Վերջին բառերը

10:23 08.10.2026 · Գրական · Էմիլ Մարգարյան
Կիսվել:

Էմիլ Մարգարյանը ֆրանսահայ գրող է, որի պատմվածքների ժողովածուն շուտով հասանելի կլինի Amazon.com կայքում: Լյուսիլ Ջանինյանի թարգմանությամբ մեր ընթերցողների գնահատմանն ենք ներկայացնում գրողի «Վերջին բառերը»  պատմվածքը՝ որոշ կրճատումներով:

 

***

 

Առավոտյան, երբ թարմ հացը դեռ չէր հասցնում սառչել, իսկ առաջին ավտոբուսը բլրի գագաթին հասած չէր լինում՝ հետևից թողնելով թանձր սև ծուխ, պարոն Սարգսյանը կանգ էր առնում հին կինոթատրոնի կողքի թերթավաճառի կրպակի մոտ։

Նախքան կվճարեր, բացում էր թերթը: Ո՛չ կարդալու համար։ Պարզապես համոզվելու, որ էջերը ճիշտ ու հավասար են ծալված։ Տպարանում անցկացրած քառասուն տարիները իրենց անխուսափելի հետքն էին թողել, որին սովորույթի ուժ են ասում ու երբեմն նման բաները կորցնում են իմաստը, բայց չեն  անհետանում: Եթե եզրերը կոկիկ չէին համընկնում, ուղղում էր դրանք, ապա թերթը դնում  թևի տակ։

Կրպակի կինը հետևում էր՝ նույնիսկ չփորձելով թաքցնել հայացքը:

-Դու դեռ մահացածների՞ն ես առաջինը կարդում։

-Երբեք չեմ լսել, որ նրանք բողոքեն դրանից։

-Ողջերը հասցնում են անել դա բոլորի փոխարեն:

Երբեք առաջին էջը չէր բացում։ Առաջին էջը շտապողների մասին էր։ Այնտեղ կառավարություններ էին փլուզվում։ Մուգ կոստյումներով տղամարդիկ դրոշների ներքո ձեռք էին սեղմում։ Երեկոյան այդ ամենի մեծ մասն արդեն երեկվա լուր էր դարձած լինում:

Վերջին էջերն ուրիշ էին։ Մահացածները համբերատար սպասում էին՝ սպիտակափայլ ատամնաշարերիև բնակարանների գովազդների արանքում, որոնք այլևս անհասանելի էին իր համար: Պարոն Սարգսյանը կարդում էր յուրաքանչյուր անուն։ Ոչ թե այն պատճառով, որ ճանաչում էր նրանց, այլ որովհետև մի օր կամ ինքն էր ճանաչելու նրանց, կամ նրանք էին ճանաչելու իրեն։ Մատը սահեցնում էր յուրաքանչյուր տողի տակով՝ տպարանի աշխատակցին հատուկ հին սովորությամբ, ասես ստուգելով, որ ամեն տառ ճիշտ շարված լիներ՝ նախքան թանաքի չորանալը:

Բացեց թերթը: Դեռ առաջին մահախոսականին չէր հասել, երբ ինչ-որ մեկը թակեց դուռը։ Ոչ հարևանի շտապողական թակոցն էր, ոչ էլ փոստատարի համբերատար ռիթմը։ Երեք թեթև թակոց։ Կարելի է ասել՝  քաղաքավարի թակոց էր։ Մի քիչ սպասեց։ Թակողը համառեց՝ կրկնելով ամենը ճիշտ նույն կերպ, ասես մի նախադասություն էր ասում, որն արժանի էր ևս մեկ անգամ լսվելու։

-Դո՞ւք եք տպագրիչը։

-Էի։

-Այսինքն՝ էլ չե՞ք աշխատում։

-Թոշակի եմ անցել։

-Տատիկս է ինձ ուղարկել ու ասել, որ գաք:

-Տատիկիդ անունն ի՞նչ է։

-Սիրվարդ Մելքոնյան։

Մի ակնթարթում շենքի բոլոր ձայները լռեցին։ Ավելի քան հիսուն տարի էր՝ այդ անունը բարձրաձայն չէր լսել։

-Դուք ճանաչո՞ւմ եք նրան։

-Ես ճանաչում էի մեկին, ով արձագանքում էր այդ անվանը:

-Դա նույն բանը չէ։

-Դե հա, - հազիվ լսելի ձայնով ասաց նա։ - Նույնը չէ։

-Մի՞շտ  եք այստեղ ապրել, - հարցրեց Արսենը։

-Ո՛չ։

-Բա որտե՞ղ։

-Այստեղ։

-Դա նույն պատասխանն է։

-Չէ։

Կզակով ցույց տվեց պողոտայի կողմը։

-Երբ քո տարիքում էի, այնտեղ սրճարաններ չկային։ Դաշտ էր։ Հետո հայտնվեցին մարդիկ:

Ավտոբուսից դիզելի ու թաց վերարկուների հոտ էր գալիս։ Բազմահարկ շենքերից այն կողմ մշուշում լողում էր Արարատը ։

-Ուրեմն սա՞ է։ Լեռը։

-Դու այն նախկինում տեսել ես։

-Նայել եմ։ Հիմա տեսնում եմ։

Պարոն Սարգսյանը ապակու մեջ նայեց տղայի արտացոլանքին ու հիշեց մեկ ուրիշին, որը տարիներ առաջ գրեթե նույն բանն էր ասել։ Սիրվարդը՝ մի գարնանային առավոտ, Գյումրիից եկած, իրենից ծանր ճամպրուկը ձեռքին, տպարանի դիմաց կանգնած, նայել էր Արարատին ու ասել.

-Ավելի փոքր է, քան պատկերացնում էի։

-Փոքր չէ։ Պարզապես դու ես ավելի մոտ եկել։

Սիրվարդը նստած էր պատուհանի մոտ՝ գործելով, կամ ավելի ճիշտ՝ փորձելով գործել․ բրդյա թելը խճճվել էր, իսկ ինքը կարծես չէր էլ նկատում։ Ձեռքերը շարունակում էին գործել հիշողությամբ, նույնիսկ այն ժամանակ, երբ հենց հիշողությունն էր սկսում անհետանալ:

Պարոն Սարգսյանը կանխավ պատրաստ էր առերեսվել հիվանդությանը, բայց ոչ ժամանակին: Սա այն կինը չէր, որին  հիշում էր, բայց և ուրիշ մեկը չէր։ Նա երկուսն էլ էր։ Ավելի ծեր, քան հիշողությունը ու ավելի երիտասարդ, քան վիշտը:

-Սրանք ո՞վ են։

-Հյուրեր են։

-Ես հյուրեր չեմ ընդունում։

-Մի ժամանակ ընդունում էիր։

-Մի ժամանակ նաև պարում էի։ Այ քեզ վատնում:

Ապա հայացքը սահեց դեպի պարոն Սարգսյանը, ու ամեն ինչ մի պահ կանգ առավ՝ շյուղերը, մատների շարժումը, անգամ դեմքի թույլ ժպիտը։ Մի քանի երկար վայրկյան անթարթ նայելուց հետո՝ Սաքո՛։

Հազար անգամ պատկերացրել էր այս պահը։ Տարբերակներից բոլորում Սիրվարդն ամեն, ամեն ինչ հիշում էր։ Բայց տարբերակներից և ոչ մեկում ինքը չէր մոռանում՝ ինչպես շնչել:

-Տգեղացել ես:

-Դե ծերացել եմ։

-Չէ. երբեք էլ գեղեցիկ չես եղել։

Արսենը բարձր ծիծաղեց։ Նույնիսկ Լիլիթը ժպտաց։ Միայն դրանից հետո պարոն Սարգսյանն էլ ծիծաղեց։

