Զարեհ Մութաֆյան՝ հեռավոր հայրենիքը միշտ սրտում

Կիսվել:

Առաջին սերնդի սփյուռքահայ արվեստագետներին ընդհանրապես հատուկ է կապը մայր հայրենիքի հետ, սակայն Զարեհ Մութաֆյանն այդ իմաստով էլ նկատելիորեն առանձնանում է օտարաբնակ մեր մյուս արվեստագետներից․ Հայաստանը նրա ստեղծագործության առանցքն է՝ կերպարվեստում թե գրականության բնագավառում ոգեշնչման անփոխարինելի աղբյուրը։ Իսկ նա առաջին հերթին բնանկարիչ է, որի գունավառ գործերը ցուցադրվել են աշխարհի տարբեր ծայրերում՝ ճանաչելի դարձնելով հայոց հողն ու հայ ժողովրդին։ Վաթսուն տարեկանում առաջին անգամ այցելելով խորհրդային Հայաստան, նկարիչը կարողացել է ստեղծել իր հայկական համայնապատկերը՝ կրակոտ, ցայտուն գույներով ու շեշտված հուզականությամբ։ 

Բացի այդ, Մութաֆյանը մեր փոքրաթիվ նկարիչ-տեսաբաններից ու նկարիչ-ակնարկագիրներից էր։ Մխիթարյան ոսկեղենիկ հայերենով նա թղթակցում էր սփյուռքահայ մամուլին, գրի առնում իր մտորումներն արվեստի և ազգային հարցերի վերաբերյալ, ծանոթացնում հայաստանյան իր տպավորություններին։ Մեծ հետաքրքրությամբ են կարդացվում նրա գրքերը՝ «Արուեստին տեսաբանները ԺԸ եւ ԺԹ դարերուն» (1968), «Հայաստանի մէջ վրձինով եւ գրիչով» (1970), «Հայերգութիւն վրձինով եւ գրիչով» (1982) ու «Նկարչութեան դասական դպրոցները եւ արդի ձգտումները» (1982)։

 

1907 թվականի մարտին՝ Սև ծովի ափին գտնվող Ունիե նավահանգստային քաղաքում է աշխարհ եկել Զարեհ Մութաֆյանը։ Հայոց ցեղասպանության ժամանակ նրա 11 հոգանոց ընտանիքից ողջ է մնում միայն 8-ամյա Զարեհը, որը 1919-ին ապաստանում է ամերիկյան որբանոցում՝ Սամսունում։ Տղան ցանկանում էր երաժիշտ դառնալ, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր թողնել երաժշտությունը և զբաղվել կերպարվեստով։ Սև ծովը նրան հիշեցնում էր ջրային տարերքը «հայացնող» Հովհաննես Այվազովսկու նշանավոր գործերը, ինքն էլ էր երազում նկարիչ դառնալու մասին։ 1922-ին՝ Թուրքիայում ազգայնական ուժերի հաղթանակից հետո որբերին տեղափոխում են Հունաստան՝ Կորֆու կղզի։ 1924թ․ Մութաֆյանն ընդունվում է Վենետիկի Մխիթարյան վարժարան, «ջրանցքների քաղաքում» հանդիպում բանաստեղծ Ավետիք Իսահակյանին և այլ երևելի հայերի։ Մխիթարյան միաբանության հոգածությամբ և կրթաթոշակով 1927-1931թթ․ նա սովորում է Միլանի «Բրերա» գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտելով՝ ստանում է ուսուցչի որակավորում։ 1932 թ․ Հռոմում արժանանում է պրոֆեսորի տիտղոսի, իսկ նրա ավարտաճառի տեքստը տպագրվում է։ 1933 թ․ ցուցահանդեսով հանդես է գալիս Միլանի նկարիչների տանը: Այդ առիթով իտալական «Giornale d'Arte»-ն գրում է․ «Մութաֆեան յեցած արուեստի հաստատուն օրէնքներուն վրայ, հասարակութեան կը ներկայանայ իբրեւ արդէն իսկ կազմուած արուեստագէտ։ Իր բոլոր գործերուն մէջ կը զգացուի վստահ ձեռքի մը ճարտարութիւնն ու տիրականութիւնը, ճաշակաւոր երանգաւորումով»։ 

 

 

