«Ծիածանաթև երազների օրերին…»
Այս պատառիկը հատված է Հրանտ Մաթևոսյանի հետ աշխատանքային տարբեր տարիների իմ օրագրային գրառումներից, որ արվել են մեծ գրողի՝ Հայաստանի գրողների միության նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից (1996-2001):
***
9 ապրիլի, ուրբաթ, 1999 թ.
-Իսկ Համոյի ցերեկույթը ինչպե՞ս եք պատկերացնում, – հարցրեց:
-Հենց ծրագիրն ամբողջանա, կներկայացնեմ, – ասացի:
-Թողնում եմ ձեզ վրա:
Պատրաստվում ենք նշելու Համո Սահյանի ծննդյան 85-ամյակը: Բայց դեռ իր հետ մանրամասները չենք քննարկել: Միայն պանթեոն գնալու մասին ենք պայմանավորվել, և հավանել է մեր առաջարկը: Դեռ օրեր կային մինչև ցերեկույթը, բայց երբ տեսնում, հարցնում էր.
-Ո՞նց անենք, ասում եք՝ գնանք պանթեոն, ծաղիկ դնենք ու գանք սկսե՞նք…
-Այո՛:
-Դահլիճ լինելո՞ւ է:
-Ամեն ինչ անում ենք, որ լինի: Եվ հետո՝ Սահյանին շատ են սիրում, կգան:
Ավտոբուսի հարցը ինքներս լուծել չկարողացանք: Ասաց՝ լուծվելիք է:
Գրությամբ դիմեց Երվանդ Զախարյանին[1]. «…մի շքեղ, նոփ-նոր, Համո Սահյանի հիշատակին արժանի «Իկարուս» մակնիշի մեքենա տրամադրել»: Գրողների մի մասին հրավիրելու էինք միություն, որ ավտոբուսով գնանք պանթեոն և նորից վերադառնանք միություն՝ ցերեկույթի: Երկմտեց՝ ճի՞շտ է մեր առաջարկը: Ասացինք՝ ցերեկույթի ավարտից հետո մարդիկ հոգնած կլինեն, պանթեոն ոչ ոք չի գա: Ուզում էր ճիշտ ձևը գտնել: Միայն Ֆելիքս Մելոյանի [2] հետ քննարկելուց հետո համաձայնեց մեր առաջարկին: Իսկ հետո մեզ ուղարկեց 1993 թվականի «Գրական թերթ»-ում Սահյանի մահվան առթիվ տպագրած իր՝ «Նրա կենարար շունչը» խոսքից հատված, որ պետք է գրվեր հրավիրատոմսի մեջ: Տեքստը կազմելուց հետո Սահյանի «Կգամ»-ից հատված ընտրեցի և տարա համաձայնեցնելու:
-«Կգամ»-ը պլակատային, լոզունգային է և երկար, չէ՞: Արի ուրիշը հիշենք:
-Դուք ո՞րը կառաջարկեիք:
-Իմ երազները ծիածանաթև, իմ երազները շատ էին թեթև,- ասաց այնպես, որ անպայման շարունակեմ, ինչպես Չարենցի գրքի ընտրության ժամանակ:
-Իմ երազները թևին տվեցին, դեպի ավետյաց երկիր չվեցին,-ասացի,-բայց դա էլ է երկար բանաստեղծություն, հարմա՞ր է…
-Չէ՛, -ընդհատեց, -չէ՛, պարզապես ինձ շատ սիրելի է, չէ՛, - և հանկարծ. - Իմ առաջին սիրո առասպելը մնաց…, - ասաց՝ նորից սպասելով:
-Առուների կապույտ շրթունքների վրա…, - շարունակեցի մեկ տող:
-Հիմա, երբ որ հոգնած կամ հարբած եմ լինում
Ամպի նման նստած բարձունքների վրա, - շարունակեց ու դադար:
-Առուներ ու կածան, հանկարծ լաց եմ լինում, -ասացի, ինքն էլ միացավ և ավարտեցինք միասին.
-Իմ այն մաքուր-մաքուր արցունքների վրա…
Ինձ թվաց՝ սա էլ չի դրվելու:
-Չէ՛, ուրիշ ի՞նչ ես հիշում:
-Գուցե՝
Մամուռներում կորան
Արահետ ու անուն,
Էլ խնկահոտ երկինք
Ու շաղոտ հող չունեմ…:
Լսեց, ժպտաց, լռեց մի պահ, չասաց ոչինչ ու մեկ էլ.