-Ու դեռ շատ բարձր ես ծիծաղում:

-Իսկ դու դեռ բոլորին քննադատում ես։

-Եթե դադարեմ, կմտածես՝ մեռել եմ։

Հետո լույսը կրկին մարեց։ Սիրվարդը նայեց սենյակի շուրջը։

-Ներեցեք։ Մենք ծանո՞թ ենք։

Վրայիցդ դեռ թանաքի հոտ է գալիս— վրա բերեց՝ նախքան կհասցներ պատասխանել։

-Ես երեսուն տարի է՝ չեմ աշխատում։

-Այն երբեք չի անցնում։

-Իսկ փոքրիկ դարակին ի՞նչ եղավ։

-Ի՞նչ դարակ։

-Երրորդը, որ տպագրական սեղանի մեջ էր։

Սենյակում ոչ ոք չհասկացավ, թե ինչի մասին էր խոսքը։ Միայն նա: Երրորդ դարակը՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը։ Այնտեղ էին թաքցնում ամենը, որ ոչ ոք չպետք է տեսներ։

-Չգիտեմ, - զգուշությամբ պատասխանեց նա։

Մի քանի րոպեով նա կարծես նորից տեղափոխվեց մի այլ հարթություն, որտեղ ներկաները չէին կարող հետևել իրեն՝ խոսելով մարդկանց հետ, որոնք ողջ չէին,  ինչ-որ մեկին խնդրելով փակել պատուհանը, մտահոգվելով՝ արդյոք ծիրանները հասցրե՞լ էին ներս բերել մինչև անձրևի գալը, թե ոչ։ Հետո, առանց նախազգուշացման․

-Սաքո՛։ Նմուշները: Կայրեն։ Մեկը պահե՞լ ես։ Պահե՞լ ես։

Բաց թողեց  թևը։

-Գիտեի, որ չես պահի։

Այդ խոսքերն ավելի ծանր հնչեցին, քան զայրույթը. ասես մի այնպիսի հիասթափություն լիներ, որ վաղուց արդեն չափազանց ժամանակավրեպ էր՝ բառելու համար։

Մի րոպե անց թարթեց աչքերը, դեմքը դատարկվեց, քաղաքավարի շուրջը նայեց։

-Ներեցեք։ Մենք ծանո՞թ ենք։

Այդ երեկո Սարգսյանը չկարողացավ քնել։ Առանց հասկանալու՝ ինչ է փնտրում, հերթով բացում էր պահարաններն ու փորփրում դարակները, որոնք արդեն հարյուր անգամ տակնուվրա էր արել. հին անդորրագրեր, կոտրված ակնոցներ, կոճակներ, գնացքի տոմսեր, 1981 թվականի թատերական ծրագիր։ Չէ, չկար: Մինչև  լույսը կբացվեր, միտքը փայլատակեց։ Հիշեց ոչ թե դարակը, այլ՝ գործիքների արկղը։ Տարավ խոհանոցի սեղանի մոտ ու գուշությամբ բացեց արկղը։ Թուղթը խշխշաց։ Վերևում, Սիրվարդի ձեռագրով, կապույտ մատիտով գրված էր․ «Մահից հետո մարդիկ արժանի են ճշմարտությունն իմանալու, որովհետև պաշտպանելու էլ ոչինչ չի մնացել»։ Ու ներքևում՝ անուններ։ Տասնյակ անուններ։ Եվ յուրաքանչյուր անվան կողքին՝ այդ մարդու արտասանած վերջին նախադասությունը։ Պարոն Սարգսյանը անշարժ նստած էր: Դրսում առավոտը եկավ ճիշտ այնպես, ինչպես միշտ էր գալիս։ Ներսում վերակենդանացել էր անցած-գնացած հիսուն տարին: Ոչ հաջորդ առավոտյան, ոչ էլ դրան հաջորդող օրերին Արսենին չպատմեց փորձնական օրինակի մասին: Տղան, ինչպես միշտ, եկավ՝  միջանցքում գցելով դպրոցական պայուսակը, հետո միայն հիշելով, որ քաղաքավարի երեխաները նախ պետք է բարևեն։

