Երբ ծնողը դառնում է բեռ․ սիրո, պարտքի և մենության դրաման
Կա՞ արդյոք մի սահման, որից այն կողմ ծնողի հանդեպ սերը վերածվում է պարտականության, իսկ երախտագիտությունը՝ անհարմար պատասխանատվության։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ, որոնց համար կյանքի առանցքը տարիներ շարունակ եղել են ընտանիքն ու երեխաները, հանկարծ հայտնվում են այդ նույն երեխաների կյանքից դուրս՝ ստիպված լինելով ապացուցել, որ դեռ կարող են ինքնուրույն գոյություն ունենալ և չխանգարել ուրիշներին։ «Շունչ» թատրոնի «Ծնողը» ներկայացումը հենց այս հարցերի շուրջ է կառուցում իր դրամատիկ աշխարհը՝ համադրելով ընտանեկան հարաբերությունների ճանաչելի իրականությունը, հոգեբանական նուրբ դիտարկումները և հումորի քողի տակ թաքնված ցավը։ Վարկածի հեղինակն ու բեմադրիչն է Սամսոն Մովսեսյանը։
Ներկայացումը սկսվում է գեղեցիկ տան պատկերով՝ ստեղծելով ապահովության և ընտանեկան ջերմության զգացողություն։ Սակայն այդ պատրանքը շուտով փլուզվում է։ Տան տերերը՝ Լյուսին (Էվելինա Շահիրյան) և Ռոբերտը (Ալբերտ Սաֆարյան), իրենց երեխաներին՝ Աննային (Արաքսյա Մելիքյան) և Արթուրին (Սամվել Դանիելյան), հայտնում են, որ բանկն առգրավել է գրավադրված տունը, և իրենք այլևս ապրելու տեղ չունեն։ Ծնողներն օգնություն են խնդրում երեխաներից, բայց այդ խնդրանքը վերածվում է անլուծելի թվացող մի խնդրի, որը փորձության է ենթարկում ընտանեկան հարաբերությունները՝ բացահայտելով այն, ինչ տարիներ շարունակ գուցե թաքնված է եղել առօրյայի հետևում։

Աննայի առաջարկը՝ երեք ամիս հորը պահել իր տանը, մորը՝ եղբոր, ապա տեղերով փոխվել, առաջին հայացքից կարող է թվալ իրավիճակից դուրս գալու գործնական լուծում։ Սակայն դրանում արդեն իսկ առկա է ողբերգական հակասություն։ Հիսուն տարի միասին ապրած ամուսինները պետք է բաժանվեն, որովհետև երեխաները չեն ցանկանում կամ չեն կարող երկուսին միաժամանակ իրենց հարկի տակ ընդունել։ Նրանց համատեղ կյանքը վերածվում է հերթափոխով բաշխվող պատասխանատվության, իսկ այն փաստը, որ ծնողները կորցրել են իրենց տունը, նշանակում է, որ նրանք կորցրել են նաև իրենց կյանքի բնականոնությունը։
Արթուրի տանը բնակվող Լյուսին փորձում է հնարավոր աննկատ մնալ, օգնել որդուն ու հարսին՝ չվերածվելով առօրյա խոչընդոտի։ Սակայն նրա յուրաքանչյուր միջամտություն չէ, որ ընկալվում է որպես հոգատարություն։ Հարսը (Անահիտ Կիրակոսյան) չի թաքցնում, որ ամուսնու մոր ներկայությունն իրեն սահմանափակում է սեփական տանը։ Լյուսիի ներկայությունը նրա համար դառնում է անձնական տարածքի և ազատության կորստի զգացողություն։ Նա անտարբեր է, կոպիտ, չի կարողանում հանդուրժել Լյուսիի ներկայությունն անգամ կենցաղային մանրուքներում և մշտապես կշտամբում է նրան։ Արթուրի կնոջ կերպարը պատկանում է մարդկանց այն տիպին, որոնք չեն ուզում և պարզապես չեն կարող պատասխանատվություն կրել ուրիշների համար և ցավալին այն է, որ նրանք լիովին գիտակցում են իրենց բնորոշ այդ հատկությունը։ Հատկանշական է, որ ներկայացումը չի կառուցում կերպարների պարզունակ հակադրություն՝ պիտակավորելով նրանց որպես բարի և չար մարդկանց։ Այս համատեքստում ինչ-որ չափով կարելի է հասկանալ երիտասարդ զույգի դիրքորոշումը։ Նրանք առանձին ընտանիք են, ունեն իրենց առօրյան, պահանջներն ու անձնական սահմանները, ի վերջո՝ ապրում են սեփական կյանքով։ Երեխաները պարտադիր չէ, որ ատեն ծնողներին կամ գիտակցաբար ցավ պատճառեն նրանց։ Երբեմն անտարբերությունն արտահայտվում է ոչ թե բացահայտ թշնամանքով, այլ սեփական հանգստությունը պահպանելու և ուրիշի խնդրից հնարավորինս արագ ազատվելու ցանկությամբ։ Սակայն հասկանալը դեռ չի նշանակում արդարացնել։ Անձնական ազատության իրավունքը չի վերացնում հարազատների հանդեպ մարդկային պատասխանատվությունը։
Այս հակասությունն առավել ցայտուն է դառնում Արթուրի ծննդյան խնջույքի դրվագում։ Լյուսիին չեն ցանկանում իրենց հետ տանել ռեստորան՝ մտավախություն ունենալով, որ նրա երկար պատմությունները կձանձրացնեն հյուրերին։ Ծնողի հիշողություններն ու կյանքի փորձը, որոնք ժամանակին գուցե սիրով էին ընդունվում, այժմ դիտարկվում են որպես անհարմարություն։ Մարդը, որն ընտանիքի պատմության կրողն է, աստիճանաբար դուրս է մղվում այդ պատմության ներկա էջերից։

Ներկայացման ազդեցիկ դրվագներից է Արթուրի մենախոսությունը, երբ նա ներողություն է խնդրում մորից՝ խոստովանելով, որ միայն քառասունվեց տարի անց է հասկանում, որ ինքը որդի է։ Այս խոսքերը հնչում են որպես ուշացած գիտակցում՝ որդի լինելու կարգավիճակի և իրական հոգատարության տարբերության մասին։ Սակայն խոստովանությունն այդպես էլ չի դառնում շրջադարձային կետ։ Այն չի փոխում ո՛չ Արթուրի, ո՛չ նրա կնոջ ու դստեր վերաբերմունքը Լյուսիի հանդեպ։ Ներողություն խնդրելը կարող է թեթևացնել խղճի ծանրությունը, բայց չի կարող ինքնաբերաբար լրացնել տարիների ընթացքում չկառուցված մտերմությունը։
Ռոբերտի և Աննայի հարաբերություններում նույնպես նկատելի է ծնողին սեփական կյանքի սահմաններից դուրս թողնելու միտումը, թեև այստեղ որոշակի տարբերություն կա։ Հայրն ու դուստրը զրուցում են պատճառների և դրանց հետևանքների մասին, իսկ Աննայի վերաբերմունքում, չնայած անտարբերությանը, առկա է հոր հանդեպ որոշակի հարգանք։ Սակայն հարգանքը, երբ չի ուղեկցվում հոգատարությամբ, հաճախ մնում է ձևական։ Կարելի է ընդունել ծնողի հեղինակությունը, փորձել կազմակերպել նրա բուժումը, բայց միաժամանակ չնկատել նրա իրական կարիքը՝ զգալու, որ ինքը դեռ կարևոր է որևէ մեկի համար։
Լյուսիի և Ռոբերտի բաժանումը բեմադրության ամենախորհրդանշական լուծումներից է։ Հիսուն տարվա համատեղ կյանքից հետո նրանք հայտնվում են տարբեր տներում, տարբեր մարդկանց առօրյայի մեջ, բայց նրանց ներքին կապը չի խզվում։ Նրանք շարունակում են զգալ միմյանց ներկայությունը, զրուցել, պատմել իրենց ապրումների մասին և հուսալ, որ բաժանումը ժամանակավոր է։ Ռեժիսորական այս լուծումը ֆիզիկական հեռավորությանը հակադրում է հոգևոր մտերմությունը։ Նրանց միասնությունը հիմնված է ոչ թե պարզապես միասին ապրելու, այլ միմյանց ճանաչելու, հիշելու և զգալու վրա։
