Վազք

Կիսվել:

Վերջին բառերը

Առավոտյան, երբ թարմ հացը դեռ չէր հասցնում սառչել, իսկ առաջին ավտոբուսը բլրի գագաթին հասած չէր լինում՝ հետևից թողնելով թանձր սև ծուխ, պարոն Սարգսյանը կանգ էր առնում հին կինոթատրոնի կողքի թերթավաճառի կրպակի մոտ։

Նախքան կվճարեր, բացում էր թերթը: Ո՛չ կարդալու համար։ Պարզապես համոզվելու, որ էջերը ճիշտ ու հավասար են ծալված։ Տպարանում անցկացրած քառասուն տարիները իրենց անխուսափելի հետքն էին թողել, որին սովորույթի ուժ են ասում ու երբեմն նման բաները կորցնում են իմաստը, բայց չեն  անհետանում: Եթե եզրերը կոկիկ չէին համընկնում, ուղղում էր դրանք, ապա թերթը դնում  թևի տակ։

Կրպակի կինը հետևում էր՝ նույնիսկ չփորձելով թաքցնել հայացքը:

-Մի օր դրա համար էլ հավելյալ գումար կգանձեմ։                                                                                                     

-Ինչի՞ համար։

-Իմ թերթերն ուղղելու։

-Դրանք քո թերթերը չեն։

-Իմն են, քանի դեռ չես վճարել։

Տիկնոջը մեկնեց մետաղադրամները, ապա թերթը խցկեց վերարկուի տակ։

-Դու դեռ մահացածների՞ն ես առաջինը կարդում։

-Երբեք չեմ լսել, որ նրանք բողոքեն դրանից։

-Ողջերը հասցնում են անել դա  բոլորի փոխարեն:

Երբեք առաջին էջը չէր բացում։ Առաջին էջը շտապողների մասին էր։ Այնտեղ կառավարություններ էին փլուզվում։ Մուգ կոստյումներով տղամարդիկ դրոշների ներքո ձեռք էին սեղմում։ Երեկոյան այդ ամենի մեծ մասն արդեն երեկվա լուր էր դարձած լինում:

Վերջին էջերն ուրիշ էին։ Մահացածները համբերատար սպասում էին՝ սպիտակափայլ ատամնաշարերի  և բնակարանների գովազդների արանքում, որոնք այլևս անհասանելի էին իր համար: Պարոն Սարգսյանը կարդում էր յուրաքանչյուր անուն։ Ոչ թե այն պատճառով, որ ճանաչում էր նրանց, այլ որովհետև մի օր կամ ինքն էր ճանաչելու նրանց, կամ նրանք էին ճանաչելու իրեն։ Մատը սահեցնում էր յուրաքանչյուր տողի տակով՝ տպարանի աշխատակցին հատուկ հին սովորությամբ, ասես ստուգելով, որ ամեն տառ ճիշտ շարված լիներ՝ նախքան թանաքի չորանալը:

-Այսօր էլ չկա՞- հարցրեց կինը։

-Դեռ ոչ,- պատասխանեց՝ ծալելով թերթը:

Սարգսյանի բնակարանից սուրճի, փոշու ու թղթի հոտ էր գալիս։ Գրքերը դրված էին պահարաններում, որտեղ ուրիշներն ափսեներ էին պահում։Սեղանի վերևում Անահիտի լուսանկարն էր կախված․ կանգնած էր Սևանա լճի ափին՝ ոտաբոբիկ, կոշիկները մի ձեռքից կախված։ Քամին մազերը քշել էր դեմքին հենց այն պահին, երբ ինչ-որ մեկը սեղմել էր լուսանկարչական ապարատի կոճակը։ Լուսանկարներում նա միշտ ծիծաղում էր։ Պարոն Սարգսյանը հաճախ էր մտածում՝ արդյո՞ք մարդիկ մահացածներին իսկապես այնպես են հիշում, ինչպես նրանք եղել են, թե՞ լուսանկարներն աստիճանաբար համոզում են  հիշել միայն այն, ինչ պահպանվել է թղթի վրա։

Բացեց թերթը: Դեռ առաջին մահախոսականին չէր հասել, երբ ինչ-որ մեկը թակեց դուռը։ Ոչ հարևանի շտապողական թակոցն էր, ոչ էլ փոստատարի համբերատար ռիթմը։ Երեք թեթև թակոց։ Կարելի է ասել՝  քաղաքավարի թակոց էր։ Մի քիչ սպասեց։ Թակողը համառեց՝ կրկնելով ամենը ճիշտ նույն կերպ, ասես մի նախադասություն էր ասում, որն արժանի էր ևս մեկ անգամ լսվելու։

