Վասիլի Քաթանյան կրտսեր` բոհեմական միջավայրի հանճարը
Իր կյանքի ընթացքում Վասիլի Քաթանյան կրտսերը հանդես է եկել որպես ռեժիսոր-դոկումենտալիստ, սցենարիստ ու գրող։ Սակայն այդ բնագավառներում իրագործածն ակնհայտորեն քիչ էր, որպեսզի նա վաստակեր փառքի և անմահության իր չափաբաժինը։ Նա առաջին հերթին տեղի ու ավելի ճիշտ՝ բոհեմական միջավայրի հանճար էր, ժամանակի երևելի անհատականությունների ընկերն էր և անընդհատ հայտնվում էր բերնեբերան անցնող կիսաառասպելական միջադեպերի, իրադարձությունների, հավաքների կիզակետում։ Այսպիսով՝ Քաթանյանի կերպարն ամբողջացավ ու հաստատվեց 1930-1990-ական թվականների մշակույթի պատմության ծիրում, և այդ տարիների հատկապես մոսկովյան բոհեմն անպատկերացնելի է առանց նրա խոնարհ, սակայն անփոխարինելի ներկայության։
Խորհրդային էլ ո՞ր քաղաքացին կարող էր հպարտանալ, թե իր ազգանունը հնչում է ռյազանովյան ամենասիրված ֆիլմերից մի քանիսում։ Հատկապես անմոռանալի են երկխոսությունները «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (1975) ֆիլմից․
-Չգնա՛նք Քաթանյանների մոտ։
-Ո՛չ, Գալյա, անհարմար է։ Չէ՞ որ մենք պայմանավորվել ենք։ Նրանք իմ ընկերներն են։
Դրանով սկիզբ է դրվում զվարճալի մի ավանդույթի, երբ տարբեր առիթներով կինոէկրանից հնչում էր ռեժիսոր Էլդար Ռյազանովի ընկերոջ ազգանունը՝ որպես յուրահատուկ հեղինակային «ողջույն»։ «Կայարան երկուսի համար» (1982) ֆիլմի ամենասկզբում՝ բանտարկյալների փոխկանչի ժամանակ առաջինը հնչում է Քաթանյանի ազգանունը։ Մեկ այլ՝ «Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար» ֆիլմում (1987) Լեոնիդ Ֆիլատովի հերոսը, որպեսզի մի պիկանտ պահի չբացահայտի իրեն, ներկայանում է որպես Քաթանյան։ Նույն ազգանունը հնչում է «Ողջու՛յն, տխմարիկներ» (1996) ֆիլմում։ «Եթե դուք սիրում եք ռեժիսոր Էլդար Ռյազանովի ֆիլմերը, ապա Ձեզ անկասկած ծանոթ է Քաթանյան ազգանունը»,- գրել է «Կինոաֆիշա» կայքէջը։
Պատմում են, որ Քաթանյանն անգերազանցելի ընկեր էր (Ռյազանովը վստահեցնում էր, որ «այդպիսի ընկեր կյանքում մեկ անգամ է հանդիպում»), նրա հետ ջերմ հարաբերություններ ունեին Մայա Պլիսեցկայան, Սերգեյ Փարաջանովը, Իվ Սեն Լորանը, Ալլա Դեմիդովան և բազմաթիվ այլ նշանավոր անձինք։ Նա պատմելու բացառիկ շնորհք ուներ։ Բացի այդ՝ ինը տարեկանից օրագրեր էր վարում, հիանալի նամակներ էր գրում ու կոլաժ-նամակներ՝ երբեմն տարբեր կերպարների անունից, որոնք մեկ ուրիշ՝ ֆանտաստիկ կյանք են ապրում։
Քաթանյանները հին թիֆլիսահայերի տոհմից էին․ նախապապ Հովհաննեսը թատերական նկարիչ էր եղել, իսկ պապը՝ Աբգարը՝ բժիշկ։ Աբգարի քույրը նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի կինն էր, իսկ հայր Վասիլիի զարմուհին՝ քաղաքական գործիչ Մարո Նազարբեկը։ Վասիլի Քաթանյան կրտսերը ծնվել է Թիֆլիսում՝ գրականագետ, իր անվանակից Վասիլի Աբգարի Քաթանյանի և երգչուհի ու լրագրող Գալինա Կլեպացկայայի ընտանիքում՝ 1924թ․ փետրվարի 21-ին։ Նա իր նշանավոր հայրենակցի ու գործընկերոջ՝ Սերգեյ Փարաջանովի հասակակիցն ու համաքաղաքացին էր․ «Ես չէի հիշում իմ հայրենի քաղաքի գեղեցկությունն