Ութորդուկ
Մարյա Վասիլևնան ապրում էր թավասաղարթ անտառի եզրի տնակում։ Նրա ամուսինը անտառապահ էր, և նրանք վաղուց ապրում էին այդ անտառում։ Հենց այստեղ էլ ծնվեց նրանց տղան՝ Միտյան, որն այժմ չորս տարեկան դարձավ։
Անտառապահի ընտանիքը խաղաղ ու լավ էր ապրում, բայց վերջին տարում Մարյա Վասիլևնան սկսեց սաստիկ հիվանդանալ, և նա հաճախ աղիողորմ աչքերով երկար նայում էր իր փոքր Միտյային, ասես զգալով, որ ինքը շուտով կմահանա և չի հասցնի կուշտ նայել իր տղային։
Այժմ Մարյա Վասիլևնան լրիվ տկարացավ։ Սակայն, ինչպես և առաջ, նա վեր կացավ լուսաբացի հետ և ամբողջ օրը ժամանակ չուներ պառկելու, որովհետև պետք է շատ աշխատեր տանն ու տնտեսությունում։ Հիվանդությունից նա վտիտացել, կորացել ու փոքրացել էր, բայց ոչ ոքի չէր բողոքում իր հիվանդությունից և մշտապես ապրում էր աշխատանքի ու հոգսի մեջ։
Կեսօրին Մարյա Վասիլևնան փոքր-ինչ ազատվեց ու նստեց նստարանին։ Լուռ էր այգում, և դաշտում, և անտառում։ Տաք ամառ էր, աճում էին ծառերն անտառում, և հասունանում էր տարեկանն արտերում։ Միտյան առավոտից գնացել էր․ նա խաղում էր ինչ-որ տեղ դաշտում կամ անտառում, խոսում էր այնտեղ թիթեռների, բզեզների, ծաղիկների ու մրջյունների հետ։ Նա մեծացել էր մենակ, ընկերներ չուներ, միայն աշնանից նա կգնա գյուղ սովորելու և այդժամ ընկերներ կունենա դպրոցում։ Իսկ հիմա նա ապրում էր միայն հոր ու մոր հետ և սովորել էր ընկերություն անել բոլոր փոքր մարդկանց հետ։ Միտյան փոքր մարդ էր անվանում բոլորին, որ ապրում ու պատահում են հողում և թռչում նրա վրա՝ որդերին, մրջյուններին, ճանճերին, ճնճղուկներին, թիթեռներին, սարդերին, կանաչ ուտիճին ու ամեն տեսակ մժեղներին, որ շարժվում ու շնչում են աշխարհում։
Միտյաի հայրը երկու օրով գնաց քաղաք՝ անտառային գրասենյակ. այնտեղ գործ ուներ և ցանկանում էր բժիշկ բերել, որպեսզի նա մայր Մարյա Վասիլևնային բուժի հիվանդությունից։
Մարյա Վասիլևնան բացեց տարեկանի դաշտին նայող պատուհանն ու ականջ դրեց, թե արդյոք չի՞ խաղում, արդյոք չի՞ աղմկում ինչ-որ տեղ իր Միտյան։ Բայց դաշտում լուռ էր, ձայն իսկ չէր լսվում, լոկ քամին միայնակ փչում էր աշխարհով մեկ և շարժում արևային ջերմության մեջ նիրհող տերևներն ու հասկերը։
Մարյա Վասիլևնան պառկեց նստարանին․ նա վատացավ հիվանդությունից։ Մաքուր տնակում ոչ ոք չկար, լոկ պատուհանից անդին աճող մի արևածաղիկ նայում էր հիվանդ մորը։
Մարյա Վասիլևնան շուտով ուշքի եկավ, բայց նրան թվաց, թե բակում արդեն վրա է հասել երեկոն և արևը մայր է մտնում: Մոր համար տանջալի էր շնչելը, ներսն ամբողջովին տապից այրվում էր, և թուլությունից նա չէր կարողանում վեր կենալ։
