«Ապրողների գաղթը»՝ Մուսալեռից Արցախ

Եղած, վերջացած մի բանն այլևս չի հաջողի չլինել

Թուրք լրագրող և խմբագիր Սերդար Քորուջուի՝ Մուսալեռի հայության գաղթի մասին պատմող երկու նոր գրքերն արդեն թուրքալեզու ընթերցողի սեղանին են։ «Սանջակն ընկավ» և «Ապրողների գաղթը» գրքերն առաջին անգամ Թուրքիայի հասարակությանը հնարավորություն են ընձեռում այլընտրանքային հայացք նետել 1939-ին պատմական Կիլիկիայի՝ Թուրքիայի կազմում հայտնվելու գործընթացին։ Թուրք ժողովրդի համար հաղթական, իսկ կիլիկիահայության համար ողբերգական պատմության այս էջին Քորուջուն առաջարկում է ծանոթանալ իրենց՝ մուսալեռցիների աչքերով։

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչության հետ համատեղ լույս ընծայված երկու գրքերում տեղ են գտել ոչ միայն արխիվային նյութեր, այլ նաև 1939-ի գաղթը վերապրած ու աշխարհի տարբեր անկյուններում սփռված մուսալեռցիների կենդանի պատմությունները, որոնք գրի առնելու համար լրագրողը ճամփորդել է Ստամբուլից մինչև Մուսալեռ, Ֆրանսիա, Լիբանան և իհարկե՝ Հայաստան։


-Ինչպե՞ս սկսեցիք աշխատել մուսալեռցի հայերի կյանքի պատմությունների վրա։ Ինչո՞ւ հենց Մուսալեռ, և ինչպե՞ս ծագեց այս նախագծի գաղափարը։

-Մուսալեռի հետ կապված երկու նախագծերի ծնվելու միակ պատճառն իրականում սիրիական հակամարտությունն է։ Այս գրքերը փախստականների վերաբերյալ իմ աշխատանքի մի ամբողջական շղթայի մեկական օղակն են։ 2013-ին պատերազմի հետևանքները սկսեցին իրենց զգացնել տալ սահմանի նաև այս կողմում։ Այդ ընթացքում Թուրքիայում հայտնված սիրիացի փախստականների մասին երկու գիրք պատրաստեցի, մեկը՝ «Սիրիան հողին հավասարվելուց հետո» և «Հյուրը»։ Դրանից հետո ծնվեց «Առանց Հալեպի մնացածները» գիրքը, որը ներկայացնում էր ինչ-ինչ պատճառներով Թուրքիա չանցած սիրիացի հայ փախստականների հետ հարցազրույցների շարքը։ Դրանք մարդիկ էին, որոնք Ցեղասպանության հետևանքով ծնվել են իրենց արմատների հետ կապ չունեցող մի վայրում՝ Հալեպում, և հիմա պատերազմի արդյունքում հաստատվել են Հայաստանում։ Իմ ուշադրությունը գրավեց այն փաստը, որ նրանց բոլորի հիշողության մի անկյունում կար Իսկանդերունի (Ալեքսանդրեթ) կամ Մուսալեռան հետքը։ Երբ դու խոսում ես Սիրիայից, այնտեղի հայ բնակչության մասին ուսումնասիրություն ես իրականացնում՝ դժվար է շրջանցել Իսկանդերունի Սանջակի (նկատի ունի պատմական Կիլիկիայի այն հատվածը, որը 1918-ին անցնելով ֆրանսիական վերահսկողության տակ՝ 1939-ին կցվել է Թուրքիային) թեման։

