«Ես Արա Գյուլերն եմ»

Ջուրը վերջապես իր ճեղքը գտավ

Պոլսի հենց սրտում՝ Իսթիքլալ պողոտայի վրա՝ Գալաթայի աշտարակ չհասած է գտնվում հազարամյա քաղաքի մերօրյա ամենահարգի հանդիպման վայրերից մեկը՝ «Արա կաֆեն»։ Այստեղ երբեք պատահական մարդկանց չես հանդիպի․ զուսպ, ճաշակով ու աչք շոյող, ինչպես «Արա կաֆեի» ներքին հարդարանքն է։

Մի բան էլ կա․ որքան էլ կարևոր ու պատվելի անձ լինի այստեղ եկած  մտավորականը կամ հասարակական ու նույնիսկ քաղաքական գործիչը, սրճարանում նստած լինելու ընթացքում ոչ մի պահ նրա ինքնավստահությունը չի գերազանցում ներքին զսպվածությանը, որովհետև բոլորն այստեղ եկել են նրա՝ Վարպետի մոտ։ Ու կարևոր չէ, թե Վարպետն այդ օրը սրճարանում է, թե՞ ոչ։ Բոլորը Վարպետի հարկի տակ են, և, հետևաբար, բոլորը գիտեն իրենց տեղը։

Վարպետը, չնայած իր անկանխատեսելի, հակասական ու երբեմն ցենզուրայի բոլոր սահմաններն անցնող անկեղծությանը, այստեղ միշտ ակնածանքի ու հարգանքի բոլոր դրսևորումների ուղիղ կենտրոնն էր․․․

Տարիների ընթացքում միայն մեկ անգամ համարձակվեցի մոտենալ Վարպետին։ Շատ երկար էի մտածել, թե ինչ եմ ասելու, երբ հերթական անգամ տեսնեմ սրճարանում։ Բայց կարողացա միայն արագ գրկախառնվել ու ասել․ «Վարպե՛տ, Հայաստանում Ձեզնով շատ ենք հպարտանում»։ Իրեն հատուկ ոճով՝ միայն փնթփնթալով, ասաց․ «Հա՛, հայերս տաղանդավոր ենք, ուղղակի ուրիշ ճար չունենք»։

Հետո պիտի հասկանայի, որ Վարպետը չէր փիլիսոփայել։ Շատ ուղիղ էր ասել, որովհետև Թուրքիայում հայ լինելը հենց դա է։

Վերջերս մեկ այլ տաղանդավոր պոլսահայ՝ Արտո Թունջբոյաջյանը, իդեալական նկարագրեց դա․ «Ինձ համար այստեղ հայ լինելու ամենամեծ դրական կողմը դա է։ Անհնարինության մեջ, այն էլ՝ չնայած նրան, որ ինքնությանդ պատճառով քո դեմ բացասական վերաբերմունք կա, դու ստեղծում ես դրական մի բան, բոլորին օգտակար մի բան․․․ Սա ինձ համար շատ իմաստալից, շատ մեծ բան է։ Ինձ համար հայությունը հենց այս միտքն է, որ կա»։

Արա Գյուլերն այս ամենի մեջ գուցե բավականին հակասական, բայց շատ կարևոր կերպար էր։ Ամենից առաջ՝ հողին, այդ հողի մեջ չափազանց խորը ձգվող արմատներին, ավանդույթին, քաղաքային իր մշակույթին, ինքն իրեն կառչած մնալու պատմություն է Գյուլերի պատմությունը։

Ի դեպ, երբեք չի փայլել իր հայրենասիրությամբ։ Երբեք չի փորձել Հայաստան այցերի ժամանակ ասել մի բան, որը Թուրքիայում կնախընտրեր չասել։ Նա երբեք ու ոչ ոքի չփորձեց հաճոյանալ։ Անկախ նրանից՝ ընդունելի ու տրամաբանական էր դա, թե ոչ, միշտ մնաց այն, ինչ կար․ թուրքերի մեջ՝ հայ, հայերի մեջ՝ Թուրքիայի քաղաքացի։ Ո՛չ մի, ո՛չ մյուս խմբի ներսում հակառակ կողմի համար չէր ամաչում կամ արդարանում։

Հետաքրքիր ու զվարճալի էր հետևել նրա պահվածքին, կյանքում, արվեստում ու այդ երկրում նրա զբաղեցրած դիրքին։ Ո՛չ իրեն մրցանակներ շնորհողներին, ո՛չ իր մասին հիացմունքով գրող թուրք լրագրողներին, ոչ էլ անձամբ իր կեցավայր հրավիրած Թուրքիայի նախագահին մեկ անգամից ավելի շնորհակալություն ասելու սովորություն չուներ։ Կարծես հենց այդպես էլ պետք է լիներ ու կարծես չկար դրանից ավելի բնական բան։ Կարծես բոլորին անխոս, գուցե և իր կամքից անկախ սովորեցնում էր, որ իր էթնիկ պատկանելությունն ու մեծ հաջողությունն իրար չպիտի հակասեն այդ երկրում և ընկալվեն ոչ թե որպես արտառոց, այլ՝ ամենաբնական բանը։