-Միտյա,- կամացուկ կանչեց մայրը։ -Միտյա, որտե՞ղ ես։ Ինձ մի գավաթ ջուր տուր։
Բայց տղան նրան չպատասխանեց։ Նա պատուհանից այն կողմ չէր․ ինչ-որ տեղ հեռվում խաղում էր փոքր մարդկանց հետ, տարվել էր նրանց հետ խաղով և մոռացել մոր մասին։
-Միտյա՛,- շշնջում էր նստարանին պառկած անուժ մայրը։ -Միտյա՛, գնա կովին բացատից բե՛ր ու նրա համար գիշերվա խոտ դիր։ Իսկ ես, թեթևանամ, վեր կկենամ հետո, կկթեմ նրան այդժամ․․․ Արի՛ մոտս, նստի՛ր, խոսի՛ր հետս, թե չէ ես մենակ պառկած եմ․․․
Մորը թվաց, թե տարեկանի արտում հնչեց Միտյայի ձայնը, թույլ ու բարի, ասես հանկարծակի ինչ-որ բան բացականչեց մունջ ծաղիկը։ Երբ Միտյան ավելի փոքր էր՝ նրա ձայնը նմանվում էր ծաղիկների ձայնին, ասես եթե նրանք խոսեին, այդպես էր պատկերանում այդժամ նրա մորը և այդպես թվաց հիմա նրան։
-Տղաս, արի տուն,- խնդրում էր մայրը։ -Ժամանակն է արդեն, երեկո է բակում։
Մայրը ունկ դրեց, բայց էլ չլսեց տղային։
-Թող նա վազի, թող խաղա, եթե այնտեղ նրա համար լավ է, - մտածեց մայրը։ -Դե, երեխա է։ Իսկ իմ վեր կենալու ժամն է։
Նա հիվանդանալու ժամանակ չուներ և նա չէր կարող մահանալ։ Ո՞վ առանց իրեն ամուսնու ու տղայի համար կկարի, կլվանա, ո՞վ կովին կխնամի, ո՞վ տնակում ճաշ կապսպրի։ Նա հիշեց, որ հիմա պետք է կարտոֆիլ եփի, պետք է վերնաշապիկները կարի, պետք է խոզի գիշերվա կերը հունցի, պետք է վաղվա համար ցախ բերի. այդ ամենը պետք էր, թե չէ ո՞նց։ Իսկ վաղն առավոտից պետք է սածիլը բանջարանոցում ջրի, դրսում երաշտ է, հետո պետք է կորեկը քաղհանի, հետո հատապտուղը քաղի, հետո կոլխոզ գնա, այնտեղ խոտհավաքի համար օգնություն են պահանջում։ Մոր շուրջբոլորը հոգսեր էին, ամբողջ կանքը նրանից էր բխում։
Միտյայի ձայնը լսվեց բակում։
-Իսկ տուն գալուդ ժամանակը չէ,՞ - կանչում էր նրան մայրը։
-Ժամանակն է, մամ, - պատասխանեց տղան և եկավ տնակ։
Մայրը նայեց նրան ուրախացած աչքերով։ Ամեն անգամ նա տեսնում էր նրան վերստին, ինչպես առաջին անգամ, քանի որ սիրում էր նրան։ Ամեն անգամ նա արագ ու ուշադիր ամբողջությամբ զննում էր տղային՝ արդյոք անվնա՞ս են նրա ձեռքերն ու ոտքերը, աչքերը, քիթն ու ականջները, հետո վերցնում էր նրա ձեռքերն ու հաշվում մատները՝ արդյոք բոլոր մատներն անվնա՞ս են և արդյոք իրենց տեղո՞ւմ են։