Նույն թվականին նկարիչը տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ արժանանում է Նորդմանի մրցանակի, դառնում ճանաչված արվեստագետ՝ իր հովանավորներով և երկրպագուներով, դիմանկարների բազմաթիվ պատվիրատուներով։ Այստեղ էլ՝ Ցյուրիխում, Բազելում և Ժնևում տեղի են ունենում նրա հաջորդ անհատական ցուցահանդեսները։

Որպես հարգանքի տուրք անմահանուն Կոմիտասին՝ Մութաֆյանը 1935 թ․ ստեղծել է «Կոմիտաս Վարդապետ՝ մեծ երաժշտագէտներէ շրջապատուած» կտավը՝ խոշորագույն կոմպոզիտորների դիմանկարներով ու դիմաքանդակներով՝ Վագներ, Բեթհովեն, Լիստ, Մոցարտ և Շոպեն, որոնց կենտրոնում և դիտողին (նկարչին) ամենամոտը՝ «Ամենայն Հայոց Երգի Վեհափառի» պատկերն է։

1930-ականների երկրորդ կեսին Մութաֆյանը Վենետիկում հանդիպում է սամսունցի Հայկուհուն, որը բնակվում էր Ֆրանսիայում․ նրանք ծանոթ էին մանուկ հասակից, քանի որ Հայկուհու մայրը որբանոցի երեխաներին շաբաթը մեկ անգամ հրավիրում էր իրենց տուն՝ թեյ խմելու։ 1938 թ․ նկարիչը տեղափոխվում է Փարիզ և ամուսնանում Հայկուհու հետ։ Նրանց երեք զավակներից Արմեն-Կլոդ Մութաֆյանը հետագայում պիտի դառնար հայտնի պատմաբան և մաթեմատիկոս։

Ամուսինները բնակություն են հաստատում Փարիզի 9-րդ շրջանում, որտեղ կենտրոնացած էր հայ մտավորականությունը, գործում էին «Յառաջ» օրաթերթը, հայկական գրատունը և սրճարանները, ամենուր հնչում էր հայերեն խոսքը։ Պատերազմի տարիներին նկարչի արվեստանոցում (rue de Navarin 11) կարելի էր հանդիպել Արշակ Չոպանյանին, Գոհարիկ Ղազարոսյանին, Մարգարիտ Բաբայանին, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանին, դերասան Նուրհան Մարգարյանին և այլոց։ Զարմանալի չէ, որ Մութաֆյանի արվեստում հայկական նոր երանգներ են հայտնվում։

 

 

Սկզբնական շրջանում նա ստեղծել է իրապաշտական դիմանկարներ՝ մեղմ գույների գերակշռությամբ (Հայր Արսեն Ղազիկյանի դիմանկարը, 1929 թ., բժիշկ Եր․ Արզումանյանի դիմանկարը, 1935թ., Մարիամ Դամլամյանի դիմանկարը, 1938թ. և այլն), հետագայում միայն՝ արդեն հիմնականում զբաղվելով բնապատկերային գեղանկարչությամբ, գտել է իրեն հատուկ ոճը՝ բազմագույն, խայտուն, վառ տպավորություններով և ընդհանրացումներով լի։ Շվեյցարիայում վրձնել է համեմատաբար անխռով, խաղաղ բնանկարներ, մինչդեռ Ֆրանսիայում՝ գեղանկարչության փարիզյան դպրոցի ազդեցությամբ նրա գունապնակն առավել խայտաբղետ է դարձել։ Նկարչի վկայությամբ՝ նա գույնը, տպավորապաշտությունը, ֆովիզմը հայտնագործել է Ֆրանսիայում։ Նրա սիրելի նկարիչը Պիեռ Բոնարն էր, որ նկարչությունը «կը վերածէ տօնի, խրախճանքի»։

Պատերազմի ավարտից հետո Մութաֆյանը հաճախ էր լինում Բրետանում, որի ծովային տեսարանները հիշեցնում էին ծննդավայրը։ Նա Անկախների և Աշնանային սալոնների մասնակիցն էր, 1962-ին իր ցուցահանդեսով շրջագայեց ԱՄՆ-ում։

 

1965-ին նա Փարիզում բացում է անհատական ցուցահանդես, որում ներկայացնում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված իր աշխատանքները։ Նա առաջին հայ նկարիչներից էր, որ այդ ողբերգական թեմային անդրադարձավ կտավների շարքով․ դրանցում մարդկանց տառապանքն է, լքվածությունն ու ցավը․ Մութաֆյանը կիրառում է բավական պարզունակ արտահայտչամիջոցներ, վառ գույների լայն ներկապնակ, բազմերանգ գունաբծեր, որոնք առանձնահատուկ մշուշայնություն և ցավագին ելևէջներ են հաղորդում պատկերին (դեռ 1948-ին ֆրանսիացի քննադատ Ժան Բուրեն է նկատել, որ նրա «գեղանկարչությունը ողբերգական է բնույթով, ձևով, գույնով»)։