ու կոլորիտը, այն դրսևորվեց շատ ավելի ուշ, երբ ես այնտեղ գործուղումների էի մեկնում և, հատկապես, երբ հյուրընկալվում էի Սերգեյ Փարաջանովին, ով զարմանալիորեն էր ճանաչում Թբիլիսին և կարող էր ցանկացած մեկին սիրահարեցնել այս անսովոր քաղաքին»։ Ընդսմին, նրանց ընդհանրությունները չէին սահմանափակվում այսքանով․ Քաթանյանը ևս յուրովի մարդ-հրավառություն էր, որին տեսնելն ու լսելը միշտ հետաքրքիր էր, քանզի անափ երևակայություն ուներ։ 1928 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա: Այնտեղ հայր Քաթանյանը միացավ Վլադիմիր Մայակովսկու ղեկավարած ԼԵՖ ստեղծագործական միավորմանը, դարձավ նրա կենսագիրը և ստեղծագործության ուսումնասիրողը, ու, ի վերջո, պոետի մուսայի՝ Լիլիա Բրիկի երրորդ ու վերջին ամուսինը։ Քաթանյան Կրտսերի անունը վաղ տարիքից է հայտնվել մշակութային ենթատեքստում․ փոքրիկ Վասյայի մանկական ուշագրավ թոթովանքները տեղ են գտել Կորնեյ Չուկովսկու «Երկուսից մինչև հինգ» գրքում։ Հոր շնորհիվ Քաթանյանը մանուկ հասակից ճանաչել է Վլադիմիր Մայակովսկուն և նրա շրջանակի մյուս գրողներին, անգիր իմացել Ալեքսանդր Վերտինսկու արգելված երգերի մեծ մասը։ Հոր և Լիլիա Բրիկի շուրջ ձևավորված մտավորական միջավայրը շատ բան է տվել Քաթանյանին։ Բարձր գնահատելով Բրիկի հոգատար վերաբերմունքն իր հանդեպ՝ Քաթանյանը գրել է․ «Լիլիա Յուրևնան ոչ թե իմ խորթ մայրն էր, այլ ավելի շուտ՝ հայրս»։ Միաժամանակ ջանացել է անաչառ լինել՝ մատնանշելով նրա կերպարի հակասականությունը․ «Նրանում զարմանալի կերպով համադրվում էին որոշ աստիճանի բուրժուականությունը և սոցիալիստական հայացքները»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատանի Քաթանյանը աշխատանքի է անցնում Տուշինոյի ինքնաթիռաշինական գործարանում:
Ավարտելով բանվորական դպրոցը՝ 1944 թվականին նա ընդունվում է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Գրիգորի Կոզինցևի արվեստանոց։ Քաթանյանի դասընկերներից էին Ստանիսլավ Ռոստոցկին և Էլդար Ռյազանովը, որին մտերիմներն Էլիկ էին կոչում: Ռյազանովը Քաթանյանին անվանում էր իր ամենամոտ ընկերը․ «Վասյային հատուկ էր յուրօրինակ պլաստիկան՝ հղկված, գրեթե բալետային ժեստերը, նրբագեղ քայլվածքը, իսկ նրա երկարավուն ոտքերը կարծես հայտնում էին, որ պատկանում են արիստոկրատի»։ Լավ չէր սովորում, ըստ Ռյազանովի՝ վախենում էր դասախոսներից և ղեկավարներից։ Իսկապես, Քաթանյանը վաղ է հասկացել ստալինյան պաշտամունքի իրական բնույթը (դրա զոհերից է եղել նրա լրագրող հորեղբայրը) ու պատրանքներ չի տածել։

1950 թվականին ավարտում է ՎԳԻԿ-ը՝ ստանալով խաղարկային կինոռեժիսորի դիպլոմ, սակայն վավերագրական ֆիլմերի հեղինակ Արշա Օվանեսովայի ազդեցությամբ որոշում է զբաղվել վավերագրական կինոյով: 1950-ից մինչև 1990 թվականը աշխատում է Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։
Դեռ 1943-ին՝ բեմում տեսնելով հայրենադարձ Վերտինսկուն, Քաթանյանը ցանկանում է «կինոտարեգրության» համար նկարահանել նրա համերգը, սակայն մտահղացումը չի իրականանում։ Հաճախ ստիպված լինելով ստեղծել ժամանակի քաղաքական օրակարգը սպասարկող վավերագրական ֆիլմեր՝ Քաթանյանն զարմանալիորեն չի կորցնում ներքին ազատությունն ու մարդկային դիմագիծը։
