Երկիրը
Մի անգամ ծնվեց աշխարհում փոքրիկ տղա։ Նա այնքան փոքր էր, որ մայրը կարող էր նրան ափի վրա պահել։
Հենց մյուս օրը նա սովորեց ծիծաղել։ Եվ մայրը ծիծաղում էր նրա հետ։ Հենց ինքն էլ շատ քիչ տարեկան էր, ծննդաբերել էր առաջին անգամ, և նրա մարմինը ուժասպառվել ու հյուծվել էր։ Բայց երեխան ուրախացրեց նրան, և իրեն զվարթ ու լավ զգաց։ Չէր կարողանում հասկանալ, թե ինչպես նա կարող էր ծնվել իրենից, այդքան փոքրիկ, բայց` ողջ։ Ամբողջ աշխարհն ասես փոխվեց։ Այս պատուհանն ու ճյուղը դրանից այն կողմ` երեկ, երբ նա չկար, այդպիսին չէին։ Հիմա ճյուղը դողում է այնտեղ քամուց և շիվը շիվի ետքից հյուսում։
Մայրը շատ գեղեցիկ ու բարի էր, իսկ երեխան նրանից լավն էր։ Նա դա գիտեր, և այդ հրաշքից այնքան լավ էր , ինչպես երբեք, անգամ սերն ավելի վատ էր։ Նա չէր հասկանում դա, բայց միևնույն է այդպես էր։ Վատից ինքնին լավն է առաջանում։ Դրան չընդդիմանալը՝ բոլորի լավագույն բերկրանքը, մեծ ու թանկագին երջանկությունն է։
Մայրը պահում էր տղային ձեռքերի վրա և լուռ հիացմունքով համբուրում նրան։ Նրանից հենց իր մարմնի հոտն էր փչում։ Նա սեղմում էր նրան, վախենում էր վայր գցել և արտասվում էր միայնակ, երբ տղան քնում էր։ Գիշերը նա չէր քնում և հսկում էր նրան, որպեսզի որևէ մեկը չգողանար կամ չփոխեր։ Տղան մոր աչքերն ուներ՝ ինչպես երկու մոմի բոց։ Նա բարի էր և ծնել էր նրան անզգուշաբար մի պահակից, որն արտասվում էր իրեն տեսնելիս։ Կինը նրան գթաց ու փայփայեց։ Բոլորին նա պետք էր, յուրաքանչյուրը հետամտում էր նրան, գգվում ու թախծալի խոսքեր շշնջում։ Իր իսկ շողշողուն, ցնծալից գեղեցկության պատճառով հենց ինքը դժվար էր ապրում։ Նա բոլորին ժպտում էր և պատասխանում, և ոչինչ ինքը չէր հասկանում։ Ինչ խեղճ, դժբախտ են, ասես մերկ,- մտածում էր նա և սիրում էր ոչ թե մեկին, այլ բոլորին։
Երեխան սովորեց ծիծաղել, և մայրն առողջացավ։
Եվ հոսեցին խաղաղ տարիները, երբ մարմինն աճում է և այնպես հասկանալի է աշխարհը, և բոլոր մարդիկ նման են խոտի, տների ու ծառերի։
Մայրը նրան Իվան անվանեց, և որքան նա մեծանում էր, այնքան ինքը հետ էր մնում նրանից և պարփակվում իր գործերի մեջ։ Նրա գեղեցկությունը մարում էր, ծանր, տաղտկալի աշխատանքից արյունը ցամաքում էր և ներսից հիվանդություններ էին աճում։
Մանուկ հասակում ժամանակն անհաշիվ է։ Առավոտից երեկո՝ երկու քայլ է։ Տարուց տարի՝ ինչպես դարպասից մինչև ցանկապատ։ Այդ տարիներին Վանյան ամեն ինչ հասկանում էր և նրա համար անհնարին բան չկար։ Նա իրեն ավելի ու ավելի լավ էր զգում։ Առաջ նա չէր հավատում, որ ուղեկալից այն կողմ ինչ-որ մի տեսակ այլ բան կա։ Այնտեղ՝ առու է, կոթուկներ և երկինք։
Երբ նա սովորեց քայլել՝ տեսավ այնտեղ դաշտն ու տարեկանը, ճանապարհն ու սայլերը։ Նա չզարմացավ, նա գիտեր այդ և, երբ տեսավ, լոկ հիշեց։
Երգում էին թռչունները, Վանյան լսում էր և գիտեր, որ ինքն էլ կարող է, միայն թե չի ուզում։ Երկչոտ կարմրաթև թիթեռնիկը ցածր թրթռում էր ծաղիկների վրա։ Վանյան նայում էր և այդ պահին ճախրում նրա հետ։
Ոչ մի տեղ նրան ոչինչ խորթ չէր։ Նա կարող էր անել այն, ինչ անում էին բոլորը։ Երազում նա քաշում էր մեծ զանգը, և դաշտից իր մոտ էին վազում մարդիկ։ Նա արթնանում էր վախից և սեղմվում պարտասած, ոչինչ չզգացող մորը։ Պատուհանին նստած էին երկու աստղ, և փողոցով ինչ-որ մեկն անցնում էր։ Վանյային թվում էր, որ չէր տեսնում, բայց գիտեր։ Դաշտեր, դաշտեր և ճանապարհներ։ Բոլոր քաղաքներն ու բոլոր մարդիկ ապրում են դաշտերում։ Միայն դաշտեր են։
Վանյան մեծանում էր, և ուզում էր անել այն, ինչ չէր կարելի։ Անձուկ և խուլ էր շուրջբոլորը։ Տղաների հետ էր շփվում, հետո դադարեց։ Նա նրանց հասկանում էր, իսկ ինչը մի անգամ հասկացար՝ պետք չէ։ Նա ուզեց այն, ինչ չկար։
Աստղերը երկրից ավելի ու ավելի վեր են գնում, ինչո՞ւ ոչ ավելի վար, -մտածեց նա։ Վանյան սկսեց մտածել և երկու աստղ հորինեց՝ ոչ դրա պես կառուցված։
Վանյան մեծ ու գեղեցիկ դարձավ, ինչպես մայրը, և նրանից ավելի լավը։ Իսկ մայրը մահացավ, ինչին նա չհավատաց, և առաջվա պես տեսնում էր նրան, խոսում նրա հետ, իսկ գիշերները զգում նրան իր կողքին՝ ինչպես նախկինում։ Պատուհանից երկու աստղ էր շողում, ամեն ինչ նույնն էր, ժամացույցը տկտկում էր, և մայրը ոչ մի տեղ չէր կարող կորչել։ Եվ Վանյան խաղաղվեց։
Հարևան հյուսնը նրան իր մոտ վերցրեց: Եվ Վանյան դարձավ հյուսն։ Հետո աշխատանքի անցավ խողովակգլոցման գործարանի շինարարությունում: Երբ այն կառուցեցին, նա մնաց այնտեղ և անցավ փականագործության։ Նոր աշխատանքում նա ավելի մոտ էր մեքենաներին, որոնք սիրել էր դեռ վաղուց, երբ առաջին անգամ տեսել էր շոգեքարշը: Եվ նա ուներ իր գաղտնի սիրելի միտքը մեկ այլ երկրի մասին, որը կարելի է ստեղծել սրանից։
Թարգմանությունը ռուսերենից՝ Գրիգոր Ֆերեշեթյանի
Դիտումներ: 260
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։