Նկարչի նախասիրություններից էր ծովափին գտնվող մարդկանց պատկերումը, ընդ որում՝ այդ նկարներն իրար երբեք չեն կրկնել։ Իսկ ի՞նչ է խորհրդանշում այս միջավայրը։ Ջրային տարերքը, դրա կողքին մարդկանց հայտնվելը հաճախ կապվել է միայնության և տագնապի զգացման հետ՝ Էդվարդ Մունկից (վերհիշենք «Ճիչի» տարբերակները) մինչև Վիրջինիա Վուլֆ («․․․և ամեն անգամ նրան թվում է, որ նա հեռու-հեռվում է՝ ծովի մոտ՝ մենակ, նա միշտ այնպիսի զգացում ունի, որ նույնիսկ մեկ օր ապրելը շատ-շատ վտանգավոր բան է»)։ Ինքը՝ Մութաֆյանը, Այվազովսկու ստեղծագործությունը վերլուծելիս բազմիցս առանձնացրել է ծովի ողբերգական կողմը․ «Ծովը, ըստ մթնոլորտի փոփոխութեան, մերթ սիրերգ է, մերթ՝ ողբերգ»։ Մութաֆյանի «ծովափնյա» շարքի առավել հայտնի աշխատանքներից են «Երիտասարդներ ծովափին» (1964), «Զույգը ծովի ֆոնին», «Ծովափին» (1967) կտավները։ «Մութաֆյանը ծովի ուրույն պոետ է։ Նրա բոցավառ տեսիլքը մեզ է հրամցնում հեղուկ տարածքի գեղեցկությունը, երբեմն միապաղաղ, ամայի ու խորը տպավորվող»,- գրել է Պիեռ Բերթեն («Les Nouvells des Arts»):

 

 

Նկարիչը հաջողությամբ շարունակեց աշխատել դիմանկարի ժանրում՝ վրձնելով երգչուհի Իրիս Պյուլպյուլյանի (1944), Արշակ Չոպանյանի (1953), Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա Կաթողիկոսի (1963) և այլոց դիմանկարները։

Երբ սիրելի կինը հեռացավ նրանից, Մութաֆյանը ստեղծեց իր «Ձկնորսի ընտանիքը» աշխատանքը, որում այնքա՜ն կարոտ կա ընտանեկան ջերմ հարաբերությունների հանդեպ։

Երկար տարիներ նա երազել է տեսնել հայրենիքը, Արարատ լեռը և Երևանը՝ ինքն իրեն ասելով․ «Եթե պատահի, որ մեռնիմ հայրենիքս չտեսած, աչքերս բաց կերթամ»։ 1967-ին նա առաջին անգամ այցելեց խորհրդային Հայաստան, մեկ ամիս շրջեց տարբեր վայրերում, իր 33 աշխատանքներով մեծ հաջողությամբ ցուցադրվեց Երևանի նկարչի տանը, որոնց մի մասը նվիրաբերեց Հայաստանի պետական պատկերասրահին։ Ողջույնի խոսքում նա նշեց․ «Դառն ճակատագիր մը ուզեց, որ վերածվինք երկու հատվածի, ըլլանք հայրենիք և սփյուռք, սակայն այս երկու բառերը դեմքի մը երկու երեսներն են, որոնք միասնաբար կկազմեն գլուխը։ Մենք, արտասահմանի հայերս, իրարմե շատ տարբեր ըլլալով հանդերձ, երբ ոտքերնիս կդնենք այս սուրբ հողին վրա, հողին մայրությունը մեզ կմիացնե, մեկ սրտի կվերածե»։ Հայոց մայրաքաղաքը նա այսպես բնորոշեց․ «Երեւա՛ն, քանդել ու շինել նշանաբանդ ըրիր։ Զիրար ժխտող երկու բառով գեղեցկութիւնը հայացուցիր»։ Նա հանդիպեց Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսին, Վիկտոր Համբարձումյանին, Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, որը տպավորությունների մատյանում գրեց․ «Ըստ իս, ինչ ներկայացված է այստեղ, անվիճելիորեն համաշխարհային մակարդակի վրա է գտնվում և պատիվ է բերում բովանդակ հայության»։ Իսկ արվեստաբան Մարտին Միքայելյանն այսպես բնութագրեց ցուցադրությունը․ «Նա նվագում է ճիշտ այն լարի վրա, որ հուզումների սովոր մեր հոգու թանկ լարերից է, և նրա աղաղակը անչափ սիրելի ու հասկանալի է բոլոր նրանց, որոնց հայացքի մեջ մի կտոր Ռոսլինի որդան կարմիրը կա, մի քիչ Կոմիտասի լույսը․․․»։

