«Լեռան ճանապարհը»

Լեռան ճանապարհ. այսպես են կոչում տեղացիները Մշո դաշտից դեպի Խութի լեռներ բարձրացող դժվար ու գեղեցկագույն ճանապարհը:

«Լեռան ճանապրհո՞վ եք գնալու», -զարմացած հարցնում են սովորաբար, երբ ամեն անգամ մենք՝ թողած Բիթլիսի կենտրոնով այս լեռները շրջանցող հարթ ու ասֆալտապատ ճանապարհը էլի մեզ գցում ենք «չոլերը»:

«Այո, մեզ հենց այդ ճանապարհն է պետք», -ասում ենք՝ իմանալով, որ մեզ էլի նայելու են մի հայացքով, որը կարծես հուշում է՝ «Ովքեր են այս անհույս ռոմանտիկները»:

Իսկ մեզ ընդամենը պետք է լեռան ճանապարհը: Մեր ճանապարհը: Որովհետև երևի Սասունն իր ամբողջ փիլիսոփայությամբ հենց այդ մասին է: Այն մասին, որ ամեն մեկն այս կյանքում ունի իր ճանապարհը և պիտի գնա այդ ճանապարհով: Ինչպես խոյը՝ իր, գայլը՝ իր: Այո, ամեն մարդ պիտի գնա հենց այդ, ի՛ր ճանապարհով: Որովհետև Սասունը ոչ թե հեշտը, այլ ճիշտը ընտրելու մասին է: Լեռան ճանապարհի մասին է: Էնպես որ թողեք՝ հանգիստ գնանք մեր խորդուբորդ, մեր այծերի՝ քարերն այդքան սիրով լիզած, ձմեռվա բուքին արտաքին աշխարհից խռոված ու փակված, իսկ ապրիլին մեկ մետրանոց «թարս լալա»-ներով լցված, աշնան թավ մշուշի մեջ խելագարի նման կորած, Ռաբաթի բերդի ներքևում ամենամաքուր մարգագետինների պատկերներով ու կարմրամազիկ փոքրիկների չարաճճի հայացքներով համեմված, մեր այդքան սիրելի լեռան ճանապարհով:

 

***

Ըստ ավանդության՝ Սուրբ Թադեոս առաքյալն է հիմնել Խութի Սուրբ Աղբյուրիկը՝ կենարար ջրի աղբյուրից մի փոքր վեր: Սուքիաս Եփրիկյանի «Բնաշխարհիկ բառարան»-ից էլ տեղեկանում ենք, որ Վանդիր Սուրբ Աղբերիկի երկրորդ եկեղեցու կառուցումը վերագրվել է Գրիգոր Լուսավորչին: Այստեղ են ծավալվել արաբական լծի դեմ սասունցիների նշանավոր ապստամբության գլխավոր իրադարձությունները, այստեղ են 1894-ին և 1915-ին ապաստանել ու դիմադրել բազմաթիվ որբեր ու կանայք: Ըստ Պետոյանի, Վանդիր Աղբերիկի առաջին վանահայրն է եղել Աբդիշո Ասորին, որին եպիսկոպոս է ձեռնադրել Մովսես կաթողիկոսը 508թ.-ին:

Իր կյանքի վերջին տարիներն այստեղ է ապրել Գրիգոր Մագիստրոսը՝ թողնելով հայրենի Բջնին ու մեկուսանալով խռոված ու լուսավոր այս լեռներում: Մագիստրոսի հռչակավոր «Թղթերից» էլ հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում նրա փեսա Թոռնիկ Մամիկոնյանի՝ Սասունն առնվազն երկու դար ղեկավարած Թոռնիկյանների իշխանության հիմնադրի մասին: Մագիստրոսի և Թոռնիկ Մամիկոնյանի նամակագրության մեջ ամենազվարճալին ու ուշագրավը, թերևս, աներոջ կես կատակ կես լուրջ «կշտամբանքն» է փեսային, թե վերջինս «հունադավան» լինելու պատճառով չորեքշաբթի և ուրբաթ օրերին ձուկ էր ուտում:

Թոռնիկյանների՝ Սասունի լեռներ բերած քաղկեդոնիկ մշակույթի հետքը շատ հստակ երևում է Սուրբ Աղբերիկի ներսում. առնվազն բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են հայ քաղկեդոնիկների եկեղեցաշինական ոճին: Տավուշյան Սրվեղն ու Կիրանցը հիշեցնող փառահեղ այս վանական համալիրը բացում է մեր առաջ Սասունի պատմության ոչ պակաս կարևոր, բայց՝ անտեսված էջը: Հետաքրքիր է, որ անգամ պատմաբան-ազգագրագետ Վարդան Պետոյանը, որի գրչին է պատկանում Սասունի և Տարոնի ազգագրության մասին ամենաֆունդամենտալ ու ծավալուն աշխատություններից մեկը, Սուրբ Աղբերիկի մասին խոսելիս ոչ մի բառ չի հիշատակում դրա՝ «հայ-հոռոմ» (այդպես էին հայերը հաճախ կոչում ուղղափառություն ընդունած ազգակիցներին՝ վերջիններիս մեկուսացնելով դավանափոխության համար) հետքի մասին, թեև նույնպես հաստատում է, որ Թոռնիկյանները բացահայտ հունադավան էին և անգամ հաղորդում, որ Թոռնիկի որդի Չորդվանելին հաճախ դավանաբանական տարաձայնությունները հարթելու համար դիմում էր Առաքելոց վանքի վանահորը՝ ժամանակի ամենամեծ կղերափիլիսոփաներից Պողոս Տարոնեցուն:

Խութի հյուսիսում՝ Սասնո լեռնաշխարհի հենց դարպասներին մոտ գրեթե երկու հազարամյակ անվրդով կանգնած Վանդիր Աղբերիկի վանքի՝ արդեն միջնադարում հավելված կից աշխարհիկ դահլիճների ցնցող կատարելությունը, վանքի՝ մեզնից էլ ներքև հողով լցված հատվածի առնվազն 2.5-3 մետր բարձրությունն ու մեզնից վեր՝ առնվազն 4 մետր և ավելի տարածվող ու ներսից իր ազդեցիկությամբ կլանող գմբեթի հզորությունը, ամբողջովին ջնջված և միայն շատ ուշադիր նայելու դեպքում խորանի կամարի ծայրերից հազիվ նշմարվող կապույտ ներկը, որը հուշում է ժամանակին այստեղ եղած բավականին հարուստ որմնանկարների մասին, ինչպես նաև նույն տեղում հայերեն տառերի՝ անձրևներից, ձյունից ու գուցե նաև վանդալներից փրկված, կարծես շունչը փչող ուրվագծերը հուշում են Վանդիր Աղբերիկի՝ հայ քաղկեդոնիկ մշակութային ժառանգության ամենածանրակշիռ կետերից մեկը լինելու մասին:

Ի՞նչ քանակ ուներ հայ քաղկեդոնիկ համայնքը Սասունի լեռներում, որը 13-րդ դարում դեռ գրում էր հայատառ և ոչ վրացատառ կամ հունարեն, ինչպես Տայքում կամ Գուգարքում: Արդյո՞ք ուղղափառ դավանանքը տարածում գտել է սասունցիների մեջ, թե՞ սահմանափակվել է Սասունի քաղաքական վերնախավի՝ այս դեպքում Մուշից այստեղ եկած Թոռնիկյանների շրջանում: Ինչո՞վ էին սասունցի և մշեցի քաղկեդոնիկները տարբերվում հյուսիսային հայրենակիցներից Լոռիում, Տավուշում, Տայքի լեռներում կամ Արդահանում: Արդյո՞ք որպես Հայ առաքելական հիմնադրված և հետագայում քաղկեդոնիկ ազդեցություն կրած վանքերն ու եկեղեցիները միայն նորոգելով էին սահմանափակվում Թոռնիկյանները և արդյո՞ք ուղղափառ ու առաքելական դավանանքներն այստեղ հաջողությամբ զուգակցվում էին թե՛ եպիսկոպոսանիստ Աղբերիկի, թե՛ հետագայում հոգևոր կենտրոն դարձած Գոմոց վանքի դեպքում: Եվ վերջապես՝ ինչո՞ւ է այդքան հարուստ բանահյուսություն ունեցող սասունցիների շրջանում առ այսօր իսպառ անծանոթ մնում «հայ հոռոմների» թեման. այս ու այլ բազմաթիվ հետաքրքիր հարցեր կմնան, արդեն մնացել են օդում:

