«Լուկա»՝ ճեղքելով շրջափակումը

Սերն է պակասել, ժողովուրդ, սերը...

Ռեժիսոր Ջեսիքա Վուդվորդի «Լուկան» այս տարի ոչ միայն 20-րդ, հոբելյանական  «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է բացել, այլև հայ կինոյի համար յուրատեսակ մի դուռ դեպի նոր հորիզոններ: Հինգ երկրների համատեղ արտադրանքն արդեն արժանացել է ազդեցիկ արձագանքների, իսկ հայկական կողմի համարտադրող, պրոդյուսեր Անժելա Ֆրանգայնը դրանց հետևում է հեռվից՝ շրջափակված Արցախից, որտեղ էլ նրա հետ զրուցեցինք «Լուկայի», հայ կինոյի, Արցախի, պատերազմի, բլոկադայի, անորոշության ու անփոփոխ սկզբունքայնության մասին:

 

-Անժելա, չնայած «Լուկա»-ն դժվար ճանապարհ անցավ, սակայն, ի վերջո, նախագիծը հաջողվեց իրականացնել և նաև հաջողվեց Հայաստանը որպես համարտադրող կողմ պահել այդ նախագծում, այս հարցում մեծ է քո լուման: Ինչպե՞ս հնարավորություն  ստեղծվեց աշխատել Ջեսիքա Վուդվորդի հետ և ի՞նչ ճանապարհ անցաք:

-Երբ ամեն ինչ սկսվեց, աշխատում էի երևանյան մի գրասենյակում որպես ռեժիսոր, բայց ինչ-որ մի շրջան էր, երբ նկարահանումներս համեմատաբար քիչ էին, իսկ ես սարսափելի չեմ սիրում չորս պատ: Գուցե շրջափակման ամենամեծ դժվարությունն էլ ինձ համար դա է: Այնպես ստացվեց, որ իմացա, որ Ջեսիքան գալիս է, և նրան  օգնական է պետք, որը կծանոթացնի նկարահանման որոշակի տեղանքների: Բոլորն ասում էին՝ բայց դու ռեժիսոր ես, իսկ ես հասկանում էի, որ դա ինձ համար ամենից առաջ շատ մեծ դպրոց է լինելու: Ջեսիքան արդեն երկու անգամ Վենետիկի փառատոնի մասնակից է եղել, Կաննի փառատոն և այլն… Այսինքն՝ ես հասկանում էի, որ ուսուցիչ է գալիս, որից կարող եմ շատ բան սովորել: Սկսեցի հենց որպես լոկացիաների ֆիքսող: Մենք ունեինք պրոդյուսերների կողմից կազմված հստակ ցանկ, թե ուր պիտի գնանք, որտեղ պիտի ճաշենք և այլն, բայց հենց առաջին անգամ նրան տեսա, ասացի՝ «Իսկ ոչի՞նչ, եթե այն ինչ գրված է՝ ոչինչ չանենք ու գնանք այն տեղերը, որոնք ես եմ սիրում»: Ինքն էլ մեծ ոգևորվորությամբ ասաց՝ «Իհա՛րկե»: Այդ ժամանակ նախագիծը դեռ մտահղացման փուլում էր: Հստակ էր միայն, որ դա լինելու է Դինո Բուցատիի նովելից ոգեշնչված գործ, և Ջեսիքան Փարաջանովի հանդեպ տածած մեծ սիրուց ելնելով մտածում էր, որ այդ ամենը կարող է նկարահանվել Հայաստանում կամ Վրաստանում: Ինքն արդեն իսկ բազմաթիվ անգամ եղել էր Հայաստանում, այդ թվում՝ «Ոսկե ծիրանի» շրջանակում, և զուտ այդ գաղափարն էր, որ «այս կողմի» լեռները պետք է նկարել ֆիլմում: Տեղանքը միասին ուսումնասիրելուց հետո վերջնականապես հաստատվեց, որ նկարահանումները պետք է տեղի ունենան հենց Հայաստանում: Ուզում եմ նշել, որ անգամ ֆիլմի նկարահանման համար ֆինանսավորումն ամբողջությամբ հայթայթել ենք հենց Հայաստանում արված ֆոտոներով: Բոլոր 5 տարբեր երկրների ֆոնդերին դիմել ենք հենց Հայաստանում նկարված լուսանկարներով և միշտ շատ տպավորիչ արձագանքներ են եղել:

-Ֆիլմին նախ խանգարեց համավարակը, հետո սկսվեց պատերազմը: Եվ,  այնուամենայնիվ, հաջողվեց Հայաստանը պահել նախագծում:

-Համավարակի ժամանակ հարցականի տակ դրվեց «Լուկա»-ի ամբողջական արտադրությունը, այդ փուլում նաև Հայաստանը որպես այդպիսին մի քիչ «դուրս» էր եվրոպական ընտանիքից: Այսինքն, եթե քովիդի հետ կապված ինչ-որ հարցեր եվրոպական երկրների միջև ներսում կարգավորվում էին իրար մեջ, ապա մենք լրիվ կտրված էինք: Բայց ես և Ջեսիքան աշխատում էինք այն ուղղությամբ, որ ֆիլմը պետք է նկարահանվի Հայաստանում: Այդ ընթացքում նաև դիմեցի Հայաստանի Ազգային կինոկենտրոնին և ստացանք ֆինանսավորումը, ինչն այս նախագծում Հայաստանի մասնակցության տեսանկյունից ամենակարևոր կետն էր: Իսկ հետո սկսվեց պատերազմը…

-Այդ ժամանակ էլ Արցախում էիր…

-Արցախում էի: Որոշ ժամանակ անց որոշեցի, որ մնում եմ Արցախում: Ջեսիքային ասում էի՝ ոնց որ թե քո սցենարն իրական տեսնում եմ: Ես էլ ինչ-որ նկուղում եմ, որը շատ նման է ֆիլմում քո նկարագրածին: Այն ժամանակ ֆիլմի աշխատանքային անունն «Ամրոց» էր, հետագայում փոխեցինք «Լուկա»-ի: Այդ ընթացքում իրենք ինձ արդեն գրեցին, որ պետք է նախագծի այլ գործընկեր փնտրեն, հասկանալով, որ Հայաստանում նկարահանումները կարող են վտանգավոր լինել: Հիշում եմ, որ ես, Ջեսիքան և Փիթերը, որը նախագծի գլխավոր պրոդյուսերն է և Ջեսիքայի ամուսինը, հեռախոսազրույց ունեցանք, երբ իրենք ինձ տեղեկացրին, որ նկարահանումները տեղափոխվում են: Այդ պահին երեքս էլ լաց ենք եղել: Շատ լավ հիշում եմ: Ջեսիքան շատ-շատ էր ուզում, որ դա նկարահանվի հենց Հայաստանում, ամեն բջիջով դա ուզել է: Իրենց շատ կարևոր մարդկային հատկությունների մասին է խոսում նաև այն փաստը, որ իրենք ինձ պահեցին նախագծում, նշելով, որ հակառակ դեպքում արդար չէր լինի: Հայաստանի Ազգային կինոկենտրոնը սատարեց և նշեց, որ իրենք մնում են գործընկեր և ֆինանսավորումը պահվում է, թեև նկարահանման տեղանքը երբեք չի համարվում  ֆինանսավորում տալ-չտալու խնդիր, ստեղծագործական անձնակազմն է հաշվի առնվում: Հետագայում Ջեսիքան ասաց, որ ուզում է որ հայկական կողմի մասնակցությունն ավելի «իրական» լինի և առաջարկեց դերասանին գտնել հենց Հայաստանից: Երբ Սամվել Թադևոսյանին առաջարկեցի՝ գլխավոր դերի կերպարի համար տարիքն անհամապատասխան էր: Սակայն, երբ մենք հասկացանք, որ մեզ Կոնստանտինի կերպարի համար էլ է մարդ պետք, Սամվելին նորից առաջարկեցի: Այդ ժամանակ էլ նորից Արցախում էի, հիշում եմ, որ զանգեցի, ասացի նրան՝ «Ոչ մի բան հաստատ չի, բայց խնդրում եմ մի վիդեո ուղարկի»: Սամվելը եզակի պրոֆեսիոնալներից է մեր երկրում, և անմիջապես ինքը շատ գեղեցիկ վիդեո ուղարկեց և նոր ֆոտոշարք արեց հատուկ այդ դերի համար: Մենք ունեինք «մրցակից» 6 իտալացի դերասաններ և, ի վերջո, ռեժիսորի ցանկությամբ և իմ անսահման ուրախությամբ գլխավոր դերերից մեկում ընտրվեց հայ դերասանը: Ե՛վ Սամվելի կարիերայի, և՛ հայկական կինոյի համար ես սա համարում եմ մեծ ձեռքբերում: Մի կողմից նույնիսկ ուրախ եմ, որ հայկական կինոն այսպիսով մի կարևոր քայլ է անում ու ասում՝ մենք միայն մեր լոկացիաներով չենք հետաքրքիր: Այսինքն, մենք մեր ստեղծագործական անձնակազմով էլ կարող ենք մրցունակ և ներկայանալի լինել: Հայ դերասանը կարող է շատ պրոֆեսիոնալ խաղալ նույն նախագծում, որտեղ խաղում է նաև Ջերալդին Չապլինը:

-Ինչպիսի՞ն կլիներ ֆիլմն, ըստ քեզ, եթե նկարահանումներն, այնուամենայնիվ, կատարվեին Հայաստանում:

-Երևի առավել տարբեր: Ավելի լավ կամ վատ՝ չէ, բայց՝ տարբեր: Ֆանտաստիկ տեղանքներ ունեինք ընտրած: Գուցե նաև գիտական կոնտեքստը սրվեր: Չգիտեմ: Ինչ-որ ներքին համոզմունք ունեմ, որ մի օր այդ տեղանքներում ինչ-որ բան պիտի նկարահանվի, որովհետև դրանք արժանի են: Բայց չեմ զղջում, որ դրա փոխարեն էլ փաստացի Սամվելին ունենք ֆիլմում: Ֆիլմում անգամ հայերեն տեքստ կա, որտեղ Սամվելը հայերեն ասում է՝ «Սերն է պակասել, ժողովուրդ, սերը»: Երևի հիմա շատ լավ ուղերձ է բոլորիս:

-Թեև փառատոնին ներկա չէիր Արցախի շրջափակման պատճառով, սակայն յուրովի ուղերձ հղեցիր Ստեփանակերտից, և դա փառատոնի հիշվող ու ազդեցիկ պահերից մեկը դարձավ: Այդ պահին գերակշռում էր ափսոսանքը, որ շրջափակման պատճառով չկարողացար այդտեղ լինել, թե՞ հպարտությունը, որ առիթ ունեցար հիշեցնելու շրջափակված տասնյակ հազարավոր արցախցիների  մասին:

-Կար ափսոսանք, քանի որ, փաստորեն, այսքան ամիս ես վստահ էի, որ ես ու Արցախի ընկերներս ներկա ենք լինելու երևանյան ցուցադրությանը, հագնեինք կարմիր գորգի մեր շորիկները, գնելու ենք կոշիկները… Կար էդ վստահությունը: Բայց եթե կոտրվել, ապա միայն այն պատճառով, որ ճանապարհը դեռ փակ է, այլ ոչ թե նրա, որ ես այստեղ եմ: Սակայն բեմից այդ օրը հնչած ուղերձն ամեն ինչ իր տեղը գցեց: Ի սկզբանե չկար գաղափար, որ ես այստեղից պիտի ուղերձով հանդես գամ: Երբ եղավ առաջարկը՝ ես ու Ջեսիքան առանց մեկ վայրկյան տատանվելու այդպես «գժվեցինք» ու արեցինք դա: Եվ երբ դա եղավ՝ ես այնքան ինձ իմ տեղում էի զգում: Ինձ թվում է՝ մեր ուղերձները միշտ պետք է լինեն այդքան պարզ ու մարդկային: Ինձ համար շատ կարևոր էր, որ ես բոլորին ասեմ՝ այո, վայելեք ֆիլմի տոնը, որովհետև դա իրավամբ տոն է և «Ոսկե ծիրանն» իմ երիտասարդության ամենասիրելի փառատոնն է: Նաև ասել, որ մենք էլ ենք այստեղ ու սիրում ենք ֆիլմը: Երբ այդ կամուրջն այդ մի փոքրիկ ձևով հաստատվեց՝ ամեն ինչ իր տեղն ընկավ, ու ինձ համար այլևս շատ արդարացված էր, որ ես հենց էստեղ պիտի լինեի այդ պահին: Ինձ թվում է՝ էստեղ բոլորը հենց դրանից են տխրում: Ոչ թե ջղայնանում են, ինչպես ներկայացվում է հաճախ մեդիայով, ոչ թե որ մի տեղ չար ենք, մի տեղ՝ բարի, այլ հենց էդ ձևով, որ կամուրջներ հաստատվեն: Մենք իմանանք, որ մեզ դեռ հիշում են, ուրիշներն էլ իմանան, որ մենք չարացած չենք: Ուզում եմ նաև անպայման նշել՝ երբ Երևանի մարդիկ են ասում՝ «ի՞նչ անենք», ու էստեղի մարդիկ են ասում՝ «ի՞նչ անենք», մեկ է՝ դա տարբեր է: Էնտեղ մարդիկ ապրում են իրենց առօրյայով, որի մեջ չգիտեն՝ ինչ անեն էս հարցի հետ կապված: Էստեղ մարդիկ ապրում են, չիմանալով, թե ինչ անեն առօրյայում: Էստեղ ամեն օր ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու: Զարթնում ես ու չգիտես՝ ինչ է լինելու: Չգիտես՝ այսինչ բանը կարողանալու ես էսօր գնել, թե՝ ոչ, այնինչ տեղը կարողանալու ես գնալ, թե՝ ոչ: Այսինքն որոշակիության ոչ մի նշույլ չկա: Եվ շատ տարբեր է քո որոշակի և կազմակերպված առօրյայում չիմանալ Արցախի մասով ինչ անել և արթնանալ ամեն օր Արցախում, արթնանալ  «չիմանալ ինչ անել»-ու մեջ: Ու պետք է դրա համար առավել ներողամիտ լինենք, չնայած աբսուրդ եմ համարում, որ սա եմ ասում հիմա, բայց այստեղից հնչող բառերի, տեքստերի նկատմամբ ներողամտություն է պետք:

-Ինչը՞ քեզ բերեց Արցախ:

-Միշտ գնացել եկել եմ Արցախ: Հետո Արցախը սկսեց դժվար օրեր ապրել, էսպես ասեմ: Մեկի հետ ընկերանում ես, հետո նա սկսում է դժվար օրեր ապրել, ավելի շատ են կողքը գնում, չէ՞: Ասենք՝ ժամանակին շաբաթը մեկ էիք սուրճ խմում, հիմա ամեն օր ես գնում մոտը, որ տեսնես՝ լավ է, թե ոչ: Կյանքում էպդես է, չէ՞: Այդ սկզբունքով էլ ես եմ եկել Արցախ: Մեծ հաշվով, երբ ինձ շատ են սկսել հարցնել, թե ինչու եկա Արցախ, սկսեցի ինքս իմ մեջ փորփրել ու դե, պարզ էր՝ ես ծնունդով Սպիտակից եմ, մանկությանս տարիներին ինչքան ճամբար էին անում, մենք ու արցախցի երեխաները միասին էինք, իմ մտքում արդեն էդպես էր, որ եթե Հայաստանը երկու ցավոտ մաս ունի, ապա մեկը Արցախն է, մյուսը՝ մենք՝ երկրաշարժի գոտին: Բայց ինձ համար դա նաև ինչ-որ տեղ «բլա-բլա-բլա» է: Այսինքն երբ չկա պատասխան, սկսում ես ուղեղդ լարել և էդպես է դառնում:

Պատերազմը երբ սկսվեց, այստեղ էի, որովհետև եկել էինք ծնունդ նշելու: Մարդկանցով, որոնց համար Արցախն ուղղակի կարևոր տեղ էր: Սկսվեց պատերազմը: Պատերազմի երրորդ օրը պիտի արդեն դուրս գայի էստեղից: Հետո երրորդ օրը Մարտունիում մի մարդ իմ կյանքը փրկեց: Գնացի հասա Գորիս, որ էդտեղից գնամ Երևան: Երբ Գորիսում իջա մեքենայից, հասկացա, որ ի վիճակի չեմ: Անժելայի ինչ-որ մի տեսակ պիտի մեռներ, որ կարողանար գնար: Զուտ որովհետև ես արդեն այստեղ հարազատ մարդիկ ունեի, ու ստացվում էր, որ իրենք կազմակերպել են իմ անվնաս տեղ հասնելը, իսկ ես պիտի գնամ ու էնտեղից գրեմ «Ո՞նց ես»: Դա ոչ մի կերպ չկարողացա պատկերացնել: Ու հետ եկա: Բարեբախտաբար մի լավ ընկեր խորհուրդ տվեց, որ եթե մնում եմ՝ գործով զբաղվեմ: Իմ միակ կարեցածն էլ նկարելն էր, տեսախցիկ կար ձեռքումս:

-Բլոկադան ի՞նչ հարցերի պատասխաններ տվեց:

-Չափազանց  բարդ է պատասխանել: Ես, մեկ է, կյանքին էն տեսանկյունով եմ նայում, և որպես ստեղծագործող էլ փնտրում եմ հենց այն, որ հնարավոր է մարդ մնալ ամեն իրավիճակում: Ու ես գտնում եմ էդ մարդկանց ու էդ իրավիճակները: Կարծում եմ, որ հնարավոր է փոքր բաներով ուրախանալ: Թե՛ պատերազմը, թե՛ բլոկադան ինձ դա են սովորեցրել՝ ի վիճակի լինել ուրախանալ մանր բաներով: Խաղաղ երկնքով ի վիճակի լինել ուրախանալ, թութ ստանալով ի վիճակի լինել ուրախանալ: Եթե չկարողացար դրանով ուրախանալ՝ մեծ լողավազանով, թանկ մեքենայով ու հեռախոսով էլ չես կարողանալու ուրախանալ: Էս պայմաններում ես շատ խորությամբ դա սովորել եմ: Մեկ էլ դարձել եմ շատ անզիջում իմ սկզբունքների առումով: Այսինքն, երբ այդ դժվարությունները ավելի խտացվում են, սկզբունքներիցս չեմ հրաժարվում: Էլ չեմ տատանվում, քանի որ երբ շատ ժամանակ չկա՝ դու արագ ես որոշումներ կայացնում և կայացնում ես դրանցից ամենակարևորները:

 

Սոֆյա Հակոբյան

... ... ...