-Մտե՛ք, - ասաց՝ միայն հետո հիշելով, որ դուռը կողպված է։

Անցավ միջանցքով ու բացեց դուռը: Սանդուղքի հարթակին մի տղա էր կանգնած։ Ինը կամ տասը տարեկան կլիներ։ Մազերն այնպես էին ցցվել, կարծես ինչ-որ մեկը փորձել էր շտապելով սանրել։ Կոշիկի քուղը քարշ էր գալիս բետոնե հատակով։ Թևի տակ դպրոցական պայուսակ էր՝ բերնեբերեն խզած գրքերով. ցեպը չէր փակվում:

-Դո՞ւք եք տպագրիչը։

-Էի։

-Այսինքն՝ էլ չե՞ք աշխատում։

-Թոշակի եմ անցել։

-Պապիկս ասում է՝ թոշակի անցած մարդիկ երբեք չեն դադարում անել այն, ինչից թոշակի են անցել։

-Իսկ պապիկդ ինչո՞վ էր զբաղվում։

-Բողոքում էր։

Հազիվ զսպեց ծիծաղը:

-Ուրեմն, երևի, դեռ աշխատում է։

-Տատիկս է ինձ ուղարկել ու ասել, որ գաք:

-Ե՞րբ։

-Շատ վաղուց։

Տղան ձեռքը գրպանը տարավ ու ափի մեջ ինչ-որ բան դրեց։ Փոքրիկ պղնձե տառ էր՝ «Ց»։ Ժամանակը մգացրել էր մետաղը, բայց ոչ այնքան, որ թաքցներ ստորին կորության մոտ եղած փոքրիկ քերծվածքը։

Սարգսյանի ներսում ինչ-որ բան կծկվեց։

-Որտեղի՞ց սա քեզ:

-Նրա կարի տուփի միջից։

-Նա կոճակները տպագրական տառերի հե՞տ էր պահում։

-Կոճակներն այնքան էլ շատ չէին։

-Տատիկիդ անունն ի՞նչ է։

-Սիրվարդ Մելքոնյան։

Մի ակնթարթում շենքի բոլոր ձայները լռեցին։ Ավելի քան հիսուն տարի էր՝ այդ անունը բարձրաձայն չէր լսել։

-Դուք ճանաչո՞ւմ եք նրան։

-Ես ճանաչում էի մեկին, ով արձագանքում էր այդ անվանը:

-Դա նույն բանը չէ։

-Դե հա,- հազիվ լսելի ձայնով ասաց նա։ -Նույնը չէ։

Ապա մի կողմ քաշվեց։

-Ավելի լավ է՝ ներս գաս։

Տղան առանց երկմտելու ներս մտավ, կանգ առավ խոհանոցի դռան մոտ ու նկատեց երկու բաժակները։

-Հյուր ունե՞ք։

-Ոչ։

-Այդ դեպքում ինչո՞ւ երկուսը։

-Երբեք լավ պատճառ չեմ գտել, որ դադարեցնեմ այդ սովորությունս։

Տղան գլխով արեց։ Երեխաները, մտածեց պարոն Սարգսյանը, առեղծվածները շատ ավելի հեշտ են ընդունում, քան մեծահասակները։ Մեծահասակներն անվերջ բացատրություններ են պահանջում։ Երեխաները միշտ պատրաստ են ընդունել ևս մեկ տարօրինակ փաստ այս աշխարհում:

-Մի՞շտ  եք այստեղ ապրել,— հարցրեց Արսենը։

-Ո՛չ։

-Բա որտե՞ղ։

-Այստեղ։

-Դա նույն պատասխանն է։

-Չէ։

Կզակով ցույց տվեց պողոտայի կողմը։

-Երբ քո տարիքում էի, այնտեղ սրճարաններ չկային։ Դաշտ էր։ Հետո հայտնվեցին մարդիկ:

Ավտոբուսից դիզելի ու թաց վերարկուների հոտ էր գալիս։ Բազմահարկ շենքերից այն կողմ մշուշում լողում էր Արարատը ։

-Ուրեմն սա՞ է։ Լեռը։

-Դու այն նախկինում տեսել ես։

-Նայել եմ։ Հիմա տեսնում եմ։

Պարոն Սարգսյանը ապակու մեջ նայեց տղայի արտացոլանքին ու հիշեց մեկ ուրիշին, որը տարիներ առաջ գրեթե նույն բանն էր ասել։ Սիրվարդը՝ մի գարնանային առավոտ, Գյումրիից եկած, իրենից ծանր ճամպրուկը ձեռքին, տպարանի դիմաց կանգնած, նայել էր Արարատին ու ասել.