Թուղթն այնքան փխրուն էր դարձել, որ ամեն շարժումից այնպիսի ձայն էր հանում, ասես մեկը չոր տերևների միջով շնչելիս լիներ։

Արսենը թեքվեց ու ուսի վրայից նայելով՝ թերահավատորեն հարցրեց՝

-Այսինքն՝ սրանք իսկապե՞ս վերջին խոսքերն են։ Որտեղի՞ց գիտես։

-Հարցրել ենք։ Երբ վիշտը դեռ չափազանց  հանկարծահաս է, մարդիկ չեն ստում: Հետո բոլորն էլ պատմությունն ավելի լավն են դարձնում։

Նրանք ամբողջ կեսօրն անցկացրին՝ փորձելով հետևել անունների հետքերին: Որոշ հասցեներ այլևս չկային․ մի մթերային խանութի փոխարեն դեղատուն էր հայտնվել, իսկ այն բակը, որտեղ մի ժամանակ երեխաները ֆուտբոլ էին խաղում, անհետացել էր ապակե գրասենյակային շենքի տակ։ Երևանը նրանց չէր մոռացել։ Պարզապես շարունակել էր ապրել։ Հասցեներից մեկում մի տարեց կին բացեց դուռը, դեռ նրանք չէին հասցրել թակել։

-Գիտեի, որ գալու եք, - ասաց նա։ - Ամուսինս միշտ ասում էր՝ մի օր մեկը գալու է՝ հարցնելու իր վերջին խոսքերի մասին։

Նա անհետացավ, ապա վերադարձավ՝ ձեռքին թխվածքաբլիթների մետաղյա տուփ։ Ներսում նամակներ էին, լուսանկարներ, զինվորական մեդալներ, 1974 թվականի ավտոբուսի տոմս և ծալված մի թերթիկ։

-Տղաս գրի էր առել հոր ասածը:

Թերթիկը մեկնեց Արսենին.

«Կոշիկներս դեն չգցես։ Դրանք արդեն սովորել են ճամփաներիս»:

-Այդ կոշիկներն ինձնից շատ էր սիրում: Տարիներ շարունակ,- նայելով պատին կախված լուսանկարին,- սխալ էի հասկացել. նա կոշիկների մասին չէր խոսում. նա փորձում էր մնալ։

Երեք օր անց նրանք հասան Սիրվարդի ցուցակի վերջին հասցեին։ Բնակարանն արդեն դատարկ էր։ Պատշգամբում խորդենիները ջրող մի հարևան կռացավ ու նայեց ներքև։

-Լևոնյանների՞ն եք փնտրում։

-Այո՛։

-Բոլորը գնացել են։ Ֆրանսիա։ Երեսուն տարի առաջ։

Սարգսյանը շնորհակալություն հայտնեց։ Երբ պատրաստվում էին հեռանալ, կինը նրանց հետևից ձայն տվեց, ներս մտավ ու վերադարձավ՝ ձեռքին փոքրիկ էմալապատ մի թաս։

-Սա գտա, երբ նրանք գնացին։

Ներսում ծալված թերթի մի կտոր էր՝ տարիներից դեղնած։ Ոչ հոդված էր։ Ոչ լուսանկար։ Փորձնական օրինակ էր։ Նրանցից մեկը։ Մի եզրը կիսով չափ այրված էր։ Միայն չորս գրառում էր մնացել ընթեռնելի։ Ներքևում՝ կապույտ մատիտով.

