիսը աստվածուհի չէ լոկ. Վարուժանը նրան ասում է՝ «Անվրիպելի՜դ, Վրիժուհի՜դ...»:

Հաղթանակն այլևս մեր ձեռքում է, որովհետև ոտքի է ելել ժողովուրդը՝ արժանապատիվ կյանքով ազատ ապրելու իր իրավունքի պաշտպանության համար:

Ժողովո՜ւրդն է, ժողովո՜ւրդն է, որ կու գայ.
Ճամբաներուն, փողոցներուն մէջ Քաղքին
Գետեր են որ թըխակոհակ կը հոսին.
Հարստահարուած ժողովուրդն է որ կու գայ.
Անոնք տեսան Նեմեսիսի վեհ արձանն,
Եւ քուրմեր են, վրէժի քուրմեր, եւ ահա
Անո՜ր, անո՜ր կը դիմեն:

Ժողովուրդն է, որի երազն անմահ է: Մենք լինելու ենք ու ցորեն ցանենք մեր պատմական  հայրենիքի դաշտերում:

Երբոր երազը կ’ապրի,
Երբոր երազն անմա՜հ է:

 

 

Հեղինակ՝ Վանուհի Բաղրամյան