Ինձ մինչև օրս էլ շարունակում է տարօրինակ թվալ, որ չնայած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ամենահայտնի գործերից մեկի՝ Ֆրանս Վերֆելի «Մուսալեռան 40 օրը» վեպի առկայության, թեմայի վերաբերյալ ուսումնասիրություններն, ըստ իս, այդքան էլ շատ չեն։ Այդ իսկ պատճառով «Սանջակն ընկավ» գրքում փորձեցի մամուլի արխիվային նյութերն ի մի բերելով հավաքագրել այն տեղեկությունները, որոնք արտացոլում են, թե ինչեր են ստիպված եղել վերապրել տեղի հայերը, երբ Իսկանդերունի Սանջակը, այդ թվում՝ Մուսալեռն, անցել են Թուրքիային՝ դառնալով Հաթայի նահանգ։ Այս ամենին գրքի վերջում երկու հարցազրույց էլ հավելեցի, որովհետև մարդկային պատմությունները միշտ շատ ավելի ուշագրավ են ինձ համար։ Իսկապես, ինչպես Սարոյանն էր ասում՝ «Իր մասին ինչ-որ բան չգրված՝ ոչ ոք չպիտի քոչի այս աշխարհից»․․․ Եվ այսպիսով ծնվեց նաև երկրորդ գիրքը՝ «Ապրողների գաղթը»։ Լեռնական ժողովուրդը, որը Ցեղասպանության ընթացքում դիմադրություն է ցույց տվել օսմանյան բանակին այս գրքով պատմում է Թուրքիայի հանրապետությանը միացվելու կամ աշխարհի չորս կողմը ցրվելու իր պատմությունը։ Կարճ ասած, գիրքն իրականում հենց իրենք են գրել։ Ես միայն միջնորդ եմ հանդիսացել և շնորհակալ եմ բոլորին, որոնք իրենց աջակցությունն են ունեցել այս նախագծին։
 

-Երկար տարիներ է, որ աշխատում ենք Հայոց Ցեղասպանության թեմայի վրա, Ձեր ուսումնասիրություններով տեղի ունեցածի մասին պատմում թե՛ թուրքերին և թե՛ հայերին։ Որտեղի՞ց սկիզբ առավ այս ոչ դյուրին ճամփորդությունը։

-Ցավոք, ես նույնպես այս խնդիրը սկսել եմ ուսումնասիրել Հրանտ Դինքի սպանությունից հետո միայն։ Ասում եմ՝ ցավոք, որովհետև կարծում եմ, որ այս հարցին մենք՝ Թուրքիայի լրագրողներս, պետք է անկեղծ ինքնաքննադատությամբ մոտենանք։ Թուրք հասարակությունը մշտապես պայքարում է այնպիսի օրակարգերի դեմ, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամը կամ պատերազմները։ Այդ իսկ պատճառով լրագրողներն էլ հիմնականում այդ խնդիրների շուրջ են կենտրոնանում, ես՝ նույնպես։ Սակայն Դինքը սկսեց մեզ հուշել ու ցույց տալ, որ այսօր գոյություն ունեցող խնդիրները միայն այսօրվան չեն պատկանում։ Նրա սպանությունը ցնցել է իմ սերնդի մարդկանց։ Այժմ եթե ես փոքր մի բան էլ կարողանում եմ փոխանցել մարդանց Հայոց Ցեղասպանության մասին՝ ուղղակի պարտքս  կկատարեմ։
 

-Մարդիկ երբեմն զարմանքով են ընդունում Ձեր անկեղծ դիրքորոշումները, իսկ շատերն էլ համոզմունք հայտնում, թե արմատներով հայ եք։ Ե՛վ հայերի, և՛ թուրքերի մեջ համոզմունք կա, թե Հայոց Ցեղասպանության մասին բարձրաձայնող թուրքական ազգանունով մարդն անպայման պետք է որ որևէ կապ ունենա հայերի հետ։ Ի վերջո, հայերը համոզված են, որ «լավ թուրքն» անպայման պետք է այդքան էլ «թուրք» չլինի, իսկ թուրքերի մի ստվար զանգված այս թեմաների բարձրաձայնումը դեռ ընկալում է որպես « հայրենիքին դավաճանություն»։ Մինչդեռ Դուք ոչ մեկ անգամ շեշտել եք, որ Ձեզ համար կարևոր է հենց այն, որ Դուք խոսում եք այս մասին հենց թուրքի ինքնությամբ և հայերի հետ ազգակացական որևէ կապ չունենալով։

