«Տիրոջ դասը», որ թաքնագրված հմայքներ ունի

Երբ սուրբծննդյան օրերին Աստվածաշունչ կկարդաք ու նրա բառերը մտքում՝ Օրփեոսի գիրկը կընկնեք, ու Տերը կորոշի ձեզ հյուր գալ երազում, լարե՛ք ձեր հիշողությունն ու բանականությունը՝ նրա դասը լսելու։ Այսպես  է պատահել թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանի հետ։ Նրա գրիչը բազմաթիվ թարգմանությունների հետ երբեմն գրում է գրողական ի՛ր ձեռագրով, և ծնվում են պատմվածքներ և պիեսներ։ «Ներքին տարերքի արտահայտությունն է Արամ Արսենյանի «Տիրոջ դասը» ժողովածուն, երբ գրողական փորձառությունը իրականության չափազանց աննշան շերտերում պարզ մարդոց և կենդանիների վարքագծով հայտնաբերում է այնպիսի իրողություններ, որոնք մեր կյանքի ժամանակի տարածքում են՝ եզրագծերից ներս և անդին»։ Արամ Արսենյանի  աշխարհն այսպես է բնութագրում գրքի խմբագիր Արթուր Անդրանիկեանը։  

«Ցանկացած հեղինակ իր մեջ ունի իր հմայքը․ չես կարող դեղատոմսի նման ասել, թե սա կամ սա պետք է կարդալ»,-մի առիթով ասել է հեղինակը։ Դեղատոմսի պես առաջարկում եմ անպայման կարդալ «Տիրոջ դասը», որ թաքնագրված հմայքներ ունի։ Այս գրքում հեղինակի տրագիկոմիկական խոհերն են, որ ծնվել են երևանյան մամուլը թերթելիս, քավորի քավորների, դիպուկահարների, հայկակների․․․ մասին կարդալիս կամ հենց գրելիս։

Ժողովածուում ընդգրկված են պատմվածքներ և մեկ պիես՝ «Երրորդ թագավորության» մասին։ Այստեղ մարդիկ և կենդանիներն ապրում են մեր ժամանակներում։ Սակայն հեղինակը նրանց բոլորին խաղարկում է կյանքի տարբեր փուլերում, տարբեր իրավիճակներում, ինչն էլ հոգեբանությունների բացահայտման հնարավորություն է տալիս։

Հակաուտոպիական, քաղաքական սատիրայով դրամայի մասին հեղինակը գրում է․ «Երեք գործողությամբ առակ մեծահասակների համար, որ գուցե նման բան արդեն տեսել են, և փոքրահասակների համար, որպեսզի նրանք երբեք չտեսնեն»։

Հեղինակն ինքն այն անվանել է առակ։ Այստեղ կան ընդգծված բնավորություն, հոգեբանություն ունեցող կերպարներ, որոնք, սակայն անուններ չունեն։ Ինչպես առակներում, այստեղ ևս անանուն են կերպարները, բայց ոչ միայն որովհետև նրանք բոլորն էլ դիմազուրկ են, լղոզված հասարակությանն ու անճանաչելի, այլ նաև ընդհանրական են և ցույց են տալիս ամբողջ դասակարգ, հասարակության ինչ-որ միջնաշերտ, կառուցվածի մաս։

Ոչինչ ուղիղ ասված չէ, անգամ այն, ինչ թվում է՝ բացարձակ մերկ է։ Ենթիմաստները շատ են․ նրանց ճիշտ պահին ճիշտ հասկանալ է պետք։ Թվում է՝ իրարից անկախ բնակիչների հանրապետություն է այս ժողովածուն։ Սակայն ընթացքում պարզ է դառնում, որ նրանք բոլորն էլ նույն պետության քաղաքացիներն են՝ նույն օրենքներով, որ խախտելու համար են, նույն հավատափոխ, բարեկամափոխ, ընկերափոխ քծնակիրներով, որ չեն յուրացրել Տիրոջ ոչ մի դաս։

Սա հզորների, միամիտների, նենգ, խելացի, խորամանկ, հավասարակաշռված, ուժեղ կենդանիների, դժվար բռնվող գողերի, պալատական երգիչների թագավորությունն է։ Այստեղ ամեն մեկը թագավոր դառնալու ներուժ ունի։ Այստեղ ամեն մեկը ոտքի վրա սպասում է իր աթոռին։ Լավագույն դեպքում սպասում է, հակառակ դեպքում՝ խլում։ «Բոլոր հերոսները համապատասխան դիմակներով են» պիեսում և միշտ։

Մեռնող հասարակության այս հանրապետությունը քար առ քար քանդվում է։ Մտահոգների և չմատահոգների երանելի վիճակը դառնում է այն, «երբ չես լինում դու, լուծվում ես հերոինի խաղաղացուցիչ իրականության մեջ, ու ոչինչ չի կատարվում»։

