Եվգենի Բարատինսկի՝ «մտքի բանաստեղծը»
Բնականաբար, բանաստեղծական երկերում հեղինակի խոհն ու մտածմունքը միշտ է այս կամ այն կերպ դրսևորվում, սակայն կան բանաստեղծներ, որոնց համար միտքն առաջնային է, քանզի նրանք նախ մտածող են կամ նույնիսկ՝ փիլիսոփա։ Նրանց շարքում համաշխարհային մի քանի անուններ կարելի է առանձնացնել, ինչպես պարսիկ գիտնական, փիլիսոփա ու բանաստեղծ Օմար Խայամը կամ գերմանացի գրող ու մտածող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, ինչպես նաև ամերիկուհի Էմիլի Դիքինսոնը և ուրիշներ։ Ռուս բանաստեղծներից նման համարում ունեն Ֆեոդոր Տյուտչևը, Զինաիդա Գիպիուսը, մասամբ՝ Ալեքսանդր Պուշկինը, բայց առաջին հերթին՝ Եվգենի Բարատինսկին։ Շրջակա իրականությունը, կյանքի հանգամանքները վերջինս դիտարկում էր մտածողի տեսանկյունից, վերլուծաբար էր մոտենում դրանց ու արձագանքում խոհաբար, տրամաբանորեն։ Նա պուշկինյան համաստեղության բանաստեղծներից էր, որին «անվիճելիորեն պատկանում էր առաջին տեղը» (Վ․ Բելինսկի)։ «Ռուսական պոեզիայի արևի» ժամանակակից ու մտերիմ Բարատինսկու ավանդի շնորհիվ էր նաև, որ 19-րդ դարի առաջին կեսը ռուս գրականության «ոսկե դար» կոչվեց։
1800 թվականի մարտին ծնված Եվգենի Բարատինսկին (ճիշտ տարբերակը՝ Բորատինսկի) մանկությունն անց է կացրել Տամբովի նահանգի Մարա ընտանեկան կալվածքում։ Ծնողները կրթյալ ազնվականներ էին, հայրը ոչ հարուստ պաշտոնաթող գեներալ էր, որը վաղ մահացավ։ Եվգենիին մանուկ հասակից կրթել է Իտալիայից գաղթած Ջաչինտո Բորգեզեն, նաև դրանով է պայմանավորված այդ երկրի պատմության ու մշակույթի հանդեպ բանաստեղծի առանձնակի կապվածությունը։ 1812 թվականից նա կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի պաժերի դպրոցում։ Բախտը չի ժպտացել նրան․ փոքրիկ զանցանքի պատճառով նա վտարվել է դպրոցից ու ցարի հրամանով՝ ազնվականի համար նվաստացուցիչ ցածր կոչումով բանակային ծառայության ուղարկվել Ֆինլանդիա («Ոտքերիս մոտ օտար ջրերն են աղմկում, / Ու կապանքներ եմ կրում ես ոտքերիս»)։ Հայրենի դաստակերտից, ընկերներից հեռու նրա միակ սփոփանքը եղել է ստեղծագործելը․ «Արվեստն ամեն տեսակի փիլիսոփայությունից ավելի լավ է մխիթարում մեզ կյանքի վշտերի մեջ։ Զգացմունք արտահայտել՝ նշանակում է փարատել, տիրապետել դրան։ Ահա թե ինչու ամենամռայլ բանաստեղծներն իսկ կարող են պահպանել իրենց ոգու առույգությունը»։ Ծառայության ժամանակ հրապուրվել է գեներալ Զակրևսկու կնոջով, նրա կերպարին անդրադարձել մի շարք բանաստեղծություններում և «Պարահանդես» պոեմում։ Ի դեպ, ստեղծագործական վաղ շրջանում Բարատինսկին գրել է նաև թեթև, հեգնական, անակրեոնյան գործեր։
1819 թվականին Սանկտ Պետերբուրգում մտերմացել է բանաստեղծ Անտոն Դելվիգի, ապա՝ Պուշկինի հետ։ Այդ ժամանակ էլ տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները։ Վաղ է հասունացել որպես մտածող բանաստեղծ՝ ցուցաբերելով արտասովոր աշխարհաճանաչողություն, կյանքի խորը գիտակցություն և լիապես արդարացնելով Գյոթեի խոսքերը, թե բանաստեղծի մեծությունը պայմանավորված է նրա կռահման ունակության, այլ կերպ ասած՝ մտքի թռիչքի համապարփակությամբ։
Ասես կրկնելով այդ միտքը՝ «Գյոթեի մահվան առթիվ» բանաստեղծությունում Բարատինսկին գրել է․
Թևավոր իր մտքով նա ողջ աշխարհը շրջեց
