Դեմիրճյանը խոսում է թատրոնի լեզվով կամ թատրոնն է խոսում Դեմիրճյանի լեզվով

Դարձյալ ապրելու անհնարինությունը հաղթելու մասին

Տարին հոբելյանական է, ու տոնն այս անգամ արձակագիրների ընտանիքում է։ Դերենիկ Դեմիրճյանը 145 տարեկան է։

Նրա տարեդարձը նշանավորվում է կազմակերպվող գիտաժողովներով, գրական  քննարկումներով, տարբեր միջոցառումներով։ Տուն-թանգարանում Դեմիրճյանին մոտենալու հնարավորություն է մեկ բաժակ կաթով սուրճը վայելելը ու դրա շուրջ խոսել, քննարկել, փորձել բացել արձակագրի տողատակերը, ընդգծել գլխավոր դասերը՝ որպես օրերիս հրամայական։

Թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանի նախաձեռնությամբ այս անգամ  տարեդարձն են նշում հայտնի արձակագրին հայ բեմում գտած թատերական աշխարհի գործիչները: 

Դեմիրճյանը խոսում է նաև թատրոնի լեզվով կամ թատրոնն է խոսում Դեմիրճյանի լեզվով։

Հնչեց երրորդ զանգը։ Վարագույրը բաց է։

«Բեմում են» Վահե Շահվերդյանը, Ժիրայր Դադասյանը, Սարինա Աֆթանդիլյանը։

Նրանք խոսում են այն մասին, թե ինչպես հասան Դեմիրճյանին, ինչո՞ւ ընտրեցին նրան, ինչո՞ւ է այսօր կարևոր նրա խոսքը հայ թատրոնի բեմում, ինչո՞ւ է հայ հանդիսատեսին պետք դեմիրճյանական թատերարվեստը։

Վահե Շահվերդյանը երկար ժամանակ ուզում էր բեմադրել «Վարդանանքը»։ Մի վեպ, որի բեմադրությունը կարծես անակնկալ չէ մեզ համար։ Մտածելով «Դատաստանի» և «Վասակի» շուրջ՝ ի վերջո որոնումները նրան տարան դեպի «Երկիր հայրենի»։ Դա  վերջին պատերազմի օրերին էր։

Վահե Շահվերդյանը պատմում է․ «Չէի կարող զենք առնել, հայտնվել ռազմաճակատում․ դրանով  արդյոք կօգնեի՞, թե՞ կխանգարեի։ Հիշեցի մեր մեծերի խոսքը․ որոշեցի իմ գործով հաղթել»։ Եվ իսկապես, թիկունքում կռվեց ու հաղթեց՝ բեմում։

Թերթելով «Երկիր հայրենիի» էջերը՝ Աճեմյանը հառնեց աչքերի առաջ։ Հիշեց, նորից կարդաց։ Ցավալիորեն եկավ այն մտքին, որ գաղափարներ կան՝ դեռ կենսունակ են։ Ուրեմն պետք է բարձրաձայնել դրանք։ Հաշվի առնելով ժամանակի պարտադրանքը՝ զտեց, որպես բեմական գործ բեմադրեց և ներկայացրեց այսօրվա Հայաստանի  վերքերը։ Բեմադրիչի համոզմամբ՝ ոչ մի պիես՝ գրված պատմական թեմայով, այսօրվա հնչեղությունը չունի, ինչպես «Երկիր հայրենին» է։ Նույնն է աթոռակռիվը, այդ իշխանատենչ լինելու մարմաջը, որ, ավաղ, դարերի խորքից է գալիս։ Վեստ Սարգիսները մեր հասարակության մեջ ապրող են, գործող են։ Նրա կերպարով ասելիքը  շատ է․ ամենաժամանակակից հնչեղությունը հենց այդպիսի կերպարի լիարժեքության մեջ է։

«Համախմբվե՛ք, միացե՛ք»․ կոչ է անում հեղինակը։ Այս տողերը, որ կարծես այսօր են  գրվել, դարձան ոգեշնչման հիմքը։ Բեմադրության մեջ Գագիկ թագավորը ցանցի մեջ է։ Բեմում տարբեր տեսարաններ խաղում են հենց այդ ցանցի մեջ։ Մի՞թե այսօր Հայաստանը դուրս է եկել այդ ցանցից։ Վերադառնում է պատերազմից, դարձյալ ցանցի մեջ է։     Որովհետև չի վերջացել․ «Է՜հ, վերջացա՞վ․․․ չէ՛, չվերջացավ․ շարունակվու՜մ է․․․ շարունակվու՜մ է․․․»։

