«Կալվորի երգը»

«ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում մի հատված Գեղեցիկ Մարգարյանի «Չմոռանաս մանուշակի թառանչը» հրատարակվելիք ժողովածուի «Կալվորի երգը» վիպակից:

 

***

 

Կեսժամանոց կամ քառասունրոպեանոց, երբեմն էլ մեկ ժամ տևող ընդմիջումներին կալվորն անպայման գե­ղար­վեստական մաս էր ունենում:

Նախ մանիներ էին ասում:

Թեև վաղուց արդեն կոլխոզի գործերին չէր մաս­նակցում (նախ՝ տարիքով էր, հետո էլ՝ տղերքը թույլ չէին տալիս), բայց տան դիմացի հողամասում գրեթե կիսա­պառկած քաղհան անելիս Սիրունի Հայաս մամը քթի տակ դնդնում էր էդ «մանիներից»: Նրանից ու Վարսիկ մամից (Վարսիկը իր պապի՝ Հայրենականում անհայտ կորած եղ­բոր կինն էր) Սիրունը լիքը սովորել էր երկու կամ չորստո­ղանոց այդ պարզ շարադրանքով խաղիկներից:

Ինչ էին անում: Ազնիվ հորքուրի շալն էին վերցնում: Աղջիկներից ամեն մեկն իր իրերից որևէ բան էր թաքուն դնում էդ շալի մեջ: Ասվում, ավելի ճիշտ երգվում էր մա­նին, (բոխչա արած) շալից պատահականության սկզբուն­քով մեկի իրը հանվում էր, ասել է թե՝ ասված մանին այդ իրի տիրոջ վիճակն էր, բախտը:

Աղջիկների մեջ խլրտոց էր ընկնում. բոլորը սիրուն վի­ճակի էին սպասում, տղաների հետ կապված տողերի, բայց հենց էդպիսին էր բաժին ընկնում, ձևացնում էին, թե իբր սրտներով չէ, որ իրենք բնավ էլ տղաների մասին չեն մտածում, ինչ սեր, ինչ բան...

Պարզ ու անմեղ սեթևեթանք...

 

Բայց էլի շեղվեմ:

Գյուղն ուներ իր լուսաբացի, կեսօրի, մայրամուտի ու նորից՝ լուսաբացի, կեսօրի, մայրամուտի սիրո երգը:

Ու այդ երգի վերնագիրն էր «Աշոտ-Սիլվա սիրավեպ»:

Մեկ էլ գյուղով մեկ կտարածվեր այդ տարիների ամե­նա­հայտնի հիթերից «Սիլվա, ինչո՞ւ գացիր»-ը՝ սփյուռ­քա­հայ երգիչ Մանուէլ Մենենգիչյանի կատարմամբ:

Ու մեծից փոքր գիտեին, որ դա Աշոտն է միացրել, ու որ դուրս՝ Սիլվայենց տան խոտի դեզի մոտ է կանչում իր Սիլվային...

Ինչպիսի՜ ապրում, ինչպիսի՜ անմեռանելի սեր...

 

Երբ շրջանը բոլորում էր, երբ ամեն մեկը գտնում էր իր բաժին «վիճակը», հերթը հասնում էր երգող կանանց: Սիրունն անհամբեր սպասում էր այդ համերգին: Գիտեր երգվող բոլոր երգերի բառերը, մեղեդին: Ինքն ու հայրը երգ չկար, որ երգած չլինեին:

Կանանցից առաջինը՝ Ռիմա տոտան, շատ աղվոր ձայն ուներ, նուրբ, քնարական, բայց մի քիչ օտար (կարելի է ասել՝ թուրքական) մելիզմներով…

