«Պարև․ մատաղ ինիմ»

Ուրեմն, մատաղ ինիմ քեզ, Արցախը շարունակվում է

Նրանց կյանքի պատմությունը սկսվեց այսպես։

Դերասանների շենքն էր, ինտելեկտուալ մի միջավայր, որ իրենց տան հավաքույթներին համեմված էր լինում Հրաչյա Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Արմեն Խոստիկյանի ներկայությամբ։

Դա չխանգարեց բակում չլիկ դաստա, հոլ, ղաիշ լախտի կամ բանկափլաֆ խաղալուն։ Երկու միջավայրում էլ դաստիարակվեցին, երկուսն էլ երազ էին, որ անցան։ Գուցե հենց այդ երկուսի ազդեցության արդյունքը բերեց ստեղծագործական մի   հասունության, երբ ամենապարզ ձևն ու բառը կարող են արտահայտել հոգեբանական տարբեր փնտրտուքներ, խմորումներ։

Դիլաքյան եղբայրներն են՝ իրականության երգիծանկարիչները՝ ուրույն ձեռագրով, դուրս աշխարհագրական սահմաններից, առանց խտրականությունների, մարդիկ, որ մասնագիտությանն առնչվող հարցին դեռ կողմնորոշված պատասխան չեն գտել, որ ասեն՝ «այս» ենք։

Նրանք գալիս են, երբ հումորի ու բարության կարիք կա։ Երբ պետք է թուլացնել պրկված նյարդերը, խաղաղվել, ներդաշնակվել։ Համավարակի և պատերազմի բերած ճգնաժամը մարդկանց վերադարձնում է իրենց նախնական կերպին․ ամեն ինչ սկսում ենք նորից։ Այս վերադարձի երևույթն անվերջ շրջապտտվող է։

Համաճարակն ու պատերազմը մեզնից խլեցին մեր քունը (ինչպես եղբայրների հայտնի հերոսն էր այն կորցրել):

Եկան նրանք, երբ մենք անքուն էինք, կորցրած մեր ներքին խաղաղությունն ու երազները, մենք անշարժ մնացել էինք նույն տեղում, մեր կյանքում ոչինչ կարծես չէր փոխվում, մենք ունեինք ու ունենք ազատության խնդիր, մենք ունեինք ու ունենք տարբեր ուղիներից ճիշտը գտնելու խնդիր։ Մենք կարիք ունեինք ու ունենք, որ մեզ տանեն այնտեղ, ուր․․․ ասենք՝ գիշեր է։ 

Աշխարհը հավերժական շարժման մեջ է։ Օրինակ՝ Երևան-Նյու Յորք-Երևան։

Նրանց հանրային վերադարձը սպասված էր ու սիրվեց նորովի ու ավելի։

Համաճարակի ընթացքում քաղաքները դատարկվել էին։ Դիլաքյանների մոտ գաղափար ծնվեց՝ կենդանացնել արձանները. ստեղծել շարժվող, կենսունակ, դիմակով արձաններ (ասենք՝ Երևանում բարեկամություն խորհրդանշող ձեռքերի արձանին դիմակ հագցրին)։

Շարքն ավարտվեց։        

Պատերազմ։

Այսպես սկսվեց «ARTsakh»-ի երազը։

Պատերազմի օրերին Հովոն երազ տեսավ։ Դեդոն էր եկել: Զարմանալի էր․ նրանք իրական կյանքում չէին հանդիպել երբևէ։ Դեդոն խնդրեց Հովոյին, որ վրձնի միջոցով իրեն տանեն պատերազմ. Շատ էր ուզում զինվորների կողքին լինել։ Առավոտյան Հովոն Դեդոյին «ուղարկեց» պատերազմ։

Ստեղծվեց «ARTsakh» շարքը։ Շնչող, ապրող, գործող հերոսները դարձան Արցախի տատն ու պապը (ի դեպ, ըստ եղբայրների՝ նրանք ամենաֆոտոգենիկ արձաններն են՝ բնավորություն ունեցող կերպարներ)՝ Դեդոն, Բաբոն՝ մենք ենք, մեր սարերը։    