Բայց հանուն արդարության տեսնենք նաև, որ կյանքը ևս շարունակվում է։ Դեմիրճյանի հայը վիրավոր արծվի նման կարող է թպրտալ ցավից, բայց նորից պատրաստ է թռիչքների։ Ինչպես «Գիրք ծաղկանցում», ցորենի փոխարեն գիրքը փրկվեց ու հասավ պատմության մի ինչ-որ նոր ժամանակ, այդպես էլ մենք ենք փրկվել ու հասել 21-րդ։ Հրա՞շք է, հարցրեք Ժիրայր Դադասյանին։ Նրա ստեղծագործական սխրանքը «Գիրք ծաղկանցի» բեմադրությունն է։ Կան գրականագետներ, որոնք այն դասում են հայ գրականության փոքր արձակի լավագույն երեք գործերի շարքին։ Դադասյանը «Գիրք ծաղկանցը» պատկերացրել է որպես ռադիոտարբերակ, ֆիլմ, բեմադրություն։ Մի բան հստակ էր․ «Գիրք ծաղկանցը» լինելու էր։ Եվ եղավ Երևանի Մնջախաղի պետական թատրոնում։ Եվ սա էլ դարձյալ ապրելու անհնարինությունը հաղթելու մասին է։

Աստղի՜ ի՜ ի՜ մը յերկնուց ի վա՜ ա՜ ա՜ր կու սիրե ձկնակն ի ծովու ու՜ն․․․

Ո՛, ո՛չ աստղիկն է ի վաա՛ր գալու ո՛, ո՛չ ձկնակն ի վե՛ ե՛ր գնալու․․․

Անհնա՞ր է այդ երկուսի սերը։ Բայց չէ՞ որ այդ հիմքով է կառուցումն ամուր։ Հավատանք հրաշքին կամ գուցե սիրո ուժին, որ երկնքից աստղն ընկնում է ձկնակի սիրո ուժով։ Ու կկառուցվի սիրո վրա քաղաքը․ «Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք»։ Այսօր էլ թվում է՝ չորս բոլորը խավար է ու անապատ։ Բայց վերակառուցումն անխուսափելի պետք է դարձնենք։ Դա սկսվել է թատրոնում։

Դեմիրճյանի թատերական կյանքում շատ կարևոր է Սարինա Աֆթանդիլյանի աշխատանքը։ Նա տարիներ առաջ բեմադրեց Դեմիրճյանի լիբրետոյով գրված «Սասունցի Դավիթ» օպերան։ Այն ներկայացվեց Շուշիում, ռեալական դպրոցի բակում՝ բացօթյա. սեպտեմբերն էր, Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներն էին։ Շուշին սպասում է, որ այնտեղ կհնչի հերոսավեպը։ Օպերայի հեղինակը Հարո Ստեփանյանն է։ Ըստ Սարինա Ավթանդիլյանի՝ «Սասունցի Դավիթը» բացառիկ երևույթ էր, բայց երբևէ չէր բեմադրվել: Եվ Դեմիրճյանի գրած լիբրետոն այդպես էլ մնացել էր անհայտ,  անգամ չէր տպագրվել: Դեմիրճյանն ու Հարո Ստեփանյանը ևս մեկ անգամ իրար գտել են օպերային բեմում, և ստեղծվել է «Քաջ Նազար» օպերան՝ Դեմիրճյանի պիեսի հիման վրա, Հարո Ստեփանյանի երաժշտությամբ։ Սարինա Աֆթանդիլյանի գնահատմամբ «Քաջ Նազարը» հայկական առաջին սոցիալ-երգիծական օպերան է։ Նա պատմում է․ «Գնացի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։ Ուսումնասիրելով Հարո Ստեփանյանի օպերաները՝ հանկարծ գտա «Քաջ Նազարի», «Սասունցի Դավթի»   ձեռագիր պարտիտուրները: Կարդալով նոտաները՝ տեսնում էի Դեմիրճյանի տողերը՝ մեկ առ մեկ»։ Աֆթանդիլյանը, օրեր շարունակ թանգարանում անցկացնելով, արցունքն աչքերում՝ մեկնեց, բացեց, վերծանեց անհրաժեշտ նյութերը։ Արդյունքը՝ Շուշիում հնչեց «Սասունցի Դավիթ» օպերան։

Ուրեմն չի վերջացել։ Ուրեմն երրորդ զանգը հնչում է որպես «Սասունցի Դավիթ» օպերա ու դեռ հնչելու է Շուշիում՝ մեր դպրանոցներում ու ամրոցներում։

 

Վանուհի Բաղրամյան