Բացառիկ երեխան

Կիսվել:

Հենց որ նորածինը ծնվեց, բժիշկը մի հարված հասցրեց նրա մեջքին, որպեսզի նա, ինչպես բոլոր նորածինները, շունչ քաշի ու սկսի լաց լինել։ Նորածինը շունչ քաշեց, սակայն մյուս նորածինների նման լաց լինելու փոխարեն, պարզ ու բարձր ձայնով արտասանեց. «Փառք Աստծուն՝ Ամենակարողին, որի հնազանդությունը մարդուն մոտեցնում է Իրեն, իսկ Նրա շնորհների համար երախտագիտությունը բազմապատկում է շնորհները։ Յուրաքանչյուր շունչ, որ ներս է քաշվում, կյանք է երկարացնում, իսկ երբ դուրս է գալիս, հոգին ուրախացնում։»[1]

Բժիշկը, ամբողջովին զարմացած ու չհավատալով իր ականջներին, ևս մեկ անգամ հարվածեց նորածնի մեջքին։ Այս անգամ նորածինն ասաց. «Սիրո խոսքի ձայնից ավելի քաղցր ոչինչ չգտա՝ հիշատակ, որ մնա այս պտտվող գմբեթի տակ։»[2]

Բժիշկն ինքն իրեն ասաց. «Այս երեխան բացառիկ է և հանճարի ուղեղ ունի։ Անկասկած՝ այս հետամնաց, խառնաշփոթ հասարակության մեջ նա միայն հոգսի ու գլխացավանքի կհանդիպի։ Ավելի լավ է՝ նրա ուղեղի կեսը հանեմ»։

Բժիշկը վիրահատեց նորածնին, հանեց նրա ուղեղի կեսը, ապա մի հարված հասցրեց նրա մեջքին։ Այս անգամ նորածինն ասաց. «Կյանքում կան վերքեր, որոնք հոգին, մեկուսացման մեջ, որդի պես ուտում ու քայքայում են»։[3]

Բժիշկը ևս մեկ անգամ հարվածեց նորածնի մեջքին և այս անգամ զարմանքով ու անհավատությամբ լսեց, թե ինչպես է նա ասում.

 

«Ես մուսուլման եմ,

իմ քիբլան[4]՝ մի կարմիր վարդ,

իմ աղոթագորգը՝ աղբյուր,

իմ աղոթքի քարը լույս,

իմ աղոթատեղին՝ դաշտ»։[5]

 

Բժիշկն ինքն իրեն ասաց. «Ոչ, սա ուղղել հնարավոր չէ։ Ավելի լավ է՝ մնացած ուղեղն էլ հանեմ։ Ընդհանրապես ուղեղն ինչի՞ն է պետք։ Առանց ուղեղի՝ ավելի լավ ու ավելի հանգիստ կապրի»։

Բժիշկը նորածնի մնացած ուղեղն էլ հանեց և դարձյալ մի հարված հասցրեց նրա մեջքին։ Այս անգամ նորածինը ճչաց. «Մա՛հ անամոթ կնոջը։ Մա՛հ լիբերալին։ Մա՛հ մամուլին։ Մա՛հ ուսանողին։ Հեզբոլլահը արթուն է, ուսանողից զզված է: Մա՛հ մոջահեդինին, մա՛հ կոմունիստին, կործանվի՛ նախանձ սոցիալիզմը։ Ով ասի՝ իմ առաջնորդը Փահլավին է, օտարական է։ Ռեզա՛ շահ, հոգիդ հանգի՛ստ լինի, հավերժ կեցցե՛ շահը, կեցցե՛ փյունիկը, հայրիկը, Գանդին, առաջնորդը...»։

Նորածինը բժշկի գրկում ճչում էր։ Նրա դեմքը բարկությունից շիկնել էր, իսկ ձեռքերը բրդե ծածկոցի տակ էին թաքնված...[6]

                         

 

Պարսկերենից թարգմանեց Անի Հովսեփյանը



[1] Սա Սադիի «Գոլեստան» ստեղծագործության նախաբանից է։

[2] Այս տողերը վերցված են Հաֆեզի հայտնի բանաստեղծությունից։

[3] Այս նախադասությունը վերցված է Սադեղ Հեդայաթի «Կույր բու» վիպակից։

[4] Մուսուլմանների աղոթքի ուղղությունը՝ դեպի Մեքքայի Քաաբա։

[5] Այս տողերը վերցված են Սոհրաբ Սեփեհրիի «Ճանապարհորդը» բանաստեղծությունից։

[6] Այս պարբերությունը Իրանում հրատարակված տարբերակում հանվել է՝ շահի անվան հիշատակման պատճառով, սակայն Ֆրանսիայում լույս տեսած հրատարակությունում բնագիրը տպագրվել է ամբողջությամբ։

Դիտումներ: 227

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։