Վերջին հրեշտակը
Գիշերը կանչեցին: Ասացին՝ արի, շատ վատ է:
Խամրող աչքերով նայում էր: Փորձում էր ժպտալ, բայց բիբերի ցոլքը չկար: Վերմակը գրկել էր փխրուն ուսերը: Բացվող առավոտի լույսն էր պատուհանից ներս հոսում , և օդի մեջ չկար ոչ մի տագնապ: Ես նրան այդպես չէի տեսել:
Թևաթափ կանգնել էի դռների մեջ և անսովորության լարումից, թե նրա գունատ այտերի աննկատ թրթիռից մեղանչումի պես մի կիրք թաքուն համակում էր ինձ, ինչպես մամուռն է նստում գլաքարերի վրա ծանծաղ ջրերի մեջ: Հետո լռությունը խտացավ, և միայն փողոցից եկող հատուկենտ ձայներն էին երբեմն-երբեմն հիշեցնում աշխարհի գոյության մասին: Ինձ օտար էին հավաքվածների մտախոհ, սևեռված հայացքները, որոնք վետվետում էին նրա աչքերից հեռու, բայց հետո պարսերով գալիս, խփվում էին այնտեղ, որտեղ լինելու իրավունք չկար:
Բժիշկն ասաց. «Դուրս եկեք, նա հիմա խոսել չի կարող», և ներսում խմբվածներն արագ լքեցին սենյակը: Ամայի միջանցքն իսկույն կենդանացավ: Տղամարդիկ ծխախոտ հանեցին, կանայք բացեցին պայուսակները: Ապակիների դեղինն արտացոլվում էր փայլեցված հատակին, ու մարդկանց շարժուն ստվերները ձուլվում էին անշուք գույների հետ:
Նա ներսում մնաց մենակ: Լուռ, շփոթ, անմեկնելի ժպիտը շրթեզրին, փակվող դռներից այն կողմ ու ոչնչի չսպասող նա: Ես չհավատացի: Նա պիտի տխրեր, եթե իմանար, որ ինձ համար էլ ինքը հիմա կարող է լինել, ինչպես բոլորինը: Հարմար մի պահ ընտրեցի ու ծածուկ մտա սենյակ: Աչքերը փակ էին, բայց զգաց, որ մենակ չէ: Նստեցի կողքը, մատներն առա ձեռքերիս մեջ: Ափը սեղմեց ու նորից լուռ ժպտաց:
- Դու գիտես, որ հրեշտակները չեն հիվանդանում,-ասացի ես:
- Ճիշտ չէ,- ասաց նա,- նրանք հիվանդանում են առաջինը:
- Եթե դու հենց հիմա չառողջանաս, երկինքը կմնա դատարկ,- համառեցի ես:
- Ո՞ւմ է պետք սոսնձված թևերով հրեշտակը,- շշնջաց նա, աչքերը նորից փակեց ու ասաց,- վախենում եմ:
- Դու չես մեռնի:
- Մի՛ խաբիր քեզ...
Լռեց երկար: Հասկացա, որ էլ ոչինչ պետք չէ ասել: Մատները տաք էին ու անշարժ ամառվա քարերի նման: Մի պահ նույնիսկ թվաց, թե ննջում է: Բայց քիչ անց գլուխը հանկարծ մոտեցրեց, ասաց՝ արի գրկեմ քեզ, ու թույլ ձեռքերով ամուր սեղմեց ուսերս: Դեմքիս հպվող նրա մազերից նոր ծաղկած փշատենու բույր էր գալիս: Ոչ մի տխրություն չէր չափվելու այն խաղաղության հետ, որով լցվել էր օդը: Ես շոյեցի նրա պարանոցը, և նա ասաց. «Ես ինքս ցանկացա լինել այսպիսին»: Ապա կասկածող հայացքով նայեց աչքերիս ու ավելացրեց.
- Երբեք չհամարձակվես ասել, որ ես չեմ եղել:
Փորձեցի առարկել, բայց նա խռովածի պես շուռ եկավ ու գլուխն իջեցրեց բարձին:
Դռներն անսպասելի աղմուկով բացվեցին, ազդու շարժումներով ներս մտավ բժիշկն ու ինձ դուրս հրավիրեց՝ հանդիմանող հայացքով ուղեկցելով մինչև ելքը:
Հաջորդող երկու օրերին նա այդպես էլ չխոսեց: Բոլորը շփոթված էին, մի քիչ հոգնած, մի քիչ՝ ընկճված: Ինձ այլևս չէին նախատում ներսում լինելու համար, ու ես երկար ժամեր ականջ էի դնում նրա թույլ շնչառությանը՝ համակված այն մտքով, թե սպասումն է, որ կարդարացնի այս գոյությունը:
Նա մեռավ կեսօրին՝ մինչև վերջին շունչը ոչինչ չասելով: Երբ աչքերը կկոցեց, ես ասացի. «Հիմարություն չանես»: Իսկ նա գլուխը թեքեց ու այլևս չշարժվեց:
Մահվան պատճառն այդպես էլ ոչ ոք չիմացավ: Ինչ-որ անհեթեթ բաներ ասվեցին, սակայն գաղտնիքը միակն էր, որ տարել էր իր հետ: Իրենից առաջ սերն էր մեռել: Նա իմ ճանաչած վերջին հրեշտակն էր, ու ես դեռ հավատում էի նրան:
Դրսում ամառվա անընդհատ օրն էր: Ես քայլեցի այնտեղ, ուր նա միշտ գալիս էր, նստեցի և սպասեցի:
Հովիկ Չարխչյան
Դիտումներ: 331
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։