Երկրորդի ձայնը սովորական էր, ավելի շատ կոշտ, քան նուրբ, էն որ երգում ես երգելու համար, բայց մի բան կար, որ լսելի էր դարձնում այդ կատարումը: Սիրունը գլխի չէր ընկնում՝ այդ ինչն է, հետո միայն հասկացավ, որ այդ կանանցից ցանկացածն էլ թե երգեր, ինքը նույն սիրով էր լսելու, քանի որ դրանք իր արմատի երգերն էին, զուլալ ու հոսուն էին, այնքա՜ն պարզ էին ու բնական, այնքա՜ն իր հոգուն հարազատ…

Թեև տարիները իր երաժշտական ճաշակում մեծ շրջա­դարձ են կատարել (Սիրունը հիմա ջազի սիրահար է), սակայն ընկերական հավաքներին, նաև՝ իր կանաչ անկ­յունում, հատկապես խոհանոցում գործ անելիս, միևնույն է, հոր ձայնն է թրթռում իր կոկորդում, այդ հեռա­վոր օրերի երգերն են գլուխ բարձրացնում:

Հենց առիթ է լինում, անգամ անառիթ, որքա՜ն ինք­նա­մոռաց է երգում: Չի սպասում, որ իրեն խնդրեն, վերցնում է ու երգում:

... Ռիմային մեկ անգամ էին ասում, ու նա անմիջա­պես սկսում էր՝ առանց կանգ առնելու, բառերը հաճախ խառնե­լով, տեղում հորինելով, Սիրունն էլ մեկ մտքում, մեկ բարձ­րաձայն ուղղումներ էր անում, սակայն չափը չէր անցնում. հանկարծ չնեղացներ…

Լուկուզին պիտի համոզեին, որ երգեր:

-Էլ քեզի մի ծանդըրծըրա, քույրիգ, կըսենկ երկե, ուրեմն երկե, էլի՛, -վրա էին տալիս կանայք:

Բայց նաև գիտեին՝ եթե շատ ասեն, հնարավոր է՝ ընդ­հան­րապես չերգեր, դրա համար մեկ ասելուց հետո դա­դար էին տալիս ու սպասում:

Այդ ընթացքում Լուկուզ տոտան կոկորդն էր ստուգում, քթի տակ մի քանի ցածր նոտաներ դնդնում, աղջիկների հայացքներով անցնում՝ համոզվելու համար՝ ճի՞շտ է, որ ուզում են լսել իրեն, հետո միայն սկսում...

Ինչ տրամադրության մեջ ուզում ես լինեին, ինչ էլ երգեին-չերգեին, աղջիկների սիրած «Կալվորի երգը» հա­մերգի երգացանկի «անպայմաններից» էր:

Արմենիան հով էր, երկիրը ծով էր,

Թուրքին են մնացել հայկական հողեր:

Եղիր դու այնտեղ, որտեղ որ հայ կա,

Գուրգուրիր նրան, թող Հայաստան գա…

Հերթական համերգն է կալի բուտկայում: Դեռ նոր են Ազնիվ հորքուրի շալը վերադարձրել, դեռ նոր էր Ռիմա տոտան սկսել երգի առաջին տողերը, երբ վրա է գալիս Սամո պապը…

Մի ժամանակ՝ ութսունականներին, գյուղական բոլոր հարսանիքներին, կնունք­-ծնունդներին, տարբեր առիթ­ներով խնջույքներին երաժիշտներն անպայման նվագում էին այս երգի մեղե­դին. ոչ միայն նվագում, նաև երգում էին, խոսքերը պահած կամ փոխած, տեմպը՝ շատ արագ, հայացքներն այն բա­նին, թե քանի հոգի ձեռքը գրպանը տարավ, քանիսը պա­րող­ների մատներին կարմիր տաս­նոց­ներ, լավ, գոնե երեք­­ռուբլիանոցներ շարեց:

Սա փող հավաքելու երգերից առաջին եռյակում էր, թերևս: Պարողների պետքն էլ չէր լինում, թե ինչ է ասվում՝ «թուրքին են մնացել հայկական հողեր...», ու պայթում էր «տաշի՛ի՛ի՛…»-ն…