-Այս ընթացքում չափից դուրս շատ մարդիկ են ինձ հարցրել, թե արդյոք հայ եմ։ Դու էլ ես դրան վկա եղել։ Սակայն սա միայն հայ հասարակությանը չէ հատուկ, թուրքերն էլ են մտածում, որ բացի իրենցից ոչ ոք իրենց չի հասկանում։ Նույնիսկ վստահ են, որ այլոց կողմից բացարձակ սիրված չեն։ Սա ինձ Հայաստանում էլ են հարցրել․ «Հայերին շատ ես սիրում, չէ՞»։ Բոլորին դիտավորյալ պատասխանել եմ՝ ոչ։ Կան անհատներ, ում սիրում եմ, սակայն ինչո՞ւ ես պետք է որևէ մեկին սիրեմ կամ չսիրեմ իր ազգային պատկանելությունից ելնելով։ Միայն հայ կամ թուրք լինելու համար հարգանքի ու սիրո արժանի լինելու մեր համոզմունքն ինձ համար այս պատմության ամենատարօրինակ կետն է։ Ծագումը՝ մի բան, որն ունենալու համար ոչ մի ջանք չենք գործադրել ի ծնե, դրանով այդքան հպարտանալն ու դրա համար մեր հանդեպ սեր ու հարգանք պահանջելը տարօրինակ է թվում ինձ։ Կարող ես սիրել տոլման, որովհետև լավ պատրաստված տոլման, ըստ իս, իսկապես լավ բան է, կամ ղափաման, ո՞վ չի սիրում։ Սակայն հայերն ու թուրքերն այդպիսին չեն, այդպես չեն մտածում։ Սակայն մի բան էլ կուզեմ ընդգծել․ այս թեմայի շուրջ որպես թուրք լրագրող աշխատելու դրական կողմերն էլ եմ տեսել։ Օրինակ, երբ գնացի Անջար՝ բազմաթիվ պոլսահայ, երևանցի ու բեյրութցի ընկերներս ասում էին, թե գուցե այնտեղ ինձ լավ չընդունեն։ Սակայն այդպես չեղավ։ Ավելին, վերին աստիճանի հյուրընկալություն տեսա։ Բոլորն իրենց տան դռներն ու սեղանները բացել են իմ առաջ. իրենց ձեռքով ինձ համար լահմաջուն պատրաստողներից մինչև իրենց ամենասիրելի մուրաբաները բացողները։ Այդ ամենը ես ապրել եմ։ Նստեցինք, զրուցեցինք, հին ֆոտոալբոմները քրքրեցինք։ Ոմանք զրույցին ավելացրին տասնյակ տարիներ իրենց հիշողության մեջ մնացած թուրքերենը։ Եվ, ըստ իս, արևելյան հյուրընկալության տրամաբանությունից ելնելով ոմանք ավելի «մեղմացված» էին պատմում իրենց պատմությունները, որպեսզի ինձ՝ իրենց դիմացի թուրքին չնեղացնեն ու չտխրեցնեն։ Ես դա այդքան էլ չէի ուզում, ավելին՝ վերջին բանն էր, որ կցանկանայի։ Սակայն նրանց բառերն ընտրելուց զգացի դա։ Այո, նրանք ավելի «քիչ» պատմեցին, որ ես այնտեղ ինձ օտար ու «վատ մարդ» չզգամ։ Եվ ամեն զրույցի վերջում խոսել են ընդհանուր մշակութային զգացողությունից։ Գուցե մի եվրոպացի լրագրողի հետ այդ թեմաներն այդքան չկարողանային բացել։   

-Մեկ անգամ նշեցիք, որ Ձեր գործունեությունն ուղղված է ոչ թե Թուրքիայի դեմ, այլ՝ հակառակը։ Որովհետև Դուք հավատում եք, որ առերեսումը ոչ թե պատիժ է Թուրքիայի համար, այլ ավելի լավ ապագայի պարտադիր պայման։

