Անհայրենիք այրեր

Ձեր ժանգապատ հոգին դարին դրոշ պարզած`

իբրև արդարացում ձեր բղջախոհ վարքի,

օրվա հացի նման վկայում եք նրանց,

որոնք դիտորդ եղան դժվար մեր ընթացքին՝

փակված իրենց հոգու մամռոտ դղյակներում:

Նրանց համար չկար անցյալ կամ պատմություն,

իսկ արյան տեղ նրանց անգո երակներում

ճահճացել էր, կարծես, դեղին դատարկություն:

 

Նրանց համար կային ոսկու շողուն շեղջեր,

կային հարճե՜ր, հարճե՜ր՝ օձապտույտ պարող,

և գահամերձ բարձի բանսարկառու վեճեր,

բայց ոչ երբեք ոգին՝ երկինքն ի վեր տանող:

Նրանց մտքում մաղձն էր արյունածոր դարի,

և անցյալի ժանգն էր աստծո անեծքի պես,

ստվեր դարձան նրանք, ուրու անհայրենիք,

իսկ ժանգապատ հոգին փնտրել՝ գտել է ձեզ:

 

Նրանց նման դուք էլ, անհայրենի՛ք այրեր,

նախընտրում եք ոսկին և հարճերին ճկուն,

կյանքը տրված է ձեզ իբրև անվերջ վայելք,

իբրև մեղսոտ հեշտանք սիրունների գրկում:

Բայց գիշերվա ձեր զեխ սեղանների նման,

Որ գարշանք են բուրում ու գաղջ՝ լուսադեմին,

կանցնեք դուք էլ, ինչպես ծանր մի մղձավանջ,

ինչպես գնչուների թափոր անհայրենիք:

 

9-12. 02. 2019 թ.

Գառնի-Երևան

                                                                                                                                                                        

Թվում է՝ վեր ենք անհայտությունից, բայց անհայտության գերին ենք, իրավ,

Կարծես թե տերն ենք մեր ճակատագրի, բայց քմահաճ է նա և անիրավ:-

Երկնայի՛ն, ի՞նչ ես սահմանել դու ինձ. առաքելություն մահկանացուի՞,

Թե՞ նահատակի երկնային ուղի, որին երկրային հոգսերը տարան:

 

30. 03. 2018 թ.

Երևան

 

Ժողովուրդները մեծ մանուկներ են, մանուկների պես՝ խենթ ու եսասեր,

Հեքիաթի փոքրիկ հերոսի նման երազի հետքով կարող են վազել,

Իսկ թե խաբում են, հեգնում նենգորեն, նման են վարար գետի հորձանքի,

Որ, տապալելով ճամփին ամեն բան, շարունակում է նորից երազել:

 

31. 12. 2018 թ.

Գառնի

 

Տիեզերական ժամանակի մեջ դու ակնթարթ ես` կայիր և չկաս,

Տիեզերական տարածության մեջ դու մի հյուլե ես՝ և՛ կաս, և՛ չկաս,

Քո շուրջն է, սակայն, իր ծիրը գծում ամենայն Ոգին տիեզերական,

Տիեզերքն անհուն քեզնով է լցվում, դու ես հավերժի մեն-միակ վկան:

 

1-2. 09. 2019 թ.

Գառնի