Ու տեսավ դրա սահմանը անսահմանի մեջ։
Բարատինսկին սերտ հարաբերություններ ուներ դեկաբրիստներ Կ․ Ռիլեևի ու Ա․ Բեստուժևի հետ, տպագրվում էր նրանց «Պոլյարնայա զվեզդա» ալմանախում։ Դեկաբրիստական շարժման տխուր ճակատագիրը խորապես հուզել է նրան։ Բանաստեղծ և զինվորական Դենիս Դավիդովի օգնությամբ թոշակի անցելով 1826 թվականին՝ Բարատինսկին ամուսնացել է և բնակություն հաստատել Մոսկվայում։ Ունեցել է ինը երեխա։
1820-ականներին Բարատինսկու բանաստեղծությունները և պոեմները մեծ տարածում ունեին ընթերցողների շրջանում, դրանք կարդում ու անգիր էին սովորում՝ հեղինակի անունը դնելով Պուշկինի կողքին։ Սակայն հաջորդ տասնամյակում հասարակության նախապատվությունները փոխվեցին, խորը, փիլիսոփայական շերտեր ունեցող պոեզիան իր տեղը սկսեց զիջել մակերեսային, արտաքին գեղեցկությամբ աչք ծակող գործերին։
Նրան քիչ է հրապուրել աշխարհիկ կյանքը, Մոսկվան նա համարել է «նոր աքսոր»։ Արդեն 28 տարեկանում մելամաղձոտ պոետը մտորում էր մահվան մասին՝ դրանում տեսնելով «բոլոր հանելուկների լուծումն ու բոլոր շղթաների արձակումը»։
Պուշկինը գրում էր, որ նա առանձնահատուկ բանաստեղծ է՝ «քանզի մտածում է, ․․․ մտածում է յուրովի, ճիշտ և անկախ, մինչդեռ զգում է ուժգին և խորը կերպով», իսկ Նիկոլայ Գոգոլը նրան անվանում էր «խիստ ու աղջամուղջային պոետ», որը վաղ է դրսևորել «մտքերի ինքնատիպ ձգտում դեպի ներաշխարհը»։ Մտերիմ ընկերոջ՝ իշխան Պյոտր Վյազեմսկու վկայությամբ՝ «դժվար թե գտնվեր Բարատինսկուց ավելի խելացի մարդ», բայց նա իր խելքը ի ցույց չէր դնում աղմուկով ու լիառատությամբ...
Արդեն 23 տարեկանում գրած «Ճշմարտություն» բանաստեղծության քնարական հերոսը չի ուզում երիտասարդ տարիքում առերեսվել ճշմարտությանը, կորցնել սրտի կրակը, մարդկանց ճանաչելով՝ դադարել սիրել մինչև իսկ հարազատներին, քանզի դա երջանկություն չի բերի, սակայն խնդրում է, որպեսզի ճշմարտությունն իրեն այցելի մահվանից առաջ․
«․․․Այնժամ արի, աչքերս բաց արա,
Ու լույս բեր իմ մտքին,
Որ կյանքն արհամարհած՝ տիրույթը գիշերվա
Ես անտրտունջ մտնեմ»։
1840 թ․ մեկ այլ բանաստեղծությունում հեղինակը գերադասում է հոգին, որ մարմնից առաջ է իր սխրանքը կատարել, ոչ թե երկրային անիմաստ օրերի ընթացքին հետևող մարմինը։
Որոշ երկարաշունչ բանաստեղծություններում (օրինակ՝ «Ֆինլանդիան», «Խոստովանությունը» կամ «Ամայությունը») ասես հետևում ենք հեղինակի գիտակցության հոսքին, մեկ նախադասության մեջ հորդում են տարբեր մտքերը, պատկերները, զգացմունքները և թվում է, թե հեղինակը չի կարողանում դրանցից ձերբազատվել։ Այդպիսի դասական օրինակ է «Աշունը», որում բառերն ու պատկերները հաջորդում են միմյանց՝ հնչելով որպես մեղմաձայն երգ, բնության նկարագրությունը հերթագայվում է կյանքի մասին մտորումներով։ Գյուղացին իր բերքն է հավաքում, իսկ քնարական հերոսի՝ ստեղծագործող մարդու ստացածը դառը կենսափորձն է, հիասթափությունը մարդկանցից և այն հոգևոր պաշարը, որ արժեք ունի եթերներում՝ երկրից շատ հեռու․ 36-ամյա հեղինակը եզրակացնում է, թե առջևում ձմեռն է ու երկրի վրա գալիք հունձքին սպասել այլևս անիմաստ է։ Գրականագետ Իննա Ալմիի կարծիքով՝ այստեղ Բարատինսկին ստեղծել է «նոր, իսկ հնարավոր է՝ բացառիկ քնարական ժանր՝ փիլիսոփայական խոստովանության ֆորման»։ «Աշունը» հագեցած է ներքին միկրոսյուժեներով ու ներառում է էլեգիայի, ներբողի, հովվերգության տարրեր։ Ընդհանրապես, Բարատինսկին էլեգիաների հանդեպ մեծ թուլություն է ունեցել, Պուշկինի բառերով՝ եղել է «մեր առաջին էլեգիական պոետը»։ Բելինսկին նշում էր, որ Բարատինսկու հիմնական ինքնատիպությունը «նրա քնարերգության էլեգիական ձայներանգի մեջ է, որը ծագում է մտածումից, կյանքի նկատմամբ հայացքից»։