-Առերեսումը բոլոր հասարակությունների համար է բարդ։ Նույնիսկ Ֆրանսիան Ալժիրի թեման բացվելուն պես կարող է սայթաքումներ թույլ տալ։ Կամ անգամ Գերմանիան նոր-նոր է առերեսվում Աֆրիկայում տեղի ունեցած ցեղասպանությունների, այնտեղ վարած քաղաքականության հետևանքների հետ։ Իսկ երբ խոսքը Թուրքիայի մասին է՝ այն, որ առերեսումը հեշտ չի լինելու ավելի քան ակնհայտ է։ Մանավանդ, երբ երկրի չորս կողմում ցեղասպանության ստվերը շարունակում է կուչ եկած մնալ։ Մի խոսք կա․“Un passé qui ne passe pas”․․․ Չանցնող անցյալ։ Ահա այս չանցնող անցյալի հետ Թուրքիան պետք է առերեսվի։ Գիտեմ, որ հեշտ չի լինելու։ Յանկելեվիչն ասում էր՝ «Եղած, վերջացած մի բանն այլևս չի հաջողի չլինել»։ Ցավոք, մենք չենք կարող անել այնպես, որ Հայոց Ցեղասպանությունը գոյություն չունենա։ Արդեն եղել է, ապրվել է, ապացույցներն ամենուր են, և Թուրքիայի ներկա սերնդի համար պատասխանատվության իր բաժինը եղածն ընդունելու մեջ է։ Հաննա Արենդտն այս թեմայով մի ելույթ ունի, որը շատ եմ հավանում․ «Գերմանիայում ապրող երիտասարդները եթե իրենց մեղավոր են զգում, ուրեմն կա՛մ սխալական են, կա՛մ նրանց միտքը խառնված է, կա՛մ, ամենայն հավանականությամբ, ինտելեկտուալ խաղեր են խաղում»։ Որովհետև մենք Ցեղասպանության ոճրագործները չենք։ Սակայն հերքման ոճիրի մեղսակիցը լինել-չլինելը մեր ձեռքերում է։ Հասկանում եմ, ոչ ոք չի ցանկանա իմանալ, որ իր ընտանիքի մեծերը հանցանքի մասնակից են եղել։ Սա մի բեռ է, որը նրանք չեն ընտրել՝ ի ծնե։ Սակայն երբ դուք ընտրում եք հերքման ճանապարհը՝ դառնում եք մեղսակիցը մի հանցանքի, որը չեք կատարել։

-Ինչո՞վ է այս գիրքը Ձեզ համար առանձնահատուկ:

-Առանձնահատուկ է այնքանով, որ ավարտելուց անմիջապես հետո սկսվեց կորոնավիրուսը: Մտածեցի՝ ինչ լավ էր, որ արեցի: Հարցազրույցներս հիմնականում տարեցների հետ էին և, իհարկե, պանդեմիայի ժամանակ ամենախոցելի խումբն իրենք էին. նրանցից ոմանք այս ընթացքում կյանքից հեռացան կորոնավիրուսի կամ այլ պատճառներով: Այդ իսկ պատճառով ներքուստ ուրախացա, որ երբեմն մի փոքր արագ, շտապողական եմ եղել այս նախագիծն իրականացնելիս: «Ապրողների գաղթը» գիրքն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: 1939-ի գաղթի վկայությունները, թեկուզ մասամբ, բայց պահպանվեցին այսպիսով: Պնդել եմ, որ շապիկին լինի հենց այս՝ բեռնատարով լուսանկարը: Քանի որ հենց այս գրքի հրատարակման օրերին արցախահայությունը վերապրում է նույն ճակատագիրը...

-Եզակի թուրք լրագրողներից եք, որն այցելել է Արցախ։ Մի փոքր կպատմե՞ք Ձեր տպավորությունների ու այնտեղ ունեցած փորձի մասին։

-Առաջին բանը, որ մտքիս գալիս է Արցախը հիշելիս՝  Երևանից Ստեփանակերտ գնացող մեքենայի մեջ արցախցի վարորդի՝ կորտրված ադրբեջաներենով ինձ տրված հարցն է․ «Ադրբեջաներեն հասկանո՞ւմ ես»: Ես ոչ մի բառ հայերեն կամ ռուսերեն չգիտեի։ Չգիտեմ, ինքը ե՞րբ էր հասցրել ադրբեջաներեն սովորել կամ որքան գիտեր, արդեն ճանապարհի վերջին էինք հասել։ Սակայն դա ինձ շատ տպավորեց. Նրա՝ ինձ հետ կոնտակտ հաստատելու համար ջանք թափելը։ Այսինքն՝ ուզում ես թուրք լինես, թե ադրբեջանցի, մարդը փորձում է հետդ խոսի։

2016-ի բախումներից հետո Արցախ գնացած առաջին թուրք լրագրողն էի, և մթնոլորտը լարված էր։ Չնայած այդ ամենին՝ բոլորն իմ հանդեպ շատ ջերմ ու պատրաստակամ են եղել։ Բոլորը։ Գիտես, գնալուս նպատակն այնտեղ ապրող մի հալեպցի ընտանիքի հետ հանդիպելն էր։ Այսօր միակ ափսոսանքս այնտեղ բավականաչափ ժամանակ անցկացրած չլինելն է․․․ Հասցրել եմ լինել միայն Ստեփանակերտում և շրջակայքում գտնվող մի քանի վայրում։ Հուսամ՝ կրքերը կհանդարտվեն և նորից կկարողանամ գնալ․․․

 

Սոֆյա Հակոբյան

  

 
 
     

... ...