«Պետք է հայրենիքդ ճանաչես ու սիրես, որ չկորցնես»․ Սամվել Կարապետյանի խոսքի ու գործի միասնությունը

Նրա համար կարևորը հայկական հետքը գտնելն էր

«Մենք ազգ ենք, բայց չունենք ազգային հասարակություն. Չունենալով ազգային հասարակություն՝ մենք չունենք ազգային երազանքներ։ Երևի մոտ 30-35 տարի է, որ այս միտքն ու զգացողությունն իմ մեջ կա, որ մենք ապրում ենք առանց երազանքների։ Իմ կարծիքով, հարցերի հարցը երազանքներով չապրելն է։ Էստեղ է չարիքի բույնն, իմ կարծիքով։ Մեր առջև շատ հստակ նպատակ և երազանք պիտի ունենանք, և սա կապրեցնի մեր ազգը։ Նման ենք մի նավի, որի փարոսը կա, բայց իր համար կարևոր չէ, և  նա խարխափում է ծովի մեջ։ Էդ լույսը պիտի տեսնենք ու գնանք դեպի լույսը, նպատակ պիտի ունենանք։ Շատ հստակ պիտի ձևակերպենք մեր անելիքները, հայրենի՞ք ենք հետ բերում, ա՞զգն ենք շատացնում, և որի համար ի՞նչ է պետք անել։ Նպատակային պիտի ապրի ազգը, երազանքով»․․․  

Դեռ տարիներ առաջ, «Երեվակ» լրատվական-վերլուծական խմբի կազմակերպած հանդիպումներից մեկի ժամանակ էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանը բարձրաձայնել այս միտքը, որն այսօր հնչում է է՛լ ավելի փշոտ, բայց և իրական ու այժմեական։ Այդպիսին էր ինքը՝ Սամվել Կարապետյանը, որին ընկերները հաճախ նկարագրում են որպես անկեղծ ու «փշոտ» բնավորությամբ եզակի նվիրյալ։

Հուշարձանագետ, պատմաբան, քարտեզագիր, բանահավաք և պարզապես Հայաստան աշխարհի նվիրյալ Սամվել Կարապետյանի խոսքի, խորհրդի և վճռականության կարիքն այսօր ունենք ավելի, քան երբևէ։

Կարապետյանը, որ ԵՊՀ ընդունելության քննություններից կտրվել էր հենց «ԽՍՀՄ պատմություն» առարկայից, և որն իր աշխատանքային ուղին սկսել էր Երևաննախագիծ ինստիտուտում՝ որպես բանվոր, թևաթափ լինելու փոխարեն իրեն հատուկ հանգստությամբ ու վստահությամբ ինքն իր համար գծեց իր երկար ճանապարհը՝ սկսելով հենց Արցախ աշխարհից՝ ուսապարկում ունենալով միայն Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունը։

«Հյուսիսային Արցախ», «Արցախի կամուրջները», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Մռավականք»․․․    

Քարվաճառի հանձնումից ժամեր առաջ Հանդաբերդի կողքով անցնելիս, հայրենի լեռների ամեն մի ծալքին, ամեն մի ծառին անորոշ ժամանակով հրաժեշտ տալիս, վերստին արձանագրում էի, որ Կարապետյանի ահռելի աշխատանքն ու նվիրումը, որի մի մասը միայն հասցրեց ամփոփել այս արժեքավոր աշխատություններում՝ այլևս մեկական կոթողներ են։

Արցախը Սամվել Կարապետյանի համար միշտ առաջնահերթություն էր։ Պատահական չէր, որ 1990-ականների սկզբին նա ընդհատեց Վրաստան իր գործուղումն ու առանց վարանելու մեկնեց Արցախ, որտեղ դեռ պատերազմի ծուխը չմարած՝ շտապում էր անմահացնել մեկը մյուսի հետևից ազատագրվող Ջրականի, Կովսականի, Քաշաթաղի, Քարվաճառի՝ տասնյակ տարիներ գերության մեջ մնացած պատմամշակութային գանձերը։ Ի վերջո, առաջին իսկ օրից չէին դադարում խոսակցությունները, որ տարածքները կարող են վերադարձվել Ադրբեջանին։ Սամվել Կարապետյանի ներքին ձայնը, փաստորեն, ճիշտ էր հուշում՝ ժամանակն իսկապես շատ սուղ էր, իսկ այդ ժամանակահատվածում արված բացառիկ ուսումնասիրություններն՝ անգին։

«Շատ մեծ փորձություններով էին լի այդ ճամփորդությունները։ Քարվաճառի գյուղերից մեկում հուշարձանն ուսումնասիրելուց հետո Սամվելն իջնում է դեպի գյուղ, ճանապարհին հանդիպում է հայ զինվորական մի փոստատարի։ Սամվելը հասնում է գյուղ, հաջորդ օրն իմանում է, որ այդ նույն ճանապարհով անցած  փոստատարն ականի վրա պայթել է։ Միշտ ասում էր՝ բախտս բերեց, որ ողջ մնացի։ Նման դեպքեր շատ են եղել», - հիշում է հուշարձանագետի այրին՝ Էմմա Աբրահամյան-Կարապետյանը։

Մինչև այդ արդեն հասցրել էր Խորհրդային Ադրբեջանի տարածքում իրականացնել բազմաթիվ գիտարշավներ, որոնց մեծ մասն, իհարկե, ավարտվում էր այդ երկրի ազգային անվտանգության նկուղներում օրեր անցկացնելով։ Կարապետյանը, սակայն, Բարխուդարյանցից հետո առաջին ու երևի թե վերջին հայ ուսումնասիրողն էր, որին հաջողվեց բացահայտել Կուրի ձախ ափի հայկական բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Փորձություններով լի այդ գործուղումների ընթացքում կատարած բացահայտումների մի մասը հետագայում ամփոփվեց նրա՝ «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» աշխատության մեջ։

«Աղվանքյան ճամփորդությունները ևս վտանգներով լեցուն էին: Հիշում եմ, որ ասում էր. «Կար գաղտնի հատուկ հրահանգ, որով ոչ միայն արգելվում էր Ադրբեջանում նկարել հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, այլև հրամայված էր ձերբակալել լուսանկարչական ապարատ ունեցող ցանկացած օտար մարդու: Առաջին անգամ, երբ ինձ ձերբակալեցին՝ ես մազեր ունեի։ Հաջորդ տարի, երբ նորից ձերբակալեցին՝ էլ չունեի։ Դրա համար ինձ չճանաչեցին», -պատմում է տիկին Էմման՝ անկեղծանալով, որ իր ամուսինը, փաստորեն, հայրենիքին ու սիրելի գործին տվեց ամենաթանկը՝ առողջությունը։

Վերջերս Սամվել Կարապետյանին նվիրված երևանյան հուշ-երեկոյի ընթացքում  Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերհիշեց, որ Վրաստանի «սև ցուցակում» հայտնվելն ու մուտքի իրավունքից զրկվելը Կարապետյանին ոչ միայն չէր հուզում, այլև հաճոյախոսություն էր նրա համար։ Չէ՞ որ ինքն արդեն հասցրել էր ուսումնասիրել պատմական հայրենիքի ամեն քարն ու կածանը։ Սարգսյանը նաև չի մոռանում փաստել, որ Սամվել Կարապետյանի ավագ ընկեր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր նախագահ, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանի՝ մահից առաջ իրեն ուղղված ամենակարևոր խնդրանքն էր՝ Սամվելին մենակ չթողնես։ Այդ ժամանակ, ինչպես Նարեկ Սարգսյանն է նշում՝ մի ամբողջ նախարարության աշխատանք կատարող Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, որը Սամվել Կարապետյանը ղեկավարում էր դեռ 1998-ից, փորձում էր ինքնուրույն իրականացնել կարևորագույն ու համազգային նշանակության շատ նախագծեր։ 

«Նա երբեք չէր արտահայտվում գնահատված լինել-չլինելու վերաբերյալ, չէր մտածում այդ մասին։ Նրա համար կարևորը հայկական հետքը գտնելն էր։ Անգամ մի քանի տարի առաջ, երբ նրան ասացին, որ ներկայացնի իր գործերը ինչ-որ կոչում ստանալու համար, Սամվելն ասաց՝ Ես ժամանակ չունեմ դրա համար։ Դրանից իմ աշխատանքը կտուժի։ Վերջին օրերին ասում էր. «Էմմա ջան, ինձ բան չի լինի, քանի որ ես էնպիսի տեղերում եմ եղել, ուր ոչ ոք չի եղել։ Ես պարտավոր եմ դրանք մեջտեղ բերել, ցույց տալ, թե մենք ինչ արժեքներ ենք ունեցել, մեծ մասը, երևի, կորցրել ենք արդեն, բայց մարդիկ պիտի իմանան, թե ինչ ենք կերտել մենք»։ Հենց Բուն Աղվանքը նկատի ուներ։ Բայց, ցավոք սրտի, շատ դաժան ստացվեց», - ասում է հուշարձանագետի այրին՝ վստահ լինելով, որ թեև Արցախյան 44-օրյա պատերազմն  ու հետպատերազմական փուլը Սամվել Կարապետյանը բոլորից ծանր կտաներ, բայց, վստահաբար, կդիմանար ու էլի անսասան կմնար իր առաքելության մեջ։

«Իր համար կարևորը հայրենաճանաչությունն էր։ Միշտ ասում էր՝ հայրենիքդ պիտի ճանաչես ու սիրես, որ չկորցնես։ Պետք է շարունակել ճանաչել, այսօր եթե ողջ լիներ՝ սա խորհուրդ կտար», -վստահ է Էմմա Աբրահամյան-Կարապետյանը։

 

Սոֆյա Հակոբյան