Խոսք խուլիգանին

Կիսվել:

Այս հրապարակումով ներկայացնելով Համո Սահյանի  քիչ հայտնի  բանաստեղծությունը, հարկ ենք համարում կցել  որոշ պարզաբանումներ:

1960-ականների սկզբին հատկապես սփյուռքահայ շրջանակներում աշխույժ բանավեճ էր ընթանում Հայաստանի ապագայի շուրջ: Հեռանկարային ծրագրերի հետ մեկտեղ բանախոսները մատնանշում էին նաև այն կոպիտ սխալներն ու վրիպումները, որոնք թույլ էին տվել երկրի իշխանությունները: Տարատեսակ կարծիքները երբեմն հասնում էին ծայրահեղ թանձրացումների, հնչում էին սուր որակումներ ու անհամաձայնության կոշտ արձագանքներ: Ահա այսպիսի մի հրապարակման առիթով էլ Համո Սահյանը գրել է իր «Պատասխան խուլիգանին» բանաստեղծությունը (ըստ որոշ վկայությունների, շարժառիթը եղել է երգիծաբան, խմբագիր, «Խիկար» ծածկանունով հանդես եկող Հովհաննես Աղպաշյանի մի հոդվածը՝ տպագրված «Յառաջ» թերթում, 1961-ին):

 

Ինչու՞ է Սահյանի այս գործն ընթերցողներին անծանոթ: Հակված ենք կարծելու, որ բանաստեղծությունը եղել է հասցեական, հեղինակը դա հրապարակման է ներկայացրել միայն այն դաշտի համար, որտեղ ընթացել է բանավեճը, և հավանաբար հենց այս հանգամանքներն էլ թելադրել են Սահյանին հետագայում իր գրվածքին առավել լայն հնչեղություն չտալ:

Ավելոդ չենք համարում նշել նաև, որ ազգային-պետական մտահոգությունների մերօրյա համայնապատկերի վրա Սահյանի այս բանաստեղծությունը խիստ արդիական հնչերանգներ է ձեռք բերում: Բարոյական արժեքների կարևորումը, նույնանման մարտահրավերների հետ առճակատումը, հանրային ու անհատական պատասխանատվության մասին բարձրաձայնումները ջնջում են տասնամյակների ժամանակային ջրբաժանը, և սահյանական խոսքը հնչում է առավել քան սթափեցնող:

 

 

Հովիկ Չարխչյան

 

 

Խոսք խուլիգանին

 

Թողած բարդիներն իմ քնարական,

Թողած վարդերի կրակն ակնաթով,

Եվ թողած լուսնի պատկերը ջրում,

Այս գիշեր նստել՝ քո դեմ, խուլիգա՛ն,

Ես բոլոր մարդկանց արդար զայրույթով

Խոսքիս ֆիննական դանակն եմ սրում:

 

Ի՞նչ անուն տամ քեզ, ինքս էլ չգիտեմ,

Լսիր, խուլիզա՛ն, քեզ հետ եմ խոսում՝

Հանելով ահա քո դանակի դեմ

Հազար հեսանով սրած իմ լեզուն:

Գիտեմ, վաղուց ես խիղճդ մոռացել,

Քեզ կյանքում միայն ավարն է հուզում,

Զայրույթն իմ հոգում շատ է խորացել,

Այսօր ողջ ձայնով գոռալ եմ ուզում:

Չեմ կարող լռել ու համբերել ես,

Սիրտս եկել ու հասել է շուրթիս,

Ում վրա էլ որ դանակդ հանես,

Ում էլ որ խփես, դիպչում է սրտիս:

 

Բայց ո՞ւմ ես խփում, հոշոտում այդպես,

Ո՞ւմ մանկան հացն ես բերանից խլում,

Նայիր բաժակիդ գինի՞ է, մի տես,

Թէ՞ արյունակցիդ արյունն ես խմում:

Ո՞ւմ պատուհանն ես այդպես քարկոծում,

Նրա՞, որ գուցե բարուրդ գրկել

Կամ տունը թողած հրդեհի բոցում

Կեռ յաթաղանից քո մորն է փրկել:

Ո՞ւմ վրա ես դու բռունցքդ պարզել,

Այդ ո՞ւմ սպին ես դանակով քերում,

Նրա՞,  որ հուշն է հորդ հետ կիսել

Եվ մի կում ջուր է կիսել դիրքերում:

 

Ո՞ւր է քո հավատն, ո՞ւր է քո հոգին,

Ո՞ւմ ես ստիպում, որ իր տան կողքին,

Իր հողի վրա քայլի գլխիկոր,

Ամոթի կարմիր կրակն այտերին:

 

Նրա՞ն, որ իր պարզ, իր ջերմ քրտինքով

Ցայտաղբյուրներ է շինել մայթերին,

Նրա՞ն, որ տուն է շինել քեզ համար,

Սանդուղք  է շինել, որ վեր բարձրանաս,

Եւ այս ծառերն է տնկել անհամար,

Որ ամռան շոգից ապահով մնաս...

 

Դու ջուրն ես խմում այս ազնիվ հողի

Եվ հացն ես ուտում… Եվ գաղտազողի

Խփում ես կողին հաց վաստկողի:

Քո տան մէջ անգամ ավար ես փնտրում,

Ի՞նչ անուն տամ քեզ, որ լինի հարմար:

Վզնոցի համար դու վիզ ես կտրում

Եվ մատ ես կտրում մատանու համար:

 

Մարդու բարձունքից այդ ո՞ւր ես իջել,

Դու, յոթնապատիկ պղծված ենիչեր:

Փեղկերն ես ջարդում իմ պատուհանի

Եվ հռհռում ես անհոգ ու անփույթ,

Խլում ես ինձնից իմ Երևանի

Բանաստեղծական գիշերը կապույտ:

Ո՞վ է քեզ տվել իրավունք այդքան՝

Աղտոտել լեզուն մեր գողթանական,

Առնել լաթի պես ու ոռնոցով սին

Շպրտել անմեղ մարդկանց երեսին:

 

Լսիր, խուլիգա՛ն, ես քեզ լավ գիտեմ,

Ով էլ որ լինես, իմ ոսոխն ես դու,

Երբ դանակ ունես, գայլ ես մարդկանց դեմ,

Դանակ չունեցար՝ դառնում ես կատու:

Խիղճդ առել ես դանակիդ ծայրին

Եվ չես էլ լսում խորհուրդ ու խրատ,

Դու պիտի ընկնես քո իսկ դանակից,

Հարազատ քո մոր նզովքը վրադ…

 

 

1962

Համո Սահյան 

Դիտումներ: 180

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։