«Գյավուրի թաղի» մաքառումը. Մկրտիչ Մարկոսյան՝ սահմանի մյուս կողմից չլսված ձայն

Արտագաղթել նշանակում է անկման հասցնել որևէ մշակույթ

«Արտագաղթել նշանակում է վերացնել և անկման հասցնել որևէ մշակույթ: Հաղթահարենք արգելքները՝ Դիարբեքիրի մշակութային ժառանգությանը տեր կանգնելու համար: Հակառակ դեպքում լեզու սովորելու համար ստիպված կլինենք Ստամբուլ գնալ, ինչպես վարվեցի ես»:

Մկրտիչ Մարկոսյան (23, դեկտեմբեր 1938 - 2 ապրիլ 2022)

 

Տիգրանակերտի նեղլիկ, մութ ու աղմկոտ փողոցներից է սկսվում մերօրյա արևմտահայ գյուղագրական գրականության վերջին էջի պատմությունը: Այո՛, ոչ թե Սփյուռքի որևէ ավանդական գաղթօջախից և, նույնիսկ, ոչ թե Պոլսից, այլ հենց Տիգրանակերտից էր զարկում ժամանակակից արևմտահայ գրականության, թերևս, միակ ու վերջին զարկերակը:

Այս պատմության, թերևս, ամենահետաքրքիր ու արտառոց հատվածը հենց այնտեղ է, որտեղ այդ զարկերակները կային, բաբախում էին հենց այնտեղ ու այն ժամանակ, երբ այդ ամենը վաղուց հողին էին հանձնել սովորական մահկանացուները:

***

1938-ին Դիարբեքիրի Հանչեփեք թաղամասում, այլ կերպ ասած՝ Գյավուրի թաղում էր ծնվել ու մեծացել Մկրտիչ Մարկոսյանը: Թվում էր, թե մեծագույն ողբերգությունից հետո, որը պատահեց այս հողերի հետ, մկրտիչներ ու, առհասարակ՝ գյավուրներ այս կողմերում չպիտի մնացած լինեին: Տարիներ անց, հենց Մարկոսյանի գրչով պատմված «Գյավուրի թաղը» պիտի դառնար այս կողմերում ամենասիրված ու գրախանութներում հայտնվելուն պես կայծակնային արագությամբ սպառվող եզակի գրքերից մեկը: Իհարկե, չէ՞ որ հայերեն, թուրքերեն ու քրդերեն բազմիցս վերահրատարակված «Գյավուրի թաղը»,  վերնագրից մինչև գրքում տեղ գտած բոլոր պատմություններն ու մտորումները, այս հողերում մնացած բոլորի՝ հայերի, թուրքերի, ասորիների, եզդիների ու քրդերի զղջումների, ամոթի, կապվածության ու կարոտի մասին ու համար էր:

Ի դեպ, «Գյավուրի թաղի» համար հիմք էր հանդիսացել Մարկոսյանի՝ «Մեր այն կողմերը» հայերեն պատմվածքների ժողովածուն, իսկ ավելի ուշ՝ 90-ականներին,  արդեն թուրքերեն պատմվածքները լույս ընծայեց թուրքական «Բեբեքուշ» հրատարակչությունը՝ «Գյավուրի թաղ» վերնագրով:

«Գյավուրի թաղը» խորհրդանշեց  նաև պոլսահայ գրահրատարակչության պատմության մի նոր ժամանակահատվածի սկիզբը՝ դառնալով 1993-ին Հրանտ Դինքի, Մկրտիչ Մարկոսյանի ու նրանց այլ գաղափարակիցների՝ Ստամբուլում հիմնադրած «Արաս» հրատարակչության առաջին լույս ընծայած գրքերից մեկը:

Սակայն մինչև այդ Մարկոսյանը դեռ պիտի անցներ այս հողերում «մահից հետո ծնվածներին» հատուկ դասական ճանապարհներից մեկով՝ պոլսահայ վարժարանների հայալեզու կրթության ու համայնքային կաղապարների, այդ տարիներին Պոլսում հայտնվող գավառահայերին հատուկ երկվության ու չհասկացվածության, հայրենիքի հետ ու հայրենիքի ներսում հոսանքին խառնվելու կամ վերազատվելու ծանր ու այդքան մեծ ազատություն պարգևող երկընտրանքների  միջով:

«Ասա Մարկո՛ս, որտեղացի՞ ես», «Համրիչի հատիկները», «Տիգրիսի ափերեն», «Ատամնափորիչ», «Կեռիկով ասեղ», «Դեպի Ստամբուլ մեր տոմսը հատվեց», «Աստծո մատյանը» գրքերը, որոնք պիտի ավելի ուշ հրատարակվեին, պիտի խոսեին ու պատմեին այն ժամանակի Թուրքիայի համար անպատմելի, անհասկանալի բաների մասին, որոնք հասկանալուց ու պատմելուց դեռ շատ հեռու ենք նաև մենք: Ավելին՝ այս պատմությունները մնում են փակված ու կարող են դասվել շատ «խրթին» թեմաների շարքին Հայաստանում նույնիսկ այսօր՝ Մարկոսյանի մահից հետո:

Տարօրինակ է, արևմտահայ  գրականության այս ճյուղի վերջին ներկայացուցիչը մեզանից հեռացավ նույնքան անաղմուկ ու աննկատ, որքան նրա ու նրա սերնդակիցների կյանքն էր վերջին հարյուրամյակում մեզ՝ սահմանի այս կողմում  մնացածների համար:       

***

Ինչ ասել է ծնվել մահից հետո ու գրել հայերեն՝ հայաթափված հայրենիքում՝ բարդ է երևակայել: Առհասարակ՝ բարդ է ապրել ու որևէ բան ներկայացնել՝ ոչ մի բանի ու որևէ տարածության մեջ չտեղավորվելով: Եվ, երևի թե, շատ ավելի բարդ է գտնել մաքառելու շարժիչ ուժն ու իմաստը, երբ մյուս կողմում մաքառումն ավարտված է, գոյությունդ ու մաքառումդ՝ չիմացված, չգիտակցված ու չարժևորված:

 

Սոֆյա Հակոբյան