«Լաոն, ի վերջո, պիտի զարթնի՞»․ Մալաթիայի ծիրանն ու Էրգրի արդարությունը

Մենք պիտի ապացուցենք, թե ինչքանով ենք արժանի այս հողին

Օրերս Վրաստանում լույս տեսավ Գեորգի Հարությունովի «Մալաթիայի ծիրանները» գիրքը, որը Մերձավոր Արևելքից ու Արևմտյան Հայաստանից ճամփորդական ակնարկների ժողովածու է: Մասնագիտությամբ աստվածաբան, 38-ամյա Գեորգին, որը ծննդավայր Թբիլիսիում կրոնի փիլիսոփայության դասավանդումից զատ զբաղվում է նաև գրքերի հրատարակությամբ, խոստովանում է՝ իր առաջին գիրքը ծնվել է սոցցանցերի դեմ ընդվզման արդյունքում։

Որտե՞ղ է Հրանտ Դինքի Հայաստանը, ի՞նչ կարևոր դերակատարում ունեն մեր հայրենի տարածքներում բնակվող թուրքերն ու քրդերը, ինչպե՞ս մարսել Շուշիի բարձունքում ծածանվող ադրբեջանական դրոշն ու ինչպե՞ս է Էրգիրը բուժում անցյալի վերքերը։ «ArtCollage»-ի թղթակիցը զրուցել է «Մալաթիայի ծիրանների» հեղինակի հետ։

-Ինչպես ծնվեց «Մալաթիայի ծիրանների» ստեղծման գաղափարը։
 

-Ես ճանապարհորդել եմ տարբեր երկրներով, և այդ ամենի կենտրոնում, իհարկե, միշտ եղել է Արևմտյան Հայաստանը։ Ճամփորդական ակնարկներս սկզբում գրում և հրապարակում էի ընկերներիս համար, սակայն ժամանակի ընթացքում, երբ որոշակի խտրականություն զգալով սոցցանցերում, որոշեցի հեռանալ դրանցից, շատ հետևորդներ ցանկություն հայտնեցին դարձյալ կարդալ պատմվածքներս և անհրաժեշտություն առաջացավ մեկտեղել դրանք: Ահա այդպես ծնվեց «Մալաթիայի ծիրանները»։ Գիրքը պետք է հրատարակվեր դեռևս անցյալ տարի այս օրերին, սակայն համավարակն ու դրան հաջորդած իրադարձությունները խաթարեցին մեր ծրագրերը։ Այժմ գիրքն ազատ վաճառքում է համացանցում, և ես լիահույս եմ, որ շուտով՝ սահմանները բացվելուն պես, «Մալաթիայի ծիրանները» շնորհանդեսով կներկայացնենք նաև Երևանում։ Մենք նախատեսում ենք հրատարակել նաև գրքի հայերեն տարբերակը։
 

-Գրքում Դուք կիսվել եք Ձեր ճամփորդական տպավորություններով ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Լիբանանից, Սիրիայից, Իսրայելից, նույնիսկ՝ Ուկրաինայից։ Ինչո՞ւ հենց Մալաթիան իր ծիրաններով դարձավ գրքի առանցքը։
 

-Երբ խոսում ենք Արևմտյան Հայաստանի մասին, ես միշտ հիշում եմ ծանոթներիցս մեկի պատմությունն իր և Հրանտ Դինքի միջև տեղի ունեցած խոսակցության մասին։ Հայաստանցին գնում է Պոլիս և հանդիպում Դինքին, որն այդ ժամանակ դեռ Հայաստան չէր այցելել։ Այդ մարդն ասել է՝ փաստորեն, դեռ Հայաստանը չեք տեսել։ Դինքն էլ պատասխանել է՝ այդ դուք Հայաստանը չեք տեսել, որովհետև ես Հայաստանում եմ ծնվել և մեծացել։ Քանի որ Դինքի ծննդավայրը Մալաթիան է՝ ես միշտ առանձնահատուկ կերպով էի սպասում Մալաթիայի հետ իմ հանդիպմանը։ Արևմտյան Հայաստանում ես շատ անգամ հանդիպել եմ մալաթիացի քրդերի, որոնք ուսուցիչներ էին, թարգմանիչներ։ Նկատեցի, որ թուրքերը նրանց հետ խոսելիս ասում էին՝ էրմենի։ Եթե մալաթիացի ես՝ իրենց համար էրմենի ես, ինչքան ուզում ես քուրդ կամ այլազգի մեկը եղիր։ Հայկական լեռնաշխարհն, իմ կարծիքով, տարածաշրջանի սիրտն է, գագաթը, ամենաբարձրը, իսկ այդ լեռնաշխարհի հոգին, իմ ընկալմամբ, հենց Մալաթիայում է թաքնված։
 