«Եթե ոչ ոք չի տպագրում ճշմարտությունը, հիշողությունը վերածվում է երկրորդ հուղարկավորության»:

Լիլիթը զանգեց լուսաբացից քիչ առաջ։ Նա չասաց, որ Սիրվարդը մահամերձ է։ Ասաց․

-Նա անընդհատ հարցնում է՝ տպագրական մեքենաները  պատրա՞ստ են։

Պարոն Սարգսյանն ամեն բան հասկացավ։ Այդ օրը նա փողկապ չկապեց: Ամբողջ կյանքում թաղումների գնալիս փողկապ էր կապել։ Այս առավոտը թաղման մասին չէր: Աշխատանքի էր լինելու։

Հին տպարանը կանգնած էր ճիշտ այնտեղ, որտեղ հիշողությունն էր թողել։ Պատուհանները կոտրված էին։ Հատակը ձյունածածկ էր: Հսկա «Հայդելբերգ» տպագրական մեքենան ժանգի շերտի տակ քնած էր։

-Այստեղ էիր աշխատո՞ւմ։

-Կյանքիս մեծ մասն այստեղ եմ անցկացրել։

Գրեթե մեկ ժամ պահանջվեց տպագրական մեքենան մաքրելու համար։ Գտան երեսուն տարի ժամկետանց ծխախոտի տուփեր, կոտրված քանոն, երեխայի ապակե գնդիկ, ինչ-որ մեկի ամուսնական մատանին։ Չէին խոսում։ Կան վայրեր, որտեղ լռությունը ևս մեկ գործիք է դառնում:

Երբ գլանները վերջապես պտտվեցին, այդ ձայնից տանիքին նստած թռչունները թռան։ Սարգսյանը փակեց աչքերը։ Մոռացել էր այդ ձայնի հնչողությունը։ Ոչ բարձր էր։ Հաստատուն էր։ Ասես հենց երկաթն էր հիշել իր նշանակությունը։

Արսենը տառաշարքի արկղերն էր տանում՝ տառ առ տառ, շրջված ու գլխիվայր, ճիշտ այնպես, ինչպես դա արել էին տպագրիչների սերունդները՝ նախքան համակարգիչների՝ մարդկանց համոզելը, թե բառերը կշիռ չունեն։

-Ի՞նչ տպենք առաջինը։

Սարգսյանը զննեց դատարկ շարվածքը, ապա ձեռքը գրպանը տարավ. ոչ Սիրվարդի թերթիկը։ Ոչ փորձնական օրինակը։ Հին մի լուսանկար էր՝ Անահիտը, Սևանա լիճը, բոբիկ ոտքերը, քամուն դեմ հանդիման ծիծաղելիս։ Նա այն դրեց մետաղե տառերի կողքին։

Ձեռքերը դողում էին․ երկու անգամ սխալ տառ ընտրեց, մեկ անգամ էլ ամբողջ մի տող թափվեց հատակին։ Արսենը լուռ ծնկի եկավ ու օգնեց նրան հավաքել յուրաքանչյուր տառը։ Երբ շարվածքը ամրացվեց, պարոն Սարգսյանը թանաք քսեց գլաններին ու քաշեց լծակը։ Մեքենան մի պահ տատանվեց, հազաց, ապա շարժվեց։ Մի թերթ։ Հետո՝ ևս մեկը։ Վերևում գրված էր․ ՎԵՐՋԻՆ ԲԱՌԸ:

Ներքևում՝ Սիրվարդ Մելքոնյան։ Վերջին հստակ արարքը․ Նա կապեց թոռան կոշիկի քուղերը, որովհետև նրա ձեռքերը հիշում էին այն, ինչ միտքն այլևս չէր կարող հիշել։ Երկար նայեց թերթին։

-Չէ՛։ Այս գրվածքով տպավորություն է ստեղծվում կարծես ինչ-որ մեկը փորձում է ազդեցություն թողնել անծանոթների վրա։ Թերթը գցեց վառարանի մեջ։ Այն մի քանի վայրկյանում այրվեց։