Ինչ խոսք, ստեղծագործական նման մոտեցումները բնորոշ են նաև Իոսիֆ Բրոդսկուն, ով «Ամայությունը» համարում էր ռուսերենով գրված լավագույն ստեղծագործությունը, հիանում դրա բանաստեղծականությամբ, շարահյուսությամբ, աշխարհընկալմամբ ու առոգանությամբ։ Բրոդսկին նշում էր․ «Կարծում եմ՝ Բարատինսկին ավելի լուրջ է, քան Պուշկինը։ Բնականաբար, այդ մակարդակում, այդ բարձունքներում հիերարխիա չկա…»։ Նա կարծում էր, որ «ամենից սթափ մտածող այդ պարոնը․․․ ամեն ինչի նախակարապետն է։ Նաև սյուրռեալիզմի, ինչպես էլ որ այն անվանեք»։
Բարատինսկու պոեզիայում նկատվում է ևս մեկ կարևոր առանձնահատկություն․ նա կարողանում է փորձարկել տարբեր դիրքորոշումներ, մոտեցումներ, ինչը թերևս խոհականության ու նաև վարանամտության արդյունք է։ Նրա քնարական հերոսը մեկը չէ կամ առնվազն շեշտակիորեն փոփոխում է իր մոտեցումները․ դիցուք, նույն ժամանակաշրջանում գրված բանաստեղծություններում կնոջ հանդեպ կապվածությունն ու կիրքը տատանվում է սրբացումից ու մեծարանքից («Օ՜, հավատա՛, քնքու՛շ էակ, փառքից էլ թանկ ես դու») մինչև քամահրանք («Գարշանքով փախչում եմ նրանից»)։ Նա մե՛կ հանգիստ է որոնում, մե՛կ էլ դա սին զբաղմունք անվանում՝ «կյանքն ալեկոծման համար է տրված»։ Վերջապես, Բարատինսկու խոսքերով՝ բանաստեղծը կրքի ու երկմտանքի զավակն է։
Երկու դար անց էլ զարմանալիորեն կենդանի ու արդիական են Բարատինսկու արտահայտած մտքերը․ ինչ թեմայով էլ նա ստեղծագործել է՝ սիրո, հայրենի եզերքի, անհատի մենության, պատմության թե աշխարհի ճակատագրի («Վերջին մահը»), այդ բանաստեղծություններում մեր օրերի մտահոգությունների ու միտումների հետ համահունչ շատ բան կարելի է գտնել։
1842 թ․ տպագրվում է նրա վերջին՝ «Մթնշաղ» ժողովածուն, որն իր կոմպոզիցիոն կուռ կառուցվածքով նորարարական երևույթ էր ռուս գրականության մեջ և որը, սակայն, հաջողություն չունեցավ (Բելինսկին իր վիրավորական, անարդարացի քննախոսականով խորը ցավ պատճառեց հեղինակին)։ Մինչդեռ, գրականագետ Միխայիլ Դարվինի խոսքերով՝ բանաստեղծական լեզուների, ոճերի, ըմբռնումների ընդգրկման աստիճանով այն նմանը չունի 19-րդ դարի բանաստեղծական շարքերի մեջ։
Բարատինսկին առանձնանում է շրջապատից, հիմնականում զբաղվում ընտանեկան հարցերով, տան շինարարությամբ, իսկ 1843 թ․ աշնանը ճանապարհորդելու վաղեմի երազանքը իրագործելու նպատակով մեկնում է արտասահման։ Փարիզում նա ծանոթանում է Պրոսպեր Մերիմեի, Ժորժ Սանդի և այլ գրողների հետ, նրանց համար ֆրանսերեն թարգմանում իր բանաստեղծություններից։
Մահվանից առաջ գրված «Շոգենավ» բանաստեղծությունում այսպիսի տողեր կան․
Շատ հող ու երկիր եմ թողել հետևումս,
Խաբուսիկ խնդություն, իրական չարիքներ՝
Շատ բան եմ տարել խռով հոգումս,
Տագնապալից բազում հարցեր եմ լուծել,
Մինչ այն պահը, երբ Մարսելի նավաստիները
