«Թույլ տվեք նստեմ իմ տեղում»․ բիթլիսեցին, ում համար բացառություն արվեց

Ինչպե՞ս կարող է մարդ վերադառնալ այնտեղ, ուր երբևէ չի եղել

Հայրենի Բիթլիսից շատ, շատ հեռու էր Կալիֆորնիան։ Բիթլիսից դեպի Էրզրում, այնտեղից Տրապիզոնի նավահանգիստ, այնտեղից Ֆրանսիա ու ևս մի քանի կանգառ Սարոյանների՝ անվերջանալի թվացող գաղթի ճանապարհին։ Եվ իսկապես, Կալիֆորնիա հասնելով «գաղթը» չավարտվեց։ Այնպես որ վերջապես Կալիֆորնիա հասնելուց տասնամյակներ անց ամբողջ այդ ընթացքում ընտանիքին աներևակայելի տոկունությամբ առաջնորդող Լյուսի տատիկն իր կյանքի մայրամուտին հրաժեշտ տվեց բոլորին ընդամենը երեք բառով․

«Ալ չեմ կռնա»․․․

Դեռևս 1905-ին, Վիլյամ Սարոյանի ծնվելուց երեք տարի առաջ էին լքել Սարոյանները հայրենի Բիթլիսը։ Ինքն ավելի քան կես դար անց, միայն 1964-ին առիթ ունեցավ Բիթլիս վերադառնալու։

Ինչպե՞ս կարող է մարդ վերադառնալ այնտեղ, ուր երբևէ չի եղել։ Շատ սովորական։ Սարոյանը միշտ Բիթլիսում էր, Բիթլիսը՝ նրա մեջ։ Անգամ այսօր, երբ սիրելի գրողը մեզ հետ չէ ֆիզիկապես, նա դեռ Բիթլիսում է։ Եվ դա զգում ես դեպի Բիթլիս ամբողջ ճանապարհին։ Քաջ գիտես, թե ինչպես կնկարագրեր թութունի դաշտերը, մարդկանց հայացքները, բիթլիսյան Դատվանի խառնաշփոթն ու Վանա ծովի՝ այստեղից երևացող պատկերը։ Սարոյանական հայացքով Բիթլիս մտնելը շատ կարևոր է, որոշ բաներ հաղթահարելու և մարսելու, որոշներն էլ երբեք չմոռանալու համար։

«Բոլորը ստիպված են մի օր մահանալ։ Սակայն միշտ հուսացել եմ, որ ինձ համար մի բացառություն կլինի։ Հիմա ի՞նչ է լինելու»․ մտահոգված գրում էր սիրելի գրողը։

Կարծում եմ՝ բացառությունն արվել է։ Եվ այդ բացառությունը միշտ արվում է կյանքի կողմից բոլոր նրանց համար, ովքեր սովորել են սիրել, ներել ու արարել բացառիկ սիրով, ինչպես Սարոյանը։

 

***

«Ուր որ գնաս՝ պոռա Հայաստան, ամենը հայ են». Սարոյանի այս խոսքերն ամենազգացականն են Արևմտյան Հայաստանի հայտնի ու անհայտ ճանապարհներին, ուր հատուկենտ հայեր են մնացել, բայց ուր «ամենը հայ են» խորքայնորեն։

«Ապրելու գեղեցիկ վայր, գեղեցիկ տեսարան, գեղեցիկ Բիթլիս, ծաղիկները գեղեցիկ են, ամեն բան գեղեցիկ է։ Ուզում եմ մի քիչ նստել այստեղ ու զգալ, որ Բիթլիսում եմ։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Ողջույն բիթլիսցիներին՝ մի բիթլիսցուց․․․ Ես մի ամերիկացի եմ, բայց երբեք չեմ մոռացել բիթլիսցի լինելս», - իրեն դիմավորող հարյուրավոր բիթլիսցիներին այսպես դիմեց ամերիկահայ գրողն ու շարունակեց․