Նորից փորձեց։ Այս անգամ միայն․ Սիրվարդ Մելքոնյան։ Մահվանից առաջ նա կապեց թոռան կոշիկի քուղերը։

Ավելի լավ էր։ Բայց դեռ ճիշտ չէր։ Նա սա էլ այրեց։ Հետո՝ ևս մեկը։ Լուսաբացին հատակը ծածկված էր չստացված ճշմարտություններով։ Վերջապես դադարեց որևէ բան բացատրել փորձելուց ու միայն սա շարեց․ Սիրվարդ Մելքոնյան։ Նա կապեց նրա կոշիկի քուղը։

Նրանք ուղիղ հարյուր օրինակ տպեցին։ Երբ թանաքը չորացավ, յուրաքանչյուր թերթ ձեռքով ծալեցին՝ այնպես, ինչպես միշտ էին ծալում թերթերը։ Քառակուսի։ Խնամքով։

Այդ առավոտ մարդիկ դրանք գտան թերթերի մեջ, գովազդների արանքում, հացի տակ, ավտոբուսի նստարաններին, հիվանդանոցի նստարաններին։ Ոչ մի բացատրություն։ Միայն անուններ։ Միայն վերջին խոսքեր։ Որոշ ընթերցողներ ծիծաղեցին։ Ոմանք բողոքեցին։ Մի թերթ այն անվանեց չափազանց զգացմունքային, մյուսը՝ անպատշաճ։ Երեկոյան լքված տպարանի դիմաց հերթ էր գոյացել։ Ոչ լրագրողներ, ոչ քաղաքական գործիչներ՝ հացթուխ, ջութակի ուսուցիչ, տաքսու վարորդ, գնումների պայուսակը ձեռքին մի այրի։ Յուրաքանչյուրը մի անուն էր բռնել ձեռքում։ Եվ յուրաքանչյուրն էլ նույն հարցն էր տալիս։

-Եվս մեկը կտպե՞ք։

Երեք օր անց Սիրվարդը մահացավ։Սարգսյանն այդ օրը թերթ չգնեց։ Կես դար անց առաջին անգամ նա արդեն գիտեր։ Մեկ շաբաթ անցավ, հետո՝ ևս մեկը։ Երկրորդ բաժակը մնաց սեղանին։ Նա դեռ ամեն առավոտ սուրճ էր լցնում դրա մեջ։ Որոշ սովորություններ վշտին էին պատկանում։ Մյուսները՝ երախտագիտությանը։ Վերջապես նա հասկացել էր տարբերությունը ։

Մի օր կեսօրից հետո Արսենը վազելով ներս խուժեց՝ ուշացած, մի կոշիկի քուղը հետևից քարշ տալով, ճիշտ ինչպես միշտ։ Սարգսյանը ներքև նայեց, ծնկի եկավ, կապեց քուղը, ամուր ձգեց հանգույցն ու, առանց մտածելու, երկու անգամ թփթփացրեց կոշիկին։

Արսենը նայեց նրան։

-Ահա թե ինչու… տատիկը երբեք ստիպված չէր լինում հիշել։ Նրա ձեռքերը վաղուց գիտեին։

Նրանք այլևս ոչինչ չասացին։ Դրսում առաջին ավտոբուսը բարձրանում էր բլուրն ի վեր։ Ինչ-որ տեղ թերթը դրվեց մեկի տան շեմքին։ Ինչ-որ մեկը բացեց այն, փնտրեց մահախոսականների բաժինը և ամսաթվի փոխարեն հիշեց մի ձայն։ Պարոն Սարգսյանը ոտքի կանգնեց, թերթը թողեց դրված տեղում, տղայի հետ միասին դուրս եկան փողոց։

Մահացածները, մտածեց նա, կարող էին սպասել, իսկ ողջերն արդեն բավական երկար էին սպասել։

 

Թարգմանությունը՝  Լյուսիլ Ջանինյանի

 

Դիտումներ: 218

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։