Բարձրացրին խարիսխը՝ հուսո խորհրդանիշը։
Անսպասելի, առեղծվածային մահը վրա հասավ 1844 թ․ ամռանը՝ Նեապոլում, երբ բանաստեղծն ընտանիքի հետ նոր էր ոտք դրել Իտալիա։ Ամբողջ կյանքում Հռոմում լինել երազած բանաստեղծը այդպես էլ չհասավ «հավերժական քաղաք», մահացավ «երկրային Էլիզիումի» մատույցներում։ Հայրենի մամուլը և գրական աշխարհը գրեթե չնկատեցին նրա մահը։ Մահվանից հետո էլ Բարատինսկին դեռ երկար ժամանակ թերագնահատվում էր ու անտեսվում, նրան մինչև իսկ համեմատում էին պուշկինյան Սալիերիի հետ։
Մարդկային շփումները զգալիորեն սահմանափակած բանաստեղծն, այնուհանդերձ, ունեցել է որոշ հայկական ծանոթություններ։ 1835 թ․ Բարատինսկու կրտսեր եղբոր՝ Իրակլիի հետ է ամուսնացել հայ իշխանուհի Աննա Աբամելիքը, ով տաղանդավոր բանաստեղծուհի և թարգմանչուհի էր։ Բարատինսկին հրապուրված էր Աննետով (այդպես էր կոչում նրան իր նամակներում)։ Պետերբուրգում եղած ժամանակ բանաստեղծը շփվել է Աննայի եղբոր, քրոջ և քեռու՝ Եղիազար Լազարյանի հետ, հյուրընկալվել է մյուս քեռու՝ պետական խորհրդական Խաչատուր (Քրիստափոր) Լազարյանի տանը, ով ձանձրացրել է նրան գրականության մասին իր հարցերով։
Բարատինսկուն քիչ են թարգմանել հայերեն, նրա խրթին լեզվին կարծես ավելի համահունչ է գրաբարն իր խորհրդավորությամբ, դժվար վերծանելիությամբ, բառերի բազմիմաստությամբ․ դրանում համոզվում ենք՝ ընթերցելով «Աստղի»՝ Հ․ Համազասպյանցի կատարած գրաբար թարգմանությունը, որ տպագրվել է դեռ հեղինակի կյանքի օրոք՝ 1843-ին։
Եղիշե Չարենցի անձնական գրադարանում է պահվում Բարատինսկու հատընտիրը՝ վրացի բանաստեղծ Տիցիան Տաբիձեի ջերմ ընծայագրով․ «Թանկագին ընկերոջս և բանաստեղծին՝ Եղիշե Չարենցին, «Էպիքական լուսաբացի» օրերին։ 1930 թ․ փետրվարի 8, ք․ Երևան»։ Ուշագրավ է, որ հենց այդ շրջանում Չարենցը հրապուրված էր պուշկինյան ժամանակների պոեզիայով։
Նկատելի են Բարատինսկու սյուժետային ընդհանրությունները Ավետիք Իսահակյանի հետ․ նրա հերոսն էլ գերադասում է հոգևորը, հոգնել է մարդկանցից, միայնակ ելել ճամփորդության, նա էլ է հեռու հայրենի օրրանից, որը հաճախ կարոտում է, դժգոհում ճակատագրի անբարենպաստ ընթացքից։
Առհասարակ, Բարատինսկու պոեզիան իր արձագանքն է գտել ապագա սերունդների բանաստեղծների՝ Վալերի Բրյուսովի, Օսիպ Մանդելշտամի, Աննա Ախմատովայի, Նիկոլայ Զաբոլոցկու, Իոսիֆ Բրոդսկու, Ալեքսանդր Կուշների, մինչև իսկ՝ Վահան Տերյանի ու Պավլո Տիչինայի ստեղծագործություններում։ Բրոդսկու խոսքերով՝ «Ընդհանուր առմամբ, Բարատինսկու բանաստեղծություններն իր դարում ռուսերենով գրվածներից ամենախելացիներն են։ Ահա թե ինչու մինչ օրս քսաներորդ դարի պոեզիայի գրեթե բոլոր դպրոցները նրա անունը զետեղում են իրենց դրոշների վրա»։ Բարատինսկին իր բանաստեղծություններից մեկում կանխատեսել էր, որ մահվանից հետո կրկին ընթերցող կգտնի ու այս հարցում էլ ինտուիցիան նրան չդավաճանեց։ Նրա պոեզիան իրապես գնահատվեց միայն հետնորդների կողմից, քանզի ինչպես մեկ այլ «մտքի բանաստեղծ»՝ Պարույր Սևակը կասեր՝ նա ժամանակից շատ առաջ էր ընկել, ինչը չներվեց նրան․․․
Աշոտ Գրիգորյան
Պատկեր․ Ֆ․ Ֆ․ Շևալյե, Ե․ Բարատինսկու դիմանկարը, վիմագրություն, 19-րդ դար
Դիտումներ: 159
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։