«Նամուսով և բարեսիրտ բիթլիսցինե՛ր։ Անհնար է նկարագրելը, թե ինչ է ինձ համար նշանակում այստեղ լինելը։ Հավատացե՛ք, իմ Բիթլիս հասնելս մի հրաշք է․․․

Ամբողջ կյանքիս ընթացքում այստեղի հետ պատմություններ եմ լսել։ Փափագել եմ այստեղ գալ։ Վերջապես հասա․․․ Միայն մի մտավախություն ունեի․․․ Իսկ եթե Բիթլիսն իմ պատկերացրածի պես չէ՞։ Այժմ չեմ կարող նկարագրել, թե որքան գոհ եմ։ Վախերս չքացան։ Պատկերացնում եմ, որ իմ տուն եմ եկել, համերկրացիներս, բարեկամներս, բոլորն այստեղ են։ Բառեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու ինձ այսքան անկեղծ, սիրով դիմավորելու համար։ Իսկ հիմա պետք է նստեմ իմ տեղում, թույլ տվեք»․․․

Դժվար է իրականում ասել՝ Սարոյանն իսկապես հասավ Բիթլիս, թե ոչ։ Ո՛չ, ո՛չ, նա, իհարկե, հասավ, տեսավ, շրջեց Բիթլիսով անմիջականորեն, հպվեց անծանոթ տան պատերին, որոնք պայմանականորեն կոչեց իր նախնիների տունը, ծանոթացավ մարդկանց հետ, որոնք իրեն դիմավորել էին ծաղիկներով, մեծ ցնծությամբ ու հետաքրքրասիրությամբ։ Բիթլիսի քաղաքապետի աշխատասենյակում Սարոյանին նույնիսկ հասցրին Բիթլիսի հռչակավոր թութունը հյուրասիրել, իսկ Պոլիս վերադարձի ժամանակ ամերիկահայ գրողն անձամբ խրախուսեց Պոլսո Հայոց պատրիարքին հետևողական լինել Արևմտյան Հայաստանի գավառներում մնացած ծպտյալ հայերի խնդրին ու հորդորեց ծնունդով յոզղատցի Շնորհք պատրիարքին՝ «Հոտիդ տեր կանգնիր»։

Իսկապես, ֆանտաստիկ մի բան էր կատարվում, երբ Սարոյանը հայտնվում էր որևէ գավառակի որևէ հատվածում․ քամու արագությամբ նրան շրջապատում էին քամու բերած բեկորները՝ իսլամացած կամ իսլամացման եզրին գտնվող հայախոս, քրդախոս կամ թրքախոս հայության պատառիկները, որոնք զարմանալիորեն շատ էին ու զարմանալիորեն գոյություն չունեին ո՛չ հայերի, ո՛չ թուրքերի, ո՛չ քրդերի համար։ Թերևս, 1915-ից հետո առաջին անգամ սահմանից այն կողմ մնացած արևմտահայությունը նման չտեսնված բան էր վերապրում․ իրենց մոտ եկած անծանոթ աշխարհի անծանոթ հայը, որն այդքան մոտ էր ու այդքան իրենցը անելանելիության այդ կղզյակներում։

Եվ չնայած այս ամենին՝ Սարոյանն իսկապես եղե՞լ է Բիթլիսում։ Չգիտեմ։ Նա երկար տարիներ չգրեց իր այդ այցի մասին։ Միայն 10 տարի անց գրված իր «Բիթլիս» պիեսն ավելի շատ Բիթլիս չհասնելու, քան հասնելու մասին էր։

Մենք չենք հասնում Սասուն, Վան, Բիթլիս, Մուշ մինչև վերջ։ Որովհետև, երբ կալիֆորնիացին ասում է «սեբասատացի եմ», երբ գյումրեցին ասում է «կարսեցի» եմ, երբ ռուսաստանահայն ասում է «համշենցի եմ»՝ ամեն մեկս թաքուն հույս ունենք, որ մեզ համար աշխարհում բացառություն կլինի, մենք ու մեր երազները չենք մեռնի։

 

Սոֆյա Հակոբյան