Այդ կապի խորությունն առավել ցավոտ է դառնում երեխաների վերաբերմունքի համատեքստում։ Ամուսինները, որոնք տասնամյակներ շարունակ միասին են հաղթահարել կյանքի դժվարությունները, հիմա ստիպված են ապրել առանձին՝ հարմարվելով իրենց երեխաների որոշումներին։ Նրանց համար բաժանումը կյանքի բնական կարգի խախտում է, մինչդեռ երեխաների համար այն կարծես կազմակերպչական հարց է, որի լուծումը կարելի է գտնել՝ պարզապես որոշելով, թե ով որտեղ կապրի։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև թոռնուհու՝ Էլենի (Ադրինե Աճեմյան) կերպարը։ Նրա վերաբերմունքը տատի նկատմամբ բացահայտվում է նաև այն ժամանակ, երբ Լյուսին ներկա չէ։ Հատկանշական է Էլենի հեռախոսազրույցը, որի ընթացքում նա շարունակաբար դժգոհում է տատից, որը քնում է իր սենյակում։ Այս դրվագը ցույց է տալիս, որ խնդիրը միայն տարեց կնոջ և հարսի կամ որդու հարաբերությունները չեն։ Անտարբերությունն արդեն տարածվում է հաջորդ սերնդի վրա՝ դառնալով ընտանեկան միջավայրում յուրացված վարքագիծ։
Էլենը ներկայանում է որպես ազատության և ինքնուրույնության իր պատկերացումներով ապրող երիտասարդ, որի համար անձնական հարմարավետությունը հաճախ գերակայում է ուրիշի կարիքների նկատմամբ։ Սակայն նրա կերպարը միայն սերնդային հակադրության արտահայտություն չէ։ Նա նաև այն միջավայրի հետևանքն է, որտեղ ընտանեկան կապերի արժեքը չափվում է ոչ այնքան փոխադարձ հոգատարությամբ, որքան սեփական տարածքը պահպանելու հնարավորությամբ։ Տատի ներկայությունը նրա համար դառնում է անհարմարություն, ոչ թե հնարավորություն՝ ճանաչելու ընտանիքի պատմությունը և հասկանալու սերունդների միջև եղած կապը։
Երբ Ռոբերտը հիվանդանում է, ներկայացման դրամատիզմն ավելի է խորանում։ Աննան խնամում է հորը՝ որոշելով, թե նա պարզապես մրսել է և շուտով կապաքինվի։ Իսկ Ռոբերտն արդեն դադարել է ինչ-որ բանի սպասել, հատկապես մարդկանցից։ Հիասթափությունը նրան հասցրել է մի վիճակի, երբ նույնիսկ օգնությունը չի կարող վերականգնել վստահությունը։ Այս դրվագն արտացոլում է անտարբերության հոգեբանական հետևանքը՝ մարդու ներսում կուտակվող լռությունը, հուսահատությունը և այն զգացումը, որ իր կարիքներն այլևս ոչ ոքի համար էական չեն։
Միաժամանակ Արթուրի ընտանիքում իրավիճակի լարումը հասնում է գագաթնակետին։ Ծննդյան խնջույքից վերադառնալով՝ ամուսինները տանը չեն գտնում Էլենին, և հարսի համբերությունը սպառվում է։ Լյուսիին առաջարկում են տեղափոխվել ծերանոց՝ իր հասակակիցների միջավայր, որտեղ, իրենց կարծիքով, նա իրեն ավելի լավ կզգա։ Աննան ևս պատրաստվում է հորը ուղարկել հարավ՝ բուժվելու։ Այս որոշումները տարբեր են, բայց դրանց հիմքում նույն տրամաբանությունն է՝ ծնողների խնամքի խնդիրը լուծել նրանց սեփական կյանքից տարածականորեն հեռացնելով։ Ծերանոցը դառնում է ոչ միայն բնակության հնարավոր վայր, այլև այն տարածքը, ուր կարելի է տեղափոխել տարեց մարդուն՝ ազատվելով նրա ներկայությամբ առաջացող անհարմարությունից։