Հատկանշական է, որ երբեք որևէ քաղաքական բանավեճի ներկա չեմ տեսել Գյուլերին, սակայն ինձ միշտ թվացել է, որ նրա ինքնավստահ ու խիստ, բայց չափազանց խաղաղ դիրքը բոլորին, կարծես, ասում էր․ «Ես միշտ եմ այստեղ եղել, 5000 տարի է այստեղ եմ, իսկ դո՞ւք»․․․

«Ստամբուլի աչքը» քաղաքի վերջին մեկ դարում քաղաքային պատմության, դրա ուրախ ու տխուր էջերի հետ զուգընթաց էր քայլել, և թե՛ որպես պոլսեցի, թե՛ որպես լրագրող ապրել ու մարսել էր դրա բոլոր վերելքներն ու գահավիժումները։    

«Շատ լավ եմ հիշում այդ օրերը։ 1955 թիվն էր։ Ես էլ պիտի բացօթյա թատերական ներկայացում լուսանկարեի։ Իսթիքլալ պողոտայով քայլում եմ, մեկ էլ ի՞նչ տեսնեմ։ Չորս կողմը ջարդում-փշրում են հայերի ու հույների գույքը։ Մարդիկ, խանութների ցուցափեղկերից ներս լցվելով, նոր հագուստները հագնում, դուրս էին գալիս։ Դա թալան էր, իսկական թալան»։ 1955-ի այս դաժան  հիշողությունների մասին Գյուլերը պատմում էր 2014-ին՝ թուրքական «ՍուպերՀաբեր» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Այդ օրերին, սակայն, Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասում հայերին պատկանող ու միակ չվնասված խանութը Գյուլերների դեղատունն էր։

«Հորս դեղատունը դարձրել էին առաջին բուժօգնության կետ, դրա համար ձեռք չէին տվել։ Մինչև սեպտեմբերի 7-ի առավոտը 73 եկեղեցի, 5538 խանութ ու արհեստանոց էին գետնին հավասարեցրել»։

Գուցե և «Ստամբուլի աչք» հռչակվելու, Պոլիսն այդքան յուրահատուկ ու խորը զգալու և ներկայացնելու գաղտնիքը հենց այս հակասական քաղաքի հակասական պատմությունների կիզակետում ապրած կյանքն ու այդ ամենի մեջ առանձին «գույները» նկատելու ունակությունն էր։ Գյուլերը չէր լուսանկարում, նա առաջին հերթին պատմում էր ինքն իր, իր ինքնության մեծագույն մասը կազմող վայրի մասին, ցույց տալիս իր՝ պոլսեցու, «թուրքիացու», հայի ու այլ միախառնված ինքնությունների՝ միայն իրեն հայտնի գեղեցիկ ու տկար, շքեղ ու թշվառ անկյունները, հպարտությունն ու ամոթը։ Ինքը Ստամբուլն էր, Պոլիսն իր մեջ էր, ինքն էլ՝ Պոլսի։ Երբեմն՝ երջանիկ ու գույնզգույն, երբեմն՝ ջղաձգված ու չհասկացված, երբեմն՝ մի մեծ ձուլարանի նմանվող հսկան իր ամեն փողոցով, ամեն անկյունով ու իրարից այդքան տարբեր մարդկանցով՝ Գյուլերի անձնական պատմությունն էր։
Թուրքական «Հաբեր Թյուրք» պարբերականին տված հարցազրույցում Գյուլերը տարիներ առաջ խոստովանել էր, որ «Նոր Ստամբուլ» թերթում առաջին գրական փորձերը հրապարակում էր «Ալի Իհսան» ծածկանվամբ։ 

«Պարզ չէ՞, թե ինչի համար։ Մտածեցի՝ հայ լինելուս համար ինձ լուսանցքից դուրս կդնեն։ Բայց մրցույթն անցնելուց հետո գնացի ու ասացի՝ Ես Արա Գյուլերն եմ»։

Ու այդպես՝ տասնամյակներ։ Թուրքական մամուլը հենց այդ հայկական անունով էլ ստիպված եղավ հայտնել նրա մահվան լուրը՝ գրելով այն «աշխարհի լավագույն լուսանկարիչներից մեկը», «մեր երկրի հպարտությունը», «Ստամբուլի աչքը» և այլ որակումների կողքին։ Պիտի գրեին, որովհետև Վարպետը նրանց այլընտրանք չէր թողել։ Եվ թո՛ղ շարունակեր այդ երկրում պաշտոնական պատմագրությունը հայերի մասին խոսել՝ ինչ ուզեր։

Գուցե սա է պատճառը, որ ինձ համար Արա Գյուլերի հետ կապված ամենահուզիչ ու ամենախոսուն պատմությունը բնավ Պոլսի հետ կապ չունի, իսկ նրա ամենակարևոր ու հպարտություն ներշնչող կոչումը բնավ «Ստամբուլի աչքը» չէ․․․