1954թ․ նա Ռյազանովի հետ նկարահանում է «Սախալին կղզի» վավերագրական ֆիլմը, որն արժանանում է Բրյուսելի միջազգային կինոփառատոնի մրցանակին (1955), մասնակցում Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրին։
Բացի այդ՝ որոշակի հաջողություն են ունենում «Սերգեյ Էյզենշտեյն» (1958, Էդինբուրգի միջազգային կինոփառատոնի մրցանակ), «Պոլ Ռոբսոն» (1959), «Մայա Պլիսեցկայա» (1964, Բերգամոյի հեղինակային ֆիլմերի 1-ին միջազգային կինոփառատոնի Գրան պրի), «Արկադի Ռայկին» (1967), «Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրին» (1970), «Մեծ թատրոնը երեկ և այսօր» (1976), «Լյուդմիլա Զիկինայի համերգին» (1978), «Եթովպական Կարմիր խաչը» (1984), «Որքան շատ կիթառով մարդ․․․» (1988), «Աննա Ախմատովա․ թերթեր օրագրից» (1988) և այլ ֆիլմեր։ Միաժամանակ, Քաթանյանը հարկադրված ստեղծում է գաղափարախոսական և քարոզչական ֆիլմեր՝ «Երիտասարդ լենինցիները», «Նվիրվում է Լենինին», «Մոսկվացիներն աջակցում և հաստատում են ԽՄԿԿ ծրագրերը», «Խորհրդային մշակույթի ակունքներում»։
1959 թվականին Քաթանյանը Լեոնիդ Մախնաչի հետ բեմադրում է ԽՍՀՄ-ում առաջին համայնապատկերային ֆիլմը՝ «Գարնան ճանապարհը»։
Անկուսակցական ռեժիսորը «Պարտիզաններ։ Պատերազմ թշնամու թիկունքում» վավերագրական ֆիլմի համար 1980թ․ պարգևատրվում է Լենինյան մրցանակով: 1988թ․ արժանանում է Ռուսաստանի արվեստների վաստակավոր գործչի կոչման:
Նկարահանելով հանրաճանաչ մշակութային գործիչներին նվիրված լիամետրաժ կենսագրական ֆիլմեր՝ Քաթանյանը հաճախ պահպանում ու շարունակում էր ընկերական հարաբերությունները նրանց հետ։ Ինչ խոսք, իր ծանոթություններից շատերը նա «ժառանգություն» էր ստացել հորից և Լիլիա Բրիկից, բայց և կարողացել էր ամրապնդել կապը այդ մարդկանց հետ, պետք եղած պահին լինել նրանց կողքին, առինքնել անձնական ու մասնագիտական իր հատկանիշներով։ Եղել է և այնպես, որ Քաթանյանն է ծնողներին ծանոթացրել իր ստեղծագործող հասակակիցների հետ։ Նրանցից մեկը կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն էր․ նրանք նույն բուհում էին սովորում, իսկ 1953-ին հանդիպեցին Կիևում ու միանգամից ընկերացան։ «Ես այլևս այդպիսի պատմողի չհանդիպեցի»,- հետագայում գրել է Քաթանյանը։ 1973-ին նա Փարաջանովին ծանոթացնում է հոր և Լիլիա Բրիկի հետ․ «Բառացիորեն առաջին իսկ րոպեներից նրանք սիրահարվեցին միմյանց, սկսեցին խոսել ինչպես հին ծանոթներ, շատ ծիծաղում էին․․․ Լիլիա Յուրևնան լավ էր գլուխ հանում մարդկանցից և առաջին իսկ րոպեից զգաց նրա անհատականությունը, իսկ մեկ ժամ անց հասկացավ, որ նա ապրում է հասարակության մեջ՝ անտեսելով դրա օրենքները»։ Ուշագրավ է նաև այս մանրամասնը․ «Նա և հայրս հիշեցին Թբիլիսին և անմիջապես գտան ընդհանուր հետաքրքրություններ, նույնիսկ մի փոքր բլբլացրին հայերեն, քանզի երկուսն էլ հազիվհազ էին խոսում։ Եվ ոչ մի կերպ չէին կարողանում բաժանվել»։
