Վրձին, որ արարչագործում էր Աստծո մատի նման
Եղիշե Չարենցի`Մարտիրոս Սարյանի հեղինակած հայտնի դիմանկարը 1937 թվականի ստալինյան բռնաճնշումների տարիներին փրկվել է մի քանի մարդկանց խիզախության շնորհիվ։ Բանաստեղծի դիմանկարը համարվում էր վտանգված, քանի որ Չարենցը հայտարարվել էր «ժողովրդի թշնամի» և այդ պիտակավորումը ստացած բազմաթիվ մտավորականների պատկերներ ոչնչացվում էին։ Ըստ պահպանված տվյալների 1937 թվականին պատկերասրահի բակում այրվել են Սարյանի վրձնած մի շարք դիմանկարներ։ Սակայն Եղիշե Չարենցի դիմանկարը փրկվել է գրականագետ Նշան Մուրադյանի և Գրականության և արվեստի թանգարանի աշխատակից Պարգևուհի Սիմոնյանի շնորհիվ․ նրանք նկարը թաքցրել են աննկատ և ապահով վայրում՝ այն փրկելով ոչնչացումից։ Ազգային պատկերասրահի բակից վերցրել են, փաթեթավորել, թելով կապել, ապա իջեցրել են թանգարանի նկուղ, իսկ տարիներ անց այն թաքցրել են մեկ այլ բնանկարի հետևում։ Երկու տասնամյակ անց պարզվել է, որ կտավը փրկվել է։ Երբ Սարյանը տեղեկացել է իր գործի փրկության այս զարմանալի պատմությանը, չափազանց հուզվել է ու ցանկացել այն նվիրել Նշան Մուրադյանին՝ որպես երախտագիտության նշան։ Սակայն Մուրադյանը հրաժարվել է ընդունել մեծարժեք նվերը, և կտավը մնացել է որպես հանրային սեփականություն։
Սարյանի՝ 1923 թվականին ստեղծած Եղիշե Չարենցի դիմանկարը հայկական կերպարվեստի գլուխգործոցներից է և առ այսօր պահվում է Գրականության և արվեստի թանգարանում։
Մեր ընթերցողներին առաջարկում ենք ծանոթանալ Չարենցի՝ սարյանական դիմանկարի մասին նոր մանրամասներ ներկայացնող Ռաֆայել Արամյանի հուշին։
***
-1923 թիվն էր։ Այդպես է, չէ՞, քսաներեք։
Նկարի աջ անկյունում գրված է քսաներեք, և ես հաստատում եմ։
-Ո՞վ գիտի, կարող է շփոթում եմ, հիմա շատ բան եմ շփոթում, բայց․․․- նա ուրախանում է իր հիշողությամբ, մոռանալով, որ քիչ առաջ նայեց նկարի անկյունում գրված տարեթվին և նոր միայն հարցման եղանակով ասաց՝ քսաներեք:
-Լուսիկ, Կատերինա,- կանչեց նա կնոջն ու քրոջը, և երբ նրանք եկան, օգնություն հայցող մարդու նման դիմեց երկուսին էլ միանգամից․
-Ի՞նչ ասաց Չարենցը։
-Ասաց՝ վրձինդ աստծո մատի նման արարչագործում է, - պատասխանեց կինը ներողամիտ ժպիտով։
Այս մի հատիկ բառը նրան աշխուժացրեց, սկսեց հիշել։ Ամեն ինչ կտայի, որ մասնակից լինեի մտքի այս արթնացմանը, և իր՝ վարպետի հետ միասին ընթանայի հետ, տարիների խորքը։
-Սպասիր, սպասիր, - սկսեց վարպետը, - կարծես ես ինչ-որ տեղ էի շտապում, քսանհինգ-քսանվեց տարեկան էր, իսկ ես քառասունն անց էի։ Այդպես է, չէ՞, Լուսիկ, - կինը գլխով է անում, իսկ նա չի նայում կնոջ կողմը ու շարունակում է,- Սարգիսը յոթ կամ վեց տարեկան էր, Ղազարոսը նոր էր ծնվել, իսկ ես արվեստանոց չունեի ու աշխատում էի ճարտարապետ Արազյանի տան վերնահարկում։ Աստաֆյանում, «Եվրոպա» հյուրանոցի մոտ հանդիպեցինք։ Գնացինք Պտի-Շանի ճաշարան՝ սուրճ խմելու։ Բանաստեղծություններ կարդաց, հետո ասաց, որ նկարչություն շատ է սիրում, ասաց սիրում է Կոջոյանին, Հովնաթանյանին ու․․․ Չէ, իմ մասին ոչինչ չասաց, չէր սիրում ներկաների մասին խոսել։ Լույսը կողքից էր, և դեմքը լույսի ու ստվերի մեջ էր, աչքերը տխուր էին, քիթը մեծ,- վարպետը մատը դնում է նկարի քթի վրա ու հաստատում, - հենց այսպես։ Այդ օրը նա շատ բանաստեղծություններ կարդաց, երբ ես ասացի, որ ուզում եմ նկարել, ուրախացավ, տեղից վեր ցատկեց ու բռնելով թևս, ասաց․ «Գնանք, հենց հիմա գնանք»։ Ուշ էր․ լուսավորությունն արդեն լավ չէր, բայց ես ոչինչ չասացի, ու գնացինք։ Արազյանների տունը Սպանդարյան փողոցի վրա էր, Կոնդի տակ, ու մինչև այսօր էլ կա, մեկ-մեկ գնում, կանգնում եմ դռան առաջ, հիշում անցած օրերը։ Արվեստանոցում նա նորից բանաստեղծություններ կարդաց, և որովհետև նա նստած էր թախտի վրա ու հետևում եգիպտական դիմակն էր, ես հենց այդպես էլ որոշեցի նկարել։ Կտավը պատրաստեցի ու սկսեցի գծել։ Այդ օրը գույնով չաշխատեցի, խնդրեցի, որ վաղը գա։ Մյուս օրը առավոտյան նա իր հին տեղում էր։ Բանաստեղծություններ չկարդաց, լուռ էր ու մտահոգ․ ի՞նչ էր եղել, չգիտեմ, չհարցրեցի։ Նկարն արդեն ավարտում էի, բարձրացավ տեղից, մոտեցավ ու նայեց կտավին և երբ ձախ անկյունում տեսավ դիմակը, զարմացած նայեց ինձ ու հարցրեց,- «Որտեղի՞ց գիտես»։ Մինչև հիմա էլ չգիտեմ, թե ինչ էր ակնարկում և ի՞նչն էր, որ պիտի գիտենայի։ Այսպես եղավ, քսաներեք թիվն էր, աշուն, ես քառասունն անց էի, իսկ նա հազիվ քսանհինգ-քսանվեց տարեկան։ Հետո ինձ ասացին, թե նկարը չկա։ Անսահման տխրել էի։ Քանի դեռ գիտեի նկարը կա, հավատում էի, որ նա էլ է ապրում։ Այսպես, մոտ տասը տարի ոչ մի լուր չունեի նկարից, կարծում էի, թե չկա, ու մատիտով նկարում էի , և ամեն անգամ մի ուրիշ ձևով էր ստացվում, միայն դիմակն էր նույնությամբ կրկնվում։ Մի օր էլ որդիս՝ Սարգիսը, եկավ ու հայտնեց, թե նկարը պահպանվել է։ Չէի հավատում, գնացի Չարենցին այցելելու։ Գրականության թանգարանում էր, նկուղում էին պահել։ Ամեն ինչ նույնն էր, քսաներեք թվականի աշնանային նույն օրը ու Չարենցը՝ եգիպտական դիմակով։ Եվ երբ, երկար բաժանումից հետո, ես նորից նրա հետ էի, ինձ թվաց, թե հարցնում է․
-Որտեղի՞ց գիտեիր․․․
Վարպետը լռում է, սենյակում բոլորը լուռ են, դրսում աշուն է, անձրև, և նա հանկարծ դառնալով քրոջը, հարցնում է․
-Կատերինա, տերևները թափվո՞ւմ են․․․
-Դեռ ոչ, - ասում է քույրը։
-Դա լավ է, ես չեմ սիրում, երբ տերևները թափվում են։ Առանց տերևների աշխարհը գծանկարի նման է, տխուր գծանկարի։
Սարյանը բարձրանում է տեղից, քայլում է դեպի ապակեպատ մեծ դուռը, որ ինքը ստուգի՝ տերևները թափվո՞ւմ են արդյոք, թե՞․․․
Նրա արծաթագույն գլուխը հանկարծ մերվում է աշնան հետ, իսկ հետևում, պատերի վրա այրվում են գույները, ծաղկող գարուններն ու արևոտ ամառները։
Պատրաստեց Նառա Դանիելյանը
Դիտումներ: 14
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։