Դեդոն գնաց պատերազմ։

Կյանքն այդքան ճանապարհներ ունի․ ամեն մեկն իր ճամփով։

Դեդոն որ գնաց պատերազմ, Գագոն, Հովոն ու Բաբոն չնստեցին ու լաց եղան։ Բաբոն և  Մայր Հայաստանը հանդիպեցին՝ կինը կնոջ հետ խոսելու, հանդարտվելու, տունը պահելու, մինչև կգային դեդոները։

Ու գալիս էին։

Գտնված ու չգտնված երազանման մղձավանջային պատերազմը խառնվեց գեղեցիկ հեքիաթին, ու ստեղծվեց շարք, որտեղ Դեդոն, Բաբոն 21-րդ դարում են, կենցաղի, առօրյայի, մարդկային ամենաբնական կյանքի շարժման մեջ։

Այս շարքում արցախցու տիպական, հավաքական կերպարներն են՝ ազգային-ավանդական կենցաղավարությամբ, բարքերով: Այստեղ երևում է ընտանիքը, կարոտը, ջերմությունը, պատերազմի ընթացքում՝ վտանգի մեջ իրար օգնելու, հոգևոր  ամուր կապերով իրար զգալու ու սատարելու ուժը: Այս շարքում շարունակվող կյանքն է, շարունակվող Արցախը:

Հետո Դեդոն վերադառնում է՝ ձեռքին կնոջ համար Արցախի հանդերից քաղած ծաղիկներ. սեր կա «մենք ենք, մեր սարերում»: Նրան կդիմավորեն շունը, կատուն, Բաբոն՝ հեռուստացույցով պատերազմի մասին կինո նայելիս։ Ես ձեզ ասում եմ՝ վերադարձն անխուսափելի երևույթ է։

Դիլաքյանների Բաբոն այսպես է սպասում Դեդոյին․ քաղցր սուջուխ է սարքում, կախում, որ չորանա, լվանում է տան հին հայկական գորգը, հին նվագարկիչով Ազնավուր է միացնում ու գինի խմում։ Տնից թփով դոլմայի հոտ է գալիս։ Թերթում է ընտանեկան ալբոմը, նայում է պատին կախված նկարին, որում երիտասարդ են ու վալս են պարում։ Կողքի նկարում էլ Դեդոն է՝ մեդալով է պարգևատրվում։ Նամակ է գրում Բաբոն, որ իր սիրածը կանաչներին պառկած հանգիստ կարդա կամ կարդա ու հանգստանա․ «Պարև․ մատաղ ինիմ․․․»։

Գիշերները Բաբոն գիրք է կարդում։ Երբ Դեդոն մարտադաշտում է, «Քաոսն» է կարդում, հենց կողքին՝ «Գտնված երազը»։

Հետո մեր նախշուն բաջին գաթա է թխում, խմորով վրան գրում է՝ հաղթելու ենք, նախշավոր, համով գաթա, որովհետև իր սիրածը՝ իր Դեդոն, մարդկանց է փրկում  պատերազմի կրակներից, հետո կրակահերթերի արանքում ժամանակ է գտնում, գնում քրիստոնեաբար մոմ է վառում, աղոթում տղամարդավարի՝ ուժով, հավատով։

Դիլաքյանների «ARTsakh» շարքը կարծես ֆիլմաշար լինի։ Ամեն նկար սցենար ունի, պատմություն, գործողություններ, ինտրիգներ, վեճեր։

Հետո եղբայրները պատկերացրեցին, թե համաշխարհային մեծերը, ասենք՝ Պիկասոն, ինչպես կտեսնեին ու կպատկերեին մեր այս երկու արցախցիներին: Պատկերացրին ու վրձնեցին: Սկսվեց «ARTsakh»-ի, կարելի է ասել, երկրորդ շարքը: Սրանով մեկ քայլ ևս դուրս բերեցին Արցախը՝ համաշխարհային սահմաններին երևելի դարձնելու:

Ուրեմն, մատաղ ինիմ քեզ, Արցախը շարունակվում է։

 

Վանուհի Բաղրամյան

 

 

 

... ... ...