Փարաջանովի վերջին երկու՝ առավել աղմկահարույց բանտարկությունների ժամանակ Քաթանյանների ընտանիքը էական աջակցություն է ցուցաբերում հալածյալ ռեժիսորին, ամեն ինչ անում՝ նրան ժամկետից շուտ ազատելու համար․ «Այդ հետճամբարային օրերին նա հաճախ էր անտեղի ժամանակ վատնում։ Կոտրված լինելով՝ փորձում էր փախչել իրեն հետապնդող մռայլ մտքերից։ Հաճախ հացկերույթի կեսին Սերյոժան անջատվում էր, նայում՝ ասես չտեսնելով մեզ ու դեռ ավելի հեռուն՝ չտեսնելով պատերը»։ Բայց, իհարկե, Փարաջանովը Փարաջանով չէր լինի, եթե շրջապատի ամեն օրը հանպատրաստից տոնի չվերածեր։ Այսպես, Քաթանյանի խնդրանքով Փարաջանովը համաձայնում է հայերեն կարճ հարցազրույց տալ հայկական ռադիոյին ու վերցնելով խոսափողը՝ ռուսերեն բացականչում է․ «Իմ ազատմանն աջակցել են Լիլիա Բրիկը և Լուի Արագոնը։ Որպես երախտագիտություն ես ուզում եմ անդամագրվել Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը»։

Մոսկվա այցելելիս Փարաջանովը հաճախ հանգրվանում էր Քաթանյանների տանը։ Այդտեղ է վերջին անգամ նա հանդիպել Անդրեյ Տարկովսկու հետ։ Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը պատմում է, թե ինչպես է Փարաջանովը իրեն այնտեղ նվիրել թանկարժեք իրեր, որոնք, ինչպես հետագայում պարզվել է, պատկանում էին տանտիրոջը։ Նմանատիպ կամայական արարքների պատճառով Քաթանյանները դադարել են շփվել Փարաջանովի հետ ու ներել են միայն, երբ նա արդեն ծանր հիվանդ էր։ Այս ամենը Քաթանյանն ամենայն անկեղծությամբ ու գունագեղ բառապաշարով նկարագրել է իր հուշերում։
Փարաջանովի հետ ընկերությունը չէր կարող «անհետևանք» անցնել․ Քաթանյանն ինքն էլ սկսեց կոլաժներ պատրաստել, ձևել գույնզգույն հագուստ, կազմել գրքեր։ Իր առաջին՝ «Փարաջանով․ Հավերժական տոնի գինը» (1994) գրքի ձևավորման համար նա մրցանակի արժանացավ։
Քաթանյանի աշխատանքները ներկայացվեցին ռուսաստանյան առաջատար թանգարանների ցուցահանդեսներին, իսկ 2009-ին Մոսկվայի պետական գրական թանգարանում բացվեց Քաթանյանի 85-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես։
Նրա՝ 1997-ին հրատարակաված «Հպում կուռքերին» հուշերի գիրքն ասես մեկընդմիշտ հիշվող պատմությունների գանձարան լինի․ դրանում առինքնող շիտակությամբ Քաթանյանը հիշատակում է 20-րդ դարի մշակույթի աշխարհահռչակ գործիչների զգալի մասին (Սերգեյ Էյզենշտեյն, Բորիս Պաստեռնակ, Ձիգա Վերտով, Մառլեն Դիտրիխ, Ջորջ Բալանչին, Լուկինո Վիսկոնտի, Իվ Սեն Լորան և շատ ուրիշներ)։ Դրանց թվում քիչ չեն նաև հայերը՝ Մարտիրոս Սարյան, Ռուբեն Սիմոնով, Նինա Բերբերովա, Արամ Խաչատրյան, Թամարա Խանում, Նիկոլայ Նիկողոսյան, Գայանե Խաչատրյան և այլք։ Այսպես, Փարաջանովի և Թամարա Խանումի միջնորդավորված հարաբերությունների մասին նա գրում է․ «Մի անգամ Փարաջանովն իմ միջոցով Թամարա Խանումին հովհար ու նռով լի թաս ուղարկեց, իսկ Թամարա Խանումը նրան՝ հինավուրց ուզբեկական դաջանաշխ չիթ, որը ես հետագայում տեսա և՛ «Սուրամի ամրոց»-ում, և՛ «Աշուղ ղարիբ»-ում։ Արևելյան հագուստն ու զարդերը, սպասքը և գորգերն այն ոլորտն էին, որտեղ նրանք իրենց տանն էին զգում։ Երկուսն էլ պաշտում էին դիմակահանդեսը»։ Քաթանյանի աչքը նկատում է