-Հիշո՞ւմ եք դեպի Էրգիր Ձեր առաջին այցը, և  ի՞նչ բաց լրացրեց այն Ձեր կյանքում։
 

-Ես ամբողջ կյանքում կանգնած էի մի խնդրի առջև՝ չհասկանալով, թե իմ տեղն ու դիրքն աշխարհում որն է. ես հայ լինելով՝ ծնվել եմ Վրաստանում, ընդ որում՝  խորհրդային ժամանակաշրջանում և դժվար էի հասկանում, թե ինչպես կարող եմ սովետական դպրոցի և հասարակության հրամցրածը միաձուլել այն ամենի հետ, ինչ ժառանգել եմ պապիցս ու տատիցս։ Մեր պատմությունը յուրօրինակ էր ու համահունչ չէր սովետական մարդու ինքնագիտակցությանը։ ԽՍՀՄ-ը մեծ և հզոր գերտերություն էր, որն իր հպատակներին փայլուն ապագա էր խոստանում, բոլորը հավասար հնարավորություններ պիտի ունենային և արժանապատիվ կյանք։ Իսկ Արևմտյան Հայաստանը ցավով լի մի պատմություն էր, կորսված էր, թշվառ ու անտեր։ Տատս ու պապս պատմում էին մի աշխարհի մասին, որտեղ կան հայեր ու թուրքեր, կա արյուն, կա ցեղասպանություն, արտագաղթ, կա ցավ, մտահոգություն, կա կապ հողի հետ, նաև անհաշտություն այն վիճակի հետ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։ Ես միշտ մտածում էի՝ եթե մեծ երկիրը, որի մասն ենք մենք, այդքան հզոր է ու արդար, ինչպես մեզ սովորեցնում էին դպրոցում, ապա ինչո՞ւ մենք չկարողացանք հաղթահարել սա ու ինչո՞ւ չկարողացանք պահել Էրգիրրը։ Կամ ինչո՞ւ չկարողացանք ստիպել, որ այդ ամենի հեղինակները պատժվեն։
Պապս Էրգրի մարդ էր, ծնողներս՝ ԽՍՀՄ-ի։ Երբ իմ վրացի ընկերներն արձակուրդներին գնում էին գյուղ, ու ես տանը հարցնում էի, թե ինչո՞ւ մենք գյուղ չունենք, հայրս պատասխանում էր, որ մենք քաղաքի մարդիկ ենք։ Իսկ պապս ասում էր՝ մեր գյուղը մնաց Թուրքիայում։ Ո՞նց թե։ Ո՞նց թե մի բան, որ մերն է՝ մնաց Թուրքիայում։ Պապիկիս հայրը գաղթել է Խլաթի Մեծք գյուղից, նա 8 եղբայրներից միակ ողջ մնացածն էր, և մեր տանը ես պարբերաբար լսում էի մեր և Աղբյուր Սերոբի ազգակցական կապի մասին։ Խլաթում նրանք մեծ ունեցվածք ունեին, հողեր, իրենց ընտանիքի համար աշխատող բազմաթիվ մարդիկ։ Սակայն երբ պապուս հայրը հայտնվեց Թիֆլիսում, նա այլևս որբ էր, որն ավլում էր փողոցները։ Նա ամուսնացավ իր պես որբի հետ, որը հայկական ընտանիքում մեծացած գերմանուհի էր, և որի ծնողները սպանվել էին Արևմտյան Հայաստանում։ Պապս հորս տվել է բարձրագույն կրթության, որն արդեն ռուսերեն էր։ Ծնողներիս օրոք մեր տանն այլևս միայն ռուսերենն էր իշխում, և ես մեծացա՝ բացարձակ չսովորելով հայերեն։ Սակայն երբ եկավ պահը ընտրելու իմ ճանապարհն ու անելիքը, ես շատ հեշտ արեցի իմ ընտրությունը, որովհետև հասկացել էի շատ հստակ մի բան․ դու կարող ես փոխել մարդկանց քո ներկայանալու ձևը, բայց երբեք չես կարող փոխել այն, ինչ տեսնում ես հայելու մեջ։ Էրգիրն այս առումով ամեն ինչ գցեց իր տեղը, որովհետև դու նախ պիտի հասկանաս, թե ով ես, որ կարողանաս գտնել քո տեղն աշխարհում։
 