-Լռած զանգ է կյանքս…
Ես՝ ավերակ վանքս,
Էլ աղոթող չունեմ… -ասաց ու հալվող ժպիտով նորից ժպտաց ասես ուրախացած, -ըհը՛, գտար, դի՛ր… դա՛ դիր… եթե այդքան չարտասանեինք, չէինք գտնելու…
Երկուշաբթի արդեն պատրաստի գեղեցիկ հրավիրատոմսը [3]՝ Սահյանի հայտնի լուսանկարով [4], տարա Ֆելիքս Մելոյանին, և միասին գնացինք իր մոտ՝ քննարկելու ցերեկույթի ծրագիրը: Սերգեյ Սարինյանն[5] էլ էր իր առանձնասենյակում: Մաթևոսյանը վերցրեց, իսկույն նայեց բանաստեղծությունը, կարդաց տեքստը, շատ հավանեց:
-Հրա՛նտ, խոսի՛ր Սոսի [6] հետ, – հիշեցրեց Մելոյանը:
-Չի գա, Ֆե՛լո, Թումանյանի թանգարան չեկավ, զբաղված է, դե՛, Խորիկը [7] հերիք է:
-Նա կարող է հանկարծ չգալ…
Սարինյանը, որ ուշադիր լսում էր երկուսին, հանկարծ հիացմունքով բարձրաձայն կարդաց հրավիրատոմսի դարձերեսին (երկրորդ էջ) գրված ողջ բանաստեղծությունը՝ «Մամուռներում կորան արահետ ու անուն…»: Ինձ այնպես թվաց, որ Սարինյանի հետ մտովի երեքս էլ արտասանեցինք:
-Ա՛յ, սա՛ է իսկական բանաստեղծությունը, -ասաց ավարտելուց հետո:
Ի պատասխան՝ Հրանտ Մաթևոսյանը կարդաց հատվածն իր խոսքից, որ գրված էր հրավիրատոմսի մյուս դարձերեսին՝ չորրորդ էջին. «Սահյանի առաջ հայերենը չպապանձվեց -խոսեց, և լեզվի հետ խոսեց մեր ողջ այսօրն ու պատմությունը: Աստված մեր անդաստանների նահապետի կերպարանք առավ ու լռիկ տեղավորվեց մեր գլխատանը՝ որպես հոգսի ու աշխատանքի, ազնվության ու ազնվականության մշտական ոգի: Նրա հայերենը ծիածանորեն կամարվեց և ուր էլ լինենք՝ բոլոր-բոլորիս անցքի հրավիրեց հայ կյանքի աշխարհ»:
Ավարտեց ու դարձավ Սարինյանին.
-Ճիշտ չէ՞:
-Իհարկե ճիշտ է:
-Զարմանալին գիտե՞ս որն է, -շարունակեց Մաթևոսյանը, -որ ինքը Շիրազին, Սևակին հավասար մեծություն էր, բայց քաղաքականությունը պատվանդան չշինեց, հեռու իր համար այս ամենից որտեղի՞ց պեղեց գտավ իր բեկորները և դարձավ նրանց հավասար… Այո՛, Շիրազ չէ, Սևակ չէ, քաղաքական ոչ մի բանի մասնակից չեղավ, իր ցորենից ու հողից իսկապես գրականություն ստեղծեց…, -այնքան ներհուն էր խոսքը:
Պարզ էր. ծրագիրն արդեն չէր քննարկվելու, և շատ ուզենալով ներկա լինել իրենց խոսակցությանը, չգիտես ինչու, ինձ թվաց, որ դա իրենց երեքի խոսակցությունն է, ու դուրս եկա…
Կարինե Մեսրոպյան
Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու, թարգմանչուհի
[1] ՀՀ տրանսպորտի նախարար:
[2] Ֆելիքս Մելոյան(1940-2017)-գրաքննադատ, գրողների միության քարտուղար:
[3] Գրողների միությունում տեղի ունեցող բոլոր միջոցառումների հրավիրատոմսերը տպագրել է հրատարակիչ Վան Արյանը:
[4] Լուսանկարիչ՝ Գագիկ Հարությունյան:
[5] Սոս Սարգսյան (1929–2013)- ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
[6] Սոս Սարգսյան (1929–2013)- ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
[7] Խորեն Աբրահամյան (1930– 2004)-ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
Դիտումներ: 98
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։