«Անառիկ» ամրոցների ու ինքնությունների աշխարհ Տայքը

Այժմյան Էրզրումի նահանգի հյուսիսում՝ պատմական Տայք աշխարհի մերկ ու արևագույն լեռների գրկում է գտնվում Վաչեձորը։ Առաջին հայացքից ժամանակակից Թուրքիայի արևելքում իրարից չտարբերվող հազարավոր խուլ ու հետամնաց գյուղերից մեկի մոռացված ու կարծես թե խոր նիրհած մի գողտրիկ վայրում, թթենիների շվաքի ներքո ու օրհնված լռության մեջ դարերի գաղտնիքն են պահում Վաչեձորի անառիկ ամրոցն ու կուսանաց վանքը։

Ամենահամեղ թթի դոշաբի, ամենահակասական պատմությունների ու մի քանի ինքնությունների արանքում «եփված» մարդկանց աշխարհը՝ Տայքը շարունակում է ամբողջապես ու խորքայնորեն «չնվաճված», «անհաս» մնալ և՛ օտարների, և՛ մեզ համար: Դրանում համոզվում ենք ամեն անգամ տայքյան նոր մի գաղտնիքի հերթական էջը բացելիս՝ ամեն անգամ բազմիցս զարմանալով, այնուհետև մեր իսկ զարմանքի վրա ևս մեկ անգամ զարմանալով։

«Ինչպես կարելի է թույլ տալ, որ այս անառիկ, անհաս դիրքում քեզ կոտորեն ու դուրս նետեն, չեմ հասկանում», -ամբողջ ճանապարհին մտորում ու կիսատ հարցական հայացքով իրար ենք նայում Տայքի ճանապարհներով դեգերողներս։

«Իսկ ո՞վ է ասել, որ դուրս են եկել»․․․, - մեքենայի մեջ հնչեց ամեն ինչ իր տեղը գցող պատասխանը։

 

***

Վերջապես կենդանի շունչ երևաց ժայռերի մեջ կորած այս փոքրիկ գյուղի «կորած» փողոցներում, չհաշված ծաղկավոր գլխաշորով տիկնոջը, որն արագ պատշգամբից ներս մտավ ու մեզ չտեսնելու տվեց։

«Որտեղի՞ց եք, բարով եք եկել», -տեղացիներին հատուկ չափազանց հետաքրքրասեր հայացքով մեր մոլորյալ հայացքին արձագանքում է բեղերի տակից մինչև ականջները ժպտացող պապիկը։

«Վրաստանից», -արագ արձագանքում է ջավախեցի մեր ընկերը։

Դե, ի վերջո, Տայքում, հատկապես՝ նախկին քաղկեդոնական բնակավայրերում սովոր են Վրաստանից հյուրեր ընդունել։ Ավելին՝ հայերի գուցե առաջին անգամ են տեսնում։ Գաղտնիք չէ նաև, որ Տայքի բնակչության զգալի մասի՝ ժամանակին ուղղափառության անցնելու և հունադավան (ավելի ուշ՝ վրացադավան կոչված) լինելու փաստը բուռն բանավեճերի ու անհամաձայնությունների մի ամբողջ շղթա է ձևավորել հայ ու վրացի տայքագետների շրջանում, որոնցից յուրաքանչյուրը բացարձակ ներքին վստահությամբ պայքարում է պատմական Տայքի, մասամբ նաև Գուգարքի քաղկեդոնական ժառանգության համար։

«Լավ է, լավ է։ Երևի «վենք» եք եկել, հա՞», -ուրախ շարունակում է պապիկը՝ փայտի էլեկտրական սղոցը դնելով գետնին, մինչև մենք նրա հայերեն «վանք» բառի արտասանությունից ապշահար իրար ենք նայում, կարծես ուզում ենք միմյանց հարցնել. «Դու է՞լ նույնը լսեցիր»։

«Մեր գյուղի անունը Նեագոմ է։ Վաչեձորը ներքև է, գյուղի հակառակ կողմում՝ ձորի մեջ, գետի հունը պիտի բռնեք։ Նայի ասեմ, զավակս, ուրեմն՝ վանքը, կողքին միանձնուհիների դպրոցը, գրադարանը, վերևում էլ՝ բերդը։ Դեե, ճիշտ է, դուք Վրաստանից եք եկել, բան չունեմ ասելու, բայց այս գյուղը․․․ ճիշտն ասած՝ հայերի գյուղ է եղել», -մեր բոլոր կասկածներն  ու հարցական հայացքները վերջնականապես «ջախջախում» է նեագոմցի մեր նոր ծանոթը։

Նեջմեթթին պապիկի տունը հենց գյուղի հին աղբյուրի մոտ՝ այսինքն նախկին գեղամեջում է։ Արևմտյան Հայաստանի ճանապարհներին անցկացրած երկար տարիների ընթացքում  հանդիպած անթիվ դեմքերն ու դեպքերը, տներն ու գյուղերը, վանքերն ու գերեզմանները թեև երբեք ու ոչ մի դեպքում չեն ջնջվում մարդու մտքից, և այնուամենայնիվ կան դեպքեր ու դեմքեր, որոնք առանձնահատուկ տեղ են զբաղեցնում այդ հիշողության մեջ։ Վստահաբար այլևս դրանցից մեկն է Նեագոմ գյուղի մզկիթի, իսկ ավելի ճիշտ՝ նախկին եկեղեցու մոտ տեղակայված Նեջմեթթինի տունը, որի գեղեցիկ, տիպիկ տայքյան ճարտարապետությանը հատուկ փայտաշեն պատշգամբը հենց առաջին հայացքից թույլ չէր տալիս աչք կտրել իրենից։