-Գրքում Դուք նշում եք, որ այն սիրո, ինչպես նաև սուր, բայց ցավոտ արդարության մասին է։
 

-Երբ առաջին անգամ գնացի Արևմտյան Հայաստան, հասկացա, որ մեր երկիրը սովորական երկիր չէ։ Մենք սիրում ենք ասել՝ «Երկիրը երկիր չի», որովհետև, ի սկզբանե, մեր երկիրը համեմատում ենք այլ երկրների հետ, տեսնում ենք, որ այն նման չէ մյուսներին ու ասում ենք՝ «սա երկիր չի»։ Բայց մեր երկրի էությունն այլ է։ Ես հասկացա, որ չի կարելի երկիրն ընկալել որպես իրավունք, որ երբ ուզենք՝ մերն է։ Մենք նախ պիտի արժանի դառնանք երկրին։ Էրգրում ես հասկացա՝ դու չես կարող այնտեղ ապրել, եթե դու այդ հողին արժանի չես։ Մենք պիտի հասկանանք, թե ինչի համար ենք ուզում այդ տարածքն ու երկիրը՝ որ ցելոֆաննե՞ր թափենք, անճոռնի բարձրահարկե՞ր կառուցենք, հանձնենք ու ասենք, որ դժգույն քաղա՞ք էր կամ ախտոտենք Վանա լիճը, ինչպես Սևանի հետ վարվեցինք։ Եվ առաջին գաղափարը, որ մտավ մեջս Էրգիր ոտքն դնելուն պես՝ անընդհատ կատարելագործվելու միտքն էր։ Մենք պիտի արժանանք երկրին, մեզ կարգի բերենք՝ ինչպես ոսկին է հղկվում և հասնենք այն մակարդակին, որ կարողանանք այդ երկիրն արժանապատիվ կերպով պահել. որովհետև այն հասարակ երկիր չէ։ Այդ իսկ պատճառով դեպի Էրգիր ճամփորդությունները միայն ուխտագնացություն չպիտի լինեն։ Մենք պիտի հասկանանք, թե մեր ինքնության ո՛ր մասն ենք քաղում այդտեղից և հասկանանք, թե ինչպես ենք վերաբերվում ինքներս մեզ։  
 

-Արևմտյան Հայաստանը մեզանում ասոցացվում է բացառապես անցյալի ու կորուստների հետ, սակայն Դուք Էրգրի մասին հաճախ խոսում և այն ընկալում եք որպես ապագա։ Ի վերջո, Էրգիրն անցյա՞լ է, թե՞՝ ապագա։
 

-Կպատասխանեմ որպես աստվածաբան։ Աստվածաշնչի Ծննդոց գիրքն ու ամենավերջինը՝ Հայտնության գիրքը, շատ մոտ բովանդակություն ունեն, ու դու չես կարող հասկանալ մեկն՝ առանց մյուսի։ Նույնը Էրգիրն է։ Այն և՛ անցյալ է, և՛ ապագա։ Մեր ամբողջ էությունն Էրգրի մեջ է, և դա արտահայտվում է մեր ինքնության մեջ։ Հայկ նահապետը բարձրացավ մեր լեռները, որպեսզի մոտենա այն ժամանակներին, երբ Նոյն այդտեղ պաշտում էր Աստծուն, այսինքն՝ աշխարհի համար վերականգնեց Աստծո մասին հիշողությունը։ Մենք, որպես ազգ, հենց այդպես ձևավորվեցինք։ Հետևաբար ինչպե՞ս կարելի է մեր ինքնությունը պատկերացնել առանց Արարատների, առանց Վանա ծովի, առանց Նեմրութի, առանց Բիլեջանի, որտեղ Հայկը թաքցրեց Բելի մարմնի մոխիրը։ Եվ ինչպե՞ս կարող է Էրգիրը միայն անցյալ լինել։ Դա հնարավոր չէ։ Մենք «լղոզվեցինք» այն 70 տարիների ընթացքում, երբ մեզ փորձում էին համոզել, որ Էրգիրն այդքան էլ կարևոր չէ, որ ունեք ձեր Երևանը, ահա ապրեք, դրանով բավարարվեք։ Եվ ահա ունենք այն, ինչ ունենք։ Բայց լաոն պիտի զարթնի՞, ի վերջո։
 