Իսկ որպես այս մշակույթի՝ Սասունի լեռներում երբևէ ապրած լինելու «կենդանի» վկայություն, պատմական Սասուն գավառի քարտեզի վրա պահպանվել է միայն մեկ փոքրիկ կետ՝ Հոփեր: Դա այն միակ գյուղն է, որի բնակիչները, թեև վաղուց իսլամացած ու քրդախոսության անցած, սակայն անվանվում են «հոռոմ»: Կիսադատարկված Հոփերում, որտեղ ընդամենը 2-3 ընտանիք է մնացել դեպի Մուշ ակտիվ գաղթից հետո, «հոռոմները» մինչև հիմա էլ այդ բառը որպես իրենց հասցեին կշտամբանք են լսում հարևան քրդերից: Փաստորեն, այս հողերում միայն կշտամբանքն է, որ համերաշխությամբ ու մեծ պատրաստակամությամբ միաբերան են ասում բոլորը՝ հայերը, քրդերը, արաբներն ու ոչ ոքի լուսանցքի մեջ չտեղավորված «հոռոմները»:

Աղբերիկի վանքից բավականին հեռու, սակայն նույնպես հայ քաղկեդոնիկ ճարտարապետության որոշակի, թեև չնչին հետքեր կրող, ժամանակի եպիսկոպոսանիստ Գոմոց վանքից քիչ հարավ, Տալվորիկի ու Փսանքի սահմանագծին գտնվող հոփերցի «հոռոմները» կարո՞ղ են որևէ կապ ունենալ Թոռնիկյան իշխանական տոհմի հետ… Այս պատմության թելի ծայրը մեզ բռնել օգնող որևէ հիշողության կրող, ցավոք, այլևս ողջ չէ:

 

***

Ճիշտը, մեկ է, լեռան ճանապարահն է. հազարերորդ անգամ համոզվում ես անձամբ, երբ Աղբերիկի վանքին գրեթե հասած, ժամից ավելի լեռներում քայլելուց հետո մոտեցել ես ամենավերջին՝ ամենաքարքարոտ ու դժվարանցանելի մասին և որոշել, որ հետդարձ էլ չկա: Միշտ այն տեղում, ուր թվում է, թե ամեն ինչ անցյալում է, բայց չէ, հավատը սովորաբար ճանապարհի վերջում է փորձարկվում:

Աղբերիկի վանքի ոտքերի տակ իջած, լուռ, անպատմելի գեղեցիկ ու հեզ խոնարհվող ամպերը, կարծես առանձին կտավից դուրս եկած, վառ դեղին հագած ծառերն ու Սևսարի լանջերին թառած ամրոց-վանքի խորհրդավոր, հոգեցունց տեսարանը բլոկադա վերապրած մարդու համար ասես հատուկ նվեր ու օրհնանք լինի ապրածդ անազատ օրերի դիմաց: Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում ամեն օր մտքումս պահած Վանդիր Սուրբ Աղբերիկի վանքը, որն այդքան վախենում էի էլ չտեսնել, թավ մշուշի միջից այնքան հանգիստ, այնքան անվրդով կարծես ասում է. «Տեսար, որ ամեն ինչ ունի իր ժամանակը, ամեն մեկն ունի իր ճանապարհը»:

Սոֆյա Հակոբյան

 

                                                              

       

... ...