Ի վերջո Լյուսին համաձայնում է գնալ ծերանոց, սակայն նույնիսկ այդ պահին շարունակում է մտածել ամուսնու մասին։ Նա որդուն խնդրում է Ռոբերտին ասել, թե ինքը դեռ նրա տանն է, փոխանցել հոր նամակները և վստահեցնել, որ ամեն ինչ լավ է։ Լյուսին գիտի, որ ամուսինը չի հավատա այդ խոսքերին։ Նույն կերպ է վարվում նաև Ռոբերտը՝ խնդրելով դստերը զանգել Լյուսիին և ասել, որ ինքը լավ է։ Նրա հավելումը՝ «Նա չի հավատա», միաժամանակ հումորային է և խորապես տխուր։ Երկուսն էլ գիտեն ճշմարտությունը, երկուսն էլ հասկանում են միմյանց, բայց նույնիսկ հեռավորության մեջ փորձում են պաշտպանել սիրելի մարդուն իրականության ծանրությունից։

Նրանց սերն արտահայտվում է ոչ թե խոստովանություններով, այլ միմյանց ցավը մեղմելու ցանկությամբ։ Այս առումով Լյուսին և Ռոբերտը հակադրվում են իրենց երեխաներին, որոնց համար պատասխանատվությունն աստիճանաբար առանձնացել է սիրուց և վերածվել մի բանի, որը պետք է հնարավորինս քիչ անհարմարություն պատճառի։
Ներկայացման հանգուցալուծումը համադրում է հումորն ու դրաման։ Լյուսին և Ռոբերտը կրկին հանդիպում են, միասին ժամանակ անցկացնում՝ մոռանալով անգամ Աննայի կազմակերպած ընթրիքի մասին։ Նրանք խմում են, վերհիշում երիտասարդությունը և այն բանկիրին, որը հիսուն տարի առաջ սիրահետում էր Լյուսիին, սակայն մերժվել էր նրա կողմից՝ հօգուտ Ռոբերտի։ Հիշելով անցյալը՝ Ռոբերտն ասում է. «Հիսուն տարի առաջ ես խլեցի քեզ բանկիրից, իսկ հիսուն տարի անց նա խլեց մեր տունը»։
Այս խոսքը ծիծաղ է առաջացնում, բայց դրա մեջ թաքնված է ներկայացման ողբերգությունը։ Ժամանակին պարտված բանկիրը տարիներ անց կարծես վրեժ է լուծում՝ խլելով նրանց տունը՝ այն տարածքը, որտեղ կառուցվել էր նրանց համատեղ կյանքը։ Հումորը թույլ է տալիս հերոսներին մի պահ հաղթահարել ցավը և վերադառնալ իրենց հիշողություններին։ Նրանց համար անցյալը ոչ միայն կորցրած ժամանակ է, այլև մի աշխարհ, որտեղ իրենք դեռ միասին են՝ անկախ արտաքին հանգամանքներից։
Սակայն այդ հանդիպումը երջանիկ ավարտի խոստում չէ։ Ներկայացման ավարտին գնացքի վագոնում մենք ականատես ենք դառնում ամուսինների հրաժեշտի տեսարանին։ Նրանցից յուրաքանչյուրի մտքում ու սրտում միայն մի նախադասություն է․ «Եթե մենք էլ երբեք չհանդիպենք, հիշիր, ես սիրում եմ քեզ»։ Այս խոսքերը միաժամանակ հնչում են որպես սիրո խոստովանություն և հնարավոր կորստի ընդունում։ Դրանք ապագայի երաշխիք չեն տալիս, այլ հաստատում են այն միակ ճշմարտությունը, որը դեռ կապում է հերոսներին՝ սերը միմյանց հանդեպ։