-Գրքում Դուք մի հետաքրքիր ձևակերպում ունեք․ քանի որ Նոյը Հայաստանի առաջին բնակիչն էր, և ինքը նաև բոլոր մարդկանց նախահայրն է, հետևաբար Հայաստանում, մեր պատմական հողերը ներառյալ, օտարերկրացի գոյություն չունի։ Ի՞նչ նկատի ունեք։
 

-Դա իսկապես այդպես է։ Մենք հաճախ ենք սիրում ասել, որ մեր երկիրը սրբություն է՝ նկատի ունենալով, որ շատ ենք սիրում այն, այնինչ մեր երկիրն իսկապես ամբողջական սրբավայր է և այստեղ՝ Արարատի երկրում, մենք պահպանում ենք աշխարհի հոգևոր ամբողջականությունը։ Աշխարհի ծննդավայրն, իհարկե, պետք է հասանելի լինի բոլորին, նույնիսկ՝ այստեղ ապրող թուրքերին ու քրդերին։ Մենք պիտի իմաստավորենք նրանց կյանքը մեր տարածքում։ Նրանք էլ իրենց դերն են կատարում, պարբերաբար օգնելով, որ մենք ավելի շատ գնահատենք մեր երկիրն ու ավելի արժանի դառնանք նրան։ Բայց ամեն տուն ունի իր հայրը, մայրը, երեխան։ Հայկական լեռնաշխարհը և այնտեղ ապրող ամեն ոք որբ կլինի առանց հայի, այսինքն՝ առանց հոր, առանց տանտիրոջ, որովհետև եթե մյուսներն այս հողի հետ միայն ֆիզիկական կապ ունեն, ապա մենք Հայկական բարձրավանդակում ունենք նաև հոգևորը։ Որովհետև, ի սկզբանե, մեր այստեղ գտնվելու բուն իմաստը նյութական չէ՝ հոգևոր է։
 

-Ձեր պատմվածքներում կարմիր թելով անցնում է հողի հավերժության գաղափարը՝ անկախ ներկա սահմաններից ու դրոշներից։ Հիմա, երբ մեր երկիրը կրկին այլոց ձեռքով սահմանազատումների է ենթարկվում, ինչպե՞ս կարող ենք հաղթահարել մեր սահմանները սեղմած այս օտար դրոշների սինդրոմը։
 

-Մենք չգիտենք՝ հողը հավե՞րժ է, թե՞՝ ոչ. ոչ ոք չի ասում, որ այն հավերժ գոյություն է ունենալու։ Փոխարենը հավերժ է գաղափարը՝ լինի դա Վանա ծովի մի կղզում, ինչպես Լիմը, կամ Հյուսիսային Արցախի՝ արդեն սահմանամերձ դարձած Երից Մանկանց վանքում՝ կարևոր չէ։ Կարևորը՝ չընդհատվի այն առաքելությունը, որի համար մենք կանք և չընդհատվի հիշողությունը։ Հայկը մերժեց Բաբելոնը՝ չընդունելով իր շուրջ կատարվող իրողությունները, ու վերականգնեց Նոյի տաճարն Արարատի լանջերին։ Ոչ ոք չի կարողանալու դա անել մեր փոխարեն, նույնիսկ եթե իր դրոշը տնկի մեր տարածքում։ Այո, ուրիշի դրոշը քո տարածքի վրա ցավ է պատճառում, բայց դա միայն սկզբում։ Փաստը, որ այսօր Շուշիում ադրբեջանական դրոշ է ծածանվում՝ չի նշանակում, որ ազերին կկարողանա աշխարհի պատմության մեջ մեր դերը յուրացնել. դա անհնար է։ Ոչ ոք չի կարող դառնալ մենք։ Նա կարող է այլ բան ստեղծել, կարող է փորձել մեզ ոչնչացնել, ու հենց այդ դեպքում է, որ մենք պիտի ապացուցենք, թե ինչքանով ենք արժանի այս հողին։ Արդյոք ունա՞կ ենք «Բաբելոնը» մերժել հանուն գաղափարի։ Ես վստահ եմ, որ ունակ ենք, և գիրքս հենց այդ մասին է։

Հ․Գ․ Գիրքը կարող եք ներբեռնել gevorgvirats.org կայքի միջոցով։

 

Սոֆյա Հակոբյան