Հիմա հաճելի թմբիրի պատրանքով կուրացել ենք Աստվածաշնչի գրերի առաջ։          Անգամ խոզերն ի վիճակի եղան ստեղծել սեփական պատվիրանները։ «Անասնաֆերմայի» պատվիրանները յոթն են:

Բոլոր երկոտանիները թշնամիներ են:

Բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամներ են:

Կենդանիները հագուստ չեն կրում:

Կենդանիները չեն քնում անկողնում:

Կենդանիները չեն խմում ալկոհոլ:

Կենդանիները չեն սպանում կենդանիներին առանց պատճառի:

Բոլոր կենդանիները հավասար են:

«Լավ հիշեք մեր թագավորությունում ոչ ոք մյուսի թշնամին չէ»։ Օրուելի պատվիրանն անխախտ է․ բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամներ են:

Ուրեմն ի՞նչ անել։ Ջունգլիում հասարակական-քաղաքական անցուդարձ է։ Կենդանիներն ուզում են ինչ-որ բան փոխել։ Ընդ որում կենդանիների այդ փորձը հաջող ավարտ ունեցել է 1945-ին, երբ խոզերն Օրուելի ձեռքի թեթև միջնորդությամբ արդեն թղթախաղ էին խաղում մարդկանց հետ։ Ուրեմն մենք էլ անմասն չենք կարող մնալ աշխարհաքաղաքական այդ զարգացումներից։ Չնայած՝ «մեր ամեն ինչն էլ ուրիշ է։ Մեր չափը չափազանցն է», բայց մենք հիանալիորեն պատճենում ենք օտար մշակույթների վատագույն գծերը։ Այսպես՝ և՛ խելքն է չափազանց, և՛ հիմարությունը։ Հավատարմությունն ու դավաճանությունը։ Համեստությունն ու փառամոլությունը։ Իսկ նենգությունն ու ստորությունը մերը չի եղել․ շատ արյունների խառնվեց մերը և դրսից բերեցինք նաև այդ երկուսը։ Բերեցինք, փայփայեցինք, հոգ տարանք, որ ամուր ներծծվի մեր արյան մեջ։ «Կառավարության որոշմամբ հսկայական գումար է տրամադրվել փոքրագույն քաղաքին, որպեսզի մոծակներ սատկացնի։ Մոծակներն էլ ինտերնետից իմացել են էդ մասին ու հարևան գյուղերն են փախել, որպեսզի մի քանի օրից վերադառնան և կրկնակի եռանդով ծծեն երևելիների ավելի մգած ու խիտ դարձած արյունը»։ Ու այսպես բոլոր մոծակները վարակվում են մեր չափազանց ծայրահեղ որակներով, ինչի հետևանքով դժվար է կառավարել նրանց։ «Այ քեզ բան, ազգի իսկական դավաճանները ոհմակով հարձակվել են քչից-շատից ազնիվ մնացած պատգամավորի վրա ու նրան ազգի դավաճան են հռչակել, ինչ է թե հանդգնել է սեփական հղփացածներին սանձելու համար օրինական քայլերի դիմել։ Էդ խեղճը չգիտի՞, որ մեզ մոտ միայն ոհմակային օրենքներ են, իսկ անհատներն ու ժողովուրդը դառը հաբ են և վերացման եզրին են»։

Երրորդ թագավորությունում, որտեղ բոլորը թագավոր են, ովքե՞ր են կառավարվելու՝ ոչխարնե՞րը։ Մի առակ կա․ գառները հովվի շներին մեջտեղից հանում են, որ իրենք իրենց հարցերը գայլերի հետ ինքնուրույն լուծեն։ Կարելի է, օրինակ, վերջաբան հորինել այս առակին, թե նրանք քավոր են ընտրում «Անասնաֆերմայի» խոզերին և կարողանում են շարունակել ապրել։ Ընդ որում՝ գայլերը հասկանում են, որ ոչխարները միշտ են պետք, որ իրենք իրենց գայլ զգան։ «Ու էդ գիշատիչները չեն էլ հասկանում, որ սրանց վերացնելուց հետո այլևս հոշոտելու բան չեն ունենալու»։

Վարազ լինենք, թե փիղ, թե սիրամարգ, թե ծեր վագր, մեզ խանգարողը մենք ենք․ չարիքը մեր ներսում փնտրենք, որ չքանդվեն պետությունները՝ երրորդ հանրապետությունն ու բոլորը։ Աղվես լինենք, թե աքաղաղ, խլուրդ, թե արջ, մեզ բեմից հանելու են․ իրենք մնան ու վայելեն հանդիսատեսի ծափերը։

Վարագույր։

         

Վանուհի Բաղրամյան