Միտյան կանգնած էր մոր առաջ և ժպտում էր նրան։ Ամառվա ընթացքում նրա մազերը խանձվել ու սպիտակել էին, ինչպես ծերուկինը, բոբիկ ոտքերը, երեսն ու ձեռքերը մգացել էին արևից, քամուց, մոծակի կծոցներից և վերքերից, և լոկ միայն գորշ մաքուր աչքերն էին առաջվանը մնացել՝ դյուրահավատորեն նայող մորը՝ ինչպես ոչ ոք նրան չի նայել և չի նայի։ Այդ աղիողորմ և ուշադիր հայացքը նշանակում էր նրա մշտական վախը, նա ասես ասում էր՝ մայրիկ, միշտ ապրիր ինձ հետ, մի մահացիր երբեք։ Եվ մայրը հասկանում էր տղայի աչքերում շողացող այդ գաղնտի գիտակցությունը։
Հիմա նա ուրախ էր, որ մայրը տանն էր և սպասում էր իրեն։ Խաղալով բակում, դաշտում կամ անտառում, Միտյան վախենում էր, որ հանկարծ մայրը կմահանա կամ կայրվի իրենց տնակը, և նա ուզում էր վազել տուն, բայց բզեզը կամ թիթեռը գրավում էին նրան, նա խոսում էր նրանց հետ և մոռանում մոր ու տան մասին, իսկ հետո նորից հիշում էր նրանց ու կրկին մոռանում, քանի որ և մայրը նրան պետք էր, և երկիրն իր շուրջը պայծառ էր և լի փոքրիկ բարի մարդկանցով՝ մրմնջացող ու կանչող նրան իրենց մոտ՝ դեպի խոտը, պնդուկենու մացառուտները, անտառային լիճն ու օդը երկնքում։
-Մամ, հացիկ տուր, այնտեղ մկնիկ է ապրում, նա էլ երեխաներ ունի, ես նրանց փշուրներով կկերակրեմ․․․
-Սպասիր, Միտյա, էլ ոչ մի տեղ մի գնա։ Հայրդ չկա, իսկ ես հիվանդ եմ, այ տես՝ կմեռնեմ առանց քեզ։
-Պետք չէ,- խնդրեց Միտյան։ -Ես միայն մի քիչ կքայլեմ ու կգամ։ Իսկ դու միևնույն է չես մեռնի, արդեն քանի անգամ ես պատրաստվել։ Չէ որ ցավ չունես հիմա, չի ցավո՞ւմ։
-Չէ,-ասում էր մայրը,- չի ցավում։ Դե գնա՛ ման արի, արևը դեռ մայր չի մտել։ Արի՛ կաթ խմիր, թող ինքս քեզ համար լցնեմ, և ավելի փափուկ հացիկ վերցրու։Թո՛ղ ես ինքս քեզ համար կտրեմ այն, ես երեկ մաղած ալյուրից նորից եմ թխել։
-Կեղևով,- խնդրեց Միտյան։ -Մկնիկը ատամներ ունի, նա կեղև է սիրում։
Կաթով հացն ուտելուց հետո Միտյան իր հետ հացի մի մեծ կողակտոր էլ վերցրեց, որի վրա կեղև կար, ու դուրս եկավ տնից։ Իսկ մայրը թուլությունից պառկեց նստարանին և ննջում էր։
* * *
Նա մտածում էր, որ կհանգստանա փոքր-ինչ և հետո վեր կկենա, կովի հետևից անտառային բացատ կգնա և մինչև գիշեր կկարողանա կարգի բերել տնտեսության հետ կապված բոլոր գործերը։
Նա ննջում էր, բայց քնել իրեն թույլ չէր տալիս, որպեսզի չքնի երկարատև։ Զգալով, որ թուլանում է, որ երկար քունը հաղթում է իրեն, Մարիա Վասիլևնան ուզում էր ելնել աթոռից դեպի իր երեխաներն ու հոգսերը, բայց շունչը կտրվեց, նա ձեռքերը ձգեց օգնության համար, փլվեց հատակին և մահացավ։
Միտյան շուտով վերադարձավ։ Նա բացատից քշեց-բերեց կովին ու պատուհանից մորն ասաց.
