«Լավագույն ճանապարհը տուն տանող ճանապարհն է». անավարտ պատերազմի ու երբևէ չհանձնվելու մասին

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի անունը շատերին է ծանոթ: Արցախյան վերջին երկու պատերազմների, հետպատերազմական ծանր շրջանի և այժմ արդեն չորս ամսից ավելի լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի առօրյային, լուռ դիմադրությանը, ժպիտներին ու թախիծին, կյանքի շարունակականությանն ու միայնությանը հաճախ հենց Դավիթի լուսանկարների շնորհիվ են հետևում մարդիկ: Մինչդեռ ինչ է վերապրում պատերազմի ու բլոկադայի իրականությունը մեզ փոխանցող լուսանկարիչը կադրից դուրս` քչերին է հայտնի:

Շուտով լույս կտեսնի Դավիթ Ղահրամանյանի՝ «Անավարտ պատերազմ» վերնագրված  առաջին պատկերագիրքը, որը մի փորձ է աշխարհին ու նաև մեզ պատմել մերօրյա Արցախի, պատերազմի, դեպի հայրենիք վերադարձի ու շրջափակման մասին: Իսկ մինչև այդ արցախցիների սիրելի լուսանկարչի հետ Ստեփանակերտում զրուցել ենք հետպատերազմյան հասարակություններում ֆոտոլգրագրության դերի, ճակատագրական պահերի, չհանձնվողների ու, որքան էլ տարօրինակ է՝ վաղվա օրվա մասին:

-Ինչպե՞ս եղավ Ղահրրամանյան Դավիթի մուտքը ֆոտոլրագրության ասպարեզ, ավելի ճիշտ՝ անցումը թատերական բեմահարթակից՝ մեդիա դաշտ:

-Երևի հիմա պետք է ասեի՝ մանկուց սիրել եմ լուսանկարչությունը, երազել լուսանկարիչ դառնալ, բայց նման բան չի եղել: Մինչև ծառայության մեկնելս նույնիսկ չէի մտածել այդ մասին, միայն երբեմն օնլայն կոլաժներ էի անում և անգամ ֆոտոխցիկ չունեի դեռ: Ծառայությունս անցնում էի Մարտակերտի շրջանում, և երբ արդեն մի քանի ամիս էր մնացել զորացրվելուս՝ ամեն անգամ քնելուց առաջ մտածում էի, թե տուն վերադառնալուց հետո ինչ եմ անելու: Չէի կարող այդ տարիքում ծնողներիցս գումար խնդրել: Գիտեի, իհարկե, որ կշարունակեմ թատրոնում աշխատել որպես դերասան, բայց նաև ուզում էի մի երկրորդ մասնագիտություն ունենալ՝ գիտակցելով, որ թատրոնն այդքան էլ եկամտաբեր չի: Մտքովս անցել էր տեսանկարահանումներով զբաղվել, բայց ընթացքում հասկացա, որ իմը չէ: Որոշ ժամանակ հետո անցա լուսանկարչության: Կարծում եմ, որ եթե կյանքում որևէ առաքելություն ու ասելիք ունես մարդկանց տեղ հասցնելու՝ ոչինչ պատահական չի լինում: Օրինակ՝ ֆոտոխցիկս գնելիս ես ավելի շատ նպատակ ունեի պարզապես միջոցառումներ նկարել՝ գումար վաստակելու համար, բայց այնպես ստացվեց, որ ես նաև որպես թատրոնի մասնիկ, հնարավորություն ունեի նկարելու թատրոնի դերասաններին, ներկայացումները, փորձերը: Արդյունքում այսօր իմ լուսանկարների միջոցով 2012-ից սկսած թատրոնի մասին մեծ արխիվ է հավաքվել, որը տեղ գտավ 1932 թվականից մինչև 2020-ը թատրոնի պատմության մասին պատմող գրքում: Այսպես նայում եմ՝ հպարտության զգացում է առաջանում, որ սա պատմություն է, որը հաջողվեց պահպանել:

Կարելի է ասել՝ պատմությունը հաճախ մեր փոխարեն է որոշում, թե որտեղ ենք հայտնվելու և ինչ ենք անելու: Ու քանի որ ես ապրում եմ Արցախում ու այս ժամանակներում՝ մնացյալն իր հունով գնաց: Ապրիլյան պատերազմի առաջին օրը երբ գնացի առաջնագիծ, ֆոտոխցիկը հետս չէր: Հետո վերադարձա տուն, վերցրեցի այն, սկսեցի նկարել: Այդ ժամանակ մեջս ինչ-որ բան փոխվեց, սկսեցի ուսումնասիրել ռեպորտաժային լուսանկարչությունը: Իսկ 2020-ի պատերազմի ընթացքում աշխատեցի արդեն հենց որպես լուսանկարիչ: Առաջին օրերին կար այդ մանկական միամտությունը, որ մենք վստահաբար հաղթելու ենք: Ես սպասում էի այդ հաղթանակի օրվան, որ այդ նկարներին հպարտությամբ նայեմ: Բայց այդ օրն այդպես էլ չեկավ: Հիմա կարծես ինչ-որ բան կիսատ է մնացել, որը որ ես փորձում եմ այսօրվա նկարներով լրացնել: Ու գուցե գա մի օր, որ իմ երեխայական զգացումն այդ հաղթանակի օրվա կլինի ոչ թե հույս, այլ իրականություն, որը պետք կլինի ֆիքսել իմ ֆոտոխցիկով: Մի քանի օր առաջ կանանց երթի ժամանակ ծանոթ վարորդի մեքենա նստեցի, ասաց. «Դավի՛թ ջան, տեսնես երբ է գալու այն օրը, որ նստես մեքենան ու ասես՝ վերջ, հաղթանակը նկարված է»:

-Մարդիկ քո լուսանկարներից են տեղեկանում շրջափակված Արցախից ներս տիրող իրավիճակի մասին, սակայն քո՝ այդ ընթացքում ապրած դժվարությունները տեսանելի չեն: Շրջափակման պայմաններում աշխատող լուսանկարիչն ամենաշատը ինչ խնդիր ունի:

-Մարդիկ, իհարկե, բավականին նեղսրտում են, երբ փորձում ես հատկապես խանութների դիմաց գոյացած երկար հերթերը նկարել: Ինքս փորձել եմ միշտ այնպես նկարել, որ անձանց դեմքերը չերևան: Հասկանում եմ, հենց փաստը, որ քաղաքական ինչ-որ խաղերի պատճառով մարդիկ կանգնած են այդ հերթերում նվաստացուցիչ է: Տհաճ է, որ 21-րդ դարում երեք հատ գազար գնելու համար երեք ժամ հերթ պիտի կանգնես: Մի անգամ մի մարդ նկատել էր, որ նկարում եմ, ասաց՝ նայի, չգամ էդ ապարատը գլխիդ ջարդեմ: Ես լուռ անցա իմ գործին: Այո, կոպիտ էր, բայց փորձել եմ հասկանալ այդ մարդուն, որովհետև նյարդերը տեղի են տալիս: Գուցե նա 4 ժամ կանգնած էր այդ հերթում, ով գիտի:

Տեսեք, մի քանի լուսանկարներ օգտագործեց «The New York Times»-ը և մեծ աժիոտաժ առաջացրեց, այսինքն՝ պատկերն ունի այդ ազդեցությունը, կարողանում է հետաքրքրություն ծնել: Ստեղծված պայմաններում դա պետք է առավելագույն չափով օգտագործվի: Հիմա Ստեփանակերտում մի տասը-տասնհինգ լուսանկարիչ կլինի, որոնցից ամենաշատը երեք կամ չորսն են, որ փորձում են ինչ-որ բան անել բլոկադայի լուսաբանման համար: Կարծում եմ, որ պետությունն ինքը պիտի դա խրախուսեր, հոգար, որ այս ամենը տարածվի, լուսաբանվի: Օր է եղել, երբ բերված հատուկենտ ապրանքից ես էլ պիտի օգտվեի, երեխաներիս համար ինչ-որ բան տանեի, բայց չեմ հասցրել հերթում կանգնել, որովհետև նկարում էի: Նկարում էի, որ այս ամենն այլոց հայտնի դառնա ու ինչ-որ բան փոխվի: Հիմնական դժվարությունը դա է, որ մենակ ես: Իհարկե՝ որևէ բանի համար չեմ զղջում: Անցյալ օրը կանանց երթից առաջ կազմակերպիչներից մեկը հատուկ զանգահարեց, ասաց. «Դավի՛թ ջան, քո ներկայությունը շատ կարևոր է»: Հասկանում ես, որ մարդիկ քեզանից սպասելիք ունեն, ու դա ինձ համար ամենամեծ գնահատականն է:

-Հետպատերազմական Արցախը, որն ունի բազմաթիվ խնդիրներ, կարծես թե հետաքննող լրագրության պակաս ունի, ինչպես նաև կառուցողական քննադատության, որը ոչ բոլորն են համարձակվում հնչեցնել առանց այդ էլ բարդ պայմաններում գոյատևող արցախահայության այս կամ այն քայլի վերաբերյալ: Որպես ֆոտոլրագրող՝ ինչպե՞ս ես գնահատում լրագրողական դաշտի վիճակն Արցախում:

-Երբեմն տպավորություն է, որ տեղի լրագրողներին լրագրությամբ զբաղվելու առաջին օրվանից սկսած մի գիծ են տվել ու ասել՝ «Այ էս ուղիով գնա ու էս գծից հանկարծ չշեղվես»: Այո՛, դրա համար էլ դրսից տպավորություն է, որ Արցախում ամեն ինչ իդեալական էր: Բա այդ ոնց եղավ, որ շեն երկիրը 44 օրում վարի գնաց: Սա է ամբողջ իրականությունը և այս վերջին երեք տարվա ընթացքում չի խոսվում այն մասին, թե ինչպես եկանք, հասանք էս կետին: Թե՛ Փառուխի, թե՛ Եղցահողի դեպքերը, թե՛ այս բլոկադայի պատճառներն ու դրան անպատրաստ լինելը, այս ամենի պատճառահետևանքային կապն անտեսվում է, և խոսվում է միայն այն մասին, որ Արցախում ուտելու բան չկա:

-Ղահրամանյան Դավիթի լուսանկարները ստիպո՞ւմ են մարդկանց տալ այդ կարևոր հարցերը:

-Աղավնոյի տեղահանման լուրը ստանալու հենց հաջորդ օրը ես նույնպես գնացի էնտեղ: Գետի մոտ երեխաները պարում էին, լողում էին գետում: Հարցրեցի, թե ինչու են հավաքվել: Ասացին՝ իրար հրաժեշտ ենք տալիս: Երեխաները ժպտում էին, ու այդ ժպիտի մեջ մեծ ցավ կար: Մի պահ գյուղի դպրոցի աշակերտները ուսուցիչներին պինդ գրկած ուղղակի կանգնել էին ու բաց չէին թողնում մոտ 15-20 րոպե: Չի կարա նման ֆոտոն հարցեր չառաջացնի: Իհարկե, կարծում եմ, որ դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու, մանավանդ, որ 21-րդ դարում լուսանկարի միջոցով մարդկանց սրտին դիպչելն առավել բարդ է:

-Կա՞ն լուսանկարներ, որոնց պատմությունն առանձնահատուկ է քեզ համար և որոնք լուսանկարելու պահերը փոխել են նաև քո կյանքն ու պատկերացումները:

-Պատերազմի առաջին օրերն էին, Ստեփանակերտն ահավոր ռմբակոծվում էր: Այդ օրը ես լուսանկարեցի զոհված խաղաղ բնակչի ոտնաթաթը, և դա իր մարմնից մնացած ամենախոշոր հատվածն էր: Երբ գնացի դեպքի վայր, խառը վիճակ էր, փրկարարներն էին աշխատում, կրակ, ծուխ, մարդիկ վազում էին: Էդ խառնաշփոթի մեջ փորձեցի իմ ապարատով առաջ գնալ, լսում էի, որ մեկը կողքից ասում էր. «Զգույշ կլինես, մարդու մարմին կա: Ոտքիդ տակ կնայես»: Բայց դեռ չէի հասկանում: Ու մի պահ զգացի, որ ոտքս կպավ ինչ-որ փափուկ բանի: Դա մահացած մարդու ոտնաթաթն էր: Մի պահ քիչ էր մնում, որ ուշաթափվեի, հետո ինձ հավաքեցի: Այդ վայրկյաններն ինձ համար ճակատագրական էին: Էդ պահին գիտակցեցի, որ շատ եմ տեսնելու նման տեսարաններ: Հասկացա, որ եթե նկարում եմ ու եթե որոշել եմ նկուղում չմնալ, դուրս գալ՝ լուսանկարել՝ ուրեմն էսպիսի բաներ դեռ շատ եմ վերապրելու: Այդ տեսարանը մինչև հիմա էլ աչքիս առաջ է: Բայց դա է իրականությունը: Մարաղայի ջարդի ժամանակ էլ սարսափելի տեսարաններ են եղել այնտեղ, սակայն դրանք պիտի ամբողջությամբ  տարածվեին: Բայց դա չի արվել, և այսօր Ադրբեջանը հանգիստ կարող է ասել, որ նման բան չի եղել:

Մյուս լուսանկարը, որն ինձ համար շատ կարևոր է, վերջերս եմ արել: Օրեր առաջ, ապրիլի 7-ին կանանց երթի ժամանակ մի պահ կար, որն ինձ անչափ հուզեց: Երթի երեք կազմակերպիչ կանայք ուս-ուսի կանգնած էին, հետևում՝ «Չենք հանձնվում» պաստառը: Այդ պահին հնչում էր ՀՀ օրհներգը, ի նշան այն գաղափարի, որ եթե Արցախը միանալու լինի որևէ պետության, ապա միայն՝ Հայաստանին: Այդ պահը շատ ուժեղ դաջվեց մեջս: Որովհետև «Չենք հանձնվում»-ը, ըստ իս, հենց հայի մասին է: «Չենք հանձնվում»-ը չվախեցող մարդու մասին է, աշխատող մարդու մասին է, մտածող մարդու մասին է: Շատերն ասում են՝ դե, ինչ փոխվեց այդ երթից: Բայց այդ կանայք այդ օրը կարող էին լինել գեղեցկության սրահներում, ռեստորաններում, մյուսների պես ծաղիկները ձեռքը զբոսնեին քաղաքում, կարող  էին վայելել իրենց՝ կանանց օրը: Բայց նրանք այդտեղ էին և եկել էին ասելու՝ չենք հանձնվում:

-Դժվարին այս ժամանակներում, երբ թվում է այդքան հեշտ է հուսահատվել ու զենքերը վայր դնել, ի՞նչն է քեզ խրախուսում շարունակել աշխատել ու ապրել շրջափակված հայրենիքում:

-Մի խոսք կա, ասում են՝ լավագույն ճանապարհը տուն տանող ճանապարհն է: Ես չեմ ուզում, որ մի օր գնամ տուն, բայց դա լինի ոչ թե այն տունը, որտեղ հիմա ապրում եմ, այլ մի տուն, որն իմ իրական տնից հեռու կլինի: Իմ մոտիվացիան հենց իմ տունն ու ընտանիքն են: Գուցե ամեն անգամ հոգնած գամ տուն, որտեղ իմ երեխաներն են խաղում կամ քնած են, և փաստը, որ մենք այստեղ ենք, մեր տանն ենք և միասին՝ ամեն ինչ հարթում է: Ես փորձում եմ չապրել ուղղակի ապրելու համար և փորձում եմ մյուսներին նույնպես բացատրել այդ միտքը:

 

Սոֆյա Հակոբյան