Իսկ Լյուսիի՝ միայնակության դրվագը հաղորդում է անորոշության զգացում։ Այն կարելի է ընկալել որպես բաժանման ցավոտ շարունակություն կամ որպես կյանքի անխուսափելի կորուստների մասին հիշեցում։ Բաց ֆինալը չի պատասխանում հարցին՝ արդյո՞ք ամուսինները կրկին կհանդիպեն։ Փոխարենը հանդիսատեսին առաջարկում է մտորել մեկ այլ հարցի շուրջ՝ ի՞նչ է մնում մարդուն, երբ կորցնում է տունը, սովորական կյանքը և սիրելիի կողքին լինելու հնարավորությունը։ Գուցե մնում են հիշողությունը, հույսը և այն գիտակցումը, որ իր կյանքի ամենակարևոր հարաբերությունը եղել է իրական ու փոխադարձ։
Սամսոն Մովսեսյանի բեմադրության ուժը հակադրությունների մեջ է։ Գեղեցիկ տան սկզբնական պատկերը, ամուսինների հարկադրված բաժանումը, ընտանիքի ներսում բացահայտվող օտարացումը և գնացքի վագոնում հնչող հրաժեշտը միասին ստեղծում են մի դրամատիկ կառուցվածք, որտեղ տունը դադարում է լինել պարզապես բնակության վայր։ Այն դառնում է պատկանելության, հիշողության և մարդկային արժանապատվության խորհրդանիշ։ Տունը կորցնելը նշանակում է կորցնել նաև այն տարածքը, որտեղ մարդն իրեն անհրաժեշտ ու գնահատված էր զգում։
«Ծնողը» ներկայացումը չի պարտադրում դատապարտել երեխաներին կամ իդեալականացնել ծնողներին։ Այն ավելի բարդ հարց է բարձրացնում՝ արդյո՞ք մենք կարողանում ենք սիրել այն մարդկանց, որոնց կարիքն ունենք ոչ թե մեր հաջողության, այլ մեր թուլության պահին։ Հեշտ է սիրել ծնողին, երբ նա ուժեղ է, ինքնուրույն և իր ներկայությամբ չի խախտում մեր ծրագրերը։ Բայց ի՞նչ է մնում այդ սիրուց, երբ նա ծերանում է, հիվանդանում, կորցնում իր տունը և սկսում զգալ մեր օգնության կարիքը։
Ներկայացման ամենացավոտ խնդիրն այն է, որ Լյուսին և Ռոբերտը ստիպված են իրենց ներկայությունն արդարացնել հենց այն մարդկանց առջև, որոնց կյանքը ժամանակին ձևավորվել է իրենց սիրո և նվիրումի շնորհիվ։ Նրանցից կարծես պահանջվում է չխանգարել, չբողոքել և նույնիսկ սեփական ցավը թաքցնել, որպեսզի երեխաների կյանքը մնա անփոփոխ։
Ի վերջո, «Ծնողը» ոչ այնքան ծերության, որքան մարդկային հարաբերությունների մասին ներկայացում է։ Այն հիշեցնում է, որ ծնողի հանդեպ հոգատարությունը միայն խնամքի կազմակերպումը չէ, ինչպես և սերը՝ միայն գեղեցիկ խոստովանությունը։ Սերը նաև լսելն է, ժամանակ տրամադրելը, դիմացինի ներկայությունն ընդունելն ու նրա արժանապատվությունը պահպանելը, նույնիսկ երբ դա պահանջում է հրաժարվել սեփական հարմարավետությունից:
Ներկայացման ավարտին մնում է մի պարզ, բայց անհանգստացնող հարց. ծնողը մեր կյանքի ո՞ր պահին է դադարում լինել հարազատ մարդ և դառնում պարտականություն։ Գուցե հենց այդ պատասխանի մեջ է թաքնված «Ծնողը» ներկայացման հիմնական ասելիքը։ Որովհետև ծնողի հանդեպ մեր վերաբերմունքը բացահայտում է ոչ միայն այն, թե ինչպիսի երեխաներ ենք եղել, այլև այն, թե ինչպիսի մարդիկ ենք դարձել։
Հասմիկ Ավետիսյան
Դիտումներ: 147
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։