-Մա՛մ, արի Զորկային դիմավորիր, կուրծքը էլի լիքն է, երեքնուկ է կերել:
Նա ներս մտավ պատուհանից և տեսավ, որ մայրը մենակ քնած է գետնին։
-Մայրիկ։ Ի՞նչ ես քնում։ Գիշեր չկա, իսկ դու քնած ես, վե՛ր կաց, մա՛մ։ Ես էլ ոչ մեկի հետ չեմ խաղա, կուշտ խաղացել եմ, հիմա քեզ հետ կլինեմ․․․
Այգում բառաչեց կովը։
-Վեր կաց, մամ, քեզ Զորկան է կանչում։ Մայրը լռում էր անշունչ, և նրա երկարած մեծ ձեռքերն անուժ ընկած էին գետնին։
-Դու մեռար հիմա, - տեսավ Միտյան և ասաց․ -Ես էլ կմեռնեմ քեզ հետ։
Նա պառկեց նրա կողքին, սեղմեց նրա մի պաղ ձեռքն ու դեմքը փարեց դրան։ Մթնշաղին եկավ հայրը և իր հետ բժիշկ բերեց մոր մոտ։ Հայրը շուրջը նայեց, ծնկի իջավ մոր առաջ ու համբուրեց նրա ճակատը, հետո բարձրացրեց տղային և պատսպարեց նրան իր կրծքին, որպեսզի նա սփոփվի ու քնի։
* * *
Մորը թաղեցին անտառեզրի հինավուրց կաղնու տակ, և Միտյան սկսեց ապրել առանց մոր։
Ցերեկը հայրը հազվադեպ էր տանը լինում, նա գնում էր անտառ աշխատանքի և գալիս էր երեկոյան, իսկ Միտյան մենակ էր ապրում։ Ամեն օր գյուղից օտար պառավ էր գալիս ու գլուխ բերում տնտեսության գործերը, բայց նրա հոգատարությունը վատն էր, քանի որ ընտանիքը նրան հարազատ չէր, և հայրը նրան աշխատանքի դիմաց վճարում էր փողով ու հացով։
Միտյան չգիտեր, թե ինչպես ապրի առանց մոր։ Նա առավոտից գնում էր անտառային կաղնու մոտ, որտեղ մորը հանձնեցին հողին, և ամբողջ երկար օրն այնտեղ մենակ էր խոտի ու փոքր մարդկանց մեջ։
Նա քիչ էր մնում ընկերանար մրջյունի հետ ու պատմեց նրան, որ իր մայրը մահացել է։
-Դե ինչ,- ասաց մրջյունը,- նա մեռավ, իսկ դու ապրի՛ր։
-Առանց մոր չի կարելի,- ասաց Միտյան մրջյունին։
-Կարելի է, - պատասխանեց մրջյունը։ -Եթե չես ծնվել դեռ՝ այդժամ մայրը քեզ պետք է։ Իսկ թե ծնվել ես՝ մայրը քեզ պետք չէ։
Միտյան չհասկացավ մրջյունին։
-Դու փոքր մարդ ես, - ասաց նա մրջյունին, - հողի մեջ կարողանում ես ծակերով քայլել։ Դու գնա՛ մորս մոտ և տե՛ս նրան, իսկ հետո ինձ պատմի՛ր նրա մասին։
-Մենք խորը գնալու ժամանակ չունենք, - ասաց մրջյունը։ -Մենք տեսնում ես ինչ մրջնանոց ունենք։ Մեր գործը շատ է, ժամանակ չունենք։
-Իսկ դու ի՞նչ ես անելու։
-Ես լվիճներին կթելու կգնամ, իսկ հետո բեռ քարշ կտամ մրջնանոց՝ ծղոտ ու փայտանյութ․ մենք պետք է տուն կառուցենք։ Մենք քո մասին մտածելու ժամանակ չունենք։ Մտահոգ մրջյունը սողաց իր գործերով, իսկ Միտյան մոտեցավ ճերմակ թիթեռին, թիթեռը նստել էր կապույտ ծաղկին, թափահարում էր թևերն ու ամբողջովին դողում, ասես նա վախենում էր ապրել։
Միտյան հարցրեց թիթեռին՝ ինչի՞ց է նա վախենում։
-Ես չեմ վախենում,- ասաց թիթեռը,- ուրախանում եմ ջերմ լույսից, ես հիմա կթռչեմ։