«Հայրս շապինgարահիսարցի էր, մայրս՝ Ստամբուլից։ Հորական կողմից ոչ ոք չունեինք։ Մարդը որբ էր մնացել։ Ընտանիքը մինչև այդ նրան գիշերօթիկ դպրոցում էր տեղավորել, դրա համար էլ փրկվել է։ Դպրոց գնացած չլիներ՝ նրան էլ էին սպանելու։ Շատ մեծ ողբերգություններ են եղել այս երկրում։ Սա Աստծո պատիժ երկիր է, երբեք հայտնի չի եղել, թե վաղը ինչ կլինի»,- մի առիթով իր ընտանիքի պատմությունն էր հիշել Վարպետը։

Երկար ժամանակ նա հայրենի Շապին Գարահիսարի հետ առանձնապես ամուր կապերով կապված չէր։ Նույնիսկ շատ ավելի ուշ է գլխի ընկել այցելել, քան աշխարհի տասնյակ քաղաքներ, այն էլ՝ հոր խնդրանքով։

«Մի օր հայրս ասաց․ «Ամբողջ աշխարհը պտտվում ես, հայրական գյուղդ քեզ չի՞ հետաքրքրում։ Ասացի՝ գնա՛նք։ Հայրս փնտրեց իր տունը, չգտավ։ Եկեղեցին փնտրեց, չգտավ։ Մի աղբյուր կար, որտեղ նա մանկության տարիներին սիրում էր լվացվել, գյուղացիները տարան այնտեղ, լվացվեց։ Տեսնեմ՝ հայրս լաց է լինում։ Հետո Սվազ վերադառնալու համար մեքենա գտանք, ճանապարհին հայրս հանկարծ ասաց․ «Ա՛հ, մոռացա։ Այստեղի դափնեկեռասը շատ նշանավոր է։ Երբ մայրս ինձ Ստամբուլ սովորելու ուղարկեց, դրանք ուտելով եմ հասել քաղաք։ Հայրենիքի հանդեպ սերս այդ կեռասով է սկսվում։ Հե՛տ գնանք, առնե՛նք»։

Ասացի․ «Հայրի՛կ, Աստվա՛ծ սիրես, 100 կմ ճանապարհ ենք եկել, կեռասի համար 100 կմ էլի հետ, հետո նորից 100 կմ այս կողմ պիտի քշենք, լույսը կբացվի։ Մի ուրիշ անգամ կառնես»,- հիշում էր Գյուլերը կյանքի ամենակարճ, բայց բեկումնային ճանապարհորդություններից մեկը։

«Հայրս 4 ամիս անց մահացավ։ Թաղման օրը Ստամբուլի մեր տան դուռը ծեծեցին։ Անծանոթ մարդիկ ասացին, որ Տաճատ Գյուլերին են փնտրում։ Ասացի, որ մահացել է, եթե ուզում են՝ իրենք էլ թող գան թաղմանը։ Իրենց հետ մի սնդուկ էին բերել։ Բացեցին՝ մեջը դափնեկեռաս։ Շապին Գարահիսարում հորս հյուրընկալած գյուղացիներն էին։ Ամբողջը լցրեցի գրպանս, գնացինք։ Հենց հորս պիտի հողը դնեին՝ ասացի, որ դագաղը բացեն։
«Չի՛ լինի, կրոնին դեմ է»,- ասացին։
Նորից պնդեցի։ Բացեցին, լցրեցի կեռասները․․․․»։

Ամեն անգամ այս պատմությունը կարդալիս չի լինում չվերհիշել Հրանտ Դինքի՝ «Ջուրը վերջապես իր ճեղքը գտավ» արտահայտությունը։ Վարպետն էլ, ի վերջո, գտավ իր ճեղքը՝ Ստամբուլի նշանավոր հայկական գերեզմանատներից մեկում։ «Ստամբուլի աչքը» հանգավ Ստամբուլում, սակայն մի վայր էլ կա, ուր նրա անունը դեռ երկար կհիշվի։

2018 թվականին Շապին Գարահիսարի մարզպետարանը որոշեց մարզի համանուն վարչական կենտրոնի փողոցներից մեկն անվանակոչել Արա Գյուլերի՝ իրենց իսկ խոսքով՝ «մեր պատվավոր համաքաղաքացու» անունով։ Այն «համաքաղաքացու», որի հայրը ողջ մնաց այդ քաղաքում կոտորածի օրը գիշերօթիկ դպրոցում գտնվելու շնորհիվ։ Այն քաղաքում, որտեղ ամեն օր դպրոցներում օրը սկսվել ու սկսվում է «թուրք եմ, շիտակ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդումով։ Այն քաղաքում, որտեղ մի ժամանակ որոշել էին, որ «արաները» պիտի այնտեղ էլ չքայլեն։

Բայց․․․ Նա եկավ ու ասաց․ «Ես Արա Գյուլերն եմ»․․․