Վիոլետան

Կիսվել:

Վիոլետա Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցի առթիվ

 

Վաղուց էի պատրաստվում գրել քո մասին: Արդեն դեղնած թղթի կտորը, որի վրա ցուցակն է, թե ում մասին պիտի պատմեմ, քո անունը Լուիզա Սամվելյանի, Մայա Պլիսեցկայայի, Շերի, Գալյա Նովենցի անունների կողքին է:

Դաժան լուրն ինձ հասավ...

Եվ ես ասում եմ. դերասանուհին, իհարկե, Վիոլետա Գևորգյանն է, այդպիսի նկարագիր պիտի ունենա իսկական դերասանուհին, ինչպիսին քոնն է: Դեմքը՝ գեղեցիկ, մարմինը՝ նրբագեղ, ձայնը՝ քնքուշ, առինքնող, ծիծաղը՝ առվակի կարկաչ: Դրամատիկականի մի երկու իսկապես դերասանուհիների այն ժամանակվա ցանկն ինձ համար մշտապես դու ես գլխավորել:

Ես քո Աննա Ֆրանկը չեմ տեսել, որովհետև այդ տարիներին ես Դրամատիկի «տեղը» չգիտեի, իմը Սունդուկյան թատրոնն էր, ես նրա հանդիսատեսն էի: Դրամատիկականի ճամփան ինձ և մեր ամբողջ կուրսին ցույց տվեց մեր սիրելի դասախոս Արտաշես Հովհաննիսյանը, որը Դրամատիկականում ռեժիսոր էր: Տեսանք Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդը»՝ Հրաչյա Ղափլանյանի բեմադրությամբ ու կապվեցինք այդ թատրոնի հետ: Տեսա քո Լեդի Աննան և դրանից հետո ինչ որ խաղացիր թատրոնում, հետո և՛ կինոյում, և՛ հեռուստատեսությունում, արդեն անգիր գիտեմ մինչև ընկեր Հովհաննիսյանիս բեմադրած «Աշնան արևի» Աղունը:

Դահլիճի վերնահարկից թաքուն տեսել եմ քո Աղունի առաջին փորձը, մի ձեռքիդ՝ տեքստը, տեսարանն էիր փորձում և խոսում: Մի քանի օր էր մնացել պրեմիերային, Ղափլանյանը որոշեց, որ դու պետք է խաղաս (հրաշալի որոշում): Առաջին իսկ հնչյուններից պարզ էր, որ դու ես Աղունը և որ ուրիշ ոչ մի դերասանուհի չէր կարող լինել այդ նյութի մեջ։ Քո հագով էր «կարված» այդ դերը, քեզ համար էր պահված այդ կարևոր, գլխավոր դերը հայոց թատրոնի բեմում: Խենթացրիր մեզ բոլորիս, և սա այն եզակի դեպքերից էր թատրոն կոչվածում, երբ հանդիսատեսը, հեղինակը և նույնիսկ թատերագետ-քննադատը համակարծիք էին և երջանիկ:

Վե՛տա ջան, սիրելի՜ս, թանկագի՜նս, հիշեցի Մոսկվայում մեր արած խենթությունները (հայ կինոյի պատվիրակության կազմում էինք ընդգրկված): Երեկոյան տաքսի վարձեցինք ու հրամայեցինք, որ մեքենան քշի «через Красную площадь»՝ շռայլորեն մի կարմիր տասանոց նետելով շշմած վարորդին: Իսկ մի երեկո Յուրի Երզնկյանն ու Արման Մանարյանը որոշել էին հրավիրել մեր հայազգի դերասան Գուրգեն Թոնունցին (Կամոյի դերակատարին), ես ու դու էլ մտածեցինք մեր կողմից շամպայն գնել ու մեր «երեկոյան» մաքսի շորերով մտանք հարբեցող ռուսների կիլոմետրանոց հերթի մեջ: Ապշած ռուսները մե՛կ մեր շորերին էին նայում, մե՛կ մեզ ու չէին հասկանում, թե ովքեր ենք մենք, մեզ էլ առիթ էր պետք, որ կչկչայինք (այդ օրը շատ ծիծաղեցինք): Իսկ հիշո՞ւմ ես շոկոլադի հերթը, հարևան, բարեկամ, քեզ խնդրել էին Մոսկվայից կոնֆետ բերել, Երևանում չէր ճարվում: Խանութում մեկ կիլոգրամից ավելի չէին վաճառում, և բնականաբար, քեզ օգնելու համար, ես էլ կանգնեցի հերթում: Մի-մի կիլոգրամ գնելուց հետո նորից հերթ հարցրինք և երբ հերթներս հասավ, վաճառողուհին ճանաչեց մեզ, զարմացավ, նորից մի-մի կիլոգրամ գնեցինք, բայց քո ձեռքի ցուցակը չէր սպառվում: Եվ դու քո անուշ ժպիտով, հումորով, անկեղծությամբ, հրաշալի ռուսերենով բացատրեցիր, որ Երևանում շատ են սպասում այդ կոնֆետներին, որ առանց դրա հարսանիքը տեղի չի ունենա, հմայված վաճառողուհին հերթում կանգնածներին խնդրեց թույլատրել, որ մի երկու կիլոգրամ ևս վաճառի մեզ, առանց նորից հերթ կանգնելու: Բոլորն, անխտիր, մեծ սիրով ընդառաջեցին, չդիմացան քո հմայքին:

Իսկ հիշո՞ւմ ես Կիրովականում՝ ռեստորանում, բուխանկա հացի մեջը փորեցինք, մեջը լցրեցինք խորոված մսի կտորները ու տարանք մեզ հետ: Գիշերվա մի ժամի արթնացա ուտելիքի հոտից, իսկ դու թե. «Ա՛յ շաշ, վե՛ր կաց, խորովածը կերել ենք, հավն ենք եփում»:

Ո՞րը հիշեմ, ո՞րը թողնեմ:

Ադամանդե մատանին չորրորդ հարկից ներքև նետեցիր, քեզ համար թատրոնից թանկ ոչինչ չկար (իհարկե, զավակներիդ, չհաշված):

Վիոլետա ջա՜ն, Շեքսպիրից մինչև Թումանյան հասու էր քեզ, զարմանում եմ՝ ինչպե՞ս, ո՞նց, մի օր ասացիր, թե՝ «Սո՛ֆ, դու շատ ես կարդում, էսինչ գիրքը բեր՝ կարդամ», ասացի «Չէ՛, դու մի՛ կարդա, Աստված քեզ այնքա՜ն շռայլորեն է օժտել, որ քեզ կարդալ պետք չի»: Տարիներ առաջ եկել էիր Երևան (երևի թե վերջին այցդ էր), գտար ինձ, ամբողջ օրը միասին անցկացրինք, իսկ երեկոյան ուշ, հրաժեշտի ժամանակ չմոռացար 100 դոլարանոց թղթադրամը մեկնել ինձ՝ ոչ մի առարկություն, պատճառաբանություն չընդունելով:

Քո 70-ամյակի օրը, Սունդուկյան թատրոնում մի ջահել լրագրողուհի մոտեցավ ինձ, խնդրեց մի երկու խոսք ասել քո մասին, իսկ ես մատնացույց արեցի մեր ճանաչված, վաստակաշատ արվեստագետներին՝ համոզված լինելով, որ նրանց խոսքն ավելի արժեքավոր էր:

Այսօր ուզում եմ այդ լրագրողուհուն ասել, որ Վիոլետա Գևորգյանին և նրա արվեստը սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ, քանի կամ:

Վե՛տա ջան, չեմ ուզում գիրս ավարտել, չեմ ուզում քեզնից բաժանվել, ների՛ր, որ չկարողացա քո տաղանդին հարմար մի բան գրել: Համբուրում եմ ամուր...

 

P.S.

Դեռ չէի հասցրել ամբողջովին գիտակցել Վիոլետայի հետ կատարվածը, երբ մի նոր գույժ ցնցեց ինձ. մեր սիրելի դերասանուհի, հարազատ ընկերուհի Լալա Մնացականյանի մասին: Եվ մենք՝ ողջ մնացածներս, երկու կես եղած օվկիանոսի երկու կողմերում սրտի ցավով ու դառնությամբ ստիպված եղանք հրաժեշտ տալ մեր սիրելիներին:

Թող Լույս դառնան Ձեր անմահ հոգիները…

 

21.06.2024 թ.

 

Սոֆիկ Սարգսյան

Դերասանուհի

Դիտումներ: 150

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։