-Դու կթռչե՞ս հեռու, թե՞ մոտ։
-Մինչև երեկո, իսկ երեկոյան ես կմեռնեմ, երեկոյան ես ծեր կլինեմ։
-Մայրս էլ մեռել է,- ասաց Միտյան,-Երբ դու մեռնես՝ կտեսնե՞ս նրան։
-Չգիտեմ, ես չեմ մեռել, - ասաց թիթեռը։
Միտյան տխուր նայում էր թիթեռին, և նրա աչքերում երկու արցունք էր։
-Ես կտեսնեմ նրան, - ասաց թիթեռը։ -Ես կասեմ նրան՝ թող նա նորից ապրի։
-Իսկ առավոտյան դու թռչիր ինձ մոտ, ես այստեղ կլինեմ, և նորից ապրիր մինչև երեկո։
-Չէ՛, ես որդուկին կպատմեմ, թե ինչպես էր մայրդ, իսկ որդուկը կսողա ու քեզ կասի։ Իսկ ինքս էլ չեմ թռչի այստեղ, ես երկու անգամ ապրել չեմ կարող, վաղն այլ թիթեռներ պետք է ապրեն, առավոտյան այլ թիթեռներ կթռչեն։ Իսկ ես ուրախ եմ, որ ապրում եմ մինչև երեկո և երեկոյան կմեռնեմ։
Բարի թիթեռը թափահարեց թևերը, և մեղմ քամին նրան խոտերի ու ծաղիկների վրայով տարավ հեռու։
Միտյան նայում էր նրա հետևից՝ ինչպես է նա թռչում-գնում իրենից։ Եվ նա տեսավ, թե ինչպես խոտից մի թռչուն բարձրացավ ու կտցեց թիթեռին թռչելիս։ Երեխան այդժամ պառկեց դեմքով առ հողը և արտասվեց, որ բարի թիթեռը չապրեց իր կյանքը մինչև երեկո։
Մեծ անձրևորդ սողաց Միտյայի դեմքի մոտ ու հարցրեց նրան․
-Ինչու՞ ես լացում։ Ապրիր, մի լացիր։
-Ես չեմ լացում, - ասաց Միտյան, - դու կույր ես, դու ոչինչ չես տեսնում։
-Ես չեմ տեսնում, այլ զգում եմ, - ասաց որդը։ -Արցունքդ կաթաց, իսկ ես հողից այն ծամեցի և իմացա, որ հողի մեջ արցունք էր։
Միտյան ասաց որդին ամբողջ ճշմարտությունը և ինչու է ինքը լացում։ Որդը չէր շարժվում և լսում էր նրան․․․
-Մայրս վերջին շունչը փչեց, և նա մեռավ,-ասաց Միտյան։ -Ես ուզում եմ ինձանից նրան շնչառություն տալ, իսկ նա հողի մեջ խորը պառկած է․․․
Որդը լռում և մտածում էր։
-Ես էլ եմ շնչում, - կամացուկ ասաց որդը, - մորդ համար շնչառությունը ես կարող եմ ինձանից տալ։
-Իսկ դու տուր,- խնդրեց Միտյան։ -Դու հողի միջով գնա մորս մոտ և նրան տուր քո շնչառությունը, թող նա շնչի և ապրի։ Իսկ եթե դու մեռնես, մայրս քեզ ինձ մոտ կբերի, և ես այդժամ քեզ կտամ իմ շնչառությունը, և դու նորից կկենդանանաս։
Որդը մտքով ընկավ։
-Դե ես ի՞նչ, ես որդ եմ- ասաց նա,- ես առանց կյանքի էլ կարող եմ, բան չկա, այ դու պետք է անպայման լինես այս աշխարհում։
-Իսկ ինչո՞ւ դու այդժամ կաս,- հարցրեց Միտյան։
-Այն պատճառով, որ մրջյուններն ինձ կարգադրում են հողը հերկել ու փխրեցնել։ Նրանք այստեղ նոր մրջնանոց են սարքելու։ Իսկ ես նրանց մոտ հերկող գյուղացի եմ աշխատում, դրա համար էլ ապրում եմ։ Հողի մեջ խորը գնալու ժամանակ չունեմ։
-Մրջյունն էլ էր ինձ ասում՝ ժամանակ չունի,- ասաց Միտյան։ -Միայն թիթեռն էր բարի։