Թվում էր՝ միայն իրենց գյուղում է այդպես, բայց երբ մայրը հարսանիք կամ որևէ ուրախության գնալու տրամա­դրություն չէր ունենում, քույրերից ավագը՝ Գոհարը, կամ ինքն էր երբեմն հոր հետ գնում գյուղից դուրս ապրող բա­րե­­կամ­ների ուրախ առիթներին:

Համատարած բան էր ազգագրական, երբեմն շա՜տ-շատ ցավալի տեքստերով երգերի տակ «տաշի-տուշին»...

Դե Ռիմա տոտան էլ լսածի նմանությամբ, այդ նույն տեմպով, շնչակտուր լինելու արագությամբ երգում էր…

Սամո պապը մեկ էլ բարձրացնում է ձեռքը...

Դեռ պետք էր սպասել, թե ինչու բարձրացրեց...

Նրա ձեռք բարձրացնելը ևս մի արարողություն էր: Երբեք անմիջապես չէր ասում իր ասելիքը: Սպասեցնում էր: Դադար: Իր ասածն ու արածը կարևորելու համար՝ էլի դա­դար: Չէր խաղում: Այդպիսին էր միշտ:

Ապա նոր՝

-Եղբա՛յր, եղբա՛յր, չեղա՜վ, կեծի՛: Էդ ու՞ր կերտաս ըդպես վռազ-վռազ…

Մի պահ լռություն. հետո հասկանում են, որ այդ պա­հին հնչած «եղբայր»-ը երգողին է վերաբերում:

-Հեչ տեղըմ էլ չեմ էրտա, Սամսոն եխպար, ընձի հըմար երկեմգը…

-Տեսնիմգը, օր քեզի հըմար երկեսգը, բայց ինճը՞ղ, եղբա՛յր: Դու գըհասկընա՞ս՝ ինճի մասին գերկես…

Ռիմա տոտան լրիվ է շփոթվում: Ինքը, որ տարբեր իրավիճակներից ճարպկորեն դուրսեկողներից էր, բերանը ջուր է առնում, սպասում՝ էլ ինչ կասվի:

-Ըդիգ մեր ոխպերգուծյունն է: Էդ մէ քանիմ տողի մեճ գիդե՞ս ինճ է դրվաձ: Չեմ հասկընա՝ հեճ մեգըդ գիրկ չե՞կ կարտա, հեչ մեգըդ չիդե՞կ մեր պադմուծյունը, օր գըլխ­ը­ներդ կախ անգաջ կըդնեկ ու չեկ ըսէ, օր ըդպես բըդի չըերկվի...

Սա դեռ ընդհանուր խրատականը, ապա դառնում է երգողին.

-Դու ի՞նճ կէնես, եղբա՛յր: Դու բըդի քաշե՜ս-քաշե՜ս, բայծ դու վազեսգը, եղբա՛յր...

(Ի դեպ, Սիրունը որոշ դեպքերում գրեթե կա­տար­յալ էր նմանակում, հատկապես դա լավ էր ստացվում, երբ ար­տասանում էր «Պատգամ որդուս...» բանաստեղծու­թ­յունը հենց հեղինակի՝ Սիլվա Կապուտիկյանի ձայնով: Ուսանո­ղության տարիներին՝ հավաքների ժամանակ, ըն­կեր­ները հաճախ էին խնդրում, որ անի այդ նմանակումը՝ ի թիվս այլերի. ինքը ձևեր թափողներից չէ. հենց առաջին  ասե­լուց հետո մտնում էր տարբեր կերպարների մեջ):

Թեև հիմա էլ գործի է դնում նմանակելու իր հմուտ ունակու­թյունը, բայց դժվարանում է գտնել այն ձևը, որը հնարավորություն կտար գրավոր խոսքի միջոցով ընթեր­ցողներին փոխանցել այդ տեսարանը և ապա նաև՝ երկու կատարումների տարբերությունը:

Հներիս հեշտ է բացատրելը. հիշում եք, չէ՞, կլոր վի­նիլային սկավառակները: Էն որ հոսանքը թույլ էր լինում, և ձգվո՜ւմ էր մեղեդին, կամ էլ, հակառակը, փչացած էին լինում ասեղն ու սկավառակը, ասեղը արա՛գ-արա՛գ թռչում էր ու մեկ վայրկյանում հասնում վերջին…

-Հասկանում եք, չէ՞, -պատմում է Սիրունը, -առաջինը Սամո պապի կատարումն է, որ ամեն մի տողը երգելուց հետո հարցնում էր.

-Եղբա՛յր, սորվա՞ր…

Կամ.

-Կըհասկընաս, չէ՞, եղբա՛յր, ինճըղ բդի երկես. բըդի ձգես, մար­մա՜նդ-մարմա՜նդ…

Ռիմա տոտան, թեև գլխով նշան է անում, որ հաս­կացել է, բայց նրա միտք թափանցելով՝ զգացվում էր, որ ոչինչ էլ չի հասկացել: Ու երբ Սամո պապն ասում է.

-Դե երկե՛, տեսնիմ, եղբա՛յր...

Նույն արագությամբ, գրե՛թե նույն արագությամբ է կրկնում, ինչպես որ առաջին անգամ էր երգել…

Գնալով ուսուցումը լրջանում է…

Համբերությունները երկուստեք հատում են: Եվ այդ ժամանակ իրավիճակը փրկում է մյուս երգչուհին:

Սամո պապը հիմա էլ նրան է խրատում.

-Եղբա՛յր, լրջածի, ընճի գըխնդաս... Քեզի ըսաձս տեղ հասա՞վ, հըմի դու փործէ աշեմ…

Լուկուզ տոտան, որ հազիվհազ է զսպում ծիծաղը և դրա համար նկատողության արժանանում, սովորաբար ճիշտ ու ճիշտ առաջին երգչուհու տեմպով ու չափով էր այդ երգը երգում: Իրավիճակը ընկալելով՝ խորամանկություն է անում. սկսում է գրեթե Սամո պապի տոնայնությամբ ու արագությամբ. երևի թե ճիշտ է ասելը՝ չ-արագությամբ, մոտավորապես այսպես.

-Աաաաաաաաաար-մեեեեեեեեեեեեն-յաաաաաաան-հոոո­ո­ո­ոոոո-վէէէէէէէէէէէէր...

Գրեթե մեկ րոպե՝ ամեն տողը ավարտին հասցնելու համար (մի քիչ չափազանցություն կա, բայց դե...):

Եվ ժպիտ է խաղում երգուսույց Սամո պապի՝ հիա­ցում ապրող դեմքին, երբ «ապիկար» ուսանողուհուց հետո այս «տաղանդավորին» է լսում:

Ու ամեն մի տողը «ձգել-քաշել-պրծնելուց» հետո երկ­րորդ երգչուհին արժանանում է չմահավան Սամսոն պա­պի հիացական «Կեծծե՛ս, այ ըդպե՛ս, եղբա՛յր»-ին...

Այս դիպվածից հետո կալի համերգներին հումորն անպակաս էր լինում. hատկապես, երբ այդ օրը չէր սպաս­վում, որ ուր որ է՝ Սամո պապը վրա է գալու...

Նախքան կխնդրեին կանանց, աղջիկները եր­գում էին «Կալվորի երգը»՝ երկարաձիգ տարբերակով, մի լավ ծի­ծա­ղում, ճիշտ է ասել՝ հռհռում, ապա նոր թողնում, որ կա­նայք համերգը շարունակեն…

 

21.10.2021

Գեղեցիկ Մարգարյան