Վեցերորդ օվկիանոս
Կհավաքեմ
բոլոր թաց հիշողությունները
ու կանվանեմ «Անձրև»․
այն ամենահորդը, որ անվերջ տեղում է
հոգու ներսում...
Կհորինեմ մի նոր օվկիանոս՝
այն վեցերորդը, որի համար
Աստված փնտրեց ու
այդպես էլ տեղ չգտավ
այս փոքրիկ երկրի վրա։
Այն կանվանեմ «Երջանկություն»
ու կլողամ այնտեղ այնքան,
մինչև ձեռքերս նավեր դառնան,
ոտքերս՝ խարիսխներ․․․․
Կհորինեմ անանուն ափեր,
որոնք քարտեզների վրա
երբեք չեն գծվի,
որովհետև դրանք սահմաններ չեն,
այլ ապրելու տեղեր.....
Այսօր հագել եմ
իմ ամենանուրբ զգեստը,
այսօր հանդիպման եմ անձրևի հետ.
որոշել եմ՝ հուզել նրան մինչև կեսգիշեր,
գուցե ես էլ խառնվեմ նրա լացին,
որ օվկիանոսն ավելի մեծանա՝
տիեզերքից ընդամենը մի մատ ներքև...
Ամենամեծը,
Ամենամե՜ծը...
***
Երբ ծնվեցի, պատերազմ էր․․․
Երբ մեծանում էի, ասացին՝
պատերազմն ուր որ է կվերջանա․․․
Մեծացա՝ պատերազմ էր դարձյալ․
Եվ իմ կենսագրության մեջ
մնացած այդ բառը
ամենաշատն է ինձ ճանաչում,
որովհետև մենք մեծացանք նույն տանը,
խաղացինք նույն բակում,
հաճախեցինք նույն դպրոցը,
ընտրեցինք նույն մասնագիտությունը,
միայն մի բան էր տարբեր՝
նա գիտեր աշխարհի բոլոր լեզուները,
բայց այդպես էլ
խոսել չսովորեց․․․
***
Ի՜նչ հիանալի է,
որ կաս դու
և կա այս պոեզիան,
որ փրկեց ինձ
մենությունից
ու անուն տվեց լռությանս․․․
Հիմա ցավը գրկել է ինձ
այնքան քնքշորեն,
որ ես շփոթում եմ այն
քո ձեռքերի հետ․․․
***
Աստղերը շարում եմ մազերիս,
և տեղավորվում եմ
այն բառի մեջ,
որ ամենաթեթևն է,
համարյա անտեսանելի ․․․
ամպերը ծածկել են ինձ՝
ինչպես մի Հարդագողի ճանապարհ,
որտեղով քայլում են
այն կերպարները,
որոնք ապրում են
առասպելներում․․․
Կան գիշերներ,
որոնք ծածկոցի պես
ընկնում են ուսերիդ,
երբ մի քիչ մրսում ես․․․
ամենաերկար զրույցը
այն է,
որն այդպես էլ
տեղի չի ունենա,
ամենաերկար բանաստեղծությունն էլ
այդ զրույցի
շարունակությունն է․․․
Մի փորձիր շոյել մազերս,
վախենում եմ աստղերը
այրեն մատներդ․․․
Ես գիտեմ այն բոլոր
լեզուները,
որոնցով խոսում են միայն նրանք,
ովքեր կարող են լռել
աշխարհի բոլոր
լեզուներով․․․
***
Շնորհակալ եմ քեզ.
դու ինձ սովորեցրիր լաց լինել,
ու դա հրաշալի է,
որովհետև մինչև այդ
չգիտեի աչքերիս տեղը...
Ես կարծում էի,
որ աչքերը
գեղեցիկը տեսնելու համար են,
բայց պարզվում է՝
լացելն էլ է տեսնելու մի ձև .
այն ձևը,
երբ անձրևից հետո զգում ես
խոնավության բույրը ու հասկանում,
որ ապրելու միակ միջոցը՝
թաց հողում նոր սերմեր ցանելն է։
Չոր հողում ծաղիկներ աճու՞մ են...
Շնորհակալ եմ քեզ,
որ սովորեցրիր լաց լինել.
դա միակ բանն է,
որ քեզնից բացի
ոչ ոք չէր կարողացել ինձ սովորեցնել․․.
Հերմինե Ավագյան
Դիտումներ: 152
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։