 

 

Ցուցահանդեսի այցելուները խնդրել են Մութաֆյանին պատկերել նաև Հայաստանը․ շուրջ վեց ամիս փարիզյան իր արվեստանոցում նկարիչը կտավին է հանձնել հայրենի տպավորությունները, արդյունքում վրձնել քառասունութ կտավ՝ «Գեղամա լեռները», «Լուսնի լույսը Սևանի վրա», «Էջմիածնի տաճարը», «Արարատյան դաշտավայրը», «Արարատը դիտված Բյուրականից», «Հրազդան գետը», «Հաղպատի վանքը», «Տաթևի ավերակները», «Երևանյան մի ծառուղի», «Դիլիջանի անտառը» և այլն։ Դրանք ցուցադրվել են 1968-ին՝ Փարիզում կազմակերպված «Հայաստանը Մութաֆյանի աչքերով» ցուցահանդեսում, որի նպատակն էր Հայաստան բառը «ընտանի և սիրելի դարձնել» օտարների համար։ Ֆրանսիական մամուլը լայնորեն անդրադարձավ ցուցահանդեսին։ «Le Nouveau Journal»-ի բնորոշմամբ՝ մինչև Մութաֆյանը որևէ մեկը Հայաստանի հանդեպ «այսքան սեր ու հետաքրքրություն չէր ստեղծել Փարիզում»։ Արվեստաբան Էդիթ Ռիշոն գրեց․ «Մութաֆյանի ստեղծագործությունները սիրով են կախում իրենց պատերից բոլոր մեծ սալոնները, բոլոր հռչակված պատկերասրահները։ Նրա արվեստը սերտ աղերս ունի իտալական Վերածննդի շրջանի դասական և ֆրանսիական ժամանակակից նկարչության հետ: Բայց այն հանգամանքը, որ նա գալիս է Արևելքից, նրա գործերին տալիս է ինքնատիպ դրոշմ: Մութաֆյանը երբեք չի դավաճանել արևելքցու՝ իր խառնվածքին, երբեք չի մոռացել այն ծովը, որի ափին ծնվել է, չի մոռացել հարազատ ժողովրդի դժբախտ ճակատագիրը։ Նա մեծ երփնագիր է։ Նրա գույները ժայթքում են սքանչելի բոցավառումով»։ Ցուցահանդեսը ներկայացվեց նաև Վալանսում, Լիոնում, 1979-ին՝ Նյու Յորքում։

 

 

61-ամյա արվեստագետը նոր ավյունով սկսեց պատկերել հայրենի բնաշխարհն ու մարդկանց՝ վրձնով թե գրչով։ Հայաստանյան բնանկարների շարքում գերակշռում էին եկեղեցիների պատկերները՝ Սուրբ Էջմիածին, Կարմրավոր, Հառիճավանք, Հաղպատ, Կեչառիս, Տաթևի վանք, Գանձասար և այլն․ «Կը սիրեմ խորհրդաւոր առանձնութիւնը մեր կաթողիկէներուն։ Սէրս անոնց հանդէպ կուգայ դպրոցական շրջանէն, կուգայ նաեւ այն գիտակցութենէն, թէ եկեղեցին է որ պահեց մեզ, ան է դարձեալ, որ կը շարունակէ պահել մեզ։ Մեր գիրին ու երգին հետ, երրորդութիւնն է ան մեր գոյութեան ազդակին»։ Երկրորդ անգամ՝ վերստին ցուցահանդեսով Մութաֆյանը Հայաստան այցելեց 1971-ին։ Իսկ հինգ տարի անց Ֆրանսիայի Սենատը հայ արվեստագետին հրավիրվեց ցուցադրելու իր աշխատանքները Փարիզի Լյուքսեմբուրգ տաղավարում։