-Ավելի փոքր է, քան պատկերացնում էի։

-Փոքր չէ։ Պարզապես դու ես ավելի մոտ եկել։

Լիլիթը բնակարանի դուռը բացեց, երբ դեռ չէին հասցրել թակել։

-Գտա՞ր նրան։

-Ես չէի թաքնվել:

-Սովորաբար թաքնվում ես։

Բնակարանից անանուխի թեյի, դեղորայքի ու մրգամանի մեջ փափկող խնձորների հոտ էր գալիս։

-Այսօր լավ օր էր նրա համար,— շշնջաց Լիլիթը։

-Այսի՞նքն։

-Այսինքն՝ այնքան բան է հիշում, որ դեռ կարող է մեզ զարմացնել։

Սիրվարդը նստած էր պատուհանի մոտ՝ գործելով, կամ ավելի ճիշտ՝ փորձելով գործել․ բրդյա թելը խճճվել էր, իսկ ինքը կարծես չէր էլ նկատում։ Ձեռքերը շարունակում էին գործել հիշողությամբ, նույնիսկ այն ժամանակ, երբ հենց հիշողությունն էր սկսում անհետանալ:

Պարոն Սարգսյանը կանխավ պատրաստ էր առերեսվել հիվանդությանը, բայց ոչ ժամանակին: Սա այն կինը չէր, որին  հիշում էր, բայց և ուրիշ մեկը չէր։ Նա երկուսն էլ էր։ Ավելի ծեր, քան հիշողությունը ու ավելի երիտասարդ, քան վիշտը:

-Մա՛մ, - ասաց Լիլիթը։

Սիրվարդը բարձրացրեց հայացքը։

-Սրանք ո՞վ են։

-Հյուրեր են։

-Ես հյուրեր չեմ ընդունում։

-Մի ժամանակ ընդունում էիր։

-Մի ժամանակ նաև պարում էի։ Այ քեզ վատնում:

Արսենը ծիծաղեց։ Սիրվարդը՝ դառնալով տղային՝

-Էնպես ես ծիծաղում կարծես  ապակիներ չես կոտրում:

-Միայն մեկն եմ կոտրել։

-Դեռ ժամանակ ունես: Կհասցնես:

Ապա հայացքը սահեց դեպի պարոն Սարգսյանը, ու ամեն ինչ մի պահ կանգ առավ՝ շյուղերը, մատների շարժումը, անգամ դեմքի թույլ ժպիտը։ Մի քանի երկար վայրկյան անթարթ նայելուց հետո՝

-Սաքո՛։

Հազար անգամ պատկերացրել էր այս պահը։ Տարբերակներից բոլորում Սիրվարդն ամեն ամեն ինչ հիշում էր։ Բայց տարբերակներից և ոչ մեկում ինքը չէր մոռանում՝ ինչպես շնչել:

-Տգեղացել ես:

-Դե ծերացել եմ։

-Չէ. երբեք էլ գեղեցիկ չես եղել։

Արսենը բարձր ծիծաղեց։ Նույնիսկ Լիլիթը ժպտաց։ Միայն դրանից հետո պարոն Սարգսյանն էլ ծիծաղեց։

-Ու դեռ շատ բարձր ես ծիծաղում:

-Իսկ դու դեռ բոլորին քննադատում ես։

-Եթե դադարեմ, կմտածես՝ մեռել եմ։

Հետո լույսը կրկին մարեց։ Սիրվարդը նայեց սենյակի շուրջը։

-Ներեցեք։ Մենք ծանո՞թ ենք։

Վրայիցդ դեռ թանաքի հոտ է գալիս— վրա բերեց՝ նախքան կհասցներ պատասխանել։

-Ես երեսուն տարի է՝ չեմ աշխատում։

-Այն երբեք չի անցնում։

Լիլիթը հերթով նայեց երկուսին։

-Մաման տարիներ շարունակ տպարանի մասին չէր խոսել։

Սիրվարդը զարմանալի վստահությամբ ձեռքը տարավ դեպի Սարգսյանի դեմքը՝ երկու մատները հպելով այտին՝ ասես համոզվելու համար, որ իրական է։

-Սափրվել ես։

-Առավոտյան։

-Շատ իզուր։ Թանաքոտ վիճակում ավելի լավ էր:

-Այն ժամանակ մազերս ավելի շատ էին։

-Հիմարությունդ էլ՝ ավելի։

-Ճիշտ է։

Գոհունակությամբ գլխով արեց՝ համոզված, որ գոնե մի բան կայուն պահպանվել է: Հետո դեմքը խոժոռվեց:

-Իսկ փոքրիկ դարակին ի՞նչ եղավ։

-Ի՞նչ դարակ։

-Երրորդը, որ տպագրական սեղանի մեջ էր։

Սենյակում ոչ ոք չհասկացավ, թե ինչի մասին էր խոսքը։ Միայն նա: Երրորդ դարակը՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը։ Այնտեղ էին թաքցնում ամենը, որ ոչ ոք չպետք է տեսներ։

 

 

 

 

Դիտումներ: 17

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։