«Եկեք, նախ եկեք, հետո կխոսենք, եկեք, տեսեք ինչ եմ ցույց տալու ձեզ», -գործնական շարժուձևով ու ոչ մի րոպե դեմքից չպակասող ժպիտով դեպի տուն բարձրացող նեղլիկ արահետն է բռնում Նեջմեթթինն ու ձեռքի վստահ շարժումով իր տուն հրավիրում բոլորիս, մինչև մենք քննարկում ենք, թե արդյոք արժե ժամանակ վատնել Վաչեձոր իջնելու վրա։

Նեջմեթթինի պատշգամբից բացվող տայքյան հեքիաթային տեսարանները, սերուցքով թխված տաք հացը, տան մի անկյունում թառած խոյի եղջյուրներն ու ներքևից լսվող ջրի ձայնը հուշում էր, սակայն, որ այստեղից շուտ հեռացողը չենք։

«Հմմ․․Նեա-գոմ․․․ «Նեա»՝ հունարեն «նոր», «գոմը» հայերեն գոմն է, հաստատ հայ-հոռոմների գյուղ է եղել», -ինքս ինձ մտորում եմ թեյի բաժակների անդադար շխշխկոցի ներքո, ինչը Թուրքիայում նշանակում է, որ զրույցը ստացվել է։

«Ես էլ եմ համալսարան ավարտել, գիրք էի գրում մեր այս կողմերի մասին, բայց կիսատ թողեցի։ Մենք երեք ընկեր էինք, մեկն էլ Արդվինի Խոպայից, մեր բարբառները, իմացած բառերը համեմատում էինք․․․ Ռուսերեն, վրացերեն, հայերեն․․․Պարզվում է՝ շատ նման բառեր ունենք։ Դե, մեր տոհմն ինչքանով որ ուսումնասիրեցի՝ մենք Քարամանների թուրքերից ենք սերում բայց», -ականջի ծայրով հասցնում եմ լսել Նեջմեթթինի խոսակցությունը, որն, անկեղծ ասած, բնավ չի զարմացնում, քանի որ չի տարբերվում այս կողմում պատմությունների դասական, բոլորի «հագով» հարմարեցված տարբերակից։ Բայց դա հիմա էական չէ։

«Եթե ձեզ մեքենայով ուղեկցենք մինչև տուն, մեզ հետ Վաչեձոր կգա՞ք՝ վանքի ճանապարհը ցույց տալու», -հարցս ու պապիկի է՛լ ավելի ուրախ արձագանքը մեկ է լինում:

«Այդ դեպքում՝ այո, կգամ, ձորում այս ժամին արջ կլինի, ձեզ համար վտանգավոր կլինի», - ասում է Նեջմեթթինն ու ֆիլմի հերոսի պես կապում հրացանը, հրաժեշտ տալիս կնոջն ու նստում մեր մեքենան։

Իհարկե Նեջմեթթինի նկարագրած 15 րոպեանոց ճանապարհը մեզ՝ քաղաքից եկած դանդաղաշարժ գիտնականներիս համար, նշանակում է առնվազն 45 րոպե և ամբողջովին ծակծկված կոշիկներ, թրջված հագուստ ու շատ բարակ լարից կախված նյարդերի կծիկ, սակայն վստահությունը, որ գնում ենք շատ կարևոր, յուրահատուկ ու մեծ արժեք ունեցող մի տեղ, սովոր է առաջ մղել ճամփորդին ամենաանելանելի իրավիճակներում անգամ։

Իսկապես, շատ բարդ է որևէ բան ասել Վաչեձորի կուսանաց անապատի մասին։ Վայր, ուր առնվազն 300 տարի քրիստոնեությունը վերացվել է, իսկ առնվազն 200 տարի որևէ հայ ճամփորդի ոտք չի դիպել։ Վայր, որտեղ չորացած թթենիներն անգամ փորձում են պատմել իրենց հետևում թաքնված երբեմնի վեհաշուք վանքի լուռ ավերակների մեծության մասին։ Վայր, որտեղ նեագոմցի Նեջմեթթին պապն աշխարհի տարբեր ծայրերից հավաքված երեք հայի պատմում է, թե ինչպես էին իր պապերը Վաչեձորի բերդի կիսավեր պարսպի խոշոր անցքից այստեղի ժայռերին հասնող արևի շողերին հատուկ արարողությամբ ողջունում հենց այստեղից՝ վանքի տարածքից։ Վայր, որի հայերեն անունն ու հրաշագեղ որմնանկարների կողքին երևացող վրացատառ նախադասություններն ափիդ մեջ են դնում Տայք աշխարհի վերջին մի քանի հարյուր տարվա պատմությունը։ Վայր, որտեղ մեզ ուղեկցելու համար երկու ժամ առաջ անծանոթ, իսկ հիմա արդեն հարազատ դարձած Նեջմեթթինը տայքեցու չորկողությամբ հրաժարվեց որևէ փոխհատուցում վերցնել։ Եվ վերջապես՝ վայր, որտեղ բազմաթիվ կիսատ մնացած հարցերով, դժվարությամբ, բայց սիրով ու անհամբերությամբ գալու ենք կրկին, անպայման գալու ենք։

 

Սոֆյա Հակոբյան