ամենագլխավորը, որպես հուշագիր նա իր հերոսներին տալիս է դիպուկ ու ճշգրիտ բնութագրեր։ Այսպես, Լիլիա Բրիկը «նրանցից էր, ովքեր և՛ բանաստեղծություններ են ներշնչում, և՛ խելքից հանում են»։ Կամ՝ «․․․զգացվում էր, որ նա նշանակալի է իր վրա ծախսված սիրով ու մեծ մարդու երկրպագությամբ»։ Ըստ Քաթանյանի՝ Բրիկը մեկ չափանիշ ուներ՝ տաղանդը։ Փարաջանովի մասին Քաթանյանն այսպես է արտահայտվում․ «Նա ներըմբռնող էր՝ ինտուիտ, այն, ինչ ուրիշները գրադարաններում էին ճանաչում, նա ընկալում էր ներըմբռնողաբար, զգացաբար»։ Իսկ Պլիսեցկայան «ամեն անգամ բոլորովին անսպասելի հայացք ունի այս կամ այն երևույթին՝ միշտ իրենը, որևէ մեկին չընդօրինակողը»։

Գրող Վիկտորյա Տոկարևայի խոսքերով՝ Քաթանյանը «տիրապետում էր կյանքի լսողությանը, նա «լսում էր» այս կյանքն այնպես, ինչպես միայն ինքն էր կարող»։ Ռուսաստանի գրական կյանքին նվիրված հուշագրային և ինքնակենսագրական արձակում մեծ ավանդի համար 1998թ․ նա առաջադրվեց «Փոքր Բուքերյան» մրցանակի։
Ինչպես միշտ՝ Քաթանյանը և նրա կինը՝ կինոգետ Իննա Գենսը, Մոսկվայի Կուտուզովի պողոտայի իրենց տանը սիրով ընդունում էին հյուրերին, զարմացնում իրենց հյուրասիրությամբ։ Ինքը՝ Քաթանյանն առանձնապես լավ էր պատրաստում առաջին ուտեստներ՝ մանր նորարարություններով ապուրն անպայման դարձնելով ավելի արտասովոր։
1994թ․ նա և Ռյազանովը նշեցին իրենց ընկերության «ոսկե» հոբելյանը․ Քաթանյանի բնակարանը կրկին բազմամարդ էր։
Ինչպես միշտ՝ իր ծննդյան օրը նա շնորհավորանքներ էր ստանում աշխարհի տարբեր ծայրերից։ Բացի այդ՝ Քաթանյանն իր պարտքը հատուցեց հանգուցյալ հարազատների հանդեպ՝ կարգի բերելով ու հրատարակության պատրաստելով նրանց արխիվները։
Քաթանյանը կյանքից հեռացավ 1999թ․ ապրիլին և թաղվեց Մոսկվայի հայկական գերեզմանոցում՝ մոր կողքին։ 2002-ին ռեժիսորի այրին հրատարակեց նրա օրագրերից բաղկացած «Լաթե վերմակ» հուշագրական գիրքը։ Նույն թվականին լույս տեսավ Քաթանյանի հեղինակած՝ Լիլիա Բրիկի առաջին ռուսերեն կենսագրությունը։ Այնպես ստացվեց, որ Քաթանյանի գրած գրքերը մշակութային իրադարձություններ դարձան, վերածվեցին մեջբերումների անսպառ աղբյուրների ու առանց դրանց այլևս անպատկերացնելի են Բրիկի, Փարաջանովի, Պլիսեցկայայի և այլոց վերաբերյալ առասպելները։
Նրա մահվանից հետո Էլդար Ռյազանովն ասաց․ «Վասյա Քաթանյանն իմ ամենաթանկագին ընկերն էր, ամենալուսավոր ընկերը․․․ Նա հումորի ինքնատիպ զգացում ուներ»։ Մինչև կյանքի վերջը նա չկորցրեց ընկեր լինելու՝ ի վերուստ տրված շնորհը, մնաց հյուրընկալ, հավատարիմ և օգնելու պատրաստ՝ վերստին հաստատելով Նինա Բերբերովայի խոսքերը, թե Քաթանյանների «գրքերով լեցուն սենյակում ջերմությունն է փռում իր թևերը»։
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Վասիլի Քաթանյան Կրտսերը տանը
2․ Վասյան և Էլիկը՝ Վասիլի Քաթանյանը և Էլդար Ռյազանովը, 1948 թ․
3. Անդրեյ Տարկովսկին, Սերգեյ Փարաջանովը և Վասիլի Քաթանյան Կրտսերը, 1981 թ․
4․ Նինա Բերբերովայի և Գենադի Շմակովի հետ, Փարիզ, 1986 թ․
Դիտումներ: 84
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։