-Ինձանից մի նեղացիր, - բացականչեց որդը։ -Ես մտածեցի։ Ինձ ծվատիր երկու կեսի։
-Չեմ ուզում։ Կցավի։
-Ծվատիր ինձ, մենք այդժամ երկուսը կլինենք։ Մեկը կմնա մրջյունների համար հողը հերկելու, իսկ մյուսը մորդ մոտ կգնա։ Ծվատիր ինձ երկու կեսի, չի ցավում, ես սովոր եմ։
Միտյան որդին ձեռքերի մեջ առավ և ծվատեց նրան, այդժամ նրանք երկուսը դարձան, Կեսորդը սողաց մրջյունների համար հողը մշակելու, իսկ Կեսորդը մնաց։ Այդ կեսորդը հրաժեշտ տվեց Միտյային և սողաց հողի խորքը՝ որբացած տղայի մոր մոտ։ Միտյան հիմա չգիտեր, թե այդ երկու կեսորդերից որն էր այն, որն իր հետ խոսում էր։
* * *
Մյուս առավոտ Միտյան նորից եկավ այդ տեղը և գտավ Կեսորդին։ Դա այն էր, որ մնացել էր հերկելու, իսկ մյուսը, որ գնացել էր խորը հողի մեջ՝ չկար։ Կեսորդը կլլում ու ծամում էր հողը, այդպես նա փխրեցնում և հերկում էր այն։ Նա մեկ դուրս էր գալիս, մեկ՝ քաշվում հողի մթության մեջ, բայց շարունակ հետ ու առաջ էր սողում ու աշխատում։ Կեսորդ-հերկողը զգաց, որ Միտյան եկել և շնչում է իր կողքին։
-Իսկ էն մեկը չկա՞,- հարցրեց Միտյան։
-Էն մեկը չկա,- պատասխանեց Կեսորդը։
-Գուցե ինչ-որ մեկը կրծել է նրան հողի մեջ, գուցե նա ինքն է ուժասպառվել ու մահացել․ իր ճանապարհը երկար է։
-Իսկ նա բա՞րի է։
-Չգիտեմ,- ասաց Կեսորդը,- նա ինձ պես է։
Միտյան վշտոտեց․ մտածում էր, թե հիմա ում պետք է մորը օգնության ուղարկի։ Այդժամ Կեսորդն ասաց նրան․
-Ինձ էլի ծվատիր երկու կեսի՝ թող մենք երկու քառորդ լինենք՝ մի Քառորդը կմնա հերկելու, իսկ մյուս Քառորդը շնչառություն կտանի քո մորը։ Միտյան ուրախացավ և իսկույն Կեսորդին էլի ծվատեց երկու կեսի։ Մի Քառորդորդը սողաց հողի խորքը, իսկ մյուս Քառորդորդը մնաց մրջյունների համար հողը հերկելու։
Միտյան Զորկա կովի մոտ անտառային բացատ գնաց, նա արածեցնում էր նրան մինչև ուշ երեկո և, երբ պետք է, քշում մի տեղից մյուսը, որպեսզի նա ուտեր այն խոտը, որն ավելի քաղցր է ու ավելի սննդարար, այլ ոչ թե խոտի չոր ցողուններ կրծեր։ Նա հաճախ մոտենում էր Զորկային, շոյում և փաղաքշում նրան, այնպես, ինչպես առաջ փաղաքշում էր նրան մայրը, և նրա համար լավ էր, ասես նա Զորկայի մորթու վրա զգում էր իր մահացած մոր ձեռքի քնքուշ հետքերը։ Զորկան, շրջվելով, նայում էր նրան մի մեծ թախծոտ աչքով, ասես ուզում էր ինչ-որ բան ասել կամ հարցնել՝ իսկ ո՞ւր է իմ տիրուհին, ո՞ւր է իմ մայրը։
Երեկոյան վերադառնալով տուն, Միտյան պառկեց քնելու, որպեսզի շուտ անցնի գիշերը, իսկ առավոտյան գնաց Քառորդորդի մոտ։ Մի Քառորդորդը հերկում էր մրջնահողը, իսկ մյուս Քառորդորդը հետ չդարձավ։