Կյանքի վերջին տարիներին նկարիչն անդադար ստեղծագործում էր ու վարում առանձնացած կյանք։ Փափագում էր 1982-ին վերստին Հայաստան այցելել, սակայն վիրաբուժական գործողության ենթարկվելուց հետո նրա առողջությունը տկարացավ, ու նա հեռացավ կյանքից 1980 թ․ մայիսի 11-ին՝ Փարիզում։ Մութաֆյանի վերջին աշխատանքը Մխիթարյան հայրերից Ռաֆայել Անտոնյանի դիմանկարն էր։ Հայրենասեր նկարիչը թաղվեց Բանյոյի գերեզմանատանը գտնվող հայ մտավորականների դամբարանում՝ Էդգար Շահինի, Հովհաննես Ալխազյանի, Արշակ Չոպանյանի, Լևոն Բաշալյանի և այլոց կողքին։ «Նայիրի»-ում տպագրված մահախոսականում Անդրանիկ Ծառուկյանը գրեց․ «Քիչ մը հրապարակէն քաշուած, բայց ազգային հրապարակին ուշադիր մարդ մը եղած ըլլալու էր, քիչ խօսող բայց տեղին խօսող մտաւորական մը, ողջախոհ եւ ուղղամիտ»։

Մահվանից հետո աշխարհի տարբեր անկյուններում (Երևան, Մարսել, Լոնդոն, Մոսկվա, Փարիզ և այլն) շարունակեցին բացվել նկարչի անհատական ցուցահանդեսները։ 2015 թ․ նրա՝ «Նկարչություն ցեղասպանությունից հետո» փարիզյան ցուցահանդեսի նյութերի հիման վրա ստեղծվեց ֆիլմ, որը ցուցադրվեց մի շարք երկրներում։ 2024-ին նկարչի որդու՝ Արմեն-Կլոդի նախաձեռնությամբ նրա 60-ից ավելի գեղանկար հանգրվանեց Հայաստանի ազգային պատկերասրահում, կազմակերպվեց ցուցադրություն։

 

 

Հատկանշական է, որ հայկական բազմապիսի բնանկարներ կերտած նկարիչը երբևէ չի անդրադարձել իր ծննդավայրին։ Արմեն-Կլոդի խոսքերով՝ «այդ վայրը նրա համար այլևս գոյություն չուներ»։ Միևնույն ժամանակ՝ նկարիչը լիահույս էր, որ հայը վաղ թե ուշ պիտի վերադառնա իր բնօրրանը․ «Արդարութիւնը, յաճախ անարդար եւ կողմնակալ, պիտի ստիպուի օր մը թւական մը նշանակել պատմութեան մէջ։ Այդ օրը պիտի ըլլայ յարութեան օրը մեր մէկ ու կէս միլիոն նահատակներուն․ այդ օրուան կը սպասենք անխախտ հաւատքով»։

Զարեհ Մութաֆյանի հայաստանյան բնապատկերները կոչված են փոխանցելու հայրենի հողի ու բնության մոգական հմայքը, ձգողական ուժն ու լուսեղենությունը։ Այսպիսով, հայկական պատկերաշարը հասուն նկարչի համար դարձավ ինքնարտահայտման բացառիկ միջոց, որ նոր թափ ու գրավչություն հաղորդեց նրա գեղանկարչությանը։ Ինչ խոսք, առանց դրա նկարչի թողած ժառանգությունն այդչափ հարուստ և հետաքրքիր չէր լինի։

 

 

 

 

Աշոտ Գրիգորյան

 

Պատկերներ․

1. «Նկարիչը՝ Շատիյոնի իր արվեստանոցում», 1970

2․ Արամ Չարըգի (Վտարանդու) դիմանկարը, տախտակ, յուղաներկ, 44,5×34,8 սմ, Ֆրանսիայի հայկական թանգարան

3․ «Հայուհի», 1963, Հայաստանի ազգային պատկերասրահ

4․ «Նավակները Լեսկոնիլի ծովախորշում», կտավ, յուղաներկ, 1969, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարան

5․ «Արարատ լեռը», կտավ, յուղաներկ, 1969, 60×73 սմ

6․ «Էջմիածնի Մայր տաճարը», կտավ, յուղաներկ, 1968

7. «Նատյուրմորտ․ ծաղիկներ», կտավ, յուղաներկ, 1960

8․ «Լուսնկա գիշեր․ Սևան», 1974

Դիտումներ: 104

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։