Հիմա Քառորդորդը լրիվ հեզ էր, նրա համար դժվար էր հողը հերկելն, ու նա քիչ էր աշխատում։ Դրա համար երկու մրջյունները կշտամբում էին Քառորդորդին և խոստանում ողջ ուտել, եթե նա չի կարող աշխատել այլևս։ Քառորդորդը ջանում էր ավելի լավ ու ավելի շատ աշխատել, բայց ուժը նրա մեջ հիմա քիչ էր, և մարմինը կարճացել էր։
Երբ մրջյունները հեռացան, Միտյան պառկեց աշխատավոր-որդի կողքին և շնչեց նրա վրա, որպեսզի Քառորդորդը ճանաչի իրեն։ Քառորդորդը դադարեց սողալ ու խնդրեց Միտյային, որպեսզի նա խոտի տերևիկով սրբի քրտինքը նրա մեջքից։ Միտյան սրբեց Քառորդորդին, հերկողը հանգստացավ և ասաց Միտյային, թե ինչ է պետք անել։
-Ինձ էլի ծվատիր երկու կեսի, մենք մեկական ութորդուկով էլ կապրենք։
Միտյան արեց ինչ կարգադրեց Քառորդորդը. այժմ նրանք դարձան երկու ութորդուկ, երկու փոքրիկ որդ, բայց երկուսն էլ կենդանի ու բարի էին։
Մի Ութորդուկը գնաց հողի մեջ՝ Միտյայի մոր մոտ, իսկ մյուս Ութուրդուկը մնաց հողը հերկելու։ Փոքր Ութորդուկի համար դժվար էր աշխատելը, և նաև նա վախենում էր մրջյուններից, բայց համբերատար և ջանասեր էր հողային աշխատանքում, իսկ Միտյան Ութորդուկի կողքին էր և ժամանակ առ ժամանակ նրա վրայից սրբում էր քրտինքը խոտի տերևով։
Կեսօրին Միտյան գնաց Զորկային տեսակցելու անտառային բացատում։
Շոյելով կովին՝ նրան տարավ անտառային գետակի մոտ՝ ջուր խմելու, և այնտեղ քնեց ափին աճող ուռենու զով ստվերում։
Երեկոյան կողմ Միտյան արթնացավ, հիշեց Ութորդուկի մասին և վազեց տեսնելու, թե ինչպե՞ս է նա այնտեղ՝ փոքր ու թույլ, մենա՞կ է աշխատում, և արդյոք չեն կերե՞լ նրան մրջյունները հողը քիչ հերկելու համար։
Միտյան տեսավ Ութորդուկին։ Նա պառկած էր խոտի կանաչ ցողունի մոտ, չէր աշխատում և չէր շարժվում։ Միտյան Ութորդուկին ձեռքն առավ, կանչեց, խոսեց նրա հետ, շնչեց նրա վրա և շոշափեց նրան շրթունքներով։ Ութորդուկը լռում էր, նա պաղ էր ու արդեն կարծրացել էր, այնտեղ, որտեղ Միտյան առավոտյան պոկել էր նրան Քառորդորդից, արյան կաթիլ էր դուրս եկել և արյունն այժմ չորացել էր. Ութորդուկը մահացել էր։ Նա ուժասպառվել էր աշխատանքից, նա չէր կարող ապրել իր մարմնի փոքր թուլացած մնացորդում, և Ութորդուկը մահացավ։
Միտյան Ութորդուկին տարավ հացահատիկի դաշտ, որպեսզի նրան չգտնեն անտառային մրջյունները, և այնտեղ թաղեց նրան։
Այժմ նա մենակ կանգնած էր հողի վրա, որտեղ ընկած էր մահացած Ութորդուկը։ Նա խղճում էր նրան, և չգիտեր, թե կա էլի ինչ-որ մեկը, ով Ութորդուկի պես բարի լիներ։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր ֆերեշեթյանը
Դիտումներ: 237
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։